«ՍինեմԱրտ»․ «Այբ» դպրոցի «Արվեստանոց» ակումբի նոր նախագիծը
«Արվեստանոցը» փորձում է ստեղծել հայկական հեղինակային կինոյի յուրահատուկ «Կինոմշակույթ»։
Նկարիչներ՝ Լանա Մելիքյան, Աննա Գրիգորյան, Սվետլանա Ալավերդյան, Աշխեն Սարատիկյան, Վահե Մարտիրոսյան, Սոֆի Անդրիասյան, Արփի Թոխմախյան, Լիլիթ Քարամյան, Ալեքսանդրա Համբարձումովա
Ակումբի ղեկավար՝ Մարի Ադամյան
Վերցնել ներկապնակը, գույներից՝ կապույտը, բայց ահա դրա կողքին վերջին դիտած ֆիլմի մասին տպավորությունների գունային խիտ խառնուրդն է, որը վերցնելն առավել խելամիտ կլինի, և որն անպայմանորեն օգտագործվում է բոլոր ֆիլմերի պաստառները նկարելիս։ Տարեսկզբին «Արվեստանոց» նախագծային ակումբի մեկնարկած «CinemArt» նախագծի շրջանակում ակումբի անդամները հանձն են առել հանրությանը հայ ժամանակակից ֆիլմերին ծանոթացնելու գործն՝ որպես միջոց էլ ընտրելով այդ ֆիլմերի համար պաստառներ պատկերելը։ Սակայն մինչև վերջնական՝ պաստառերի պատկերման փուլին հասնելն ու տպավորություններով լեցուն գունային այդ խիտ խառնուրդը ստանալը, ակումբը երկար ճանապարհ է անցել։ Ռեժիսորների հետ կապի հաստատումն այդ ճանապարհի առաջին կանգառներից էր։
Նախագծում ընդգրկված ավելի քան քսան ժամանակակից հայ ռեժիսորների հեղինակած ֆիլմերն են, որ դառնում են պաստառների բովանդակային հենքը։ Ռեժիսորների հետ կապի հաստատումից, ֆիլմերը ստանալուց ու դրանք դիտելուց հետո է, որ գալիս է հաջորդ՝ նրանց հետ հանդիպումների անցկացման փուլը։ Հենց այս կանգառում է, որ ֆիլմերը ընկալելու, դրանք հենց ստեղծողների հետ քննարկելու, կինոյի ներքին խոհանոցին ծանոթանալու ու արվեստի տարբեր ճյուղերի շաղկապվածության մեջ ևս մեկ անգամ համոզվելու հնարավորություն է ստեղծվում։
«Արվեստանոց»-ը հանդիպել է ռեժիսորներ՝ Էդգար Բաղդասարյանի, Ալեքսանդր Բաղդասարյանի, Դիանա Կարդումյանի, Աննա Արևշատյանի, Արմիկ Իսրայելյանի հետ, ինչպես նաև առցանց հանդիպումներ է ունեցել մյուս ռեժիսորների հետ։ Սակայն նախագծի իրականացման մեջ առանցքային էին նաև արտագնա այցերը թանգարաններ ու ցուցահանդեսներ։ Ազգային պատկերասրահ՝ Կամո Նիգարյանի «Թղթե ականներ» ցուցադրությունն այցն էլ այն յուրահատուկ կանգառներից էր, որ պաստառարվեստի մասին առավել խոր պատկերացում կազմելու ու աշակերտների աշխատանքների նկարչական ու բովանդակային կողմին նոր լիցք հաղորդելու հնարավորություն տվեց։
Էքսպոզիցիայում ընդգրկված են աշակերտների կողմից ստեղծված 25 յուրահատուկ պաստառ։