Դեպի վեր․ #Armcon2021
Մայիսի 1-ին մեկնարկեց #Armcon2021-ը՝ երրորդ համահայկական գրական մրցույթը ֆենթեզի և գիտաֆանտաստիկա ժանրերում։ Այս տարի մրցույթի խորագիրն է «Դեպի վեր»:
Մանրամասների համար՝ www.armcon.am
Առաջին անգամ մրցույթն անցկացվել է 2008-ին, երկրորդը՝ 2013-ին, ավելի մեծ մասշտաբով. ժյուրիի կազմում էին Ռուսլան Սաղաբալյանը, Էդուարդ Սարգսյանը, Կարեն Ա. Սիմոնյանը, մասնակիցներին կոչով դիմել էր հանրահայտ բրիտանացի ֆանտաստ գրող Գայ Գեբրիել Քեյը։
Armcon-ի կազմակերպիչները վստահ են, որ նման մրցույթները միտված են ոչ միայն գրականության որոշակի ժանրի զարգացմանը, այլև ավելի լայն հասարակական նշանակություն ունեն։ Ըստ նրանց, ֆենթեզին և գիտաֆանտաստիկան պարզապես արկածային գրականություն չեն, այլ հասարակության զարգացման կարևոր ցուցիչ են, քանի որ արծարծում են թեմաներ, որոնք միտված են ապագային, պրոգրեսին, կատարում են հարցադրումներ, որոնք օրեցօր ավելի արդիական են դառնում և ի վերջո՝ զարգացնում են մարդկային երևակայությունը։ Պատահական չէ, որ այս տարվա մրցույթի լոգոյի և պաստառի հիմք դարձավ խորհրդահայ ճարտարապետ և քանդակագործ Վան Խաչատուրի «Ապագայի քաղաք» կոնցեպտուալ էսքիզների շարքը։
#Armcon2021-ին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր բոլոր սկսնակ ու հմուտ ֆանտաստ ստեղծագործողները: Լավագույն 15 աշխատանքը, Bookinist / Բուկինիստ գրախանութի աջակցությամբ, կտպագրվի ժողովածուի տեսքով: Մասնակցելու համար պետք է աշխատանքներն ուղարկել՝ armconcontest@gmail.com հասցեին՝ մայիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: