«Դալման» նշում է իր 10-ամյակը
Հոբելյանի առիթով ընկերությունը սոցիալական ծրագրեր է իրականացնելու, որոնք մշտական բնույթ են ունենալու։
27.10.2022«2012-ի հոկտեմբերի 20-ին «Դալմա Գարդեն մոլն»-ն առաջին անգամ բացեց իր դռները հաճախորդների առաջ՝ դառնալով Հայաստանի առաջին մոլը։ «Դալմայում» համատեղվում են գնումները և զվարճանքը։ Այսօր մենք կարող ենք հպարտորեն ասել, որ շոփինգի ժամանակակից մշակույթը Հայաստանում արդեն 10 տարեկան է»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Դալմայի» Ներքին և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը։ Վերջինս նաև ներկայացրեց, թե բացումից սկսած «Դալմա» որքան մարդ է այցելել։
«Ըստ մեր ցուցիչների՝ 10 տարիների ընթացում ավելի քան 40 մլն այցելու ենք ունեցել, մեր երկրում ներկայացրել ենք հարյուրավոր ճանաչված ու հայտնի բրենդներ: Այս պահին Դալմայում 1000+ աշխատակից կա, որոնց մի մասն արդեն 10 տարի է` մեզ հետ է»,- նշեց Մարիամ Չաքարյանը։ Անդրադառնալով նախագծերին, որոնք «Դալման» պետք է այսուհետև իրականացնի՝ Մարիամ Չաքարյանն ասաց, որ այս ձևով իրենք ցանկանում են լինել առավել պատասխանատու։
«Ինչպես 10 տարի առաջ շոփինգի մշակույթը փոխեցինք, այնպես էլ հիմա փորձում ենք նոր մշակույթ բերել մեր ոլորտ, ավելի պատասխանատու լինել, ռեսուրսները նպատակային օգտագործել եւ մնայուն արժեքներ ստեղծել: Մեր 10-ամյակը կոմերցիոն մեծ միջոցառումներով նշելու փոխարեն որոշեցինք իրականացրել կարեւոր ծրագրեր մի քանի կազմակերպությունների հետ, որոնց հետ նախատեսում ենք երկար ճանապարհ անցնել»։
«Դալմայի» CSR ռազմավարության առանցքում ապագան և զարգացումն են։ Այդ նպատակով ընտրվել են հետևյալ ուղղություննրը, որտեղ շարունակաբար ուղղվելու են նրանց ջանքերն ու ռեսուրսները․ երեխաների զարգացում, սահմանամերձ մարզեր, հայրենիքի պաշտպաններ, կրթություն, էկոլոգիա։
«Մեզ համար շատ դժվար էր ընտրել այն 5 կազմակերպությունները, որոնց հետ 10-ամյակի առթիվ սկսելու ենք համագործակցել։ Մեր այս գործունեությունը բխում է մեր որդեգրած ռազմավարությունից և համեստ ներդրում է լինելու երկրի ու համայնքների զարգացման գործում»,- ասաց Մարիամ Չաքարյանը, ապա մանրամասներ ներկայացրեց ծրագրերից, որին հաջորդում էր հուշագրերի ստորագրումը։
Ըստ Չաքարյանի՝ նախկինում արդեն համագործակցել են տարբեր կազմակերպությունների հետ, «Կողբ» հիմնադրամի հետ իրականացրել են ծառատունկ եւ Կողբում արդեն կա «Դալմայի» անվան պուրակ: «Դալման» մեծ էկոարշավը էր իրականացրել WWF Armenia-ի հետ համատեղ։
Արշավի շրջանակներում 2 շաբաթ «Դալմայում» տեղի էին ունեցել մի շարք թեմատիկ միջոցառումներ։ Ամերիաբանկի ու WWF (World Wide Fund for Nature)-ի հետ հայտարարվել էր էլեկտրական հեծանիվների մրցույթ, որի շրջանակներում «Դալմայում» տեղադրվել էր 12 էլեկտրական հեծանիվ, որոնց միջոցով գեներացված էլեկտրաէներգիան ուղարկվել էր ՀՀ մարզերի մի քանի դպրոցներ:
Անդրադառնալով նոր նախագծին՝ Մարիամ Չաքարյանը նշեց, որ առաջիկայում «Դալմայում» լինելու են հատուկ թափոնամաններ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան տեսակավորել աղբը։
«Դալման» համագործակցելու է նաև Զինծառայողների ապահովագրության hիմնադրամի հետ, որի հետ եւս երկարաժամկետ նախագծեր են իրականացնելու: Չաքարյանի խոսքով՝ «Դալմայի» գովազդային կրիչներից գոյացած հասույթի 10%-ն ուղղելու են հիմնադրամին:
10-ամյակի CSR միջոցառումների շրջանակում «Դալման» համագործակցում է «Բարի մամա» հասարակական բարեգործական կազմակերպության հետ՝ սկիզբ դնելով ավելի սերտ համագործակցության, որի շրջանակներում «Դալման» կանոնավոր կերպով աջակցելու է սահմանամերձ մարզերում բնակվող երեխաներին ու ներդրում ունենալու նրանց զարգացման գործում: «Բարի մամայի» նպատակն է կանխարգելել երեխաներին լքելու դեպքերը, խթանել ներառական կրթության զարգացումը, ապահովել լքված երեխաների բարօրությունը։
Հուշագիր կնքվեց նաև «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի հետ է։ «Այս հուշագրով մենք սկիզբ ենք դնում շարունակական համագործակցության, որի շրջանակներում միասին հիմնում ենք Դալմա Գարդեն մոլի անվան կրթաթոշակը։ Սակայն այսքանով չեն սահմանափակվում մեր համատեղ ծրագրերը։ Հիմնադրամի հետ սերտ համագործակցության արդյունքում մեր բոլոր նախագծերը ուղղված են լինելու երիտասարդների կրթությանն ու զարգացմանը։ ՔՈԱՖ-ի առաքելությունն է նորարարության միջոցով զարգացնել գյուղական համայնքները՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնություններով երեխաներին ու չափահասներին անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելով։
«Դալման» մյուս նախագիծն իրականացնելու է «Ազնավուր» հիմնադրամի և «Զինվորի» տուն վերականգնողական կենտրոնի հետ համատեղ։ Հիմնադրամը ֆինանսավորում է կենտրոնի շահառուների բիզնես նախագծերը:
«Հիմնադրամն ունի ծրագիր «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի» շահառուների բիզնես նախագծերը ֆինանսավորելու մասով։ Այս հուշագրով «Դալման» իր վրա է վերցնում 4 բիզնես ծրագրերի ֆինանսավորումը»,-նշեց Մարիամ Չաքարյանը։
Նշենք, որ հուշագրերի ստորագրումը իրավական ուժ է տալու նախագծերին։
«Հուշագրերը ստորագրելով՝ ֆորմալ բույթ ենք տալիս այս ամեն ինչին և իրավական հիմք ենք դնում հետագա համագործակցության համար։ Ցանկանում ենք, որ մեր այս նախաձեռնությունները վարակիչ լինեն մեր մյուս գործընկերների համար»,- ամփոփեց Մարիամ Չաքարյանը։