DJ Vakcina. «Ամբողջ օրը՝ 24 ժամ շարունակ, Երևանը իմն է»
Իմ Երևան

DJ Vakcina. «Ամբողջ օրը՝ 24 ժամ շարունակ, Երևանը իմն է»

Դիջեյ Արուսիկ Վակցինան պատմում է իրենց բակի թխկիները վիրակապելու, կենտրոնում ապրելու առավելությունների, ակումբային կյանքի հետ ծանոթանալու, սեփական «փախած» կերպարի և այլնի մասին:

Տեքստը՝ Լենա Գևորգյանի

 

Լուսանկարը՝ Առնոս Մարտիրոսյանի

 

ԵՐԵՎԱՆ #25 | 2014

#ԻմԵրևան #Ռեյվ

Մեծացել եմ Սախարովի հրապարակի հարևանությամբ գտնվող բակում: Մարդու ձևավորման ու աշխարհընկալման հարցում ծննդավայրը շատ մեծ ազդեցություն ունի: Ես երջանիկ եմ, որ հենց Երևանի սրտում եմ ծնվել ու մեծացել:

 

Ի տարբերություն Երևանի այլ հատվածների՝ իմ բնակավայրը ամենաոչպարտավորեցնողներից է. դու կարող ես լինել այնպիսին, ինչպիսին դու ես ուզում, որևէ մեկը ավելորդ կարծիք չի արտահայտի հագուստի կամ տուն ուշ վերադառնալու վերաբերյալ: Դրա համար զարմանալի չէ, որ դեռ մանկուց ակումբային միջավայրում եմ եղել: Եթե Երևանի այլ հատվածում ապրեի, ոչ թե այլ մարդ կլինեի, այլ ավելի սթրեսային կլիներ մնալ այնպիսին, ինչպիսին կայի:

 

Գարնանը մեր բակը փոքրիկ Դիլիջանի է վերածվում: Պապիկս Հայաստանի գլխավոր անտառապետն էր, ու հենց ինքն է իրականացրել մեր բակի ծառատունկը: Մեր բակում այնպիսի ծառեր կան, որ այլ տեղ դժվարությամբ կգտնեք:

 

Հարևան բակում թթենի կար, բայց ճյուղերը դեպի մեր բակ էին թեքված: Վախենում էինք ուտել այդ թութը, որովհետև հարևան բակը կռիվ էր անում:

 

 

Բնության հանդեպ սերը ծնողներիցս եմ ժառանգել: 90-ականներին մեր բակի թխկիներից մեկը ուզում էին կտրել: Միայն մի ճյուղն էին հասցրել կտրել, մայրս պարաններ ու կտորներ վերցրեց, գնացինք թխկին վիրակապելու: Փառք Աստծո, ծառը վերականգնվեց:

 

Մանկապարտեզ չեմ գնացել՝ մայրս վախենում էր, որ ավելորդ անգամ կմրսեմ ու կհիվանդանամ: Պոպլավոկի դիմաց գտնվող Աբովյանի անվան դպրոց գնացի. հայրս այնտեղ ֆիզիկայի ուսուցիչն էր, ու մայրիկս ավելի հանգիստ էր, որ ինձ հետ ոչինչ չի պատահի: Բայց ես արդարացրեցի մայրիկիս մտավախությունները՝ շատ էի հիվանդանում ու բացակայում դասերից:

 

Ավարտել եմ պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, հիմա էլ երկրորդ մասնագիտություն եմ ձեռք բերում Երևանի տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի բաժնում:

 

Ինը տարեկանից սկսել եմ լսել ակումբային երաժշտություն, իսկ տասնհինգ տարեկանում՝ քրոջս ու նրա ընկերների հետ, առաջին անգամ մտա պոլիտեխնիկի հարևանությամբ գտնվող «Зеленый Зал» ակումբը: Միանգամից սիրահարվեցի երաժշտությանն ու դիջեին, ում աշխատանքը ինձ համար կախարդական թվաց, չէ՞ որ հենց նա է կարողանում իր ընտրած երաժշտության միջոցով ազդել մարդկանց երևակայության վրա:

 

 

Հանրապետության հրապարակում եմ առաջին անգամ հանդես եկել որպես պրոֆեսիոնալ դիջեյ, այն ժամանակ դեռ DJ Vakcina չէի, այլ ուղղակի Արուսիկ:

 

Երևանը սիրտն է, որ կատարում է ամենակարևոր ֆունկցիան, իսկ մարդիկ՝ նախևառաջ ակտիվ քաղաքացիները՝ քաղաքի երակներն են: Առանց Երևանի չկանք մենք, բայց առանց մեզ էլ նա չկա: Երևանի սիրտը բաբախում է ու էներգիա տալիս մեզ, որ կարողանանք ճիշտ կատարել մեր ֆունկցիաները:

 

Երևանը ինձ համար շատ հարազատ է ոչ միայն իր կառույցներով, շինություններով, այլև մարդկանցով, իմ ընկերներով, ծանոթներով, առանց որոնց չեմ պատկերացնում իմ առօրյան: Քայլում եմ քաղաքով՝ բոլորովին կապ չունի որ փողոցում կամ թաղում, ու կարծես մեր բակում լինեմ, որևէ օտարություն չեմ զգում: Հենց այդ հարազատությունն է օգնում, որ ապրես, աշխատես ու չընկալես այն բացասական երևույթները, որոնք առկա են մեր քաղաքում:

 

Արտերկրում աշխատելու բազմաթիվ առաջարկներ եմ ստացել, բայց ինձ չի հաջողվում հեռանալ քաղաքից: Երևանը իմ տունն է, և նույնիսկ եթե տանը մենակ ես, ավելի լավ ու հանգիստ ես զգում քեզ քո տանը, քան դրսում: Եթե թողնես ու հեռանաս քո տնից, որոշ չափով կկորցնես պատմությունդ, որ հենց այդ պատերում է ստեղծվել: Իսկ այդ պատմությունը շատ թանկ է ինձ համար:

 

Ուզում եմ հենց այս քաղաքում՝ Երևանում, դրական փոփոխություններ տեսնել, դրա համար էլ հաճախ հանդես եմ գալիս ակտիվ քաղաքացու դերում: Ու հենց Երևանն է տալիս ինձ այդ ուժը, որ սրտացավ լինեմ ու պայքարեմ: Կարծում եմ, որ այլ վայրում նման ուժ չեմ ունենա:

 

Ընդունում եմ, որ «փախած» կերպար ունեմ, բայց անցել եմ հասարակության կողմից մարսվելու փուլը, արդեն վաղուց ընդունվել ու յուրացվել եմ մարդկանց կողմից: Մինչ այդ, իհարկե, տարբեր բարդ փուլերի միջով եմ անցել, բայց երբեք չեմ նեղացել քաղաքից կամ երևանցիներից:

 

Երևանցին նա է, ով ներքին կուլտուրա ունի, որը բնորոշ է հենց քաղաքին: Ներքին մղումները, պահելաձևը, մտածելակերպը՝ սա է ստեղծում իսկական երևանցուն, քաղաքացուն: Չեմ բացառում, որ անկախ արմատներից կարելի է իսկական երևանցի դառնալ: Եթե մեր շուրջը ավելի շատ լինեին իրական երևանցիներ, վստահ եմ, կյանքի որակը այլ կլիներ, քան այսօր է: Բայց չեմ ուզում որևէ դժգոհություն արտահայտել այն առիթով, որ Երևանն այսօր ոչ միայն երևանցիների համար է դարձել, դա իր պատճառներն ունի:

 

Ինքս ինձ երևանցի եմ համարում ոչ միայն այն պատճառով, որ ծնողներս Երևանում են ծնվել, այլ նաև նրա համար, որ կրթվել եմ երևանցու, քաղաքացու կանոններով:

 

Երևանյան ոգի ասվածը ժամանակին եղել է ու քաղաքից հեռու գտնվելով՝ մարդիկ իրենց հարազատներից բացի կարոտել են նաև հենց Երևանը՝ փողոցները, շենքերը, ծառերը: Այսօր Երևան բրենդի թույլ լինելու պատճառով այսօրվա սերունդը չի ընկալում Երևանը որպես հարազատ մի վայր: Պետք է քարոզել մարդկանց, որ սիրեն Երևանը: Հենց այդ քարոզի բացակայության պատճառով է, որ մարդիկ իրենց հետ «Երևանը» չեն տանում:

 

Երևանը բուրում է քաղցրավենիքներով՝ հայկական բաղադրատոմսով պատրաստված թխվածքներով:

 

Ամբողջ օրը՝ 24 ժամ շարունակ, Երևանը իմն է՝ ցանկացած եղանակի ու ժամի: Երևանը իմն է, երբ ակտիվ եմ որպես քաղաքացի, երբ հոգ եմ տանում քաղաքիս մասին: Երևանն իմն է, երբ հանդես եմ գալիս որպես դիջեյ, ամեն անգամ բեմից ներկայացնելով քաղաքս:

 

Այսօր արդեն որդուս եմ դաստիարակում որպես իսկական քաղաքացի, երևանցի: Վստահ եմ, որ իմ չափ սիրելու է Երևանը: 

 

Հազվադեպ է պատահում, երբ քաղաքի հետ մեն-մենակ եմ մնում: Նման դեպքերում լուռ վայելում եմ Երևանը: Շատ եմ սիրում քաղաքի այն մասերը, որտեղ անցել է պատանեկությունս՝ Կասկադը, Օպերայի հարակից տարածքը, Սախարովի հրապարակը, հաճախ զրուցում եմ այս հատվածների հետ, սեր ու կարոտ եմ խոստովանում:

հավելյալ նյութեր