Մի ցուցահանդեսի քննադատություն․ «Դրվագներ ինքնության. Տարազ»
Ցուցահանդես

Մի ցուցահանդեսի քննադատություն․ «Դրվագներ ինքնության. Տարազ»

Համադրող, արվեստաբան Էմմա Հարությունյանը բարձրացնում է ցավոտ հարցեր հայաստանյան ցուցահանդեսային ոլորտի մասին և քննադատում Պատմության թանգարանի «Դրվագներ ինքնության. Տարազ»-ը։

Տեքստ/լուսանկարներ՝ Էմմա Հարությունյան

 

Չկա քննադատություն 

Մի օր որևէ մեկը պետք է սա աներ։ Ինձ վրա եմ վերցնում բոլոր պիտակները՝ «չուզող», «վատամարդ» (շարունակել ցանկը ըստ հայեցողության) և հանգիստ սրտով ձեզ եմ ներկայացնում մի ցուցահանդեսի մասին քննադատական հոդված։ Ի դեպ, մեր իրականության մեջ քիչ հանդիպող երևույթ, որը, սակայն, իմ համոզմամբ չափազանց կարևոր է, և հիմա կպատմեմ ինչու։

 

Եկեք համաձայնենք, որ կոնստրուկտիվ, չանձնավորված, զարգացմանը միտված քննադատությունը լավագույն դեպքում իսկապես ազատում է դաշտը հոգեմաշ, մեջքիհետևային քննադատությունից, անխուսափելիորեն մղում մասնագետներին ավելի պատասխանատու մոտենալ սեփական աշխատանքին և, ամենակարևորը, ցույց է տալիս նրանց արած աշխատանքի կարևորությունը։ Վատագույն դեպքում՝ դե կարող է մի երկու հոգի բարև չտա։ Բայց սա տանելի կողմնակի էֆեկտ է։ 

 

Երբեմն, երբ կարդում եմ համաշխարհային արվեստի պատմության մեջ որևէ արվեստի գործի կամ ցուցադրության մասին, հաճախ եմ հանդիպում նման ձևակերպումներ. «այցելուները մեծ ոգևորությամբ ընդունեցին ցուցահանդեսը...», «մասնագետները չընդունեցին աշխատանքը, սուր քննադատության ենթարկեցին այն», «ցուցահանդեսի հաջողությունից հետո սկսվեց նկարչի գլխապտույտ կարիերան»… Գեղարվեստական ֆիլմերում բազմիցս տեսած կլինեք, թե ինչպես են ներկայացնում արվեստագետի հուզմունքը ցուցադրությունից առաջ. «կընդունվի՞ աշխատանքը, չի՞ ընդունվի», կարծես ամեն ինչ դրանից էր կախած։ Սա կարևոր էր և, իրավամբ, պետք է կարևոր լինի։ 

 

Կարող ենք փաստել, որ հանրային արվեստի դեպքում աշխարհը և մասնագիտական խմբերը հատկապես միշտ եղել են զգոն, և հենց սա է, իրականում, ակտիվ մշակութային դաշտի լավագույն թրիգեռներից մեկը։ 

 

Անցան տարիներ, դարեր..․ Գանք Հայաստան, մեր իրականություն։ 

 

Ցուցահանդեսներ այցելելը չէի ասի, որ հասարակության ամենասիրված ժամանցն է, լավագույն դեպքում՝ մի շատ փոքր մասի համար միայն։ Բացման արարողությանը հիմնականում գալիս են ոլորտի ներկայացուցիչները, ընկերները, ծանոթները և էն մեր սիրելի և ցանկալի բառերն են ասում, որպես կանոն հիացական, բայց, հաճախ, էմոցիաներից զուրկ։ Ուժեղ ցնցումներ կամ քննարկումներ գրեթե երբեք չեն լինում։ Ամեն ինչ սահմանափակվում է անբիծ պատկեր ստեղծող սովետական իդեալիզմով։ Տեղեկատվական կայքերը և լրագրողները գրում են, բայց անշունչ, տեխնիկական տեքստեր, երբեմն տառասխալներով և կիսատ։ 

 

Սրա հետ միասին ասեմ նաև, որ Հայաստանում վերջին տարիներին համադրողները մեծ ջանք են թափում որպեսզի դուրս գան սահմաններից և ստեղծեն հիշվող ցուցահանդեսներ։ Ուստի այս հոդվածը ես հասցեագրում եմ իմ կոլեգաներին, բայց ավելի շատ նրանց, ով ջանում է դառնալ մշակութային կյանքի սպառող, ուզում է զգալ, սովորել, պատրաստ է լինել ակտիվ, փորփրող։ Գուցե այս իմ ուղղորդումներից հետո հաջորդ այցելած ցուցահանդեսը ավելի մեծ բավականություն պատճառի և ազդեցություն ունենա։ 

 

 

Ինչ պետք է իմանալ՝ ցուցահանդես կազմակերպելուց առաջ

 

  1. Ցուցահանդես անելու պատճառը պետք է լինի նոր ասելիքը, նոր մոտեցումը, նոր ցուցանմուշը, նոր արժեքը 

Եկեք փաստենք, որ ցուցահանդեսը ոչ մի պարագայում չի կարող լինել ինքնանպատակ։ Իհարկե, յուրաքանչյուր ցուցահանդես ինչ-որ մարդկանց անպայման կգրավի, բայց մարդկանց քանակը երբեք չպետք է զգոնությունից զրկի կազմակերպողին և արդարացնի ասելիքի բացակայությունը։ Միայն հստակ, մշակված և ցայտուն ասելիքը պետք դառնա ցուցահանդեսի առիթ։ Այցելուների քանակը իրականում այդքան էլ կապ չունի։ Օրինակ՝ Հանս Ուլրիխ Օբրիստը, ով արդեն տարիներ է ինչ համարվում է ժամանակակից արվեստում ամենաազդեցիկ մարդը իր առաջին ցուցահանդեսը՝ «Համաշխարհային ապուր»-ը արել է իր խոհանոցում։ Ցուցահանդեսը երեք ամսվա ընթացքում այցելել է 29 մարդ։ Բայց դա չի խանգարում արվեստի քննադատներին գրել և ցիտել այս ցուցահանդեսը արդեն երեսուն տարի, ի դեպ, ավելի ու ավելի մեծ հաճախականությամբ։ 

 

  1. Ցուցահանդեսը պետք է ունենա տրամաբանություն և այդ տրամաբանությունը պետք է տեսանելի լինի 

Լավ ցուցահանդեսում կա ուղեգիծ՝ ընդհանուր կոնցեպտի շուրջ ձևավորված տրամբանական շղթա, որը կուրատորը կամ կուրատորները առաջարկում են այցելուին։ Այլ բան է, որ այցելուն կարող է չհետևել մշակված ուղեգծին, բայց պետք է իմանա, գուցե նաև զգա, թե համադրողը ինչ է դրել այդ շարժման մեջ։ Բայց եթե այն չկա, այցելուն մտնում է բրոունյան շարժման մեջ, տարերայնորեն շարժվում է մի ցուցանմուշից մյուսը։ Այ օրինակ պատկերացրեք, որ գրքի էջերը նման հերթականությամբ եք կարդում՝ 67, 2, 45, 10… Գուցե այսպես էլ ինչ-որ պատկերացում կազմեք, բայց հաստատ հիմար բան դուրս կգա։ 

 

  1. Ցուցահանդեսը պետք է լինի ընկալելի 

Պետք չեն բարդ, երկար, հատկապես գիտական, երկարաշունչ նախադասություններով գրված տեքստի սավաններ։ Հավատացած եղեք, անգամ ամենաշատ ժամանակը ունեցող անցելուն այս ամենը չի կարդալու և հաստատ չի հիշելու։ Հենց համադրողը պետք է գտնի այն ընդունելի բալանսը ընդհանուր և մասնագիտական բառապաշարի մեջ և հրամցնի այցելուին այն, ինչ կհուզի, ոչ թե կձանձրացնի և կթողնի անտարբեր։ 

 

  1. Ցուցահանդեսը անպայման պետք է ունենա ֆիքսված թիմ, որտեղ բոլորին պարզ է, թե ով ինչով է զբաղվում։ 

Համադրող(ներ) - զբաղվում է ցուցահանդեսի ընդհանուր կոնցեպտի մշակմամբ և համակարգմամբ։ Նա կամ նրանք ստեղծում են ցուցահանդեսի ողջ դրամատուրգիան։ 

 

Գիտական պատասխանատու(ներ)  - զբաղվում է ցուցադրվող ցուցանմուշների գիտական բովանդակության ուսումնասիրությամբ և մշակմամբ, նյութ է տրամադրում և պատասխանատու է այդ նյութի ճշգրտության համար։ 

 

Ցուցահանդեսի դիզայներ կամ ցուցահանդեսի ճարտարապետ - զբաղվում է ցուցահանդեսային տարածքի և ցուցափեղկերի նախագծմամբ։ Բնականաբար սերտ աշխատում է համադրողի հետ ցուցահանդեսի դրամատուրգիան ճիշտ փոխանցելու համար։ 

 

Լուսավորության մասնագետ - դե պարզ է ինչով է զբաղվում լուսավորության մասնագետը։ Չափազանց կարևոր մեկը, ում դերը, ցավոք, դեռևս չի գիտակցվում ողջ ուժգնությամբ։ Ասեմ նաև, որ վատ լուսավորության դեպքում կարելի է փչացնել ողջ ցուցադրությունը։ 

 

Տեխնիկական հարցերով պատասխանատու(ներ)  - այս ամենակարող և ամեն իրավիճակում լուծումներ իմացող մարդիկ չափազանց կարևոր են։ Նրանց աշխատանքը ինչքան աննկատ լինի, այնքան շահում է ցուցահանդեսը։  

 

Իսկ հիմա եկե՛ք մեկ ցուցահանդեսի օրինակով քննարկենք այն վրիպումներն ու անճշտությունները, որոնք, ցավոք, բայց փաստացի հաճախ են պատահում հայաստանյան ցուցահանդեսների հետ։ Ասեմ նաև, որ ընտրել եմ որպես քննարկման նյութ հենց այս ցուցահանդեսը, քանի որ վստահ եմ, որ կազմակերպիչները սիրով կընդունեն այս քննադատությունը և բաց են յուրաքանչյուր կարծիքի համար։ 

 

ՀՊԹ-ի ժամանակավոր ցուցադրություն

Վերջերս ԱԳՆ նախկին շենքում բացվեց «Դրվագներ ինքնության. Տարազ» ժամանակավոր ցուցահանդեսը, որը նպատակ ուներ ցույց տալ հանրությանը թանգարանում պահվող տարազների հավաքածուից հետաքրքիր նմուշներ։ Ողջունում եմ ՀՊԹ-ի՝ ժամանակավոր ցուցահանդեսներով հանդես գալու ցանկությունը, բայց այստեղ փորձելու եմ ձեզ հետ զննել ցուցահանդեսում տեղ գտած խնդիրները։ 

 

Կոնցեպտ 

Ինչպես վերևում նշեցի, ցուցահանդեսը պետք է ունենա կոնցեպտ, և շատ ցանկալի է, որ այն լինի չթաքնված։ Անգամ իմ՝ արվեստաբանիս համար դժվար էր հասկանալ, թե ինչպես են կազմակերպիչները զարգացրել ցուցահանդեսի միտքը, ինչպես են առանձնացրել թեմաները և արդյոք առանձնացրել են, թե ոչ։ Առաջին և անգամ երկրորդ հայացքից ցուցափեղկերը ուղղակի սիմետրիկ դասավորված էին։ Այսպես էլ կարելի է անել իհարկե, բայց ինֆորմատիվության տեսանկյունից այստեղ լուրջ խնդիրներ են առաջանում։ Իսկ այս ցուցահանդեսը բացի գեղեցիկը ցուցադրելուց նաև նպատակ է դրել այցելուներին տեղեկացնել իրենց ժառանգության այս հետաքրքիր ճյուղի մասին։ 

 

 Օրինակ այս մասը Սյունիք-Արցախի տարազներն է ներկայացնում

 

 

Տեքստ

Այստեղ կարելի է հակադարձել և ասել, որ թեմաների մասին գրված էր տեքստերում, բայց տեքստերն էլ բավական անհարմար էին՝ տեղադրված անբացատրելի ցածր և փոքր շրիֆտով, որի ընտրությանն էլ ակնհայտ էր, որ հատուկ ուշադրություն չի դարձվել։ Կային նաև այլ տեքստային թերացումներ։ Այստեղ օրինակ հնարավոր չէր հասկանալ որ բացատրությունը որ ցուցանմուշն է նկարագրում։ 

 



 

Իսկ այստեղ տեքստը ուղղակի թաքնվել է ուշադիր այցելուների աչքերից։



Կրկնություն 

Ժամանակավոր ցուցահանդեսները ունեն մեծ և անփոխարինելի առավելություն։ Նրանք տալիս են ազատություն համեմատաբար կարճ ժամանակային կտրվածի համար ստեղծել վառ պատմություն, որը կարող է լինել ամենաանսպասելի վայրում, տարբերվող կոնցեպտով և ինստիտուցիոնալ սահմաններից դուրս ստեղծել կպչուն պատկերներ և մտքեր, որոնք այցելուն երկար կհիշի։ Հենց սա է ժամանակավոր ցուցադրության իմաստը։ Ի՞նչ կարիք կա այսքան ջանք թափել և նույնը անել ուղղակի այլ վայրում։ Ցավոք, այստեղ մենք տեսնում ենք հենց այս մոտեցումը. ավանդական շարվածք և թանգարանային ցուցադրությունից չտարբերվող վիզուալ։ Կարծես թանգարանի մի մասը ուղղակի տեղափոխվել է նոր միջավայր։  

 

 

 

Մուտք

Ինչպես տեսնում եք, ցուցահանդեսի մուտքը երկու ակնհայտ սխալ ունի։ Նախ՝ հաշվի չեն առնվել ֆիզիկայի կանոնները, այսինքն ամեն ինչ ամեն տեղից արտացոլում է, որը միանգամից փչացնում  է ցուցահանդեսից ստացած առաջին ազդեցությունը: Երկրորդ՝ ընդհանրապես չի կարդացվում ցուցահանդեսի ուղեգիծը և տրամաբանությունը (տե՛ս կետ 2)։ Սա նշանակում է, որ մտնելով ցուցասրահ այցելուն չի հասկանում որտեղ գնա։ Գնում է ձախ, որտեղ տոմսեր են վաճառվում և մի քանի ցուցափեղկից հետո միանգամից ընկնում հուշանվերների բաժին, որը, ըստ ժանրի օրենքների պետք է լիներ ամենավերջում։ Սրան ի հավելումն, իմ՝ ցուցահանդեսում անցկացրած մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չէր կարդում մուտքի մոտ դրված երկար տեքստը։ Ինչը նույնպես խոսում է վերջինիս ոչ մտածված տեղադրության մասին։

 

Մի բան էլ. մուտքի մոտ են գտնվում ցուցահանդեսում ներկայացված ամենահին նմուշները՝ Կիլիկիայից մեզ հասած հագուստն ու Անիի խեցեղենից մի նմուշ։ Անի՞, Կիլիկիա՞… Լավ, գուցե ուղղակի գույներով իրար հետ շատ սազում են, դրա պատճառով են միասին ցուցադրված։ Բայց, ցավալին այն է, որ այս ցուցափեղկը իր տեղադրության պատճառով նույնպես բավական ուշադրության չի արժանանում։ 

 

Լուսավորություն 

Բոլոր ցուցահանդեսների տիրուհին է լույսը։ Փաստում եմ։ Այն կարող է անհնարինը անել՝ շեղել, կոտրել, ընդգծել, արտահայտել և խաղալ մարդու երևակայության հետ։ Չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչու մենք համառորեն աչքաթող ենք անում այս պահը։ Հենց լուսավորության չմտածվածության պատճառով ամբողջ ցուցահանդեսը կորցնում է իր միստիկան, իսկ ի՞նչ ցուցահանդես առանց տպավորության, առանց ազդեցության, առանց ապրումների։ Լռիվ նույն բանն է, եթե ֆիլմի ժամանակ անընդհատ թռթռա էկրանը, կամ երգի ժամանակ խշշան դինամիկները։ Անտանելի է չէ՞։ Այ այդպես էլ անտանելի են այս անվերջ, անուղղելի բլիկները, որոնց միջով չես էլ կարողանում զննել ցուցարդվող նմուշները։ Իհարկե այս հարցը լուծելու փորձ արվել է, բայց ըըը…այսպես։ 






 

 

 

 


 

Այստեղ օգնության է գալիս ցուցահանդեսի կազմակերպիչների ամենասիրելի ալիբին՝ բյուջեի սղությունը։ Եւ իսկապես, թանգարանային (բլիկեր չառաջացնող) ապակին ավելի թանկ է, չնայած ուղղակի պարտադիր էքսպոնատների ցուցադրության համար։ Բայց անգամ վերջինիս բացակայության դեպքում, միշտ կարելի է փնտրել տարբերակներ։ Օրինակ՝ մաքսիմալ մթեցնել հիմնական սրահը, օգտագործել որակյալ թանգարանային կետային լուսավորություն կամ էլ էքսպոնատները տարանջատել մարդուց ոչ թե ապակով, այլ տարածությամբ։ Կարծում եմ, սա նաև վստահության նշան է այցելուի հանդեպ։ Դժվար ցուցադրության եկած մարդիկ հարձակվեն և սկսեն փորձել ցուցադրվող տարազները։  

 

Դե վերջում էլ մի քիչ անհամություն անեմ և ցույց տամ ձեզ աչքի ընկնող լարերը, չփակված դռները և հատակին ցուցադրված ճակատազարդերը։ 









 

Վերջ

Իմ այս խոստովանությունից հետո ուզում եմ միայն հույս հայտնել, որ այս հոդվածը կարդացող յուրաքանչուր մարդ կայցելի այս ցուցահանդեսը, կանի իր սեփական նշումները, կտա ավելի շատ հարցեր, կհակադարձի այս հոդվածին և հաճախ իր անելիքների շարքում կավելացնի ցուցահանդեսների բացման օրերի մասին նշումներ։

 

Հավելեմ նաև, որ միշտ երազել եմ, որ իմ կազմակերպած ցուցահանդեսների մասին որևէ մեկը հանգամանալից քննադատություն գրի։ 

 

Ես սպասում եմ..

հավելյալ նյութեր