Չկա-չկա, գնանք արշավ
Մեկուսացում 2020

Չկա-չկա, գնանք արշավ

Ինչպես մեկուսացումը զարկ տվեց ներքին տուրիզմին։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ ԱրմԳեո

 

ԵՐԵՎԱՆ #67 | 2021

#Մեկուսացում2020

 

Հայկական աշխարհագրական նախագիծը (ArmGeo) հիմնադրվել է 2012 թ. և զբաղվում է ոչ միայն արշավների կազմակերպմամբ Հայաստանում և տարածաշրջանում, այլև արշավական նոր ուղղությունների բացահայտմամբ, ուսումնասիրությամբ ու քարտեզագրմամբ, որոնցից շատերն այժմ հայտնի ու սիրված ուղղություններ են արշավական շուկայում։

Ինչպես քովիդային սահմանափակումներն անսպասելի դրական արդյունք տվեցին. Հայաստանում տեղի ունեցավ արշավական բումի տարի։ Նորաթուխ արշավականների, նոր բացահայտված ճանապարհների ու արշավախմբերի մրցակցության մասին ավելին իմանալու համար Երևանը հանդիպել է Հայկական աշխարհագրական նախագծի (ArmGeo) հիմնադիր, աշխարհագրագետ Տիգրան Վարագի հետ։

 

Ի՞նչ են անում արշավականները, երբ չի կարելի գնալ արշավի

Արշավականների համար տարին լավ էր սկսվել, ավելի ճիշտ՝ ոչ մի արտասովոր բան, արշավական սեզոն հասկացությունն ArmGeo-ին ծանոթ չէ։ Յուրաքանչյուր օրը կարող է արշավական լինել։ 2020-ի սկիզբն էլ բացառություն չէր։ Արշավախումբը եղավ Արևմտյան Հայաստանում ու նվաճեց Գրգուռ և Կապույտ կող լեռների գագաթները։ Ի դեպ՝ այդ լեռներն առաջին անգամ էին արշավախումբ հյուրընկալում։ Մի խոսքով՝ տարին խոստումնալից էր, բայց եղավ այն, ինչ եղավ, համավարակը չշրջանցեց Հայաստանը։ Օրենքով սահմանված բազմաթիվ արգելքների մեջ արշավների մասին հատուկ ոչինչ նշված չէր, ավելին՝ զբոսնել կարելի էր։ Բայց քանի որ արշավը ենթադրում է ոչ միայն զբոսանք և այլ բաղկացուցիչներ էլ ունի, ստացվում էր, որ արշավները ևս արգելվում էին։


Առաջին երկու ամիսների մասին, սակայն, Տիգրանն ափսոսանքով չի խոսում, նրան հաջողվել է կարանտինն արդյունավետ օգտագործել։ «Արշավներ չէինք կազմակերպում, և ես վերջապես իմ «Հայկական լեռնաշխարհ» գրքի վրա աշխատելու ժամանակ ունեցա։ Հավաքեցի բոլոր անհրաժեշտ նյութերն ու լուսանկարները։ Առավոտից երեկո գրքի վրա էի աշխատում։ Դա ևս արշավական գործունեություն է, մի խոսքով, ինչպես շատերը, ես էլ տնից աշխատելու տարբերակ գտա»։

 

ArmGeo-ի հիմնադիր Տիգրան Վարագը


Որքան էլ զարմանալի է, տարին իսկապես բավական պրոդուկտիվ էր։ ArmGeo-ն հասցրեց իրականացնել ևս երկու շատ երկար սպասված ծրագիր։ Նախ, վերջապես սկսեցին իրականացվել մանկական արշավներ և ճամբարներ։ Դա բավական պատասխանատու նախաձեռնություն է, որին պատրաստվելու համար ավելի լավ ժամանակ լինել ուղղակի չէր կարող։ Հետո ստեղծվեց նաև ArmGeo Լոռին և այսուհետ արշավներ իրականցվում են նաև Վանաձորից, ընդ որում՝ թե առանձին և թե Երևանից սկիզբ առնող արշավների հետ միասին։ Կազմակերպվեցին նաև սեմինարներ և կինոդիտումներ։


Իհարկե, ինչպես և շատ այլ ոլորտներում՝ համավարակն ունեցավ նաև բացասական ազդեցություն, դե քանի որ սովորաբար ArmGeo-ն արշավներ է իրականացնում նաև Հայաստանի սահմաններից դուրս, ի վերջո, ամռանը կրկին նվաճվում էր Արարատի գագաթը։ Դե, մյուս կողմից էլ դադարեց զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, ինչը կրկին բացասաբար անդրադարձավ ոլորտի վրա։ Մի խոսքով՝ արշավականների համար տարին իսկապես որ հակասական էր։

 

 

Ի՞նչ անել, եթե երկրից դուրս գալու տարբերակ չկա

Տիգրանի համար բուռն գիտական գործունեության երկու ամիսները շատ արագ անցան ու պարետատան արագ փոփոխվող կանոնները թույլ տվեցին վերսկսել արշավները։ Սկսվեցին գրանցումները։ Ֆեյսբուքյան հարթակը ողողվեց Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերի լուսանկարներով ու բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր երբեք չէին մասնակցել որևէ արշավի, առնվազն մտածեցին՝ «իսկ կարող ա՞ մի սար բարձրանամ…»։ Սակայն ամեն բան այդքան էլ հեշտ չէ։


«Մենք փորձառու արշավականների ակտիվ կորիզ ունենք։ Նրանց հետաքրքիր են ավելի բարդ արշավներն ու ավելի բարձր գագաթները։ Իսկ ահա նորեկներին ավելի թեթև արշավներ են պետք։ Մենք գտանք կոմպրոմիսային տարբերակ. ավելացրեցինք ուղղությունները, ավելի թեթև արշավները հաճախ դարձրինք և, եթե նախկինում մեկ ուղղությամբ արշավ տեղի էր ունենում տարվա մեջ մեկ անգամ, ապա այս դեպքում միևնույն ուղղությունը կրկնվում էր մի քանի շաբաթը մեկ»,– պատմում է Տիգրանը։


Իհարկե, ArmGeo-ն միակ արշավական խումբը չէ։ Կան և այլ փորձառու արշավախմբեր, սակայն այս ընթացքում ի հայտ եկան նաև նորերը, որոնք մեծ, բայց ոչ արդյունավետ մրցակցություն առաջացրին արշավական շուկայում։ Շատ խմբեր միևնույն ուղղությամբ արշավներ էին հայտարարում, գին իջեցնում, փորձում գրավել գեղեցիկ լուսանկարներով։ Բայց, միևնույն է՝ ArmGeo-ն մնում էր ռեկորդակիրն ու հենց 2020-ին գրանցեց իր ամենամարդաշատ արշավը՝ վերելք Աժդահակ լեռ՝ 90 հոգով։ Հակահամաճարակային կանոններն իհարկե պահպանվում էին։ Վաղ առավոտյան ջերմաչափում, մեքենայի մեջ՝ պարտադիր դիմակներով, իսկ ուսապարկերն էլ մի քիչ ավելի ծանրացան ախտահանիչ նյութերի պատճառով։ Իսկ արդեն բուն արշավի ընթացքում՝ բնության գրկում, այսպես թե այնպես արշավականներն իրար շատ մոտ-մոտ չեն քայլում։

 

 

Ինչպե՞ս դառնալ արշավական, երբ նորեկ ես

Բուռն արշավական տարին հատկապես բարդ էր նորեկների համար։ Նրանք, ովքեր այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է իրենց սպասվում արշավի ընթացքում, հաճախ բախվում են խնդիրների, որոնք պատրաստ չէին հաղթահարել և սպասված հաճելի ժամանցը հանկարծ վերածվում է տանջալի օրվա, որի ավարտի մասին երազում են ողջ օրը։


Արշավը պարզապես զբոսանք ու ժամանց չէ, այն որոշակի ֆիզիկական պատրաստվածություն և դիսցիպլին պահանջող սպորտաձև է, որին պետք է պատրաստ լինել նաև հոգեբանորեն։ Սակայն ամեն ինչ հրաշալի ավարտ է ունենում, երբ պատրաստ ես և երբ ճիշտ մարդկանց հետ ես ճանապարհ ընկնում։

 

Ահա թե ինչու Տիգրանը խորհուրդ է տալիս նախքան որևէ արշավի գրանցվելը անպայման զանգ տալ ArmGeo-ի գրասենյակ, որտեղ պատրաստ են մանրամասն պատմել, թե ինչ է սպասվում արշավի ընթացքում և ինչ է պետք հագնել կամ ունենալ ուսապարկում։ «Շատերն անվերադարձ սիրահարվում են արշավներին, ոմանք էլ պարզապես այլևս չեն վերադառնում, բայց, միևնույն է, արշավականներն օր օրի ավելանում են»,– ասում է Տիգրանն ու ժպիտով ավելացնում. «2020-ի արշավներին հաճախ էին մասնակցում մարդիկ, ովքեր որոշել էին դրանով փոխարինել իրենց ամենամյա հանգիստը ծովափնյա երկրներում կամ եվրոպական քաղաքներում, որտեղ միշտ կարելի է հանգիստ զբոսնել, լուսանկարվել, մի խոսքով, անել այն, ինչ ուզում ես առանց որևէ սահմանափակումների։ Որպես կանոն, այդպիսի մարդիկ շատ էին հիասթափվում՝ հասկանալով, որ հերիք չի գումար են վճարել, դեռ մի բան էլ պիտի հետևեն ղեկավարի ցուցումներին, հետ չմնան խմբից կամ էլ քիչ լուսանկարվեն ժամանակի սղության պատճառով։ Հա, օրինակ Աժդահակից շատ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի իր խառնարանային լիճը, սակայն արշավի ընթացքում այնտեղ լինելու համար ընդամենը 15 րոպե ժամանակ կա, ոչ ավելի։ Ով չհասցրեց նկարվել, նա չհասցրեց»։

 

Դե, քանի որ չնայած համավարակի մեկ տարեկան լինելուն այն դեռ կարծես թե չի ուզում մեզ լքել, արշավներն էլ ուժի մեջ են՝ 2021-ն էլ ունի բուռն արշավական տարի լինելու բոլոր նախադրյալները։ Ձեզ տեսնեմ։