Ուղղությունը՝ Արմավիր․ միջազգային ճարտարապետական մրցույթ նոր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի կառուցման համար
Ճարտարապետություն

Ուղղությունը՝ Արմավիր․ միջազգային ճարտարապետական մրցույթ նոր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի կառուցման համար

Լոռիում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը դարձել է Դեբետ գյուղի այցեքարտերից մեկը։ Շուտով կկառուցվի նման մեկ այլ կենտրոն, այս անգամ Արմավիրի մարզում։ Այդ նպատակով հիմնադրամը հայտարարել է միջազգային ճարտարապետական մրցույց։ ԵՐԵՎԱՆը պատմում է, թե ինչով է կարևոր այդ մրցույթը և ինչպիսի ակնկալիքներ ունենալ երկրորդ (և ոչ վերջին) ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնից։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի 

 

Լուսանկարները՝ COAF

 

Նախագծի մանրամասները՝ այստեղ 

 

Մրցույթի գրանցման վերջնաժամկետըապրիլի 22-ն է, իսկ դիմումների ընդունմանը՝ մայիսի 2-ը։

#Ճարտարապետություն

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որը միտված է բարձրացնելու Հայաստանի գյուղական համայնքներում բնակվող երեխաների և երիտասարդների կյանքի որակը տարատեսակ ծրագրերի միջոցով։ Հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2003թ-ին նախաձեռնելով բազմաթիվ կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր։ Հիմնադրամի կողմից նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքներ։ Այսօր ՔՈԱՖ-ի շահառուների թվում են շուրջ 107,000 բնակիչ Հայաստանի վեց մարզերից 64 համայնքներում։ 2015 թվականից մեկնարկերլ է հիմնադրամի ՍՄԱՐԹ ծրագիրը։ Վերջինս կրթության միջոցով միտված է նպաստելու համայնքներում բնակվող երեխաների և երիտասարդների կայուն զարգացմանը։ Առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը կառուցվել է 2018 թվականին, Լոռու Դեբետ գյուղում։ 

Ինչո՞ւ Արմավիր

2000-ականների սկզբին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մեկնարկեց իր գյուղական համայնքների զարգացման առաքելությունը Արմավիրի մարզից։ ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենը եկել էր Հայաստան, ճանապարհվել դեպի Արմավիր՝ բացահայտելու իր նախնիների բնակավայրը։ Տեսնելով, որ տեղացի բնակիչները ստիպված են ջուրը հարևան մարզերից գնել, նրան պարզ դարձավ, որ պետք է օր առաջ լծվել Հայաստանի գյուղերի զարգացման գործին։ Նորաստեղծ հանրապետությունը բազմաթիվ խնդիրներ ուներ երկրի գրեթե ամեն անկյունում, որոնք շտապ լուծման կարիք ունեին։ Հենց այդ նպատակով և հենց այդ պահից էլ ստեղծվեց ՔՈԱՖ-ը, որի առաջին նախագծերից էր այդ համայնքի դպրոցներից մեկի վերակառուցումը։ 

 

ՔՈԱՖ-ը տարածաշրջանում բազմաթիվ առողջապահական, կրթական և այլ բնույթի նախագծեր է իրականացրել, իսկ մոտ ապագայում, Արարատ և Արագած լեռների միջև, Մյասնիկյան գյուղի ծայրամասային հատվածում (40.173355, 43.887473) իր տեղը կգտնի կազմակերպության երկրորդ կրթական համալիրը։ 

 

 

«Մեր հիմնադրումը սկսվել է Արմավիրից․ տրամաբանակն էր վերադառնալ մեր ակունքներին։ Բացի այդ, Արմավիրում մենք արդեն իսկ ունենք ընթացիկ մի շարք նախագծեր,- ասում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը,- այսինքն հողն արդեն իսկ մշակված է, կան կապեր տեղական կառավարման մարմինների և բնակիչների հետ։ Այժմ այս բոլոր նախաձեռնությունները կենտրոնացվելու են մեկ վայրում»։

 

Նոր ՍՄԱՐԹ կենտրոնի համար նախանշված տարածքը շուրջ երեք անգամ ավելի մեծ է, քան Լոռիում գտնվող կենտրոնինը․ 90 հա հողատարածք։ Շահառուների թիվը ևս շատ ավելի մեծ է, ուստի նախագծերի մասշտաբները անհամեմատելի են։ ՔՈԱՖ-ում վստահ են, որ կենտրոնը կհանդիսանա մարզի զարգացմանը նպաստող նոր խթան։ 



 

Ճարտարապետական մրցույթ

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ընդհանուր հայեցակարգին և ոճին համապատասխան ճարտարապետական լուծում ստանալու նպատակով հիմնադրամը հայտարարել է միջազգային ճարտարապետական մրցույթ։ Ակնկալվում են ընդգրկուն առաջարկներ կենտրոնի դիզայնի վերաբերյալ, որոնք համահունչ կլինեն ՔՈԱՖ-ի առաքելությանը, նորարական մոտեցումներին, տեղայնքի լանդշաֆտի և շրջակա բնության առանձնահատկություններին։ Առհասարակ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնների ստեղծումը նպատակ ունի հասանելի դարձնել ոչ ֆորմալ, բարձրորակ կրթությունը գյուղական համայնքներում բնակվող երեխաների և պատանիների համար, բայց 90 հա մակերեսով ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանն իր մեջ ներառելու է ոչ միայն կրթական, այլ նաև մշակութային, զբոսաշրջային կառույցներ։ 

 

«Սկզբից էլ ՔՈԱՖ-ի տեսլականը եղել է Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի «սմարթապատումը»,- ասում է Կորյուն Խաչատուրյանը,- Արմավիրի ՍՄԱՐԹ կենտրոնի համար մենք ակնկալում ենք նախագծեր, որոնք կարտացոլեն տեղանքին բնորոշ համն ու հոտը և կմիաձուլվեն այստեղի բնության հետ, ինչպես դա եղավ Դեբետի ՍՄԱՐԹ կենտրոնի դեպքում»։

 

Հարկ է նշել, որ սա ՔՈԱՖ-ի պատմության մեջ առաջին միջազգային մրցույթն է։ Որակյալ և ստեղծարար նախագծեր ստանալուց զատ, գործադիր տնօրենի խոսքով, միջազգային մրցույթի անցկացումը թույլ կտա Հայաստանը ավելի ճանաչելի դարձնել՝ ցույց տալով, որ այն ակտիվ երկիր է, որտեղ բազմաթիվ ներդումային հնարավորություններ և պայմաններ կան։ Բացի այդ, հնարավորություն կտա թե երկրին, թե հիմնադրամին ավելի բարձր, միջազգային մակարդակ նվաճել՝ համապատասխան իրենց տարեցտարի ընդլայնվող ծրագրերին և ենթակառուցվածքների պահանջներին։ 

 

Հաղթող նախագծերը կորոշվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, որում ընդգրկված են հայտնի ճարտարապետներ և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։ Ժյուրիի անդամների թվում են ճարտարապետներ եվրոպական տարբեր երկրներից, Վրաստանից, սփյուռքահայեր և տեղացի մասնագետներ։ Ժամկետները բավականին սեղմ են և դիմումների ներկայացումից մի քանի օր անց կհայտարարվեն հաղթողների անունները։ Ի դեպ նախատեսվում է ընդհանուր 7,000,000 ՀՀ դրամի չափով մրցութային ֆոնդ։ Գումարը կբաշխվի մի քանի առաջարկների միջև, ժյուրին ևս կունենա իր առանձին մրցանակը։ Քանի որ ՔՈԱՖ-ը ընտրել է մրցութային, այլ ոչ թե տենդերի թարբերակը, հիմնադրամը ավելի լայն ընտրության հնարավորություն կունենա։