Ծիրանի հասունացման շրջան
Կինո

Ծիրանի հասունացման շրջան

Ինչպես Կարլովի Վարիում ֆիլմի ցուցադրությունից հետո կոնյակի ուղեկցությամբ զրույցը վերաճեց վեճի, թասիբի գցեց ու հանգեցրեց Ոսկե ծիրան կինոփառատոնի ստեղծմանը․ վերհիշում են փառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը և Միքայել Ստամբոլցյանը։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի


Լուսանկարները՝ Ոսկե ծիրանի արխիվ


ԵՐԵՎԱՆ #55 | 2019

#ՈսկեԾիրան

 

ՄԻ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հարություն Խաչատրյան

Մենք երեք լավ ընկերներ էինք, որոնք սիրում էին կինոն, հայկական կինոն։ Ու մեծ մտավախությունների մեջ էինք, որ հայկական կինոն ամբողջովին կործանվում է։ Վաճառվեցին կինոթատրոնները, վաճառվեց կինոստուդիան, ֆիլմերը ֆինանսավորելու դրամ չկար, ոչ մեկին պետք չէր փառատոն կոչվածը, մարդիկ անտարբեր էին, մշակութային կառավարման օղակները չէին պատկերացնում` ինչպես պիտի շարունակվի կինոն։ Մտածում էինք ինչ անել, որպեսզի համոզենք մարդկանց, որ կինոյին ավելի մեծ ուշադրություն դարձնեն, քանի որ կինոն իրոք շատ կարևոր գործիք է, հատկապես` փոքր ազգերի և փոքր երկրների համար, իրենց մասին պատմելու, մեծ աշխարհի և այլ ազգերի հետ երկխոսության մեջ մտնելու: Հազարավոր մարդկանց մոտով անցանք և փորձեցինք օգնությամբ անել, բայց հասկացանք, որ օգնություն չկա, չեն օգնում: Որոշոցինք մեկ-երկու տարի գումար հավաքել, պատրաստ էինք նույնիսկ հող ու բնակարան վաճառել, մենակ թե հաջողվեր։ Բայց, բարեբախտաբար, ես հետ վերադարձա կինո մի քանի տարի ընդմիջումից հետո ու «Դոկումենտալիստ» ֆիլմով 2003-ին գնացի Կարլովի Վարիի կինոփառատոնին ու ստացա մրցանակ։ Իսկ դա մեծ իրադարձություն էր, չնայած, որ Հայաստանում կարծես թե չնկատվեց: Ինչ որ է։

 

Պիտի նշեինք հաղթանակը։ Կոնյակ ունեինք։ Սեղան գցեցինք, սկսեցինք խմել, և կար մի տարօրինակ մարդ, որը, կարծեմ, հրավիրված էլ չէր, մեր ընկերներից մեկի հետ եկել էր, խմում էր, մեկ էլ ասեց` «էդ ի՞նչ երկիր ա Հայաստանը, որ միջազգային փառատոն էլ չունեք»:

 

Սուսաննա Հարությունյան

Ֆիլմի պրեմիերայից հետո էր, մի ամբողջ սեղան հավաքվեց, մեծացավ, մարդիկ խոսում են, քննարկում են։ Իմ ծանոթ կինոքննադատներից մեկը միացավ՝ հոլանդացի Պիտեր վան Բուրենը։ Հավանել էր ֆիլմը, բայց սկսեց կատակներ անել, Հարութի նյարդերի հետ խաղալ։ Իսկ Հարութը գիտեր, որ Պիտերը Ամստերդամի փառատոնի ընտրողներից էր ու սրանից առաջ ֆիլմը չէր վերցրել։ Մի քիչ էլ գինովցած էր, էնպես որ սկսեց Պիտերին արդեն լուրջ ձենով հայհոյել։ Fuck your festival, fuck you և այլն: Պիտերն էլ պակաս չէր, ասեց «fuck your Armenia, էս ի՞նչ անկախ երկիր ա, որ չունի միջազգային փառատոն» և այլն։ Չգիտեմ ինչով կվերջանար էդ ամեն ինչը, եթե Հարութը չվերկանար ու սեղանին խփելով չասեր․ «Մյուս տարի հուլիսին սպասում ենք ձեզ Երևանի միջազգային կինոփառատոնին»։ Էդպես հայհոյանքներից ծնվեց Ոսկե ծիրանը։ Պիտերին մինչև հիմա համարում ենք փառատոնի կնքահայր։

 

Հարություն Խաչատրյան

Խմեցինք, գնացինք Երևան, մոռացանք։ Ես նոր ֆիլմ պիտի սկսեի՝ ուշք ու միտքս դա էր, ու մեկ էլ դեկտեմբերի կողմերը նամակ եմ ստանում Պիտերից. «Դուք երևի հայերով մոռացաք ձեր հրավերի մասին»: Մենք էլ խառնվեցինք իրար, տեսանք, որ լավ առիթ է, ինչպես ասում են, ընթացքում նետվել գնացք: Ինչո՞ւ փառատոն։ Որովհետև հասկացանք, որ այս երկիրը էդքան փող չունի, որ դպրոցներ բացի, ուղարկի սովորելու, պրոեկտներ ստեղծի, սցենարներ պատվիրի, ֆիլմեր պատվիրի, որպեսզի կինոն շարժվի: Որոշեցինք ստեղծել կինոմթնոլորտ Հայաստանում, միջազգային լավագույն ֆիլմերը բերել: Մենք մեծամտություն ունեինք որոշելու, որ պետք է հրավիրենք լավագույն ֆիլմերը, որպեսզի հասարակությունը, երիտասարդությունը տեսնեն` աշխարհում ինչ է կատարվում:

 

Միքայել Ստամբոլցյան, Սուսաննա Հարությունյան, Հարություն Խաչատրյան

 

ԾԻՐԱՆԻ ԳՈՒՅՆԸ

Միքայել Ստամբոլցյան

Շատերը հարցնում էին՝ բա ինչի՞ ծիրան, ոչ թե նուռ։ Նռից էն գլխից հրաժարվեցինք, քանի որ արդեն բավական ծամած էր Փարաջանովի թեման, բացի դրանից, ով ասես արդեն չէր գրանցել հեղինակային իրավունք։ Իսկ ծիրանը, բացի հայկական սիմվոլ լինելուց, նաև պրակտիկ որոշում էր, որովհետև մենք գիտեինք, որ Խաչատուր Սուքիասյանը պատրաստվում էր ծիրանի փառատոն անցկացնել, մտածեցինք, որ եթե անունով կապենք, գուցե մեզ ֆինանսապես աջակցի։ Եվ ոչ առանձնապես շատ, բայց օգնեց։ Էլի մի գործարար միացավ ու տակից դուրս եկանք։

 

Իհարկե, պետք էր նաև փառատոնի ձևաչափը որոշել, որովհետև միանգամից ինչ-որ մեծ բան անելը էդ կոպեկներով հնարավոր չէր։ Ուրեմն պետք էր ինչ-որ ձևով մի նիշա գտնել, խորշ, որը մերը կլիներ։ Էդ պատճառով որոշեցինք, որ առաջինը կլինի համահայկական։ Կարինե Խոդիկյանն էլ, որ էդ ժամանակ նախարարությունում էր, միացավ, ասեց՝ «Իմ ընկերները փառատոն են անում, ու ես վերջի՞նն եմ իմանում»։ Հենց էդ տարի ինչ-որ մեծ համահայկական միջոցառում էր նախատեսվում, մտածեց, որ էդ բյուջեից Ծիրանին էլ մի բան կհասնի։ Եվ հասավ։

 

Բայց հետո հասկացանք, որ զուտ հայ ռեժիսորներին ներկայացնելը շատ է նեղացնում փառատոնի նշանակությունը։ Երկրորդն արդեն լրիվ միջազգային էր, և որոշեցինք, որ ճիշտ ֆորմատը էն է, որ կա Կառլովի Վարիում՝ խաղարկային, վավերագրական և արտամրցույթային ծրագրեր, հայկականը պահպանելով, իհարկե։ Դա կարևոր էր, որովհետև ամեն դեպքում ուզում էինք, որ լինի մի տեղ, ուր կհավաքվեն աշխարհի հայ ռեժիսորները իրենց գործերը ցույց տալու, որ դա իրենց համար էլ կարևոր դառնա ի վերջո։ Էդպես, օրինակ, առաջին տարում մրցույթում ցուցադրեցինք Ատոմ Էգոյանի «Արարատը», որը շահեց մրցույթում։ Մյուս տարի ինքը արդեն անձամբ եկավ, ստացավ մրցանակը ու համաձայնվեց դառնալ պատվավոր նախագահ։ Մրցանակը, ի դեպ, Պիտերն էր հանձնում Օպերայի բեմին։

 

 

ԿԻՆՈՆ ՉՄՈՌԱՑԱԾՆԵՐԸ

Սուսաննա Հարությունյան

Առաջին տարին մարդիկ քիչ էին, շատ քիչ։ Կինո «Մոսկվայի» հետ մենք շատ ենք աշխատել, բայց ոչ յոթ օր անընդհատ ինտենսիվ ցուցադրումներով։ 1994-ից հետո կինո գնալու մշակույթը պարզապես վերացել էր։ Կինոն այն վայրը չէր, որ գնում էին ընտանիքներով, ոնց որ 80-ականներին։ Ու մեր նպատակներից մեկն էդ վիճակը փոխելն էր։ Շատ մարդ պարզապես չգիտեր էլ, թե էդ ինչ է։ Էնպես որ մեր առաջին դիտողները կամ փոքրաթիվ հետաքրքրված մարդիկ էին, ընկերները կամ էլ պատահական անցորդները։ Ջահելներ համարյա չկային․ բարեբախտաբար հիմա տարիքային պատկերը շատ փոխվել է։

 

Հարություն Խաչատրյան

Առաջին հանդիսատեսները կինոն չմոռացած մարդիկ էին ու պատահական անցորդներ: Առաջին ու երկրորդ տարին կիսադատարկ դահլիճներով անցավ փառատոնը: Շատերը մտածում էին, որ մենք կհիասթափվենք, էլ չենք անի, բայց մենք տեսանք, որ 10%-ի ավելացում կա ամեն տարի, հետաքրքրությունը աճում էր: Եթե առաջին տարին մեկ-երկու հայկական ֆիլմ էր, ապա հաջորդ տարի երկու-երեք: Վարպետության դասերին սկսեցին ավելի շատ մարդիկ գալ: Եթե առաջին տարին երեք-չորս հոգի էին, ապա հաջորդ տարի եկան 7–8-ը: Մենք հավատացինք մեր գործին: Երիտասարդներ հավաքեցինք մեր շուրջ, ովքեր կամավորություն էին անում, բայց հետո դարձան մեր թիմի հիմնական անդամները:

 

Ինչն էր ամենակարևորը, հիմնական խնդիրը, որը դրված էր փառատոնի առջև: Առաջինը՝ լավ ֆիլմեր, երկրորդը՝ լավագույն ժյուրի, հետո` լավ մասնակիցներ և հանդիսատես: Դրանցից մեկի պակասության դեպքում փառատոնը խորտակվում է և չի հաջողվում:

 

Տեղն էլ, իհարկե, կարևոր է, Երևանն անկրկնելի է էդ իմաստով։ Եվ դե ծիրանը, քանի՜ անգամ են խոստովանել մեր հյուրերը, որ էդպիսի համով ծիրան ոչ մի տեղ չեն կերել։

 

ԿԻՆՈՅԱԿԱՆ ՇԱՆՏԱԺ

Սուսաննա Հարությունյան

Սկզբի տարիներին ինչ խնդիրներ ասես չէին ծագում։ Շատ բարդ էր ֆիլմերը ֆիզիկապես բերելը։ 25 կիլոյանոց բեռ կարող էինք ստանալ Կառլովի Վարիից, որի հետ շատ լավ համագործակցում էինք՝ ֆիլմերն էին գալիս, հյուրերը, բայց ահա էդ չվերթը կարող էր լինել շաբաթ օրը, երբ մաքսատունը փակ ա, իսկ ֆիլմի ցուցադրումը նախատեսված լիներ կիրակի։ Ինչքա՜ն ենք տանջվել էդ ամենի ձեռքը։ Մի կերպ ստանում էինք ժապավենը, բայց արդեն չէինք հասցնում ստուգել՝ ամեն ինչ նորմա՞լ է, ճի՞շտ ֆիլմ է։ Դժվար է պատկերացնել, որ էն ժամանակ ժապավեն էր, կասետներ էր, նույնիսկ ոչ դիսկեր, դրանք հետո եկան։ Չնայած թվայինով էլ լինում են խնդիրներ՝ Ռոբեր Գեդիկյանի ֆիլմի գաղտնաբառը մինչև վերջին պահը չէր աշխատում։ 15 րոպեից ցուցադրություն ունենք, իսկ ֆայլը դեռ բեռնվում է։ Ժապավենը գոնե գիտես, որ եկել է, էստեղ է։

 

Բայց ամենադժվար բանը մերժումներն էին։ Սիտպված էինք դրան դիմել, որովհետև մենք ուզում էինք մակարդակը պահել։ Իսկ հայ կինեմատոգրաֆիստներից շատերը մինչև հիմա մտածում են, որ կարող են չհարգել դեդլայնները, պայմանները, չհարգել ընտրության մեր իրավունքը, պահանջներ ներկայացնել ու կարծել, որ մենակ էն, որ ֆիլմը հայկական է, բավարար պատճառ է այն ցուցադրելու համար։ Ու ախր ինչի ասես, որ չեն դիմում։ Շանտաժ են անում, նախարարություն են խառնում․․․ Իսկ հետո զարմանում են՝ ինչի ֆիլմերը մրցանակ չեն ստանում, կամ ինչի են աննկատ անցնում, սկսում են մեզ մեղադրել։

 

Միքայել Ստամբոլցյան

Պիտերը մեր կողմերն առաջին անգամ էր գալիս։ Շատ զարմացած էր, կարծում էր, որ պիտի գնա Թուրքիայից էլ էն կողմ մի ասիական երկիր, բայց ասեց՝ «պարզվեց՝ եկել եմ Եվրոպա»։ Ու իսկապես շատ սիրեց փառատոնը, սկսեց վերաբերվել էնպես, ինչպես մենք ենք վերաբերվում։ Ամեն կերպ օգնում էր կապերը հաստատելու գործում, շատ ուշադիր էր ժյուրիի ու ֆիլմերի ընտրության հարցում։ Իր խորհուրդները ու ներգրավվածությունը շատ են օգնել, որ մենք ունենք էն փառատոնը, որ հիմա կա։

 

Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ մեզնից բացի ոչ ոք չէր էլ սպասում, որ առաջինից հետո կշարունակենք։ Որովհետև նման փորձեր շատ էին եղել, ու դրանք հիշելով, շատերին թվում էր, որ մեկ-երկու անգամից ավելի ուժերս չեն պատի։ Եվ գրում էին, ծաղրում էին, վատաբանում էին։ Մեկը թերթում հսկայական բացասական տեքստ էր տպագրել, որովհետև իր սիրեկանի ֆիլմը չէինք ընդունել։ Սկզբում նեղվում էինք, ազդվում էինք, հետո հասկացանք, որ ճիշտը ուղղակի ուշադրություն չդարձնելն է։

 

Հարություն Խաչատրյան

Ի վերջո հայտնվեցին մեր լավ հովանավորները, Մշակույթի նախարարությունը և կառավարությունը կարծես թե հավատացին մեզ: 50 միլիոն դրամ տրամադրեցին․․․ Բայց անցյալ տարի, չգիտես ինչու, խախտվեց բալանսը, և այդ տարի նորից պիտի մարդկանց ապացուցենք փառատոնի կարևորությունը: Ինչևէ, մեր նոր երիտասարդ ղեկավարները կառավարության իրենց գործընկերների պես համառ են ու կարծում եմ, որ լեզու անպայման կգտնեն։ Շատ կարևոր է նորից ու նորից ապացուցելու Ոսկե ծիրանի կարևորությունը։

 

 

ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁԱՆՔ

 

Միքայել Ստամբոլցյան

Ես հասկացա, որ փառատոնը ճանաչելի է դարձել ու ինչ-որ գործ է անում, երբ Աբովյանով իջնում էի, հետևիցս երկու ջահել աղջիկ էին գալիս ու քննարկում էին Աբաս Քիառոստամիի նախորդ օրվա ելույթը։ Դա արդեն մեծ հաղթանակ էր, Երևանում սովորական մարդիկ արդեն գիտեին, թե ով է Քիառոստամին։

 

Սուսաննա Հարությունյան

Իսկ ես շատ լավ հիշում եմ երրորդ փառատոնի էն պահը, երբ մտա «Golden Tulip» հյուրանոց ու այգում միասին տեսա Բեռլինի փառատոնի տնօրեն Մորիս Դեհարդենին, հետը՝ Էգոյանը, Գոթֆրի Ռեջիոն ու Փելեշյա՜նը։ Այ դա արդեն կայացած փառատոնի նշան էր։ Ընդհանրապես, Փելեշյանի ու Գոթֆրի Ռեջիոյի հանդիպումը բոլորի տարիների ամենահիշարժան պահերից էր։ Անձամբ ծանոթ չէին, բայց երկուսն էլ իրար արվեստը շատ էին գնահատում։ Հատկապես Ռեջիոյի համար Փելեշյանի հետ հանդիպումը երազանքի պես բան էր։

 

Պատկերացրեք՝ 2000-ականներ, Երևան, Հայաստան, կինոյի աշխարհի համար մեղմ ասած ոչ հայտնի տեղ, բայց ամենաականավոր մարդիկ մարդիկ շատ հաճույքով գալիս էին։ Երեք-չորս տարի հետո արդեն հանգիստ գալիս էին Մարկո Բելոկիոն ու Մոհսեն Մահմալբաֆը, իսկ Գորան Պասկալևիչը ընդհանրապես արդեն հյուր էլ չէր համարվում, լրիվ մերոնքական էր։

 

Հարություն Խաչատրյան

Աբաս Քիառոստամին էր մեր մեծ բարեկամը․ երկրորդ փառատոնին եկավ ու կարծես սիրահարվեց։ Երեք անգամ եղավ մեր հյուրը, մի տարի էլ շատ հրաշալի կուրսեր անցկացրեց մեր կինոդպրոցի համար։ Մեծ կորուստ էր նրա մահը․․․ Յոս Ստելինգի գալը սովորական բան դարձավ, իր ծնունդն էր նշում նույնիսկ Երևանում։ Էգոյանը որպես նախագահ էր էստեղ լինում, իսկ Ազնավուրը իր ցանկությամբ մասնակցում էր ֆիլմերի ընտրությանը․․․ Եթե հիմա հերթով նշենք փառատոնի ընկերներին ու մեծ հյուրերին, ժամեր կտևեն։ Եվ դա իսկապես խոսում է նրա մասին, որ Ոսկե ծիրանն արդեն զբաղեցրել է իր ամուր տեղը կինոփառատոների քարտեզում։

հավելյալ նյութեր