Հպարտ քաղաքացին․ Սիմոն Աբգարյանը՝ Շառլ Դը Գոլի դերում
Կանն

Հպարտ քաղաքացին․ Սիմոն Աբգարյանը՝ Շառլ Դը Գոլի դերում

Կաննի կինոփառատոնում մրցույթներից դուրս ցուցադրվեց Շառլ Դը Գոլի մասին պատմող էպիկական կենսագրական ֆիլմի առաջին մասը։ Գլխավոր դերում հանդես է եկել ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը։ Ֆիլմի մասին, որը կցուցադրվի նաև մոտակա Ոսկե Ծիրանի շրջանակում, պատմում է Կարեն Ավետիսյանը։

Տեքստը՝ Կարեն Ավետիսյանի 

#Կինո

Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի ճակատամարտը․ Երկաթե դարաշրջանը» հեռուստատեսային երկմասանոց պատմական ֆիլմ լինելուց բացի՝ անշուշտ ժամանակակից եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական մշակութային հոգեբանության ախտանիշներից է այն ֆոնին, երբ վերջին տասնամյակների եվրոպական կինոն զբաղված էր ազգային առասպելների ապամոնտաժմամբ, ավելի հաճախ խոսելով մեղքի, համագործակցության, երկիմաստության, պարտության, հակահերոսների և պատմական ամոթների մասին, մինչդեռ Բոդրիի ֆիլմը համարձակորեն վերադառնում է «մեծ մարդու» և «մեծ պատմության» գաղափարին միևնույն տարում, երբ նույնը անում է օսկարակիր Լասլո Նեմեշը «Մուլենով» կամ Էմանուել Մարը «Իր ժամանակի մարդը» ֆիլմով․ Ֆրանսիական դիմադրության թեման վերաիմաստավորվում է գրեթե պետական մակարդակով ու հատկանշական է, որ Սիմոն Աբգարյանը դեռ 2009-ին հասցրել էր կերտել Միսաք Մանուշյանին Ռոբեր Գետիկյանի «Հանցագործների բանակը» ֆիլմում, որն, ի դեպ, նույպես ցուցադրվել էր Կաննի կինոփառատոնում, բայց այն ժամանակ դժվար էր պատկերացնել, որ կգա մի օր, երբ պահանջկոտ ու խանդոտ ֆրանսիացիները իրենց ամենանշանային հերոսին կվստահեն հայի։ Եվ ահա, Աբգարյանը վերադառնում է Դիմադրության շարժմանը, բայց արդեն իբրև գերագույն հրամանատար։        

 

 

Ֆիլմի սկզբում Սիմոն Աբգարյանի դը Գոլը մի փոքր անհարմար, կոմիկական, անգամ ծաղրանկարային է թվում իր չափազանց ուղղաձիգ, չափազանց ծանր, չափազանց դանդաղ շարժումների ու ծայրահեղ պաթոսի մեջ ու կարող է թվալ, որ Աբգարյանը չի տեղավորվում դերի մեջ, մինչդեռ իրականում՝ Դը Գոլը դեռևս չի տեղավորվում պատմության մեջ և հենց այստեղ է Աբգարյանի խաղի բարդությունն ու անկրկնելի վարպետությունը՝ չփորձել պարզապես նմանակել դը Գոլին, այլ խաղալ պատմական ներկայության աստիճանական ձևավորում։ Մեր աչքի առջև ծիծաղելի թվացող համառությունը կամաց-կամաց վերածվում խարիզմայի, իսկ անհարմարությունը՝ հեղինակության. մարդը սկսում մարմնավորել պետությունը։

 

Դը Գոլը ֆիլմում հայտնվում է որպես մարդ, որը չունի գրեթե ոչինչ՝ ոչ բանակ, ոչ պետական ապարատ, ոչ իրական իշխանություն։ Նա Լոնդոն է հասնում որպես գրեթե անհայտ գեներալ։ Եվ հենց այստեղ է ֆիլմի ամենահետաքրքիր քաղաքական շերտերից մեկը՝ նրա հարաբերությունը Չերչիլի հետ։

 

Չերչիլի և դը Գոլի հարաբերությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաբարդ և պարադոքսալ դաշինքներից էին։ Առանց Չերչիլի, հավանաբար, դը Գոլը երբեք չէր դառնա Ազատ Ֆրանսիայի առաջնորդը։ Բայց միաժամանակ հենց Չերչիլն էր հաճախ նրան համարում չափազանց հպարտ, չափազանց անհնազանդ և քաղաքականապես «անհնար» մարդ։


Սայմոն Ռասել Բիլի Չերչիլը և Աբգարյանի դը Գոլը ստեղծում են  պատմա-թատերա-քաղաքական դուետ, որում Չերչիլը ներկայացնում է բրիտանական կայսերական պրագմատիզմը, ռազմավարական հաշվարկի քաղաքականությունը, իսկ Դը Գոլը գործում է բոլորովին այլ տիրույթում, որտեղ Ֆրանսիան պարզապես պետություն չէ, այլ պատմական և գրեթե մետաֆիզիկական գաղափար, որը նույնիսկ պարտությունից հետո պետք է պահպանի իր արժանապատվությունը, ի հեճուկս նրա, որ ամերիկացիները ֆիլմում դը Գոլին ընկալում են որպես վտանգավոր Դոն Կիխոտ, մինչդեռ երբեմն հենց այդ «անհնար» մարդիկ են փոխում պատմությունը և դը Գոլի ամբողջ քաղաքական ուժը կառուցված է ոչ թե ռեալպոլիտիկի, այլ համառ հավատի վրա։ Նա առաջին հերթին ստիպում է մարդկանց հավատալ, որ Ֆրանսիան դեռ գոյություն ունի և ստիպված է մարմնավորել Ֆրանսիան այն պահին, երբ Ֆրանսիան կարծես այլևս գոյություն չունի։

 

Միևնույն ժամանակ Բոդրին ակնհայտորեն ցանկանում է նկարահանել միաժամանակ և՛ քաղաքական դիմանկար, և՛ ազգային էպոս, և՛ ռազմական բլոքբաստեր, ու այդ ամենակուլ հավակնությունն ու ենթասյուժեների ծանրաբեռնվածությունը երբեմն դառնում են ֆիլմի համար խնդիր, բայց նույնիսկ այդ անհավասարության մեջ «Դը Գոլի ճակատամարտը» մնում է առաջին հերթին մշակութային ժեստ, որն արտահայտում է ժամանակակից Եվրոպայի աճող ցանկությունը` վերադառնալու դեպի այն գաղափարը, որ պատմությունը դեռ կարող է ձևավորվել անհատների կամքի միջոցով։

 

Եվ գուցե հենց այդ պատճառով ֆիլմը երբեմն ավելի շատ խոսում է ներկայի, քան անցյալի մասին։ Եվրոպայում, որտեղ քաղաքականությունը գնալով դառնում է տեխնոկրատ ու ցինիկ, դը Գոլի կերպարը ֆիլմում վերադառնում է որպես անհարմար հարց․ հնարավո՞ր է արդյոք այսօր հավատալ ոչ թե զենքի, այլ քաղաքական գործչի տրամաչափին։

հավելյալ նյութեր