«Տասը տարի առաջ փոխեցինք շոփինգի մշակույթը, այսօր՝ կորպորատիվ պատասխանա-տվության»
Պատասխանատվություն

«Տասը տարի առաջ փոխեցինք շոփինգի մշակույթը, այսօր՝ կորպորատիվ պատասխանա-տվության»

«Դալմա Գարդեն Մոլի» Ներքին և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը ԵՐԵՎԱՆին պատմել է Հայաստանում առաջին առևտրի կենտրոնի նախկինում և այսօր իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (CSR) նախագծերի մասին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ «Դալմա Գարդեն Մոլի»

 

ԵՐԵՎԱՆ #78 | 2022

#Գործընկեր

Նոր առաջնահերթություններ

Գարնան կեսերին սովորականի պես ուղևորվեցի «Դալմա» ամառվան ընդառաջ մի քանի նոր բան գնելու համար։ Բայց այս անգամ հայտնվելով մուտքի առջև՝ ոչ թե շարունակեցի իմ ավանդական երթուղով, այլ մոտ մի րոպե շիվար հայացքով նայում էի, թե ինչպես են մարդիկ մոլի միջանցքում հեծանիվներ քշում։ Լավ է՝ տեղից չէին շարժվում, քանի որ դրանք էլեկտրական մարզասարքեր էին։ Ինչպես պարզվեց, դրանք հայտնվել են «Դալմայի» միջանցքում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Ամերիաբանկի հետ համատեղ նախաձեռնությամբ։ Հեծանիվների հետնամասում մարտկոցներ են կցված, և երբ հեծանիվը վարում ես, արտադրվում է էներգիա։ Արշավի ընթացքում ամբողջ ստացված էներգիան փոխանցվելու էր սահմանամերձ մի քանի գյուղի։ Այդպես՝ Երևանում շոփինգ անելիս կարելի է միանգամայն շոշափելի օգնություն ցուցաբերել սահմանին։ Եվ որ ավելի կարևոր է, պարզվեց, որ այս հեծանիվների մտահղացումը ոչ առաջին և ոչ էլ վերջին նման նախագիծն էր «Դալմայի» տասը տարվա պատմության մեջ։ 

 

Հեծանիվը՝ Դալմայում, էներգիան՝ սահմանամերձ գյուղերում


Հաջորդ անգամ, երբ հայտնվեցի մոլում՝ «Դալմայի» տասնամյակից մի քանի օր առաջ էր։ Եկել էի զրուցելու Մարիամ Չաքարյանի հետ, որպեսզի նա ավելի մանրամասն պատմի մոլի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերի մասին. այս տարի թիմով մի կողմ են դրել տարեդարձի մեծ տոնական ծրագիրը և որոշել նախատեսված բյուջեն օգտագործել բոլորովին այլ ուղղություններով։ 


«Սահմանին ստեղծված իրավիճակը բոլորովին այլ առաջնահերթություններ էր ստեղծել, և մենք որոշեցինք գործել համապատասխանաբար՝ ուղղելով մեր տասնամյակի համար նախատեսված ամբողջ գումարը սոցիալական և այլ «պատասխանատու» նախագծերի»,– ասում է Մարիամը։


Նրա խոսքով՝ «Դալման» իր գործունեության տասը տարիների ընթացքում պարբերաբար աջակցել է նման նախագծերի և երբ անցյալ տարվա դեկտեմբերին առևտրի կենտրոնը հավաքեց իր առաջին in-house մարքեթինգային թիմը, ստրատեգիայի և գաղափարախոսության մեջ ավելի ծանրակշիռ տեղ զբաղեցրին հենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը։

 

Էկո արշավ

«Տեսնելով մեր վարձակալների և հաճախորդների դրական արձագանքը՝ որոշեցինք շարունակել էկո թեման և արշավ կազմակերպել,– պատմում է Մարիամը,– մեզ միացավ նաև WWF-ը»։ Շուրջ երկու շաբաթ տևած արշավի ընթացքում մոլում ներկայացվում էին կենտրոնի բրենդերի «էկո» պատմությունները։ Ինչպես Մարիամն է նշում, իրենց թիմի համար էլ էր բացահայտում, որ օրինակ՝ կոշիկի բրենդերից մեկի արտադրության 70%-ը վերամշակված պլաստիկից է։ Կամ որ կան բրենդեր, որոնք թափոններից պատրաստված ամբողջ հավաքածուներ ունեն։ Մեկ այլ կահույքի բրենդ պարբերաբար ծառեր է տնկում, քանի որ իր արտադրանքի մի մեծ մաս փայտից է։ 


Բացի այդ, արշավի ընթացքում տարբեր հայ արվեստագետներ ներկայացրին իրենց աշխատանքները՝ պատրաստված թափոններից։ «Դալմայի» տարբեր հարկերում տեղադրեցինք Արինե Թագվորի, Էնջի Պողոսյանի, Ռոմեո Մելիքյանի և Հարութ Հովհարի արտ-օբյեկտները։ Մշակույթի ու էկոյի համադրությունը դրանով չավարտվեց։ Արշավի ընթացքում փոքր նորաձևության ցուցադրություն ունեցանք, որի ընթացքում երեխաները ներկայացնում էին ամբողջությամբ թափոններից պատրաստված հագուստներ՝ ոգեշնչված տարբեր մշակույթներից։

 

 

Թափոնային արվեստի նմուշներ

 

Պատասխանատու տոներ

Տարվա սկզբից նոր մոտեցումները սկսեցին երևալ ընկերության տարբեր նախաձեռնություններում (հիշենք էլեկտրական հեծանիվների օրինակը) և տոների ժամանակ։ Օրինակ՝ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ «Դալմայի» մուտքի առջև հայտնվեց «էկո սրտիկը»։ Հրաժարվելով սովորաբար օգտագործվող պլաստիկ և շատ այլ էկոլոգիապես վնասակար նյութերից՝ բոլոր խանութներից վերցրած ստվարաթղթե տուփերից ստացվեց սիրո խորհրդանիշ արվեստի եռաչափ օբյեկտը։ Կողքի ցուցանակն էլ նշում էր, որ այն պատրաստված է թափոններից և հենց տոները մոտենան ավարտին, այն կգնա վերամշակման։ Այո, մեր օրերում սերն էլ պետք է լինի անվնաս ու պատասխանատու։ 

 

Օգնություն հերոսներին

Դեռ արշավի սկզբում որոշում կայացվեց, որ այսուհետ գովազդային կրիչներից գոյացած հասույթի 10%-ը փոխանցվելու է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»։ Այնուհետև համագործակցություն հաստատվեց «Ազնավուր» հիմնադրամի հետ։ Նորից շարունակելով ապագայի թեման՝ իր տասնամյակին նվիրված վերջին նախաձեռնության շրջանակներում «Դալման» միացավ հիմնադրամի ծրագրին, որի միջոցով ֆինանսավորում են տրամադրում «Զինվորի տան» վերականգնողական ծրագրերի շահառու տղաների բիզնես նախագծերը։ 
«Մեզ համար առաջնային նպատակ էր օգնել մեր հերոսներին՝ ստեղծել երկարաժամկետ արժեքներ, կայուն եկամուտ ստանալ ու նաև նպաստել համայնքի զարգացմանը,– ասում է Մարիամը,– այս համագործակցության արդյունքում «Դալման» իր վրա կվերցնի չորս նախագծի ֆինանսավորում»։ 


Այս բոլոր նախագծերի հուշագրերը ստորագրվեցին և համագործակցությունների սկիզբը դրվեց հենց տասնամյակի առիթով կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ։ «Տասը տարի առաջ գալով շուկա՝ «Դալման» բերեց բոլորովին նոր շոփինգի մշակույթը,– դիմեց Մարիամ Չաքարյանը ասուլիսին եկած հյուրերին,– մեր այս նոր մոտեցմամբ փորձում ենք այդ մշակույթի անբաժան մաս դարձնել նաև սոցիալական և այլ կարևոր նախագծերի իրականացումը։ Այս ամենը դեռ ճանապարհի սկիզբն է»։ 

 

Դալման հուշագրեր է կնքել «Ազնավուր» հիմանդրամի, Զինվորի Տուն Վերականգնողական կենտրոնի, Children of Armenia Fund (COAF) հիմնադրամի, «Բարի մամա» ՀԿ-ի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ

 

Երեխաների ապագան

Տասնամյակի առիթով «Դալման» մեծ տոնական ծրագիր էր նախատեսել՝ համերգներ, խաղարկություններ, գովազդային մեծ արշավ։ Բայց, ինչպես նշեցի, երկրի իրավիճակը հաշվի առնելով՝ «Դալմայի» թիմը որոշում կայացրեց չեղարկել ամբողջ ծրագիրն ու բյուջեն ուղղել երկրի համար կարևոր նախագծերի։


«Դեռ տարվա սկզբում առանձնացրել էինք հինգ ուղղություն՝ երեխաների զարգացում, սահմանամերձ մարզեր, հայրենիքի պաշտպաններ, կրթություն և էկոլոգիա,– պատմում է Մարիամը,– ավելի մեծ ռեսուրսները թույլ տվեցին ավելի մեծ քայլեր անել»։ 


Նախ՝ ավելի ակտիվացվեց «Բարի մամա» ՀԿ-ի հետ համատեղ աշխատանքը։ «Դալման» արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում է կազմակերպության հետ: Մի քանի անգամ մոլում տեղադրված ֆանդրեյզինգի տաղավարի միջոցով հավաքված գումարով երեխաները մի ամբողջ ամառ անցկացրին Սևանում։ «Դալմայի» թիմի անդամներն էլ գնացին այնտեղ երեխաների համար վարպետաց դաս անցկացնելու։ Իսկ հունիսի մեկին Մեծ Մասրիկ գյուղից շուրջ քառասուն երեխա եկավ «Դալմա» ու կյանքում առաջին անգամ մեծ էկրանի վրա ֆիլմ դիտեց (ընտրվել էր, իհարկե, հայկական արտադրանք՝ «Վիշապը»), նմանատիպ համերգների ու միջոցառումների մասնակցեց։ 

 


Գալիք Ամանորին «Դալման» ու «Բարի մամա» ՀԿ-ն կրկին միավորելու են իրենց ուժերը շատ կարևոր նպատակի համար։ Այս անգամ գործընկերներին ուղարկելու են ոչ թե հերթական նվեր, որը հետո պարզապես փոշոտվելու է դարակի վրա, այլ ուղարկելու են  գեղեցիկ բացիկ, որտեղ նշվելու է, որ իրենց այս տարվա նվերի գումարով սահմանամերձ գյուղի մի երեխա կստանա յուրահատուկ ամանորյա նվեր։ «Միասին ընտրել ենք 154 երեխա Տեղ գյուղական համայնքից և 158 երեխա Արցախի գյուղերից,– պատմում է Մարիամը,– արդեն իսկ հասցրել ենք հետաքրքիր նվերներ պատրաստել, որոնք ամանորին ընդառաջ կարմիր պարկի մեջ կհասնեն իրենց հասցեատիրոջը»։ Օրինակ՝ նվերներից տաք հուդիները կարվել են «Բարի մամա» ՀԿ-ի «Բարի կար» նախաձեռնության մեջ ներգրավված մայրիկների կողմից։ ՀԿ-ն նաև օգնել է ցուցակները կազմելու և նվերները բաշխելու հարցում։ Շատ գործընկերներ նույնպես միացել են այս նախաձեռնությանը՝ նվիրելով կամ արտոնյալ պայմաններ տրամադրելով։  


«Դալման» այս տարին ամփոփելու է երեխաներին վերաբերող մեկ ուրիշ փոքր նախագծով։ Սյունիքի գյուղերից մեկից շուրջ 30 երեխա կգան Երևան գիշերակացով։ Նրանք կդիտեն ֆիլմ, կպտտվեն քաղաքով։ «Այս նախագծով փորձելու ենք երեխաների մեջ սերմանել սեր մշակույթի և Երևանի նկատմամբ,– ասում է Մարիամը,– ուզում ենք որպեսզի հրաշալի ժամանակ անցկացնեն և տուն վերադառնան ջերմ հուշերով»։

 

Մեծ Մասրիկի երեխաների հունիսմեկյան այցը

 

Մյուս համագործակցությունը «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամի (COAF) հետ էր, այն էլ բավականին անսպասելի նախաձեռնությամբ։ Ով կմտածեր, որ Հայաստանում որևէ մոլ, դուրս գալով կոմերցիոն դաշտից, կրթաթոշակ կտրամադրի ուսանողների։ Հաշվի առնելով, որ ապագան և նորարարությունը «Դալմայի» նոր գաղափարախոսության կարևոր մասն են դարձել, կրթությունն այս համատեքստում ամենատրամաբանական ներդրման ուղղությունն էր։ Գործընկերոջ ընտրությունը ևս պատահական չէր։ COAF-ը տարիներ շարունակ զբաղվել է Հայաստանի տարբեր մարզերում երեխաների կյանքի որակի և զարգացվածության բարձրացման հարցերով։


«Մեր կրթաթոշակը շատ ավելի լայն ծածկույթ ունի, քան պարզապես ուսման վարձը,– ասում է Մարիամը,– այն նաև մենթորության, պրակտիկայի և «Դալմայում» աշխատանքի դիմելիս առաջնահերթության հնարավորություն է տալիս»։ 


Բոլոր շահառուները լինելու են COAF-ի որևէ մարզային ծրագրի մասնակիցներ, որոնք որոշել են իրենց ուսումը շարունակել մարքեթինգ, բիզնես, հաշվապահություն կամ իրավաբանություն ոլորտներում։ Այս համագործակցության շրջանակներում «Դալմայի» թիմն ուղևորվելու է COAF կենտրոն այնտեղ հաճախող երեխաների հետ փորձով կիսվելու և գիտելիքներ փոխանցելու համար։ Ավելին, այսուհետ ամեն տարի 3 նոր ուսանող է միանալու ծրագրի. նրանց 4 տարվա ուսման վճարը կապահովի «Դալման»։
 

հավելյալ նյութեր