Դեպի ներս.  Արմինե Անդան՝ իր աշխարհում
Անիմացիա

Դեպի ներս. Արմինե Անդան՝ իր աշխարհում

Անիմացիոն կինոյի մեջ խորանալու համար բնավ պարտադիր չէ լինել նկարիչ-անիմատոր. Արմինե Անդան, օրինակ, գալով խաղարկային կինոյի աշխարհից, անիմացիայում հասցրել է ներգրավված լինել իբրև սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր և դերասան։ Անիմացիային այդչափ տարբեր կողմերից առնչվելու մասին էլ ԵՐԵՎԱՆը խոսել է նրա հետ։

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի

 

Լուսանկարը՝ GIZ EU-SMEDA

 

ԵՐԵՎԱՆ #74 | 2022

Արմինե Անդայի հետ հանդիպում եմ երևանյան նեղ փողոցներից մեկի սրճարանում, որտեղ ինքն էր և իր աշխարհների միջև ապրումը, որը կոչվում է ֆիլմ։ Իրեն հիշում է ամենասկզբում, մանկության տարիներից, երբ հեռուստացույցի էկրանից մի օր մեկը բարձրաձայն կանչեց՝ «Իվասիկ տելեսիկ»։ Ուկրաինական հեքիաթի մոտիվներով սովետական այս մուլտֆիլմն Անդային գրավում է գույնով, ձայնով և շարժումով։ Այստեղից էլ սկսվում է իր պատմությունը, երբ գտնում է իր կապը գույնի, ձայնի և խոսքի հետ. «Հիշում եմ ինձ այդ մուլտֆիլմի գույնի և ձայնի մեջտեղում։ Դեռ մանկուց որոշել էի արվեստի հետ կապի մեջ լինել։ Սկզբից հստակ որոշել էի դերասանուհի լինել, բայց հասուն տարիքում կապս ֆիլմի հետ ձգվեց հազար ու մի ամուր թելերով և կերտվեց Արմինե Անդան»,– հիշում է նա։ 

 


Տարածության մեջ, որը սահմանում էր ֆիլմի երևակայությունն ու իր իրականությունը, տեղավորվում է Արցախյան առաջին պատերազմը։ Սկսվում է Անդայի պատմության երկրորդ գլուխը. նա սկսում է գրել, այն էլ հեքիաթ։ Աշխարհը, որը փափուկ և ծանոթ էր իր համար, տեղավորվում է «Անկիմյուրի բնակիչները» հեքիաթի տողատակերում և ստեղծվում է իսկական հրաշապատում՝ պատերազմի ապրման մեջտեղում։ 


«Ստեղծագործելու միջոցով ես ստեղծում եմ կամուրջ գիտակցության և ենթագիտակցության միջև։ Երբ կամուրջն արդեն ամուր է, կարևոր չէ՝ հեքիաթ ես գրում, թե ֆիլմ ստեղծում՝ հերոսը կապվում է քեզ հետ այնքանով, որ անկախանում է ու տեսնում ես նրան շարժման, գույնի, ձայնի, հույզերի ու մտքերի միջև, և ստեղծվում է հրաշապատումը։ Ես հավատում եմ այս ճանապարհին»։ 

 

Ստեղծագործությունը պատմում է Արմինե Անդայի մասին

Ձգտումը՝ ստեղծելու իդեալական աշխարհներ, ստիպում է կառուցել մեկը մյուսից տարբեր տարածություններ, որտեղ Անդան ինքն իր հետ է՝ առանց կամայականությունների։ Լինելով սցենարիստ, ռեժիսոր, դերասան՝ Արմինեն շեշտում է, որ առանձնահատուկ կապված է մուլտիպլիկացիային և հեքիաթին։ Խնդրում եմ սահմանել, թե ի վերջո ի՞նչ է անիմացիան։ 


Արմինեն վստահ է, որ այն խոսում է թաքնված լեզվով՝ ստիպում հավատալ շարժմանն ու պատկերի կախարդանքին։ Ստեղծագործական կյանքում իր առաջին անիմացիան՝ արդեն հեռավոր 2007-ին իր հեքիաթի հիման վրա լույս տեսած «Բոժոն», որտեղ ինքը սցենարի համահեղինակն էր ու պրոդյուսերը, իսկ ռեժիսորը՝ Միքայել Վաթինյանը, խոսում է այն թաքնված լեզվով, որը բացահայտում է ներսի ու դրսի աշխարհների բախումը։ Ֆիլմը երկու տասնյակից ավելի փառատոնի մասնակցեց ու մրցանակներ ստացավ։ Այսօր ասես Բոժոն չի լքել իրեն. մենակությանը սովոր արջուկի կերպարը դեռ ապրում է Արմինեի մեջ և անընդհատ կոտրում է մենակության շղթան, ամեն հնարավոր ձևով բացվում է պատուհանը և ներս է գալիս թռչունը՝ կիսելու մենակությունը։ Ստեղծվող պատմություններն ու հերոսներն էլ են այդ թռչուններից։ Իր ձեռագրին համապատասխան՝ «Բոժոն» տխրության ապրումի մասին է, այն ճանապարհորդության, որն անցնում է լրիվ մենակության մեջ ապրող արջուկը, երբ քամին պատահաբար իրեն դուրս է նետում պատուհանից. «Երբ Միքայելն ինձ առաջարկեց գրել պատմություն ակվարիումի մեջ ապրող արջուկի մասին, համաձայնեցի ու լրիվ պատահականությամբ անիմացիայի նկատմամբ ձգողականությունը ստացավ ձև և ծնվեց Բոժոն»,– պատմում է Անդան։ 

 

«Բոժո», 2007 [բեղադրող նկարիչ՝ Իմանա Կրչադինաց]


Առաջին անիմացիոն փորձից հետո ներսը նայելու և դադարի ժամանակն էր։ Այս փուլի մասին խոսելիս Արմինեն վերցնում է կարճ դադարներ՝ նկարագրելու, թե ինչպիսի ընթացք էր ներսի տարածությունը լայնացնելը։ Միյաձակիի անիմացիաները նոր հող են պատրաստում՝ երևակայությունն ու իրականությունը մեկը դարձնելու։ Շուտով ստացվում է այնպես, որ միանգամից երկու նախագիծ, ինչպես ինքն է բնորոշում, երկնքից ընկնում են իր գլխին։ Դրանցից առաջինը Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ»-ն էր, որն ինքը ստանձնեց որպես համասցենարիստ ու պրոդյուսեր։ Ֆիլմը պրեմիերա ունեցավ 2021-ի հոկտեմբերին ռումինական Անիմեսթում փառատոնում, ապա ցուցադրվեց ևս 12 միջազգային փառատոնում։


Մյուսը, որը երկնքից ընկավ խնձորի պես, Ռոման Բալայանի «Ծերունին և աղջիկը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմի սցենարն էր, որն ի վերջո վերածվեց «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմի և որի ռեժիսորն ու պրոդյուսերն է Արմինեն։ «Թռչող տերևների երգը» էկրաններին կհայտնվի մոտ ամիսներին։ Այս ֆիլմում Արմինեն նաև հնչյունավորում է գլխավոր հերոսուհուն՝ միացնելով բոլոր մասնագիտությունները մի անիմացիոն ֆիլմում՝ հեքիաթասաց, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան։ Ասում է, որ Ռոման Բալայանի վստահությունը մեծ նվեր դարձավ իր համար։


Այս ֆիլմերն Արմինեին կրկին տվեցին ստեղծագործելու ազատ լեզուն. «Ես շատ էի հավանել այս երկու նախագծերը։ «Երբ ես տխուր եմ»-ը ստացվեց հայ-ֆրանսիական, իսկ «Թռչող տերևների երգը» հայ-իրանական համագործակցություն՝ Հայաստանում առաջին համատեղ անիմացիոն ֆիլմերը։ Գաղափարների իրագործման ճանապարհին անսպասելի համագործակցություն սկսվեց անպատկերացնելի երաժիշտ և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի հետ, ով գրեց այս երկու ֆիլմերի երաժշտությունը»։ 

 

«Երբ ես տխուր եմ», 2021 [բեմադրող նկարիչ՝ Լիլիթ Ալթունյան]


Չնայած ոճական ակնհայտ տարբերությունների ու ժամանակային մեծ ընդմիջմանը՝ Արմինեն ասում է, որ Լիլիթի հերոսն իրեն ի սկզբանե մի քիչ հիշեցրել է Բոժոյին. ինչպես տխուր արջուկը, էնպես էլ ժպիտը մեկնում է ճանապարհորդության, որը լի է զգացմունքներով։ «Ես կարծում եմ, որ այդ ճանաչման ճանապարհով անցնելիս հերոսներն ունեն կախարդական ուլունքի կարիք, որն իրենց կփոխանցի մեկը կամ իրենք կգտնեն։ Այստեղ է անիմացիայի (ու հեքիաթի) կարևորությունը. այն ստեղծում է կախարդական ուլունքներ, որոնք կարող են շարվել միմյանց կողքին և լուսավորել որևէ մեկի ճանապարհը, հատկապես երեխաների»։ «Թռչող տերևների երգի» մասին դեռ բոլոր գաղտնիքները չի բացում, միայն վստահեցնում է, որ կախարդական ուլունքներից հանդիսատեսը հաստատ կստանա։

 

Վերապրել ու աշխարհի հետ կիսվել

Մենք կրկին վերադառնում ենք կետին, որտեղ կերտվում է իր ձյունոտ սարերով ու փափուկ պատերով աշխարհը՝ անլույս ցերեկների, պատերազմի ապրումների և վախի մեջտեղում։ Եվ չնայած նրան, որ ստեղծած անիմացիայում ավելի հաճախ, ի տարբերւթյուն իր գրքերի, տխրության թելն է և դրա հետ հարաբերությունը, ինքն առաջներում երբեք ներսից չի զգացել, թե ինչ է տխրությունը։ Հիմա, երբ պատրաստվում է մի քանի ստեղծագործություն նվիրել ծնողներին, տխրությունը նորովի է ապրում, որն ամեն օր լցնում է՝ դեպի ներս նայելով։ Այդ հայացքի միջով են արդեն ծնվում հաջորդ գրքերն ու իր առաջին հեքիաթի՝ «Անկիմյուրի» սցենարներն ու պատկերները։ Ստեղծելն ապրելու, վերապրելու և աշխարհի հետ կիսվելու իր ձևն է։

 

 

«Թռչող տերևների երգը», 2022 [բեմադրող նկարիչ՝ Աննա Հակոբյան]


Զրույցն ավարտելուց հետո անմիջապես աշխատելու է, որովհետև կերպարներն ու մտքերն իր գլխում են արդեն։ Ներսում մի երեխա է, ով հավատում է հրաշքին. ինքն ուղղակի միջոց է՝ գտնելու հրաշքի իրագործման ճանապարհը։ Ստեղծագործելու ներշնչանքը դեպի մանկություն հայացքն է՝ բույրերի, գույների ու պատկերների միջև։ Երբ ֆիլմ է ստեղծում, անընդհատ մանկության մեջ է. պիտի երեխա դառնաս, որ երեխայի լեզվով խոսես։ 


Իր հերոսները երազողներ են, ինքն էլ. իր մեջ բոլոր կերպարներն ապրում են կիպ իրենց երազանքներին։ Իսկ ի՞ր երազանքը։ Ասում է։ Հետո լռում ենք։ Խնդրում է հոդվածում չպատմել. մի օր դուրս կթռչի ֆիլմի հետ։

հավելյալ նյութեր