Դեպի Հայաստան
Ռելոկացիա

Դեպի Հայաստան

Ինչպես են տեղական կազմակերպությունները տասնյակ հազարավոր ռելոկացվող արտասահմանցիներին օգնում իրենց կյանքը զրոյից կառուցել կամ կայացած բիզնեսն առանց վնասների տեղափոխել Հայաստան։

Տեքստը՝ Շողեր Սահակի

 

Լուսանկարները՝ Ալեքսանդր Էկարև, 301 հիմնադրամ

Հայաստան տեղափոխվող ընկերությունները սովորաբար ժամանում են ամբողջ կազմով

«Move2Armenia» նախաձեռնության նպատակն է նպաստել նրան, որ 50 հազար ընտանիք 5-7 տարում բնակություն հաստատի Հայաստանում։ Սակայն այսօր ընկերության ուղղվածություններից մեկը դարձել է Հայաստան տեղափոխված օտարերկրացիներին ինտեգրման հարցում օգնելը։ Այդ նպատակով ընկերության կողմից արդեն նախաձեռնվել է երկու էքսպո-հանդիպում։ Մարտի 12-ին տեղի ունեցած միջոցառմանը 50-ից ավելի ընկերություններ հանդես են եկել համագործակցության առաջարկներով, շատերն էլ ներկայացրել են թափուր աշխատատեղեր։ Ինչպես պնդում են կազմակերպիչները, ներկա գտնված 2000-ից ավելի հյուրերի մեծ մասը՝ 80%-ը, օտարերկրացիներ էին, որոնք ուզում են մնալ և գործունեությունը շարունակել Հայաստանում։ 

 

Արդեն մարտի 29-ին տեղի ունեցած էքսպոն կենտրոնացած էր մարդկային ռեսուրսների խնդրին։ Այս էքսպոյի ընթացքում Հայաստանում ամենախոշոր 70 ընկերությունները ներկայացրել են իրենց աշխատակազմում առկա հաստիքները։

 

«Move2Armenia»-ն օժանդակում է նաև իրենց գործունեությունը Հայաստան տեղափոխած ընկերություններին։ Ի տարբերություն անհատների ադապտացիայի` ընկերությունների դեպքում սա ավելի բարդ է, ուստի ընկերությունների  գործունեության ամբողջական տեղափոխումը Հայաստան դեռ ընթացքի մեջ է։ Սակայն, կախված ոլորտներից, հանդիպող խնդիրներն ու դժվարություններն էլ են տարբերվում։

 

 

- Սովորաբար ՏՏ ոլորտի կազմակերպությունների ոտքը Հայաստանում քարին չի բախվում․ այստեղ կան բոլոր բավարար պայմանները, - բացատրում է նախաձեռնության ծրագրի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը, - բայց այն բիզնեսները, որոնք, օրինակ, ունեցել են իրենց բուտիկները կամ արտադրությունը, էստեղ ռեալիզացվելու փորձի դեպքում հարթ ճանապարհ չեն ունենում, կարծում եմ՝ դա կապված է Հայաստանում հումքային ռեսուրսների քանակի հետ։ 

 

Տեղափոխվող ընկերությունների մեծ մասը Հայաստանում հանդիսանում է ներդրող, որոշներն էլ գրանցվում են հարկային համակարգում և դառնում լիարժեք հարկատու։ Ընկերությունները սովորաբար ժամանում են ամբողջ անձնակազմով, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի մոտ ծագում են փաստաթղթերի հետ կապված խնդիրներ։ Այս պարագայում գալով Հայաստան՝ տվյալ ընկերությունը նաև թափուր հաստիք է ունենում, ինչը հնարավորություն է տալիս ինչ-որ չափով ընդլայնելու տեղի աշխատաշուկան։ 

 

Հյուրերի կարծիքներն ու տպավորությունները, կախված մի քանի գործոններից ,տարբեր են․

 

- Շատերն առաջին անգամ չէ, որ գտնվում էին Հայաստանում ու արդեն հասկանում էին այստեղի ընդհանուր ապրելակերպը, բայց ոմանց համար էլ նորություն էին որոշ կարգ ու կանոնները, - պատմում է Գոհարը Հովհաննիսյանը, - բողոքները հիմնականում կապված էին բնակարանների վարձակալության վճարների հետ։ Հիմա մենք եկողներին փորձում ենք օգնել թե՛  բնակարաններ գտնելու և թե՛  մանկապարտեզներում ու դպրոցներում տեղավորման հարցում։ Կարճ ասած, փորձում ենք բարեկամի պես օգնել այն մարդկանց, ովքեր դիմում են մեզ, հայ ենք, չէ՞, վերջապես։

 

Ծրագրի ղեկավարի խոսքով, փորձ է արվում նաև ընտանիքների մյուս անդամներին ապահովել աշխատանքով, ինչը մի փոքր բարդ է, հատկապես այն դեպքում, երբ նրանք չեն տիրապետում տեղի պետական լեզվին։ Իսկ բնակարաններ տրամադրելու հարցում կազամակերպությունն ունի մի քանի գործընկերներ, որոնցից շատերն անշարժ գույքի գործակալություններ են, կան նաև անհատ գործակալներ։ Այսինքն՝ կազմակերպությունը փորձում է ամեն կերպ օժանդակել ներգաղթյալների սոցիալ-կենցաղային պայմանների ապահովմանը։

 

 

 

Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը չդիտարկվի պարզապես որպես տրանզիտ երկիր

«301. Իմաստության երկիրը» հիմնադրամի հիմնական նպատակն է խթանել Հայաստանում գիտության, կրթության և մշակույթի ոլորտների զարգացումը։ 2022 թվականի զարգացումները որոշ փոփոխություններ մտցրեցին․

 

- Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ այն փաստը, որ արվեստի, մշակույթի ու ՏՏ ոլորտներում մեծ պոտենցիալ ունեցող հասարկություն է եկել Հայաստան, մենք որոշեցինք առաջին հերթին այնպես անել, որ նրանց գոնե որոշ մասը Երևանը դիտարկի որպես հիմնական կացության վայր, - իրենց գործունեության նոր ոճին այսպիսի որակավորում է տալիս հիմնադրամի ղեկավար Գայանե Մանուկյանը։

 

Եվ հենց այս նպատակով կազմակերպում են հանդիպումներ Հայաստան տեղափոխված արվեստի ներկայացուցիչների հետ, փորձելով օգնել նրանց ադապտացվելու հարցում, ինչպես նաև նրանց կարողությունները ծառայեցնել Հայաստանում տվյալ ոլորտների զարգացմանը։ Հիմնադրամը ստեղծում է հարթակներ փորձի փոխանակման, հետագայում նաև աշխատանք գտնելու և հայաստանյան իրականությանը ինտեգրվելու համար։ 

 

Հիմնադրամի թիրախում հիմնականում մշակույթի բնագավառի ներկայացուցիչներն են՝ նկարիչներ, դիզայներներ, երաժիշտներ։ Նրանք հիմնականում Հայաստան են տեղափոխվում միայնակ, իսկ կազմակերպությունները գործունեությունը տեղափոխելու նպատակով ժամանում են աշխատակազմի մի մասով միայն՝ հույս ունենալով, որ պայմանների բավարար լինելու դեպքում կտեղափոխվեն ամբողջ կազմով։ 

 

Բացառելով կանխագուշակությունը՝ Գայանե Մանուկյանը հավելում է․

 

- Չեմ կարող ասել, թե ամեն մեկն ինչ մտադրություն ունի, ամեն դեպքում, մենք փորձում ենք այնպես անել, որ բացառեն Հայաստանը որպես տրանզիտ երկիր դիտարկելու միտքը։ 

 

Խանգարում է իրար հակասող տեղեկատվության տարածումը

Օտարերկրացիները հաճախ չեն ստանում բավարար չափով ճշգրիտ տեղեկատվություն, հատկապես երբ խոսքը վերաբերում է տեղի բիզնես ոլորտին։ Ապատեղեկատվության ամենամեծ չափաբաժինը ստանում են սոցցանցերից, որտեղ շատերը կիսվում են իրենց հաջող և անհաջող փորձով։ Արդյունքում, չստանալով հստակ տեղեկատվություն գործընթացներից, առկա իրավական և տեխնիկական լուծումների, գործարար միջավայրի դետալների մասին, թերահավատորեն են վերաբերվում Հայաստանում բիզնեսի զարգացման հեռանկարին։

 

- Քանի որ խայտառակ չափերի հասնող իրարամերժ և ոչ ամբողջական, իսկ երբեմն էլ ակնհայտ սխալ տեղեկատվություն է տարածվում, իսկ որոշ խնդիրների մասին հաճախ զգացմունքային, երբեմն ծայրահեղ ուռճացված տեղեկատվություն է հանրայնացվում, մենք որպես հասարակություն կանգնում ենք մեծ խնդրի առաջ, - ապատեղեկատվության հետ կապված խնդրով մտահոգվում է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության իրավաբան Լիլիթ Կարապետյանը։

 

Ապատեղեկատվության տարածմանը նպաստում է նաև վստահելի մեդիա աղբյուրների լռությունը այս թեմայի շուրջ, ինչպես նաև պետության փաստացի չեզոքությունը․ չկա որևէ պետական կայք, որը կտրամադրի գրագետ, իրականությանը համապաստասխանող տեղեկատվություն Հայաստանում բիզնեսի զարգացման մասին։

 

Հիմնականում մասնավոր ընկերությունները և անհատներն են զբաղվում տեղափոխվող անհատներին կամ կազմակերպություններին ճշգրիտ ինֆորմացիա տրամադրելու և բիզնեսի զարգացման հեռանկարները ներկայացնելու գործով։ «Կոնցեռն դիալոգին» դիմում են ինչպես տեղացիները, այնպես էլ հյուրերը։ 

 

Արտերկրից եկած հյուրերը, որոնք դիմում են ընկերությանը, բացի անվճար խորհրդատվությունից, հաճախ ստանում են նաև անվճար այլ ծառայություններ, մասնավորապես ուղղորդում դեպի ռեգիստր, ընկերության գրանցման և բանկային հաշվի հետ կապված խնդիրների շրջանակներում։ Այս պահի դրությամբ ընկերությունն իր փաստաբանական ծառայություններն է մատուցել վերաբնակեցված 100-ից ավել անձի և կազմակերպության։ 

 

Լիլիթ Կարապետյանի խոսքով, նրանց դիմում են տարբեր մասշտաբների ընկերություններ՝ սկսած 2-3 աշխատակից ունեցողներից, մինչև մի քանի հարյուր աշխատակից ունեցող։ Դիմումների մեծ մասն առնչվում է հարկային ոլորտին։

 

Շատերը, գալով Հայաստան, այնուամենայնիվ, չեն հավատում լավ պայմանների առկայությանը 

- Մարդիկ գալիս են Հայաստան, ակնկալելով, որ ստանալու են մաքսիմալ վատ պայմաններ, որ էստեղ բարդ է լինելու , հանդիպելու են շատ խոչընդոտների։ Շատերն էլ գալիս են էն մտքով, որը մենք՝ հայերս, օգնության առաջարկի դեպքում ունենք ետին միտք, - սա Լիլիթի կարծիքով իրարամերժ տեղեկատվության արդյունք է։

 

Հյուրերից շատերը գալիս են թերահավատորեն վերաբերվելով նաև տեղացիների բարեխղճությանը։ Սակայն, որպես կանոն, գալով և տեսնելով իրականությունը, հանդիպելով դրական վերաբերմունքի և լայն հնարավորությունների՝ որոշում են իրենց երկարաժամկետ գործունեությունը տեղափոխել Հայաստան։ Ինչին նպաստում է իրավական ոլորտի պարզ լինելը, ինչպես նաև այլ երկրների համեմատությամբ հարկային դաշտի առավել ճկուն վիճակը, հատկապես եթե վերաբնակեցվող ընկերությունը ՏՏ ոլորտից է, այստեղ ստանում է մեծ արտոնություններ (որոնք, ճիշտ է, նախատեսված են մինչև տարեվերջ, բայց մեծամասնությունը հավատացած է, որ արտոնություններ սահմանող օրենքի ժամկետը կերկարացվի)։

 

Հայաստանն այս տեսանկյունից ունի մեծ ներուժ և հնարավորություններ, ինչը կարող է տրամադրել թե՛ իր քաղաքացիներին և թե՛ օտարերկրա հյուրերին, որոնք ցանկանում են դուրս գալ հյուրի կարգավիճակից ու երկարաժամկետ բնակություն և գործունեություն հաստատել Հայաստանում, մնում է միայն պայքարել կարծրատիպերի և ապատեղեկատվության տարածման դեմ:

հավելյալ նյութեր