Դուք դեմք եք
Ռեյվ

Դուք դեմք եք

Ինչու ակումբներ հերթով չեն թողնում բոլորին, ինչպես է պետք հագնվել ներս մտնելու համար և ինչ առավելություններ ունեն ակումբային նախաշեմում հսկող կանայք. շփվել ենք «Պոլիգրաֆի» նախկին ֆեյս քընթրոլ Ինա Աբրահամյանի հետ։

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի


Լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյան

 

ԵՐԵՎԱՆ #71 | 2021

#Ռեյվ

Դեռ կինոներից գիտենք, որ գիշերային ակումբ մտնելու համար մարդուն պետք է նախ ներս թողնեն։ Հիմա դա ոչ միայն կինոյական, այլև երևանյան իրականություն է։ Ինչպես փաստում են մասնագետները, ակումբի նախաշեմի հարցուփորձը բարեհաջող հաղթահարելու համար նախևառաջ պետք է հարմար հագուստով լինեք՝ երբեք չլինեք այնպիսի վերնաշապիկով, որը կրում են գործնական հանդիպումների ժամանակ, չէ՞ որ ակումբում պետք է լիցքաթափվել, ոչ թե լինել անհարմար հագուստով։ Այնուամենայնիվ, եթե դուք հարմար հագուստով եք, ուշադրություն դարձրեք ձեր բառընտրությանը։ Պետք է միշտ մտաբերել, որ ակումբի մուտքը հսկող աղջիկներն ու տղաները ձեր «քըրերը» կամ «հընգեր-ախպերները» չեն, գերադասելի է նաև «չմեռնել» ֆեյս քընթրոլի «սրտի նուրբ լարերին», միևնույն է, եթե որոշված է, որ դուք չեք կարող առաջանալ, բացատրական աշխատանքներ տանելն անիմաստ է։


Եթե դուք սովոր եք երևանյան գիշերային կյանքին, ապա որևէ առանձնահատուկ բարդության չեք հանդիպի ակումբ մուտք գործելիս, սակայն պետք է միշտ հիշել՝ ինքներդ էլ մի օր կարող է հայտնվեք կարգավիճակում, երբ ֆեյս քընթրոլը որոշի՝ դուք ակումբ չեք կարող մտնել։ Մերժելու պատճառները կարող են լինել հազարավորները՝ ինչպես նշեցի՝ հագուստից մինչև բնավորություն, հարցերի ցրողական կամ հորինված պատասխաններ և այլն։


Ի տարբերություն ֆիլմերի, որտեղ կտեսնեք հաղթանդամ տղամարդկանց, ովքեր հսկում են ակումբների մուտքը՝ իրականությունն այլ է։ Վերջին տարիներին Հայաստանում այս աշխատանքով սկսել են զբաղվել աղջիկներ, որոնք չնայած աչքի չեն ընկնում մարմնի հաղթանդամ կազմվածքով, ամենևին էլ չեն զիջում տղամարդկանց։ Նրանցից մեկը՝ Ինան, սկսել է դռները հսկել «Պոլիգրաֆում», իսկ հիմա արդեն ինքն է փարթիներ ու ռեյվեր կազմակերպում։ Բայց մեզ հետաքրքիր է իր փորձառությունն ակումբի նախաշեմին։

 

 

Ֆեյս, նույն ինքը՝ դորմեն

Մինչև հանդիպելն ուսումնասիրում եմ Ինայի սոցցանցերը։ Նկարները հերթով թերթելով մոտավորապես պատկերացնում եմ, թե աշխատանքի ընթացքում քանիսին է թվացել, թե այս աղջնակին շրջանցելը հեշտ է լինելու, սակայն ինչպես հաճախ պատահում է, ֆեյսբուքն ու իրական կյանքը լրիվ տարբերվում են։ «Իմ հետաքրքրությունն առհասարակ քլաբինգի ու անդերգրաունդ կյանքի շուրջ առաջացավ The Basement ակումբից, ուր գիշերը ժամը 2-ից հետո ընկերներով գնում էինք, որպես այցելուներ»,– հիշում է Ինան, երբ խոսք բացվեց ամենասկզբի մասին։


2019 թվականից, երբ Ինայի կյանքն ընթանում էր ակումբային կյանքի ռիթմին զուգահեռ, իր դռներն է բացում «Պոլիգրաֆը», որի ստեղծման ամենասկզբից ներկա է եղել նաև ինքը. «Երբ պետք է Երևանում բացվեր «Պոլիգրաֆը», ես տեսնում էի, թե ինչպես էին տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ միանում էդ գործին։ Շուտով ակումբը բում արեց Երևանի գիշերային կյանքում, որովհետև Բեռլինից կարգին երաժիշտներ գալիս էին ու նվագում. սա չլսված բան էր»։


Երբ մեր խոսակցությունը հասնում է այն կետին, որտեղից սկսվում է Ինայի՝ ֆեյս քընթրոլ (ոմանք նախընտրում են ավելի նեյտրալ դորմեն՝ «դռան մարդ» եզրը) մասնագիտությամբ աշխատելու պատմությունը, մենք տեղափոխվում ենք «Պոլիգրաֆի» պատերից դուրս, ուր ինչ ասես, որ չեն տեսել իր աչքերը։ Երբեմն էլ թվացել է, որ զարմանալու էլ տեղ չի թողել, մեկ էլ Alteration փառատոնի ժամանակ հայտնվել է մեկն ու ասել. «Քուրըս, Նինայի համերգի վախտ սեղան ռեզերվ անել լինում ա՞, թե՞ չէ»։ Սակայն աշխատանքի այս զավեշտալի և երբեմն էլ ձանձրալի պահերը եթե բաց թողնենք, կմնա ծանոթությունների այն մեծ շղթան, որը ձևավորել է ինքն այս տարիների ընթացքում:


«Նախքան այս աշխատանքին անցնելը, ես գիտեի համարյա բոլոր նրանց, ովքեր Երևանում ակտիվ էին ակումբային կյանքում,– ասում է Ինան և բացատրում, թե որն էր դրա օգուտն աշխատանքի մեջ.– ընդհանուր առմամբ ինձ շատ հեշտ էր հասկանալ՝ ում թողնեմ ներս, ում չէ, որովհետև քաղաքի կեսին գիտեի»։ Առաջին մասնագիտությամբ Ինան կինոռեժիսոր է, ինչն իրեն օգնել է այս աշխատանքում, քանի որ առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել այն կերպարների հանդեպ, ովքեր հայտնվել են ակումբի մուտքի առաջ։


Հերթը հասնում է ներքին խոհանոցին։ Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞վ է առաջնորդվում դռան մոտ կանգնած մարդը, երբ որոշում է, թե ով է մտնելու ակումբ, իսկ ով ավելի լավ է այս գիշերվա համար այլ զբաղմունք գտնի։ Այստեղ ամենակարևորն այն է, որ դիմացինդ տեսնի՝ գործ ունի մեկի հետ, ով պետք է որոշի՝ ինքն այդ գիշեր կանցկացնի՞ ակումբում, թե ոչ։ Դրա համար նախևառաջ պետք է հագնվել «ըստ մասնագիտական պահանջների»՝ գրեթե միշտ լինել սպիտակ կամ այլ բաց վերաշապիկով կամ տոպով, հարմար տաբատով, դե իսկ կոշիկներն ամենաքիչն են կարևոր այս աշխատանքում։ Ինչպես պարզեցի, կարևորն այստեղ դեմքի արտահայտությունն է, որպեսզի դիմացինը հասկանա, որ այն ինչ կատարվում է, հեչ էլ կատակ չէ։


Սկզբնական շրջանում, երբ Ինան անցնում է այս աշխատանքին, զուգահեռ մի քանի աշխատանք ևս կատարում էր՝ ուղեկցել, հսկել, տոմսերին ուշադրություն դարձնել և պարբերաբար ակումբի ներսի մթնոլորտը ստուգել և այլն։ «Ես աշխատում էի շաբաթական երեք օր՝ հանգստյան օրերին, ներառյալ ուրբաթը։ Ակումբը հենց բացվում էր՝ գիշերը ժամը 11-ից մինչև առավոտյան ժամը 4-ը։ Ես ամեն ինչ անում էի սկզբնական շրջանում, հետո միայն ֆեյս էի անում,– հիշում է Ինան։– Լինում էին դեպքեր, որ ընթացքում որոշներին հեռացնում էի ակումբից, որովհետև ներս թողած իմ մարդը չպետք է խանգարեր մյուսին, ով եկել ա մյուզիք լսելու կամ լիցքաթափվելու»։

 

 


«Քուրիկ ջան, ինչի՞ չեմ կարա մտնե՞մ որ»

Երբ «Պոլիգրաֆը» նոր էր գործում, շատերը լսել էին ու գալիս էին։ Այս ընթացքում Ինայի աշխատանքը կրկնակի բարդ էր, որովհետև պետք է այնպիսի միջավայր ստեղծեր ներսում, որ մեկը մյուսին չխանգարեին։ Երբ որոշում էր որևէ մեկին կամ խմբից մի քանիսին ներս չթողնել, բարձրանում էր ագրեսիվության ալիք ու ավելանում էին հարցադրումները, թե բա՝ «քուրիկ ջան, ինչի՞ չեմ կարա մտնե՞մ որ» և այլն։ 


Նման ագրեսիվ դեպքերի համար Ինան հատուկ հանգստություն ուներ և շփման հմտություններ. «Երբ դեռ նոր էինք, ով ասես գալիս էր։ Դե նոր տեղ էր բացվել, ուզում էին գալ։ Հետո բոլորին հասկացնում էինք՝ ինչ տեղ ա սա և ինչի պիտի չգալ կամ գալ։ Ագրեսիվ մարդիկ էլ կային, բայց հասկացնում էի իրենց, թե ովքեր պիտի է ներսում լինեն։ Գնում կամ չէին գալիս կամ ուղղված էին գալիս»։


Չեմ կարող շրջանցել գենդերային խտրականության թեման։ Ինչ էլ ասես՝ կին ֆեյս քընթրոլն անսովոր է թվում նույնիսկ այսօրվա Հայաստանում։ Այդուհանդերձ, նման խնդիր, բարեբախտաբար, չի ունեցել։ Ընդհակառակը, կարծում է, որ եթե կինը զբաղվում է այս աշխատանքով, դա սահմանափակում է մյուսների հնարավոր ագրեսիվ գործողությունները։ «Եթե ուզում ես ճիշտն իմանալ, էս աշխատանքը պիտի աղջիկ անի, որովհետև շատերն աղջկանից ամաչում են ու չեն անի մի բան, որը կանեին տղայի դեպքում»,- թեթև ժպիտով այս մասին ասում է Ինան։


Առհասարակ, Ինայի համար մարդկանց հետ այս կարճ շփումները բավական կարևոր են և այդ կերպ է, որ փորձում է բացահայտել՝ ինչպիսինն է գիշերային Երևանը։ Այս մասնագիտությամբ աշխատելու մեկ տարվա ընթացքում հասցրել է մեծ ինֆորմացիա հավաքել, որն անընդհատ համեմատում է նախորդ տարիների հետ և գիշերային երևանյան կյանքում նկատում է առաջխաղացում։ Երբ ինքը դեռ ակումբային սովորական այցելու էր, ամեն բան այլ էր՝ խմիչքներից մինչև հնչող երաժշտություն։ Այժմ փոխվել են անգամ ռեյվերների պարային շարժումները։ 


Եվ որ ամենակարևորն է, ըստ Ինայի, հիմա երևանյան գիշերներում միայնակ երբեք չես կարող մնալ՝ միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կամ քեզ չափազանց նման կլինեն, կամ էլ քեզ պես ուղղակի կգան կոտրված սիրտը հավաքելու։ Ասում է, որ այդ գիշերային կյանքը նման է գետի, որում մի ուղղությամբ լողում են տարատեսակ ձկներ՝ շատերն անգամ այդ ընթացքը չզգալով, ինչպես ինքը, երբ հոգնածության պահերին ակումբում թուլացնում է նյարդերն ու սկսում հավաքված ջահելների հետ համընթաց շարժվել՝ երաժշտությանն ու նեոնային լույսերին զուգահեռ։


Երբ Ինայի հետ զրույցում այս կամ այն հարցն էի տալիս՝ հասկանալու, թե ինչու է զբաղվում այս մասնագիտությամբ, մեզ բառացիորեն խանգարում էին տարբեր մարդիկ, որոնք,մեզ տեսնելով առանձին զրուցելիս, մոտենում և ողջունում էին Ինային։ Առանձնահատուկ ուրախությամբ ծանոթ դեմքերին բարևում էր և նույն տեղից շարունակում զրույցը՝ խոսքում անընդհատ մեջբերելով այն հանգամանքը, որ եթե չլիներ մարդկանց հանդեպ հետաքրքրությունը, ինքն առհասարակ այլ գործով կզբաղվեր։


Չնայած որ հիմա ֆեյս քընթրոլով զբաղվում է հազվադեպ, միայն մեծ իվենթների ժամանակ, որոշ աշխատանքային գծեր մնացել են բնավորության մեջ՝ ուշադիր զննությունը, խոսքին ուշադրություն դարձնելը և անընդհատ աչքերով խոսակցություններ որսալը և այլն։ Ուզում եմ հավատալ, որ եթե ինձ հանդիպեր ակումբի դռան մոտ, կկարողանայի անցնել փորձությունը և գիշերս շարունակել երևանյան գիշերային գետի հոսանքի մեջ։ 

հավելյալ նյութեր