Դիլիջանյան արկածներ
Մենք մերոնցով

Դիլիջանյան արկածներ

Ակտիվ տուրիզմ, էքստրեմալ զգացողություններ, աննկարագրելի բնության տեսարաններ, համեղ դիլիջանյան խոհանոց և անմոռանալի արկածներ։ Ինչպե՞ս փոխվեց խորոված-բիսեդկա-կուկուռուզ դիլիջանյան եռամիասնությունը։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի


Լուսանկարները՝ «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի


ԵՐԵՎԱՆ #63 | 2020

#ՆերքինՏուրիզմ

Քաղաքի հետ առաջին ձեռքսեղմումն արժե ունենալ Սրճարան #2-ում։ Դիլիջանի #Կոֆեկենտրոնը դիմավորում է քաղաք մտնողներին ավտոկայանի մոտ։ Դրական և ներդաշնակ միջավայր ունենալուց բացի Սրճարան #2-ը սոցիալական ձեռներեցության նախագիծ է, որն ուղղված է Դիլիջանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև երիտասարդության սոցիալական գործունեության խթանմանը։ Այստեղ բոլոր աշխատողները 14 և ավելի տարիքի երիտասարդներ են, և իրենց աշխատանքի շնորհիվ ձեռք են բերում նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ, որոնք հետագայում կարող են ծառայեցնել իրենց և իրենց իսկ տարածաշրջանի զարգացման համար։

 
Image for post

Սրճարան #2

 

Երբեմն Երևանից գալիս են Դիլիջան պարզապես այստեղ մեկ բաժակ սուրճ կամ թեյ խմելու համար (և փորձելու համեղագույն շոկոլադե թխվածքը), բայց մենք, իհարկե, առաջարկում ենք կանգ չառնել այստեղ և շարունակել ծանոթությունը Դիլիջանի հետ։

 

Սրճարանի խաղաքարտերից մեկը քաղաքային լճի ֆանտաստիկ տեսարանն է։ Այնպես որ այստեղից հետո կարելի է շրջել ափով, լիարժեք զգալ բնությունը, վայելել դիլիջանյան մաքուր օդը (որը հետո դեռ երկար կկարոտեք տոթ Երևանում)։ Եթե սիրում եք կենդանիներ, կարող եք լճում ապրող ձկներին էլ կերակրել։ Նրանք շա՜տ շնորհակալ կլինեն։

 

Այնուհետև եկեք շարունակենք ճանապարհը դեպի Դիլիջանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Այստեղ կարելի է ստանալ զբոսաշրջային ընդհանուր տեղեկություններ, ամրագրումներ կատարել, ստանալ զբոսավարի ծառայություններ, հուշանվերներ գնել, վարձակալել հեծանիվ, վրաններ ու արշավային այլ պարագաներ, ինչպես նաև պատվիրել հատուկ տուրեր։ Օրինակ՝ շատ հարմար է Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից վարձակալել հեծանիվներ և Քաղաքային զբոսայգով մոտ 4–5 րոպեում հասնել «Վերև» պարանայգի՝ վայելելու ծառից ծառ արկածները։

 

Image for post

 

«Վերևը» կատարյալ վայր է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար, ինչպես նաև ակտիվ սպորտի, էկոտուրիզմի և արկածասերների համար. մի խոսքով բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են ադրենալին, անմոռանալի արկածներ և վառ տպավորություններ։ Հայաստանի և տարածաշրջանի ամենաերկար պարանայգին (ընդհանուր 445 մ երկարություն)՝ 4 տարբեր բարդության ուղիով և յուրաքանչյուրը 10-ական առաջադրանքով, ստիպում է մասնակցին զգալ իրեն ինչպես Լարա Քրոֆթը կամ Ինդիանա Ջոնսը կամ էլ Սարդ-մարդը (կախված սեռից և կինոնախասիրություններից)։ Ուղիները նախատեսված են տարբեր տարիքի մասնակիցների համար (սկսած 6 տարեկանից և 120 սմ հասակից)։ Կա նաև ժայռամագլցման պատ՝ նախատեսված 4 տարեկանից բարձր այցելուների համար։

 

Image for post

 

Իսկ «Ներքև»-ում, որը պարանայգու կից սրճարանն է, քեզ են սպասում ընկերներդ, 1 գավաթ սառը սուրճը, զովությունն ու լավ տրամադրությունը։ Այգին, ի դեպ, միայն այս հնարավորություններով չի սահմանափակվում։ Այն վերջերս ամբողջությամբ արդիականացվել է, բարեկարգվել, համալրվել նոր ժամանակակից կարուսելներով, զինվել բասկետբոլի խաղադաշտով, բացօթյա ամֆիթատրոնով և թենիսի սեղաններով։ Այգու ամբողջ տարածքը դարձել է հեծանվորդների լավագույն մարզվելու տեղը քաղաքում: Այլ կերպ ասած, Դիլիջանի քաղաքային զբոսայգում կարելի է անցկացնել ժամեր, եթե ոչ մի ամբողջ օր։ Կարևոր հավելում. պարանայգուց և կարուսելներից ստացված հասույթը հատկացվելու է Քաղաքային զբոսայգու հետագա բարեկարգմանը և քաղաքում այլ զարգացման ծրագրերի իրականացմանը։

 

Image for post

Image for post

«Տուն Արմենի»

 

Իսկ այսքան ակտիվությունից հետո արդեն կարելի է մտածել գիշերակացի մասին և ուղևորվել «Տուն Արմենի» հյուրատուն և առանձնատներ (Թոմի տները), որոնք, գտնվելով Դիլիջան քաղաքի հենց սրտում, չեն խանգարում կտրված լինել քաղաքի աղմուկից։ Իմիջիայլոց, «Տուն Արմենի» հյուրատունն արդեն մեկ տարի է համալրվել է ավանդական/տեղական ուտեստների ռեստորանով։

 
Image for post

Թոմի տներ

 

Ռեստորանի ճաշացանկի գլխավոր զարդերը, ասում են, տապակած կարտոֆիլն է ուրցով և գաթան։ «Տուն Արմենի» հյուրատուն-ռեստորանից բացվում է այնպիսի մի տեսարան, որը թույլ է տալիս ծանոթանալ քաղաքի տեսարժան վայրերին, հանգստանալ ծառերի գրկում կամ ուղղակի վայելել Դիլիջանի անկրկնելի բնությունը։

 

Իսկ հաջորդ օրը՝ Երևան վերադառնալուց առաջ, չմոռանաք մտնել MADE։ Դա արվեստների և արհեստների կենտրոն է, որտեղ տեղացի տաղանդավոր արվեստագետներն ու արհեստագործները, միմյանց օգնելով, ստեղծագործում և միջազգային շուկա են հանում իրենց ձեռագործ աշխատանքները։ Զբոսաշրջիկները կարող են իրենց աչքով հետևել այն ամենին, ինչ ստեղծվում է MADE-ում, նույնիսկ մասնակցել պրակտիկ աշխատանքներին։ Այստեղ հաճախ են կազմակերպվում վարպետության դասեր, որոնք էլ ավելի հետաքրքիր են դարձնում այցը Դիլիջան։

 
Image for post

MADE-ի արտադրանքներից

 

Էլ ինչ է՞ պետք, արի՛ Դիլիջան — եղա՞վ, Ջան

 

Այս ամենն առաջարկվում է Դիլիջանի զարգացման ծրագրի կողմից։ Ծրագիրն իրականացվում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի (TUF) կողմից, որը 2020 թ.-ի հուլիսից ստանձնել և իրականացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը: Այս ծրագրերի փաթեթը ներառում է նաև Տաթևի, Գյումրիի, Արցախի և Երևանի զարգացման նախաձեռնությունները։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարար ծրագրեր, խթանում է տարածքային կայուն զարգացմանն ու դիրքավորում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա՝ որպես մրցունակ զբոսաշրջային երկիր։