Դիլաքյան եղբայրներ.  «Անցյալով ապրել պետք չէ»
Իմ Երևան

Դիլաքյան եղբայրներ. «Անցյալով ապրել պետք չէ»

«Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակներ, այժմ նյույորքաբնակ Գագիկ և Հովիկ Դիլաքյանների հետ զբոսնել ենք եղբայրների հին տան մոտակայքում ու զրուցել երևանյան հիշողությունների, Դերասանների շենքի, իրենց տանը Մհեր Մկրտչյանի ու Խորեն Աբրահամյանի հետ հավաքվելու, 10 կոպեկանոց կինոյի տոմսի և այլնի մասին։

Տեքստը՝ Լենա Գևորգյանի


Լուսանկարը՝ Մարիամ Լորեցյանի

 

ԵՐԵՎԱՆ #74 | 2022

#ԻմԵրևան

Հովիկ. Մեր կյանքում ամեն ինչ սկսել է այժմյան Հյուսիսային պողոտայի հարակից՝ նախկին Կամոյի փողոցից, որը հետո կոչվեց Լալայանց։ Տարածքը հայտնի էր որպես կինո «Պիոների» փողոց։ Կինո շատ էինք դիտում՝ մի սեանսից մյուսն էինք գնում։ 10 կոպեկ արժեր կինոյի տոմսը։ Տոմսավաճառն էլ մեր հարևանն էր՝ ծյոծ Անյան։ Մեկ-մեկ անտոմս թողնում էր նույն սեանսին մտնենք։

 

Գագիկ. Մենք էլ դե կինո «Պիոների» տղերքն էինք։ Այն ժամանակ քաղաքը կինոթատրոններով էին ճանաչում՝ կինո «Մոսկվա», կինո «Նաիրի», կինո «Երևան», կինո «Հայրենիք» և այլն։ Ու ամեն տարածքի տղերքի հետ կռիվների մեջ էինք, հանդիպման վայրն էլ՝ Օպերան։

 

Հովիկ. Կովբոյական ֆիլմ էին բերել՝ «Հրաշալի յոթնյակը»։ Այդ ֆիլմից հետո բոլորս սկսեցինք կովբոյի քայլվածքն ընդօրինակել։ Վտանգավոր էր՝ ինչ ոճ կար քաղաքում, պիտի դու էլ այդպիսին լինեիր։ «Բիթլզենք» նորաձև դարձան, դրան ի պատասխան՝ քուչի «խառոշի» տղերքը մկրատով կտրում էին բիթլզային սանրվածք ունեցողների մազերը։ 

 

Գագիկ. Հա, հիփի լինելը հեշտ չէր էս քաղաքում։

 

Հովիկ. Մերը Դերասանների շենքն էր։ Հրաչյա Ներսիսյանը, Վարդան Աճեմյանը, Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Խոստիկյանը հաճախ էին մեր տանը հավաքվում։ 

 

Գագիկ. Մեր բնակարանը համեմատաբար մեծ էր, հայրս էլ սենյակներից մի պատը հանել էր ու երկու սենյակի երկարությամբ սեղան տեղադրել։ Մայիսի 9, մարտի 8 ու մյուս տոները միշտ մեր տանն էինք նշում։ Համով բաներ էինք ունենում, քեֆներն էլ հենց լավանում էր, դերասաններով սկսում էին՝ Խոստիկյանը կատակում էր, Ֆրունզիկը՝ երգում, Խորենը՝ կիթառ նվագում։

 

Հովիկ. Մաման էլ դաշնամուր էր նվագում։ 

 

Գագիկ. Հետո հերթը մեզ էր հասնում՝ արտասանում էինք։ Կյանքն ուրիշ էր՝ քաղաքում մոտ 80 մեքենա կար, բոլորս իրար գիտեինք։

 

 

Գագիկ. Բակում շատ էինք լինում։ Տարածքում ֆուտբոլի դաշտ կար, բացի այդ՝ աղջիկները «կլաս», «ստոպ» էին խաղում, տղաներով էլ օրինակ՝ չլիկ դաստա, հոլ, ղաիշ լախտի կամ բանկափլաֆ. ժեշտի բանկաներն իրար վրա էինք շարում ու հեռվից պիտի քարերով խփեինք ու գցեինք։ Գնդակ ճղելն ընդունված էր։ Հենց խաղալուց գնդակով դերասան Մուրադ Կոստանյանի պատուհանի ապակին կոտրում էինք՝ գնդակը ճղում էր։

 

Հովիկ. Գնդակ էլ չկար, քչերն ունեին։ 90 կոպեկ արժեր՝ հավաքում էինք բակի տղերքով, գնում էինք «Դետսկի միռ» ունիվերմագից առնում։ 

 

Հովիկ. Կասկադում երբ 10 հարկանի շենքերը կառուցվեցին, ապշած էինք մնացել։

 

Գագիկ. Սարյանի փոստի շենքի դիմացը Չկալովի դպրոցն էր՝ այնտեղ ենք սովորել։ Կոնդի երեխեքն այնտեղ էին գալիս։ 

 

Հովիկ. Մանկուց ամերիկյան երաժշտություն էինք լսում։ Մի ընկեր ունեինք՝ Կոկոսը, Ռեյ Չարլզի վինիլներն ուներ, ու բոլորն ուզում էին իր հետ ընկերանալ։ Իսկ մուլտիպլիկացիայի առումով Դիսնեյյան մուլտֆիլմներն են մեզ վրա մեծ ազդեցություն ունեցել։ Երկուսս էլ Ամերիկայով գերված էինք, զգում էինք, թե ինչ է տեղի ունենում մեր սերնդակիցների մոտ աշխարհում, իսկ մենք տեղում կանգնած էինք։ Հիմա հեշտ է, օրինակ, որքա՜ն հետաքրքիր վայրեր կան գնալու։

 

Գագիկ. Մեր ժամանակ միայն «Արաքս» սրճարանն էր՝ դա էր մեր միակ «ակումբը»։ Էն էլ միայն գինի ու սարդելկա էին տալիս։

 

Հովիկ. Մյուս կողմից էլ՝ պայծառ մարդկանցով էինք շրջապատված։ Մարդիկ իրար հարգում էին, սեր կար։ Ամեն մասնագիտություն հարգված էր՝ լինի կոշկարար, դերասան, նկարիչ, թե տաքսիստ։ Հետաքրքիր կերպարներ կային, երբ քաղաքում քայլում էիր՝ միանգամից հասկանում էիր՝ երաժիշտ է, նկարիչ է, հաշվապահ է, գյուղացի է, Դրամատիկի տղերքն են։

 

Գագիկ. Կինո «Մոսկվայի» կողքի «Կոպեյեչկա» սրճարանում նկարիչներն էին հավաքվում, հետո հայտնվեց «Պոպլովոկը», «Կոզիրյոկը»։ Ի դեպ՝ կինոստուդիան առաջ մեր տան կողքն էր։

 

Հովիկ. Հետո սկսեցինք աշխատել կինոստուդիայի մուլտիպլիկացիայի բաժնում։ Տարին չորս ֆիլմ էին նկարում ու հերթականություն կար՝ հիմա Պոդպոմոգովն է, հետո՝ Ռաֆիկը Բաբայան, Ռոբը Սահակյանց և այլն։ Այդպես եկավ մեր հերթը։ Որոնումների մեջ էինք, անդադար մտածում էինք՝ ի՞նչ կա պատի այն կողմը։ Այդպես ծնվեց «Գտնված երազը»։ Հավատացեք, հեշտ չէր այդպիսի սցենարն առաջ տանել…

 

 

Գագիկ. Նույնիսկ հնարավոր չէր, բայց ինքն իրեն առաջ գնաց։ 

 

Հովիկ. Որոշեցինք, որ մեր մուլտֆիլմում ազգություն ու սահմաններ չկան։ Չեզոք աշխարհ որոշեցինք ստեղծել՝ ունիվերսալ թեմայով։

 

Գագիկ. Մուլտֆիլմը նկարելուց որոշ ժամանակ անց՝ 1978-ին, Հովիկը մեկնեց ԱՄՆ։ Մոտ 10 տարի անց ես էլ մեկնեցի իր մոտ։

 

Հովիկ. Երբ վերադառնում ենք՝ հենց այն պահը, որ նստում ենք տաքսի ու վարորդն ասում է՝  «Բարև, ախպեր ջան», միանգամից ջերմացնում է։ Նյու Յորքում էլ սպաս ենք սարքում, դոլմա ենք ուտում։ Հուդզոն գետի ափին թթի ծառ ենք գտել, մեզ էլ դեռ ասում են՝ չուտե՛ք, վտանգավոր է։

 

Գագիկ. Բոլորս էլ մարդ ենք՝ մի քիչ հարգանք ու սեր է հարկավոր, դրա կարիքն այստեղ՝ Երևանում, շատ է զգացվում։ Ուզում եմ, որ այստեղ մարդիկ պարզապես ապրեն ու հարգեն միմյանց՝ անկախ մաշկի գույնից կամ հավատքից։  
 
Գագիկ. Երևանը, մասնավորապես կենտրոնը, մեր ախպերն է, ընկերն ու հարազատն է։ Բայց քաղաքը միայն շենքերով չի, մարդկանցով է։ 

 

Հովիկ. Որքան էլ որ խնդիրները շատ են, եթե չլիներ այն Երևանը, մենք չէինք լինի այնպիսին, ինչպիսին որ կանք: 

 

Գագիկ. Անցյալով ապրել պետք չէ։ Հիմք ընդունելով անցյալը՝ պետք է առաջ գնալ։ Պետք է այսօրվա օրով ապրել։

 

Հովիկ. Պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունենում աշխարհում ու մասնակից լինել դրան որպես ազգ։

հավելյալ նյութեր