Ճ․ Արսեն Շուռ Կարապետյան․ Հավես ա
Ճ․

Ճ․ Արսեն Շուռ Կարապետյան․ Հավես ա

Հայկ Զալիբեկյանի զրույցների շարքը, որտեղ Երևանի առաջատար ճարտարապետների հետ քննարկվում են ոլորտի կարևորագույն հարցերը։ Առաջին հյուրը d՛Արվեստանոց ստուդիայի հիմնադիր Արսեն Կարապետյանն է։

Հարցազրույցը՝ Հայկ Զալիբեկյան


Լուսանկարները՝ Տասյա Կարապետյան


ԵՐԵՎԱՆ #62 | 2020

 

Շարքի գործընկերներ՝ Koor Wines, IDBank, Idram

 
#Ճարտարապետություն

ՍԵՓԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ

Դու եզակի ճարտարապետներից ես, որին հավասարապես մերոնցական են համարում հա՛մ մեծերը, հա՛մ երիտասարդները։ Բոլորը համարում են՝ Շուռը մեր ընկերն ա։

 

Ուղղակի չեմ կարևորում տարիքը։

 

Իսկ ու՞մ հետ ա հեշտ աշխատել։

 

Երիտասարդների։ Անկախ տարիքից։

 

Երկու-երեք տարի առաջ՝ երկար տարիներ ACHCооp արվեստանոցում աշխատելուց հետո, դու ստեղծեցիր քո արվեստանոցը։ Ինչո՞ւ։

 

Երևի արդեն տարիքային էր։ Մեր աշխատանքի բնույթն էնպիսին ա, որ մի պահ զգում ես, որ պիտի լրիվ ինքնուրույն լինես։ Ես համարում եմ, որ Եղոյան Գարիկի արվեստանոցը Եղոյան Գարիկի արվեստանոցն ա։ Ստեղծագործությունն ունի մի հայր, միշտ, անկախ թե խումբը որքանով ա ներգրավված եղել։ Ինչքան էլ մենք միասին աշխատենք, միևնույն ա՝ գլխավոր ստեղծագործ լոկոմոտիվը ինքն ա։ Ու ես դա շատ կարևորում ու հարգում եմ։ Ուղղակի զգացի, որ փոփոխության ժամանակն էր եկել։

 

Իսկ ի՞նչ կասես խմբով աշխատող ճարտարապետների մասին, օրինակ՝ մեր ընկերներ Սնխչյանները, որոնք ամուսիններ են։

 

Գուցե ես եմ ինդիվիդուալիստ, դա սուբյեկտիվ հարց ա։

 

Այսինքն՝ դու չես պատկերացնում, որ մի օր քո արվեստանոցում քո հետ հավասար ներդրում ունեցող հեղինակ լինի՞։

 

Ոչ միայն պատկերացնում եմ, այլև շատ ուրախ կլինեմ, ու հենց դրա համար արվեստանոցի անունը չեմ դրել Շուռ, դրել եմ դ՛Արվեստանոց։ Ու էդ դեպքում անպայման կշեշտվի հեղինակը՝ այդ մի հոգին, որն աշխատել ա դ՛Արվեստանոցում։ Հիմա արդեն կան նախագծեր, որտեղ ես համարյա չեմ աշխատել։ Դրանց հեղինակը ոչ թե ես եմ, այլ Պապյան Անին կամ Մարգարյան Զառան։ Գարիկն էլ էր նույնն ասում, իհարկե, ուղղակի ես կամ պիտի առանձնանայի, կամ էլ երբեք ինքնուրույն ստուդիա չբացեի։

 

 

Երեք տարի անց գոհ ե՞ս որոշումից։

 

Գոհ եմ։

 

Այդ թվում ֆինանսական առումո՞վ։

 

Չեմ կարող ասել, որ ավելի շատ կամ ավելի պակաս եմ աշխատում, բայց համենայն դեպս կարողանում եմ ինքնուրույն ընտանիք պահել։

 

Ինչու՞ դ՛Արվեստանոց։

 

Դ՛Արտանյանի մեջի Դ-ն ա, դուրս գալիս ա։ Նաև կար իմ հին նիքնեյմը համացանցից՝ Դաբավոգը, ստացվեց Դաբավոգի արվեստանոց։

 

d’Արվեստանոց
Հիմնադրվել է 2017 թվականին։ Արսեն Կարապետյանի ղեկաված արվեստանոցում նախագծվել են մի շարք առանձնատներ, որոնցից հինգը կառուցվել են։ Մյուս խոշոր նախագիծը Դիլիջանի Թումոյի ընդլայնումն է։ 
Մշակել են մի քանի հասարակական կառույցների նախագծեր, որոնց շինարարությունը դեռ չի մեկնարկել, ունենք մի քանի խանութի և գրասենյակի ինտերիերների իրականացրած նախագծեր: Վենետիկի բիենալեի Հայկական տաղավարի համար արել ենք երեք մրցութային առաջարկ, մասնակցել ենք մի շարք մրցույթների և ցուցահանդեսների:

 
Image for post

Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցը

 

ՉԱՄԱՉԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Քո էս շրջանի աշխատանքներից որո՞նք կառանձնացնես։

 

Ձիթողցյանի արվեստանոցը, մի քանի առանձնատուն, որոնցից կարող եմ չամաչել։ Դրանք ոչ բոլորն են երևում հանրային տարածքում, որովհետև առանձնատուն հրապարակելը հեշտ չի, որովհետև սեփականատերերն էլ պիտի համաձայնվեն, նուրբ հարց ա։

 

Իսկ որի՞ց ես ամաչում։

 

Չեմ ամաչում, բայց կա, որ շատ չեմ սիրում։ Չի ստացվել, չեմ կարողացել անել էն, ինչ ես պատկերացնում էի։ Ամեն ինչը չի, որ ուզածիդ նման ա ստացվում։ Նաև կան բաներ, որ ես սիրում եմ, իսկ կարծիքները շատ հակասական են։ Օրինակ՝ Դիլիջանի Թումոն՝ կարծում եմ վատ չի ստացվել, բայց բացասական կարծիքները բավական շատ են։

 

Իսկ եղել ա՞, որ պատվիրատուն դժգոհ մնա։

 

Բարեբախտաբար, կառուցումից հետո չէ, բայց շատ են եղել դեպքեր, երբ էսքիզի քննարկման փուլում ուղղակի իրարից բաժանվել ենք։ Իմ համար շատ կարևոր ա մարդու հետ շփվելը։ Եթե ես զգում եմ, որ ինչ-որ չի բռնում մեր աշխարհայացքներում, ուղղակի չեմ շարունակում։ Բայց չեմ հարամում, որ ես ճիշտ եմ, իրանք՝ սխալ, ուղղակի ճիշտ տեղ չեն դիմել։

 

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ

Չնայած դու սոցիալական ցանցերում շատ ակտիվ ես, բայց արվեստանոցը համարյա չի երևում։ Ու քո հանրային դիրքն առանձնապես չես օգտագործում ոչ հաճախորդ գտնելու համար, ոչ էլ նոր աշխատողների։

 

Շատ հնարավոր ա, որ բիզնեսի տեսանկյունից մեր արվեստանոցը ճիշտ չի աշխատում։ Ես ուղղակի չունեմ բիզնեսի ջիղը, որ հավաքեմ մեծ թիմ, անդադար մեծ պրոյեկտների մեջ լինենք։ Երևի պիտի մարդ գտնեմ, որ դրանով կզբաղվի։

 

Ես միշտ մտածում եմ, որ ճարտարապետական ստուդիայի մաքսիմումը, եթե իհարկե ուզում ես երևալ որպես ճարտարապետ, մի 15 հոգանոց թիմն ա։ Դրանից ավելի մեծն արդեն մի հոգու բյուրո չի։ Կամ էլ ես ձևը չգիտեմ։

 

Ես էլ չգիտեմ։ Հիմա ոնց որ թե նոր թիմակից ունեմ, մեծ հույսեր եմ կապում։

 

Հեշտ ա՞ նոր աշխատող գտնելը։

 

Շատ դժվար ա։ Իմ համար մարդկային հարաբերությունները շատ կարևոր են, մարդ պիտի մի քիչ իմ նման լինի, գոնե հումորի զգացողությունը ու երաժշտությունը, նույն ալիքի վրա պետք ա լինես թիմիդ հետ։

 

Ես, շփվելով կոլեգաների հետ, անընդհատ լսում եմ բողոքներ (ու ինքս էլ եմ բողոքում), որ երիտասարդները մեծ խնդիրներ ունեն։ Գոնե սպասում ես, որ լավ ֆանտազիա ու մտքեր ունենան, բայց դա էլ միշտ չի, որ կա։

 

Դե որովհետև ի՞նչ ճարտարապետական կրթություն ունեն, որ ի՞նչ ֆանտազիա ունենան, որտեղի՞ց։ Մյուս կողմից էլ, հակառակը՝ կան որ ստեղծագործական ջիղը կա, ուզում են, բայց արհեստի մասն ա տուժում։ Ինստիտուտում դրա վրա ուշադրությւոն չեն դարձնում։

 

Ճարտարապետությունն արվե՞ստ ա, թե՞ արհեստ։

 

Արվեստ ա, քանի դու մտածում ես, ստեղծագործում ես։ Հենց դա դառնում ա գծագիր ու նախագիծ, արդեն արդյունաբերություն ա։ Եթե մենակ արհեստով մտածես, շենքը չի կառուցվի։ Բալանսն ա շատ կարևոր։ Գծագիր անելը կարող ա լինի արվեստի մակարդակի լավը, բայց մեկ ա՝ արհեստ ա։ Ես զզվում եմ ռենդեր անելուց, բայց շատերի համար ավելի հավես ա, քան ջանջալ գծեր գծելը։

 
Image for post
Image for post

Gouroo Club & Garden

 

ՉՆԵՂԱՑՆԵԼ ԿՈԼԵԳԱՆԵՐԻՆ

Մեր մոտ կա՞ ճարտարապետական քննադատություն։

 

Չէ։ Կա մի երկու հոգի, որոնք տիրապետում են տեքստին։ Կարդացողներն են քիչ։ Ընդհանրապես, մենք կարդացող ազգ չենք։ Չնայած, որ ճարտարապետությունն անբաժան ա տեքստից։ Էսօրվա առաջատար մասնագետները նաև գրում են, մեկնաբանում են, քննադատում են։ Մեր մոտ խնդիր կա, որ ամեն ինչ ինտուիտիվ ա։ Նույնիսկ ամենատաղանդավորն ինքն իրա աշխատանքը չի կարողանա մեկնաբանել։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ հանգում ա ֆեյսբուքում լայք դնելուն կամ չդնելուն։

 

Ընդ որում, ընկերներդ կարող ա չուզեն նեղացնեն ու ամեն դեպքում լայք դնեն։

 

Կամ էլ կարող ա գործդ հավանել են, բայց պատվիրատուի հետ խնդիր ունեն ու սկսում են քննադատել նախագիծը։

 

Իսկ ո՞վ ա մեր ամենալավ ճարտարապետը։

 

Շատ լավերից համարում եմ Եղոյան Գարիկին, Զուրաբյան Ալիկին, Ստորակետենց, Քել քըշոզենց, որոնք բաժանվեցին երկու մասի ու շատացան լավ ճարտարապետները։ Շատ կան, մեկին չնշեմ, կնեղանան․․․

 

Էլի եկանք նույն թեմային։

 

Հա, որովհետև ես որ բողոքում եմ, ինձ էլ նկատի ունեմ։ Ես էլ տեքստ չեմ գրում, ես էլ եմ վախենում քննադատությամբ նեղացնել։

 

Մենք նստած ենք քո նախագծած տան այգում։ Ի՞նչ զգացմունքներ ունես։

 

Շատ միստիկ։

 

Գիտեմ, որ սիրում ես ստեղ լինել։

 

Հա, որովհետև չեմ ամաչում աշխատանքիցս։

 

Իսկ եթե դու արած չլինեի՞ր։

 

Կապ չէր ունենա, որովհետև մեր դաշտում ցանկացած մեծ հաջողություն, բոլորիս հաջողությունն ա։ Մրցակության խնդիր չունենք։ Միշտ լիքը գործ կա, առանց գործի ոչ մեկ չի մնա։ Իսկ Գարիկի կամ Ստորակետի հաջողությունից իմ մեջքն էլ ա պնդանում։ Պատվիրատուին կարողանում եմ արդեն ասել, որ տեսեք՝ ինչ լավ փորձեր կան։

 

Մասնագիտական նախաձն չունե՞ս։

 

Չեմ նախանձում, մեկ-մեկ ասում եմ՝ ա՜խ, ինչ լավ կլիներ, էս ես արած լինեի։

 

Ի՞նչն ա ստիպում առաջ շարժվել։

 

Հավես ա։

 

Ճարտարապետը էլիտար մասնագիտություն ա՞։

 

Ավելի սազում ա թիթիզը։ Ճարտարապետը պիտի մի քիչ թիթիզ լինի։

 
Image for post

Ֆիրդուս
Հանրապետության հրապարակին հարակից Ֆիրդուս թաղամասը Երևանի պահպանված վերջին վերնակուլյար թաղամասն է։ 19-րդ դարում ձևավորված այս տարածքում պատմականորեն գործել է շուկա, իսկ բնակիչները եղել են քրիստոնյա և մահմեդական, խորհրդային տարիներին ապրել են նաև ադրբեջանցի ընտանիքներ։ Մի քանի տարի առաջ որոշում կայացվեց թաղամասի տեղում կառուցել նոր էլիտար թաղամաս։ Չնայած որ բնակիչների մեծ մասը տարիների ընթացքում վաճառել էր գույքը, իսկ պատմական շենքերից մի քանիսը գրեթե փլուզվել, ակտիվ աշխատանքները վերսկսեցին 2020 թվականի գարնանը, ինչը հարուցեց հանրային մեծ շարժում․ ակտիվիստները մատնանշում են Ֆիրդուսի պատմամշակութային կարևորությունը։

 

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍ

Դու բավական հանրային դեմք ես, նախկինում շատ ակտիվ ես եղել ամենատարբեր հարցերում, ոչ միայն քաղաքաշինական։ Իսկ հիմա, դառնալով ավագանու անդամ, հանրության կողմից համ էլ ընկալվում ես որպես իշխանության մաս։ Դու քեզ էդպես ընկալում ե՞ս։

 

Իշխանության մաս չէ, որովհետև երբեք չեմ ձգտել էդտեղ լինել, բայց պատասխանատվության տեսանկյունից՝ հա։

 

Կարո՞ղ ենք համարել, որ դու Ֆիրդուսի գործում մեղավոր ես։

 

Իհարկե։

 

Ի՞նչ կարող ես անել, որ չես անում։

 

Ըստ երևույթին մի բան կար, որ չեմ արել։ Ավելի շուտ էր պետք դռներ ծեծել, ստիպել խոսել, բարձրաձայնել։

 

Ճիշտ ե՞մ հասկանում, որ Ֆիրդուսը մեկ ա քանդելու են։

 

Այսպես թե այնպես, այո։

 

Ու կառուցելու են էն նախագիծը՞, որ հիմա շրջանառվում ա։

 

Կարծում եմ՝ այո։ Շանսերը քիչ են մի բան փոխելու։

 

Եթե քեզ առաջարկեին անել նախագիծը, ի՞նչ կանեիր։

 

Ինձ միշտ զարմացրել ա մարդկանց ինքնավստահությունը։ Ինձ շատ կվախեցներ էդ պրոյեկտը։ Քաղաքի կենտրոնում մի բան գծելը շատ մեծ պատասխանատվություն ա։ Ես չէի հրաժարվի, կփորձեի մի կոնցեպտ առաջարկել, բայց ես ինձ իրավունք չէի վերապահի ասել, որ ինձ մոտ ստացվել ա։

 

Իսկ քո կարծիքով Ֆիրդուսը պետք ա պահե՞լ։

 

Պահել՝ չի նշանակում կոնսերվացնել էնպես, ոնց որ կա։ Բայց ես գտնում եմ, որ ճարտարապետությունը էն արվեստն ա, որը տալիս հնարավորություն լուծելու ամենաբարդ խնդիրները։ Եթե խնդիր ենք դնում ես փողոցների ցանցը պահել ու նոր շենքեր կառուցել, կամ բոլոր հուշարձանները պահել, դա հանգիստ կարելի ա անել։

 

Իսկ ո՞նց ես վերաբերվում, երբ շենքը քանդում են ու մենակ ֆասադն են պահում։ Էդ մումիա չի՞։

 

Մումիա չէ, կար էդպիսի ավանդույթ Ամերիկայի բնիկների մոտ, որ սպանված թշնամու ոսկորները հանում են, մնացածը փոքրացնում չորացնում էին։ Այ դրան ա նման։ «Գուրուի» օրինակը, խնդրեմ․ իմ ընկերները մեծ կորուստների գնով պահպանել են մի շենք, որը ճարտարապետական արժեք չունի, բայց ունի հիշողության արժեք։ Պահպանվել ա, ու տես ինչ ա դարձել։ Իսկ հինգ տարի առաջ կողքով անցնողները կասեին՝ դե կռիսանոց ա, սարայ ա, եկեք քանդենք։ Բայց հիմա աշխատող բան ա դարձել։ Բայց հեշտ չի դա անել։ Հիմա նույն Ֆիրդուսում մտածելակերպն էր պետք պահել, կվարտալային կառուցվածք․․․ Ու պետք ա արգելել Երևանի մասին խոսելուց Թամանյանի անունը տալ, դա ուղղակի վիրավորական ա էդ մարդու հանդեպ։ Ոչ մի կոնկրետ առաջարկ ինքը, իհարկե, չուներ Ֆիրդուսի համար։ Հաստատ կլոր հրապարակ չի եղել։

 

Բայց իշխանությունն ասում ա, որ մեկ ա սարքելու են։ Քանդելու են, մի քանի բան պահեն, չնայած էդ ձևով պահելը, ինձ թվում ա, պետք էլ չի։ Բայց դու շարունակում ես մնալ իշխանության մաս, ձեռդ չես խփում սեղանին ու գնաս։ Իմաստը մնալու ո՞րն ա։

 

Ես կարծում եմ, որ չեմ սպառել բոլոր հնարավորությունները մի բան անելու։ Դուրս գալն ամենահեշտը կլիներ, հետո էլ կասեմ՝ ժողովուրդ, դուրս եկա, որովհետև ինձ բանի տեղ չեն դնում։

 

Բայց դու ի՞նչ լծակներ ունես, փաստացի որոշումների վրա ազդեցություն չունես։

 

Կարող եմ գոնե ձայն հասցնել։ Դրսից խոսացող էլի կա, ես կփորձեմ ներսից։

 
Image for post

Հայկ Զալիբեկյան, Արսեն Շուռ Կարապետյան

 

ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

Ի՞նչ կանես, եթե դառնաս Երևանի գլխավոր ճարտարապետ։

 

Չեմ հրաժարվի, բայց էնպես կանեմ, որ մյուս տարի չլինի էդ պաշտոնը։ Դա կլինի իմ միակ քայլը, մնացածը պարզապես չի ստացվի։

 

Այսինքն՝ պետք չի՞ Երևանին գլխավոր ճարտարապետ։

 

Ոչ մի քաղաքի պետք չի։ Որովհետև դա պլանային համակարգի մնացորդ ա։ Կամ էլ եթե կա, գլխավոր ճարտարապետը պիտի լինի ինսպեկտր, բյուրոկրատ։ Ստուգի նախագծերը համապատասխանում են զոնինգին, թե՞ չէ։

 

Հիմա մեր գլխավոր ճարտարապետը քո ասածն ա անում։

 

Էդ մարդուն վատ վիճակի մեջ են դրել։ Ինքը համ որոշող ա, համ հսկող, համ թույլտվություն տվող։ Ինքը մեղավոր չի, սիստեմն ա մեղավոր։ Իրան բերել են, ասել են՝ էս կանես։ Ինքն էլ ազնվորեն փորձում ա դա անել։ Ես իրան կարեկցում եմ։ Հիմա որ Զահա Հադիդին էլ բերեն, էլի բան չի կարողանա փոխել։

 

Բայց ինքն էլ չկա։

 

Դե առավել ևս։

 

Երևանի գլխավոր ճարտարապետ
Պաշտոնը ստեղծվել է Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Երևանի քաղաքապետի 18.02.2019թ. N 308-Ա որոշման համաձայն գլխավոր ճարտարապետը համակարգում և վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի աշխատանքները: Առաջին գլխավոր ճարտարապետը եղել է Նիկողայոս Բունիաթյանը։ Նարեկ Սարգսյանը, Գուրգեն Մուշեղյանը և Արթուր Մեսչյանը զբաղեցրել են պաշտոնը երկուական անգամ (Մեսչյանի նախորդ պաշտոնավարումը տևել է մի քանի ամիս՝ 1996 թվականին):

 

ԵՐԵՎԱՆԸ

Երևանում սիրածդ շենքը՞։

 

Չգիտեմ, դժվար ա ասել, շատ են։


Բայց Երևանը սիրո՞ւմ ես։

 

Դե հա, ճա՞րս ինչ։

 

Ինչի՞։

 

Իմ քաղաքն ա։