«Տիտանիկ». Դիկապրիստների ապստամբություն
Ջեյմս Քեմերոնի արցունքաքամ սիրային բլոքբասթեր «Տիտանիկը» նշում է 25-ամյա հոբելյանը։ Լրագրող Նե Թադևոսյանը վերհիշում է իր մանկության տիտանիկամանիայի դրսևորումները:
Տեքստը՝ Նե Թադևոսյանի
ԵՐԵՎԱՆ #6 | 2012
«Տիտանիկը» կարելի է դիտել ԿինոՊարկ և Cinema Star կինոթատրոններում։
Կինո «Մոսկվայի» մոտով անցնում եմ ու ինձ թվում է, թե մի պահ էլի 10 տարեկան եմ. վերջին անգամ 12 տարի առաջ եմ նույն տեղում տեսել «Տիտանիկի» պլակատը: Փաստորեն, տարիներ առաջ միլիոնավոր աղջիկներին բառիս բուն իմաստով լացացրած «Տիտանիկը» վերադառնում է, բայց այս անգամ էֆեկտները 3D-ով են լինելու՝ ամենայն հավանականությամբ՝ ավելի ազդեցիկ ու լացացնող: Էն ժամանակ էլ չէի կարողանում հասկանալ, ի՞նչ կա լացելու՝ եղածը կինո չէ:՞
Ի՞նչ են գտել յուղոտ մազերով Դի Կապրիոյի մեջ: Ամսագրերից հոդվածներ էի կտրում, որ ընկերուհիներիս ապացուցեմ, որ իրենց պաշտելին այնքան էլ լավ տղա չէ, այնքան էլ գեղեցիկ չէ՝ Հոլիվուդում ավելի լավերն էլ կան: Մի անգամ մի հոդված գտա, որտեղ գրված էր, որ Լեոնարդոն մանկուց աճի հետ կապված խնդիրներ է ունեցել, այդ պատճառով ցածրահասակ է, կարճ մատներով, մի խոսքով՝ բոլ-բոլ ֆիզիկական թերություններ ունի: Բայց ընկերուհիներիս վեջը չէր, նրանք հիացած էին, նամակներ էին գրում ու անկեղծ հավատում, որ մի օր կամուսնանան նրա հետ: Երբ հեռուստացույցով «Տիտանիկն» էին ցույց տալիս, բակում մարդ չէր մնում:
Հաջորդ առավոտ ուռած աչքերով ընկերուհիներս մեկիկ-մեկիկ հավաքվում էին բակում ու քննարկում ֆիլմի ամեն մանրուքը՝ ինչպես ժպտաց, ինչպես նստեց, ինչպես նայեց Դի Կապրիոն:
Մտածում էի՝ ինչու՞ են լացում, որ Ջեքն ու Ռոուզը տենց էլ միասին չեղա՞ն, բայց ախր այդքան մարդ մահացավ, այդքան երեխաներ խեղդվեցին, ինչո՞ւ է այդ ողջ պատմության մեջ ամենահուզիչը հենց Ջեքի ու Ռոուզի չստացված սերը: Այս հարցերը մեջս այդպես էլ անպատասխան էին մնում, քանի որ տիտանիկամոլուցքը կլանել էր իմ բոլոր ընկերուհիներին, անգամ մեր բակի ու դասարանի տղաներին՝ մոդա էր «Տիտանիկի» երգի տակ սեր խոստովանել ու չէր անցնում ոչ մի ծնունդ, ոչ մի դասարանի քեֆ՝ առանց այդ երգի տակ տանգո պարելու: Էլ չեմ ասում, որ մեր բոլոր մանկական չստացված սիրահարվածությունների արցունքները հենց այդ երգի տակ էին հոսում: Մրցում էինք՝ ում մագը ավելի բարձր կերգի «Տիտանիկի» պատմական երգը՝ Every night in my dreams…: Մեր բակում Սելին Դիոնի կասետ միայն ես ունեի, ձեռքից ձեռք էին տալիս, ձայնագրում. ընկերուհիս մի ամբողջ կասետ նույն երգն էր ձայնագրել, որ անդադար զռար, որ հարեւան բակի Հրաչն իրեն չի սիրում:
Հետո սկսեցինք կենտրոնանալ տիտանիկյան շարժումների վրա: Մեր բակում մի բիսետկա կար, կողքն էլ բոյով թթի ծառ, բարձրանում էինք այդ թթի ծառի վրա, մագլցում բիսետկայի տանիքին ու «տիտանիկ» անում, այսինքն՝ պարզում էինք ձեռքներս՝ ճիշտ Ռոուզի նման, ու մեզ ֆիլմի հերոսուհի զգում: Իսկ ավելի համարձակներն իրենց մատնահետքերով նախշում էին բակի մեքենաների ապակիները: Դե ֆիլմի էրոտիկ հատվածներից է, չէ,՞ ապակու վրայով սահող Ռոուզի ձեռքը: Մենք էլ ճիշտ նույն ժեստից էինք անում: Ու արդեն իրար կես խոսքից էինք հասկանում. եթե ասում էինք մի հատ «տիտանիկ» արա, ուրեմն այս երկու շարժումներից առնվազն մեկը նկատի ունեինք:
Հետո թեւակոխեցին Լեոնարդո Դի Կապրիոյի եւ Քեյթ Ուինսլեթի նկարներով տետրերի, օրագրերի, գրչատուփերի ու անգամ դպրոցական պայուսակների ժամանակները: Հիշում եմ՝ մեր բակի Վրսոյի Okul Defteri տետրը համբուրվող տիտանիկյան զույգի նկարով:
Պահ՛ , թե ինչպես էինք ողջ բակով դողում այդ տետրի վրա: Մենք էլ ունեինք «Տիտանիկի» նկարով տետրեր, բայց մերոնց վրա ընդամենը նավն էր ու զույգերը իրար նայելիս: Վրսոյի տետրը ամբողջ բակով էինք փայփայում, թափանցիկ սքոչով պատել էինք, որ չմաշվի: Ավելի ուշ այն դարձավ մեր բակի հուշատետրը, սիրային հարցեր գրեցինք մեջը ու սկսեցինք հերթով լրացնել: Առհասարակ, ամենահաջողված ու հարգի հուշատետրերը այն ժամանակ «Տիտանիկի» նկարներով հուշատետրերն էին, որտեղ հանգրվանում էին բակում ամեն օր ծնվող ու մեռնող սիրային պատմությունները, գաղտնիքներն ու հանդեսների սցենարները: Ընկերուհիս իր սենյակի ողջ պատը նվիրել էր Լեոնարդոյին ու անկեղծ համոզում էր բոլորիս, որ շուտով «Տիտանիկի» երկրորդ մասն է դուրս գալու, որտեղ պարզվելու է, որ Ջեքն ամենեւին էլ չի խեղդվել ու կենդանի է: Երկրորդ մասն այդպես էլ դուրս չեկավ, ու բոլորս մոռացանք Վրսոյի հորինած երջանիկ ավարտով «Տիտանիկի» մասին, փոխարենը սկսեցինք միմյանց փոխանցել «Տիտանիկի» վիդեոկասետը: Այն ինձ դեռ չէր հասել, երբ մենք գնացինք Հանքավան հանգստանալու, բայց ֆիլմից այնտեղ էլ չպրծա: Մի օր հայտարարեցին, որ կինոդիտում են կազմակերպելու մեծ դահլիճում՝ բոլոր հանգստացողների համար: Չեմ կարող նկարագրել, թե դահլիճը որքան լիքն էր, երբ մենք ներս մտանք՝ «Տիտանիկն» էին ցուցադրելու:
Երբ վերադարձա, բակում սուգ էր՝ վիդեոկասետը միացրել էին, որ դիտեին ու այն մնացել էր վիդեոյի մեջ: Չէին կարողացել հանել, տարել էին վարպետի մոտ, վարպետն էլ կասետը փչացնելով էր հանել: Մի խոսքով, մեր բակը զրկվել էր այն ժամանակվա ամենագեղեցիկ ու հուզիչ ֆիլմը դիտելու հաճույքից:
Բայց բոլոր ժամանակների ամենալացացնող ֆիլմը հիմա էլ ակտուալ չէ, նոր սերունդը մեր բակում էլ «տիտանիկ» չի անում, հուշատետրերն էլ մի տեսակ կորցրել են իրենց փայլն ու փոխարինվել սոցիալական կայքերի ըքաունթներով: Տասը տարեկան քույրս իր սենյակի պատերը զարդարել է «Ավատար» ֆիլմի հերոսների նկարներով (այո, Ջեյմս Քեմերոնը նորից գրավեց աշխարհը իր հերթական էպիկական սիրային պատմությամբ):
Մտածում եմ՝ գուցե «Տիտանիկն» ավելի՞ լավ էր, որքան էլ Դի Կապրիոյին չէի սիրում, նա՝ նույնիսկ չնայած տհաճ սանրվածքին, գոնե մարդու էր նման: Ընկերուհիս՝ Վրսոն, «Տիտանիկը» 3D ձեւաչափով դիտելու տոմս առաջինն էր գնել ու ինձ էլ էր հրավիրել: Վիդեոկասետից, բակում արված «տիտանիկ» շարժումներից ու բազում անգամներ Սելին Դիոնի երգի տակ տանգո պարելուց հետո անսովոր էր կրկին դիտել այս ֆիլմը, այն էլ կինոթատրոնում, այն էլ 3D-ով:
Վրսոն ճանապահին ասում է. «Հիշում ես՞ , որ ասում էի նոր վերսիա ա դուրս գալու: Մի տեսակ զգում եմ, որ էս էտ վերսիան ա լինելու»: Կինոթատրոնում շատ մարդ չկա՝ դիկապրիստների սերունդը մեծացել է, տիտանիկյան հիստերիան վաղուց անցել: Բայց այդ 12 տարի առաջվա իրարանցումը երբեք չի մոռացվի, ինչպես չի մոռացվի հուզիչ մեղեդու տակ Սառուցյալ օվկիանոսի ջրում սկող՝ ոմանց համար հրեշտակ, մյուսների համար զզվելի Ջեք Դոուսոնը: