Ալեքսանդր Դանիելյան․ «Եթե բոլորը լինեն բաց ու ազնիվ, դա կերևա նաև մեր աշխատանքում»
Ճարտարապետություն

Ալեքսանդր Դանիելյան․ «Եթե բոլորը լինեն բաց ու ազնիվ, դա կերևա նաև մեր աշխատանքում»

Ճարտարապետության գրադարանը (LFA) շարունակում է զրույցների շարքը գրադարանի հիմնադիրների միջև։ auditoria* նախագծի ղեկավար Ալեքսեյ Լաշկովը հանդիպել է DAAP արվեստանոցի հիմնադիր Ալեքսանդր Դանիելյանին ու խոսել միջազգային փորձի, հաղորդակցության պակասի և չմոռացված նախնիների ստվերների մասին։

Հարցազրույցը՝ Ալեքսեյ Լաշկովի / LFA

 

Լուսանկարները՝ Միտյա Լյալինի

#Ճարտարապետություն

Ալեքսեյ․ Մեր ծանոթությունից ու Շուռի պատմածներից տպավորություն ունեմ, որ դուք շատ արմատացած եք ընտանեկան պատմության մեջ։ 

 

Ալեքսանդր․ Ես ծնվել եմ Լատվիայում, երեք տարի ապրել եմ էնտեղ տատիկ-պապիկիս հետ, հետո արդեն տեղափոխվեցի Երևան։ Մեծացել եմ Ֆիրդուսի կողմերում, Չայկովսկու փողոցում։ Հիմա մնացել է փողոցի մի կտորը միայն։ Ապուպապս գնել էր էդ տունը մի տեղացի մուսուլմանից։ Երկու հարկանի տուն էր՝ կամարակապ առաստաղներով։ Վերում միջանցիկ սենյակ ունեինք մեծ կամարով։ 

 

Հիշում եմ նկուղ տանող խորհրդավոր դուռը, ինձ համար կախարդական աշխարհ էր։ Մի պատ կար, որի վրա մի ինձ անհասկանալի դիմանկար էր կախված։ Մտածում էի՝ ինչ-որ կախարդական դիցուհու նկար է։ Առավել խորհրդավոր էր դառնում, երբ միացնում էի լամպը ու կիսախավարի մեջ նայում էինք միմյանց։ Ահա, տատիկիս այս դիմանկարն էր, որ պապս բերեց արվեստանոց մեր տունը քանդելուց հետո:

 

Շատ էի տխրել, երբ 82 թվականին տունը քանդեցին։ 

 

 

Ալեքսեյ․ Կարծես դա իսկապես մեծապես ազդում է նաև ձեր ճարտարապետության վրա։ Ինչպե՞ս է դա արտահայտվում։ 

 

Ալեքսանդր․ Իմ նախնիները ընդհանրապես շարքային կերպարներ չէին, դրա համար պատմությունները շատ էին ու բազմազան։ Ու ես մեծանում էի այդ պատմությունների մեջ։  Ապուպապս նախ՝ ցարական բանակի եֆրեյտոր էր, իսկ հետո դարձել էր ֆիդայի՝ Գասպար-բեկ էին կոչում։ Պապս պատմում էր «Մի օր տանը նստած ենք, մեկ էլ ինչ-որ քրդեր եկան, թե՝ սա Գասպար-բեկի տու՞նն է, մենք երգ ունենք իր մասին, ուզում ենք երգել։» Հայրիկս ձայնագրիչը միացրեց, երգեցին, անմահացրեց։ Երկու պապերս էլ, ի դեպ, թոշակի տարիքում գրի էին առել իրենց ընտանիքների և կյանքի պատմությունները, շատ խնամքով էին վերաբերվում անցյալին։ 

 

Տատիկս՝ Դերենիկ պապիս [քանդակագործ Դերենիկ Դանիելյանի] կինը, նույնպես շատ տպավորիչ կին էր։ Բանասեր էր, աշխատում էր «Հայֆիլմում», հետո երկար տարիներ՝ Հայկական հանրագիտարանում, որպես Բառացանկի բաժնի վարիչ։ Պարույր Սևակի ու Վահագն Դավթյանի համակուրսեցին էր, Նաիրի Զարյանն էր իրենց դասավանդում, Հովհաննես Շիրազի հետ էր մտերիմ։ Պապիկը պատմում էր, որ երբ քանդակում էր Ավետիք Իսահակյանին, ասաց՝ Վարպետ, կարո՞ղ եք գալ արվեստանոց և նստել մինչև քանդակեմ։ Ասել էր՝ կգամ, եթե սիրուն աղջիկ նստացնես դիմացս, որ կարողանա հետաքրքիր զրույց վարել որ հետը շփվեմ։ Պապիս ասաց «կնոջս բերեմ կլինի՞»: Փորձեցին… Տատիկս մեծ հաջողությամբ կատարեց այդ դերը, քանի որ կիրթ և հետաքրքիր զրուցակից էր։ Այս փոքր պատմությունները միշտ իմ կյանքը լցրել են փոքր, բայց շատ կարևոր շերտերով։ Դրանք չեն կարող նստվածք չտալ։ Ու երբ որպես ճարտարապետ աշխատում եմ, պատասխանատվությում եմ զգում ամեն գծի համար՝ ոչ միայն իմ առջև, այլև նախնիներիս։ 

 

 

 

Ալեքսեյ․ Դա ընդհանուր աշխատանքային միջավայրի՞ն է վերաբերում, թե՞ կան կոնկրետ օրինակներ։ 

 

Ալեքսանդր․ Մի օրինակ կարող եմ բերել։ «Վիլլա Նոր Արաբկիր» բազմաբնակարանը, որը իմ սիրելի նախագծերից մեկն է։ Երբ եկանք ծանոթանալու տարածքի հետ, այնտեղ տուն կար կանգուն։ Շատ տարօրինակ և պարզ հատակագիծ ուներ, փայտյա պատշգամբով, քաոտիկ շարվածքով։ Առանձնապես պատմական ու գեղարվեստական արժեք չուներ, պարզապես հին քարե տուն էր։ Բայց հմայք ուներ, որը ինձ թույլ չտվեց այն պարզապես քանդել։ Ես հին տանը ապրած մարդ եմ, որի համար այդ տան կորուստը մեծ ցավ էր։ Արդյունքում, մենք պահպանեցինք բոլոր քարերն ու նոր շենքի մեջ ինտեգրեցինք հին տան ճակատը։ Պատշգամբը ստիպված նորից պատրաստեցինք։ Դուռն էլ վերարտադրեցինք հնի տեսքով։ Նոր Արաբկիրում 1940-ականներին հայրենադարձներն էին ապրում, իրենց տներն էին։ Մի էնտուզիաստ կար, որն այդ տարածքն էր ուսումնասիրում, մեզ հատուկ շնորհակալություն հայտնեց մոտեցման համար։ Այ սա, կարծում եմ, իմ նախորդ ասածի ազդեցությունն է։ 

 

Ալեքսեյ․ Հետաքրքիր է, որ դուք աշխատել եք տարբեր կոնտեքստներում ու տարբեր լեզվական միջավայրերում։ Ինչպե՞ս ստացվեց, ի՞նչ փորձ եք ունեցել։ 

 

Ալեքսանդր․ 97 թվին՝ նոր էի ավարտել, դեռ շատ փորձ չունեի, զանգ եմ ստանում ընկերոջիցս, ասում է՝ գործընկերուհու եղբայրը «Կարիտաս» փայտամշակման ֆաբրիկայի տնօրենն է։ Նոր ինժեներ էին փնտրում։ Օգնեց նաև, որ ես գիտեի անգլերեն ու ֆրանսերեն, իսկ ղեկավարությունը Շվեյցարիայից էր, դա կարևոր էր։ Գնացի, ընդունվեցի գործի ու սկսեցի փայտի գործով զբաղվել։ Շվեյցարացի ղեկավարի հետ շփվում էի ֆրանսերեն։ Կամաց կամաց խորացա մեր արտադրանքի դիզայնի և արտադրության օպտիմիզացման եղանակների մեջ:

 

Անցավ երեք տարի: Հասկացա, որ արտադրությունում աշխատելը ինձ հեռացնում է ճարտարապետությունից, սկսում եմ չափազանց ռացիոնալ մտածել՝ օպտիմիզացիա, էժանություն, նման բաներն էին կարևոր դարձել ուղեղումս։ Նոր ղեկավարը շվեյցարացի միլիոնատեր էր: Ծանոթանալու ժամանակ հարցրեց թե արդյոք ապագաս կապում եմ գործարանի հետ: Ազնիվ պատասխանեցի, որ ոչ, որ ուզում եմ ճարտարապետություն վերադառնամ։ Ասացի՝ ուզում եմ փայտե ճարտարապետության մեջ խորանալ, իսկ Շվեյցարիայում դա բոլորովին այլ մակարդակի վրա էր։ Նա էլ օգնություն առաջարկեց: Ծանոթացրեց տեղացի ճարտարապետներից մեկի՝ Մաքս Գերմանի հետ։ Մի կերպ թույլտվություն ստացա ու չորս ամսով մեկնեցի Շվեյցարիա՝ աշխատելու։ Շատ ոգևորվեցի: Իսկ երբ վերադարձա, խորացրեցի գերմաներենս։ 

 

 

Դրանից հետո հայ-գերմանական պետական համագործակցության շրջանակում 9 ամսով մեկնեցի Գերմանիա՝ պրակտիկայի։ Պիտի ինքս աշխատանք գտնեի՝ կազմեցի ալբոմ, ուղարկեցի տարբեր տեղեր ու ստացա առաջարկ GMP Architects-ից, որոնք արել էին Բեռլինի օլիմպիական ստադիոնի վերանորոգումը, նախագծել էին Համբուրգի օդակայանը և այլն։ Հիմա էլ մեր կառավարության հետ Ակադեմիական քաղաքն են նախագծում, ի դեպ։ Ութ ամիս աշխատեցի էնտեղ։ Էլի ոգևորված վերադարձա, մի քիչ Հովնանյանների Վահագնի թաղամասի գրասենյակում աշխատեցի՝ դա արդեն ամերիկյան շունչ ուներ։ Իսկ հետո արդեն Շուռի [ճարտարապետ Արսեն Շուռ Կարապետյանի] ու Էրիկի [ճարտարապետ Էրիկ Հովհաննիսյանի] հետ բացեցինք մեր ընկերությունը։ Մի քանի նախագիծ արեցինք միասին, հետո ես ու Էրիկը շարունակեցինք, իսկ Շուռը տեղափոխվեց Գարեգին եղոյանի մոտ։ 

 

2009-ին հետս կապվեց էն շվեյցարացի ճարտարապետը, ասաց, որ ուզում են գալ Հայաստան համագործակցության առաջարկով։ Մի հսկա նախագիծ էին անում Շվեյցարիայում։ Եկավ, շփվեցինք ու մինչև 2018-ը ակտիվ աշխատեցինք իրենց նախագծերում, մրցույթների մասնակցեցինք։ Մրցույթների մշակույթը շատ տարբեր է մնացած Եվրոպայից, շատ ավելի թափանցիկ է ու կոռուպցիոն ռիսկերից ազատ։ Բայց դրա փոխարեն շատ է կարևորվում ուտիլիտարությունն ու արժեքը, երևակայության թռիչքի համար քիչ է տեղ մնում։ 

 

«Վիլլա Նոր Արաբկիրի» պատվիրատուն էլ, ի դեպ, Գերմանիայից էր։ Իր հետ էլի երկու նախագիծ իրականացրեցինք։ 

 

Ալեքսեյ․ Բայց որոշ նախագծերում դուք արդեն ներկայանում եք որպես լոկալ ճարտարապետ, չէ՞։ 

 

Ալեքսանդր․ Այո, իսպանացի Ալբերտո Կամպո Բայեզայի բյուրոյի հետ կառուցեցինք ՔՈԱՖ-ի Երեխայի և Ընտանիքի կենտրոնը, և այժմ նախագծում ենք Արմավիրի Սմարթ կենտրոնը․․․ 

 

 

 

Ալեքսեյ․ Դա իր հետ ինչ-որ համակողմանի հարստացում ապահովու՞մ է մասնակիցների համար։ 

 

Ալեքսանդր․ Միանշանակ։ Նախ՝ կարևոր է, որ բյուրոների չափերը համեմատելի են։ Կամպո Բայեզայի արվեստանոցում ընդամենը 5 հոգի է աշխատում։ Նրանք շատ լավ հաղորդակցվում են, ոչ մեկին վերևից չեն նայում, ցանկացած ռացիոնալ առաջարկություն ընդունում են։ Ալբերտոն վերջերս ինքն էր եկել։ Շատ հետաքրքիր էր կողքից նրան հետևելը՝ մշտապես փոքրիկ նոթատետրը ձեռքում, շատ հետաքրքրված հարցուփորձ էր անում, գրի էր առնում բոլոր մանրուքներն ու անունները՝ պապիկիցս մինչև Կոմիտաս։ Հետո էլ ասում էր՝ Hello Sacha, grandson of Derenik!: Շատ արագ են գծագրում, միայն 2D, յուրահատուկ ոճով, որին պետք է սովորես․․․ Բայց, կարևորը, որ մեր ճարտարապետական տեսլականին դա չի հակասում։ Ասենք, բարոկկո չենք նախագծում՝ նման մի առաջարկ վերջերս ֆրանսիական մի բյուրոյից էինք ստացել։ Ասեցինք՝ չէ, մերսի։

 

Բաեզայի հետ համագործակցելիս մեր խղճի դեմ չենք գնում, բոլոր իմաստներով արդյունավետ համագործակցություն է։

 

Ալեքսեյ․ Հետաքրքիր է, որ խոսեցիք հաղորդակցվելու մասին, երբ երկու կողմերը պետք է համապատասխանեցվեն, տրամադրվեն միմյանց։ 

 

Ալեքսանդր․ Գիտես, կարող է պատահել դեպք, որ մի կողմը մտածի, թե մյուս կողմը ուզում է իրեն առաջին պլան բերել, հենց այդպիսի բաներից խուսափելու համար անհրաժեշտ է գրագետ հաղորդակցությունը։ Հայաստանում կոմունիկացիան շատ լուրջ խնդիր է, ի դեպ։ Ես ինքս էդ կուլտուրան սովորել եմ դրսի գործընկերների հետ շփումներից։ Իսկ մեր գործում դա չափազանց կարևոր գործիք է։ 

 

 

Ալեքսեյ․ Ինչպե՞ս է պետք օգտագործել այդ գործիքը։ 

 

Ալեքսանդր․ Մի կողմից՝ դա պիտի ընդունված լինի ընդհանրապես հասարակության մեջ։ Չնայած, որ մենք փոքր երկիր ենք մի բուռ ազգով, բայց մեզ մոտ մարդիկ բաժանվում են փակ շրջանակների, որտեղ նոր գաղափարներով մարդկանց ներս չեն թողնում, հաճախ այդ շրջանակների ներսում էլ իրար դեմ անդադար դավադրություններ ու բանսարկություններ են կազմակերպում։ Պարզ է, որ Գերմանիայում էլ կա, ամեն տեղ էլ կա, բայց էնտեղ միջավայրը մեծ է, կարող ես նաև շրջանցել, ապահովագրվել այդպիսի բաներից։ Մեզ մոտ առողջ հաղորդակցության բացակայությունը շատ ավելի նկատելի է։ Եթե բոլորը լինեն բաց ու ազնիվ, դա կերևա նաև մեր աշխատանքում։ Ինձ հետ աշխատող մարդիկ այդպիսիք են։ Հաճելի է, երբ ասում ես Ա, իսկ գործընկերդ գիտի, որ Բ-ի ժամանակն է։ 

 

Հիշում եմ, երբ աշխատում էի «Կարիտասում», տնօրենը խնդրեց մեր համալսարանի համար պատրաստել 75-ամյակի նվեր։ Ես հորինեցի կոմպոզիցիա՝ 75-ն ու արծիվը։ Քանդակեցի պլաստիլինից, արագ-արագ, անհարթ։ Տվեցի ատաղձագործ Էմիլին (այժմ մոտիկ ընկերոջս), որ պատրաստի փայտից։ Մյուս օրը բերեց՝ իդեալական հարթ, ընկուզենուց, ճիշտ ինչպես պատկերացնում էի։ Որովհետև Էմիլի հետ հաղորդակցական խնդիր չունեինք։ Պետք է գտնել ճիշտ մարդկանց, որ աշխատանքը բավականություն պատճառի։ 

 

 

Ալեքսեյ․ Իսկ այս բոլոր մեզ շրջապատող արվեստի գործերը, իրերը և հիշուղութունները ձեր ինչ-որ կերպ արխիվավորու՞մ եք, գուցե հուշե՞ր եք գրում։ 

 

Ալեքսանդր․ Անձամբ հուշեր չեմ գրում: Բայց փորձում եմ մեր պատմությունը գույքագրել: Քանդակագործ պապիս գործերը արխիվացրել էր զարմիկս իր դիպլոմային աշխատանքի շրջանակներում: Ես վարում եմ ընտանեկան արվեստի-հավաքածուի մատյանը, պապերիս հուշերն եմ պահպանում թվայնացնում։ Երկուսն էլ շատ հետաքրքիր գրավոր հուշեր են թողել: Իսկ տատիս հուշերը ձայնագրել էր քույրս: Դրանք էլ են շատ հետաքրքիր: Ես այդ հուշերի ու արվեստի գործերի գրկում ինձ հոգեպես հարուստ եմ զգում:  

 

Ալեքսեյ․ Մեր կողմից վերջում ուզում եմ ասել, որ Ձեր ու ձեր անցկացրած միամսյակում ամենաշատը դուր եկավ հենց ազնվությունը։ Շնորհակալություն ձեզ դրա համար։ 

 

հավելյալ նյութեր