Ճաշարանից՝ գիտական կենտրոն
Ճարտարապետություն

Ճաշարանից՝ գիտական կենտրոն

Ինչպես Պոլիտեխնիկի ճաշարանը վերածվեց հայ գիտության նոր կենտրոնի։

Ճարտարագիտական համալսարանի ամենահին մասնաշենքերից մեկն այժմ անճանաչելի է։ Շենքը նույնն է, բայց էլ առաջվանը չէ։ Եվ սա՝ բառի ամենալավ իմաստով։ Այն ամբողջովին վերափոխվել է և վերածվել Philip Morris ընկերության գիտահետազոտական կենտրոնի։ Շենքի վերաիմաստավորման նախագծի հեղինակը ARCHcoop ճարտարապետական արվեստանոցն է։ ԵՐԵՎԱՆը եղել է այնտեղ ու զրուցել արվեստանոցի հիմնադիր ղեկավար Գարիկ Եղոյանի հետ։

 

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ ARCHcoop

 

ԵՐԵՎԱՆ #65 | 2020

 

#Ճարտարապետություն #Գիտություն

Պահպանողական և ազատական ճարտարապետը

Այս ճարտարապետական վերաիմաստավորումը հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է շենքին հաղորդել նոր գործառույթ և նոր կյանք տալ միջավայրին։ Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ հնարավոր է ստեղծել միանգամայն նոր միջավայր՝ պահպանելով հինը։ Ըստ Գարիկ Եղոյանի՝ ցանկացած միջավայր կենդանի օրգանիզմ է, որը կարիք ունի ռեգեներացիայի, դա անխուսափելի գործընթաց է։ Ամենապարզունակ միջոցը թերևս եղածը քանդելով խնդրին լուծում տալն է։ «Իհարկե, լինում են դեպքեր, երբ շենքն այլևս պիտանի չի լինում և վերականգնումն էլ ֆինանսապես հնարավոր չի լինում, սակայն հիմնականում պետք է ձգտել պահպանել հինը, չէ՞ որ շենքը տեղի ու քաղաքի կենսագրության մաս է և որոշակի հիշողություն է կրում»,– վստահեցնում է Գարիկը։


Ճարտարապետը խոստովանում է, որ ինքն այդ առումով կոնսերվատիվ է և նորարար միևնույն ժամանակ։ Այս երկու մոտեցումները ճարտարապետության մեջ զարմանալիորեն համատեղելի են և չեն խանգարում միմյանց։ «Փի Էմ Այ Սայենս»-ը թերևս դրա լավագույն օրինակն է։ Պահպանել հինը, նոր շունչ տալ դրան, բայց և անել դա համարձակորեն և չվախենալ լինել նորարար։ Սա ARCHcoop-ի և անձամբ Գարիկ Եղոյանի պրոֆեսիոնալ կրեդոն է։

 


Շենք-տրանսֆորմերը

Աշխատանքը բարդ էր։ Շենքն արդեն երկու անգամ փոխել էր իր գործառույթը՝ ուսանողական բաղնիքից վերածվելով երկհարկ ճաշարանի։ Գարիկ Եղոյանն ինքն էլ ուսանողական հիշողություններ ունի այդ շինության հետ կապված. հիշում է, թե ինչպես էին կուրսեցիներով ճաշում այդտեղ։ Եվ երբ արդեն իբրև կայացած ճարտարապետ պիտի անդրադառնար այդ կառույցին և կրկին փոխեր գործառույթը՝ այն վերածելով հետազոտական ժամանակակից կենտրոնի, պարզվեց, որ դեռևս գործող այդ ճաշարանը բազմաշերտ է ու իր կեղևի տակ պահպանել է մինչև անգամ նախկին բաղնիքի կառուցվածքները։

 

«Դրանք ամբողջովին փակ էին և հասկանալի չէր, թե շենքն ինչ վիճակում է,– հիշում է ճարտարապետը,– կար եզրակացություն, բայց, այնուամենայնիվ, բոլոր ավելորդությունները մաքրելուց հետո միայն երևացին շենքի կմախքը ու հին բաղնիքի «ներքին օրգանները»: Գարիկն ուրախությամբ խոստովանում է, որ չնայած այդ նախագիծն իր կարիերայում ամենաբարդերից էր, բայց և այնպես այն հաջողված է, և, որ պակաս կարևոր չէ, գոհ է նաև պատվիրատուն։ Ի դեմս Վանաձորի տեխնոպարկի և Գյումրիի տեխնոպարկի ինտերիերի վերահատակագծմանը՝ Գարիկ Եղոյանը նման գործառույթ ունեցող շինության հետ արդեն իսկ առնչվել էր և այդ փորձն անշուշտ մեծապես օգնել է նախագծի իրականացմանը։ Այնուամենայնիվ, ճարտարապետը նշում է, որ կարևոր է ոչ այնքան փորձառությունը, որքան հմտությունը և սերն աշխատանքի հանդեպ։

 


Վերահսկել լույսը, սանձել աղմուկը

Տարածքը որպես ժամանակակից գիտական հետազոտական կենտրոն կայացնելու և համապատասխան միջավայր ստեղծելու համար Archcoop-ի ճարտարապետները գործը սկսել են առաջին հայացքից անսպասելի կողմից. ուսումնասիրել են այն մարդկանց, ովքեր աշխատելու են այդտեղ, նրանց աշխատելաոճը, կենսաձևը, աշխատանքի բնույթը։ Ինքը՝ ճարտարապետը, արդյունքում հավաքված տեղեկության նպատակն անվանում է սանիտարական և էրգոնոմիկ նորմեր։

 

Փորձում է բացատրել. «Անհրաժեշտ էր հասկանալ, թե գիտությամբ զբաղվող մարդուն, օրինակ, որքա՞ն տարածություն է հարկավոր, ի՞նչ մեծության աշխատասեղան, որքանո՞վ է կարևոր լռությունը, ի՞նչ վիզուալ պատնեշներ են պետք, որպեսզի գիտնականներն աշխատելիս իրար չխանգարեն, բայց և հեշտորեն կոմունիկացվեն անհրաժեշտության դեպքում, ի՞նչ լուսավորություն է պետք և այլն»։ Աշխատանքը բարդ էր նաև այն պատճառով, որ արդեն եղած շինության տարածությունը պետք էր համընկեցնել այս նորմերի հետ, որոնք, բնականաբար նույնը լինել չէին կարող։ 


Արդյունքում ստացվեցին ավելի ընդարձակ ու լուսավոր ներքին տարածություն, որ գրեթե մասնատված չէ պատերով, ավելի հյուրընկալ աստիճաններ և լաբորատորիաներ։ Նպատակը ոչ թե կրկնելն էր, այլ բոլորովին նոր բան ստանալը, այդ իսկ պատճառով օգտագործվեցին ժամանակակից շինարարական թե՛ մեթոդներ և թե՛ նյութեր։ Քողարկվեցին ինժեներական կոմունիկացիաները, ինչպես, օրինակ, կաթսայատունը և օդափոխության համակարգերը՝ շենքը կարծես ազատելով դրանց ավելորդ ծանրությունից։ Ավելացվեց շահագործվող տանիք, ինչը հնարավորություն է տալիս աշխատող գիտնականներին երբեմն դուրս գալ, վայելել երևանյան տեսարանը վերևից, ճաշել կամ սուրճ խմել հենց տանիքում։

 


Ճախրող ձեղնահարկը

Բացի ներքին տարածության կազմակերպումը, ճարտարապետների առջև ևս մի բարդ խնդիր էր դրված. շենքը պետք է ունենար բոլորովին նոր կառուցված ձեղնահարկ։ Որոշումն անցավ միաձայն. կառուցել ճախրող ձեղնահարկ, որը չպետք է լինի շենքի շարունակությունը, բայց և չպետք է հակասի շենքի ռիթմին և մասնատումներին։ Առաջին հայացքից բարդ խնդիրն իրականում ուներ հիանալի լուծում։ Կառուցվեց ապակեպատ ձեղնահարկ, որի բարքոդ հիշեցնող մասնահատումներ ունեցող ապակե պատերը հենվեցին մետաղյա կոնսուլների վրա։ Արդյունքում ձեղնահարկը հենվում է ոչ թե բուն շենքի վրա, այլ առանձին է շենքից և կարծես պարզապես ճախրում է վերևում։ Չնայած որ Կենտրոնում արդեն եռում է գիտահետազոտական աշխատանքը, նախագիծը դեռ չի ավարտվել, ճարտարապետների գաղափարների իրականացմանը սպասում են նկուղն ու առաջին հարկը։ Գարիկ Եղոյանը հուսով է, որ շուտով դա էլ կարվի և շենքն ամբողջությամբ հանդես կգա որպես մի կուռ համակարգ այնպես, ինչպես որ մտածված է եղել։