Դավիթ գող-գող եկավ, մնաց
Սասունցի Դավիթ

Դավիթ գող-գող եկավ, մնաց

2016 թվականի մայիսի 21-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ քանդակագործ Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացումը։

Տեքստ` Անի Սմբատի 


Լուսանկարներ` Գաֆէսճեան արվեստի կենտրոնի

 

ԵՐԵՎԱՆ #39 | 2016

2016 թվականի մայիսի 21-ին՝ Թանգարանային գիշեր ամենամյա միջոցառման շրջանակում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ քանդակագործ Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացումը։ Այն Կասկադ համալիրի ճարտարապետական ժառանգության անբաժանելի մասն է և ժամանակավորապես փակ էր հանրության համար։ Պատմում ենք, թե որտեղ էր այն գտնվում այսքան տարիներ և ինչ գեղարվեստական արժեք ունի որպես մոնումենտալ ռելյեֆ։

 

 

88-ից առաջ և հետո

1980-ական թվականներին, երբ Կասկադը դեռ կառուցման փուլում էր, ճարտարապետ Ջիմ Թորոսյանը համալիրի սրահներից մեկը ձևավորելու առաջարկով դիմեց քանդակագործ Արտաշես Հովսեփյանին, և վերջինս 1984-ին ևս չորս վարպետների հետ սկսեց աշխատել այն սրահում, որն այսօր տրամաբանորեն կրում է «Սասունցի Դավիթ» անունը: Սակայն 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից, ապա և Խորհրդային Միության փլուզումից հետո տուֆակերտ որմնաքանդակը մնաց անավարտ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացման օրից՝ 2009-ի նոյեմբերից մինչ օրս, այդ սրահում ներկայացված էր «ԼիբենսկիԲրիխտովա. Հայաստանի համար» գեղարվեստական ապակեգործության աշխատանքների մշտական ցուցադրությունը, իսկ ռելյեֆը փակ էր հասարակության համար պաշտպանիչ շերտով։

 

Արտաշես Հովսեփյանն իր անավարտ քանդակի կողքին

 

Ինչպես բացատրում է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը, պատճառները մի քանիսն էին։ «Աշխատանքն անավարտ էր, և մեծ հարցականի տակ էր՝ արդյոք վարպետը կկարողանա՞ ավարտին հասցնել այն, թե ոչ, — պատմում է Եսայանցը: — Առհասարակ, ողջ Կասկադի կառուցապատումն անավարտ մնաց այն թվականներին. համալիրում կարող եք նկատել գրեթե հարթ մակերեսով ստելաներ, որոնք նախատեսվում էր նախշազարդել նույն թեմատիկայով, որով մշակված է համալիրի ողջ տարածքը։ Անավարտ էր մնացել նաև Գրիգոր Խանջյանի մոնումենտալ եռանկարը, թեև նկարիչը մինչև 2000 թվականը աշխատել է այդ ստեղծագործության վրա։ Իհարկե, Գաֆէսճեան թանգարան հիմնադրամի կողմից վերանորոգման և վերականգնման հսկայածավալ աշխատանքներ իրականացվեցին 2000-ական թվականներին, սակայն որոշ հատվածների թանգարանը չէր կարող միջամտել։ Մյուս պատճառն այն էր, որ ռելյեֆը, 90-ականներին անուշադրության մատնված լինելով, տարիների ընթացքում կորցրել էր իր նախնական տեսքն ու խնամքի, թարմացման կարիք ուներ»։

 

Այդուհանդերձ, Եսայանցի խոսքով, կենտրոնի ծրագրերում մշտապես եղել է ներկայացնել որմնաքանդակը հանրությանը, ինչպես նաև ապահովել սրահի անվճար մուտքը, ինչպես դա արվեց «Խանջյան» սրահի դեպքում, երբ եռանկարի վերջին կտավը՝ «Հայաստանի վերածնունդը», հետագայում ավարտին հասցրեց Հենրիկ Մամյանը։

 

Բացումը

2016-ին լրանում է Արտաշես Հովսեփյանի 85-ամյակը, մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը տոնելու է իր անկախության 25-ամյակը, իսկ Սասունցի Դավիթը միշտ էլ եղել է հայ ժողովրդի ազատատենչ ոգու խորհրդանիշը։ «Որմնաքանդակը բացելու համար ավելի լավ առիթ չէր կարող լինել, — փաստում է Կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրենը։ — Մեզ համար մեծ պատիվ էր, որ Արտաշես Հովսեփյանն անձամբ կարողացավ ներկա գտնվել որմնաքանդակի բացման արարողությանը, չնայած առողջապես ծանր վիճակում է։ Նա բազմիցս նշել է, որ Սասունցի Դավթի թեման և հատկապես այս ստեղծագործությունն առանձնահատուկ նշանակություն ունի իր համար։ Նա ինքն էլ գրեթե 30 տարի շարունակ չէր տեսել իր աշխատանքը։ Տարիներ անց սեփական գործը տեսնելու, շոշափելու ու կարոտն առնելու տեսարանն իսկապես հուզիչ էր»։

 

Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթը»

 

Գեղարվեստական արժեքը

«Սասունցի Դավիթ» որմնաքանդակը նկարիչ Հակոբ Կոջոյանի 1922 թվականին ստեղծված հայտնի համանուն գրաֆիկական աշխատանքի քանդակային տարբերակն է՝ յուրաքանչյուր կողմը 15 անգամ մեծացված: Սակայն, ինչպես շեշտում է Արմեն Եսայանցը, Արտաշես Հովսեփյանը հանդես չի եկել զուտ նմանակողի կամ «թարգմանչի» դերում։ «Նրան հաջողվել է Կոջոյանի հեղինակած փոքրածավալ ջրաներկ ստեղծագործությունը փոխանցել քարի մեջ այնպես, որ բոլոր մանրամասներն ավելի ցցուն ներկայանան դիտողին: Այս մոնումենտալ ռելյեֆի գեղարվեստական արժեքը նրանում չէ, որ սա Կոջոյանի ստեղծագործության քարե կրկնօրինակն է։ Որմնաքանդակում այդ ստեղծագործության մանրամասներն է՛լ ավելի ակնառու են դառնում, իսկ ֆիգուրներից յուրաքանչյուրի տեղն ու դերն աշխատանքում՝ ավելի ակնհայտ ու տպավորիչ, այսինքն՝ Կոջոյանի գործում արդեն իսկ ներկա մոնումենտալությունն ավելի է ընդգծվում՝ շնորհիվ տուֆի մեջ մարմնացած պատկերի», — մեկնաբանում է Եսայանցը՝ բացատրելով, որ դա նկատվում է հատկապես մանրամասների մշակման աստիճանի մեջ, որովհետև եթե որմնաքանդակն ավելի մանրակրկիտ մշակման ենթարկվեր, այն կտուժեր, կկորցներ իր՝ որպես ամբողջական պատկեր ընկալվելու հատկությունը։ Ու թեև որմնաքանդակն անավարտ է մնացել, այդուհանդերձ այն փոխանցում է ստեղծագործության մոնումենտալ հնչեղությունը՝ տպավորելով իր մասշտաբներով, կատարման վարպետությամբ ու տուֆի՝ աչք շոյող ջերմությամբ։

 

 

Ժամանակի ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, ամենայն հավանականությամբ, սրահը կօգտագործի նաև որպես ցուցասրահ, օրինակ, կլոր քանդակի կամ մանր պլաստիկայի ցուցադրությունների համար։ Բայց դա ապագայում, իսկ առայժմ «Սասունցի Դավիթ» սրահը միայն ու միայն Սասունցի Դավթինն է: