«Չնչիկը» մեծ էկրաններին. 100 տարվա կուսություն
Կինո

«Չնչիկը» մեծ էկրաններին. 100 տարվա կուսություն

Ապրիլի 16-ին 18 տարվա ստեղծագործական երկար ու բարդ ճանապարհ անցնելուց հետո Երևանում վերջապես տեղի ունեցավ Արամ Շահբազյանի «Չնչիկ» դրամայի պրեմիերան։ Կինոքննադատ Կարեն Ավետիսյանը բացատրում է այս նախագծի բացառիկությունը (առաջին համատեղ միջազգային արտադրությունը Հայաստանում, վերջին ժապավենով նկարահանվածը, և այլն) և նկատում ֆիլմի կապը հայ կինոյի առաջնեկ «Նամուսի» հետ։ 

Տեքստը՝ Կարեն Ավետիսյանի

 

Լուսանկարները՝ ֆիլմի պաշտոնական ՖԲ-էջից

 

 

«Չնչիկ»

Չնչիկը մի երիտասարդ աղջիկ է, որ ծնողների հետ ապրում է Անդրկովկասի հեռավոր, հովվերգական մի գյուղում՝ հեռու ժամանակակից քաղաքակրթությունից: Մտավոր թեթև արատով աղջիկը գյուղի ծաղրի առարկան է: Ծաղրը մի օր հասնում է բռնաբարության փորձի: Ամռան վերջում հայտնաբերվում է կարճատև սիրային կապի հետևանքը՝ Չնչիկը հղի է: Համագյուղացիները ստիպում են աղջկա հորը դիմել դաժան քայլի և սրբել «անպատվությունը» գյուղի երեսից:

 

«Չնչիկը» կարելի է դիտել «Մոսկվա» և Cinema Star Dalma Garden Mall կինոթատրոններում

Մեծ մտածող Ժիլ Դըլյոզը  Ժամանակը համարում էր կինոյի մտերմագույն ընկերը և ամենաոխերիմ թշնամին, օբյեկտը և սուբյեկտը՝ միաժամանակ, տարանջատելով ժամանակը, որը հոսում է ֆիլմում, ժամանակը, որով հոսում է ֆիլմը, ինչպես նաև ժամանակը, որն անցկացնում ենք մենք՝ այդ ժամանակներում: 

 

 

Արամ Շահբազյանի «Չնչիկը» ավելացնում է մեկ այլ ժամանակի ձևակերպում՝ ժամանակը, որն անցնում է մտահղացումից մինչև պրեմիերա. 18 տարի՝ ավելին, քան Գերմանի, Լանցմանի, Անջեյ Ժուլավսկու կամ, ասենք, Թերենս Մալիքի տանջատև նախագծերը։ Եթե բարձրագոչ զուգահեռների հետևից գնում ենք արտերկիր, ապա արտադրական ճգնաժամերի օրինակով կարող ենք նաև հեռու չգնալ, հիշելով, օրինակ, Դավիթ Սաֆարյանի «Տաք Երկիր, ցուրտ ձմեռ (Տեղական ժամանակ 28:94)» ֆիլմը, որն էկրան բարձրացավ 5 տարի առաջ կրկին առնվազն մոտ մեկ ու կես տասնամյակ ամբողջականացման ճանապարհից հետո: Իսկ «Չնչիկից» էստաֆետը դեռ պիտի վերցնի ռեժիսոր Միքայել Դովլաթյանը, որի «Սողանքը» նույնպես թևակոխել է մեկ տասնամյակը և մոտ ապագայում սպասում է իր՝ մեկ այլ տանջընթաց երկունքին:

 

70-ականներից ի վեր Հոլիվուդում սկսվեց ակտիվ շրջանառվել  ֆիլմ-աղետ (անգ.՝ disaster movie) ժանրային տերմինը՝ հատկանշելով այն ֆիլմերը, որոնց սյուժեի հիմքում ընկած են աղետներն ու արհավիրքները: 10 տարի անց Կոպպոլան և ընկերները ինքնահեգնանքով ֆիլմ-աղետ անվանեցին նաև այն ֆիլմերը, որոնց նկարահանումներն ու մեկնարկից ավարտ ուղին ինքնին դարձան աղետ, ինչպես, օրինակ, հենց իր «Ապոկալիփսիսը» կամ Մայքլ Չիմինոյի «Դրախտի դարպասները»: Այս առումով «Չնչիկը» հավակնում է լինել անկախ Հայաստանի կինոարտադրության ֆիլմ-աղետը, ծառայելով նաև որպես ժամանակագրական մեքենա, անկախ, բայց տկար կինոարդյունաբերության ձեռնարկ, պատմա-կինոգործչական ռիեստր, համատեղ արտադրության (Հայաստան-Գերմանիա-Նիդեռլանդներ) առաջիններից ու ժապավենային (35mm.) վերջին ֆիլմ:

 

 

Որպես այլաբանական պոետիկ նշագրում, այստեղ կարող ենք ասել, որ Լիլի Էլբակյանի կերտած Չնչիկը հայ կինոյի այդ ամբողջ ճգնաժամի մարմնացումն է՝ արատաձայն ու անպաշտպան:

 

Ինչևէ, երկարուձիգ տարիներից և Բուսանի կինոփառատոնի «Նոր հոսանքներ» մրցութային ծրագրի համաշխարհային պրեմիերայից հետո «Չնչիկը» հայկական կինովարձույթում է ու 2004 և 2022 թվականներից երկուսն էլ ակամայից կատարում են իրենց կոնտեքստավորումը, քանի որ ֆիլմում շոշափվող նահապետականության, ներառականության ու հանդուրժողականության դիսկուրսները միանգամայն համահունչ են ուշացած պրեմիերայի ժամանակներին, չնայած որ ոճային առումով չէր խանգարի մտապահել նախագծի մեկնարկային ժամանակները: 

 

Մյուս կողմից՝ կարծես ընտրված է ֆիլմ-հեքիաթի, մոգական ասքի մթնոլորտը, որը կոչված է լինել անժամանակ և հնարավորինս չենթարկվող էսթետիկական նորաձևությանը: Չափազանց հետաքրքրական է, որ փաստացի նույն տարում էկրան են բարձրանում «Չնչիկն» ու «Զուլալին»՝ Լոռվա ու Տավուշի գյուղական յուրայինների երկու խենթ օտարները, որոնց համեմատականները կարող է դառնալ մի առանձին վերլուծության նյութ։ Բայց եթե «Զուլալիի» դեպքում պատումի աշխարհն արդեն կերտած ու ընթերցողի վրա փորձված Նարինե Աբգարյանի ստեղծագործությանը մնում էր գրագետ էկրանային կյանք տալը, ապա «Չնչիկում» այդ աշխարհը պիտի ստեղծվեր զրոյից ու չնայած ընտրված ձևի և սյուժետային լուծման տարահնչությանը, կա համամարդկային in the middle of nowhere տեղաընկալում, որը կարող էր լինել Կուպրինի կամ Վարդգես Պետրոսյանի էջերում:

 

Նկարահանման հրապարակում

 

Հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ «Չնչիկը» հանգավորվում է հայ կինոյի առաջնաֆիլմի՝ Բեկնազարյանի «Նամուսի» հետ, հուշելով, որ հայոց ճահճընթաց հասարակության հերոսուհիների՝ Սուսանի ու Չնչիկի մաքրաբարո անբարոյականության անփոփոխ ողբերգությունները բաժանում է ընդամենը մի դար:

 

«Չնչիկը» կարելի է դիտել «Մոսկվա» և Cinema Star Dalma Garden Mall կինոթատրոններում

հավելյալ նյութեր