Ինչպես Նյու Յորքում. Տիգրան Ձիթողցյանի արվեստանոց-ցուցասրահը
Արվեստ

Ինչպես Նյու Յորքում. Տիգրան Ձիթողցյանի արվեստանոց-ցուցասրահը

Տիգրան Ձիթողցյանի՝ Ձորաղբյուրում կառուցված նոր արվեստանոցը նաև ցուցասրահ է։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Էդ Թադևոսյանի

 

ԵՐԵՎԱՆ #71 | 2021

Նյույորքաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի սիրտը միշտ Հայաստանի հետ է ու արդեն ավելի հաճախ գալու առիթ կա․ այստեղ բացել է իր արվեստանոց-ցուցասրահը, որն առանձնահատուկ է ոչ միայն բովանդակությամբ ու նշանակությամբ, այլև ճարտարապետությամբ։ Յուրաքանչյուրը այն կարող է տեսնել սեփական աչքերով ամեն շաբաթ օր։ ԵՐԵՎԱՆը եղել է նորաբաց արվեստանոցում ու զրուցել նկարչի հետ։ 

 

 

«Ուշադիր դիտեցե՛ք։ Այս աշխատանքների հեղինակը երևանցի դպրոցական Տիգրան Ձիթողցյանն է։ Տղայի գեղարվեստական մեծ շնորհքը հատուկ նշվել է Մոսկվայի, Լենինգրադի, Մադրիդի, Նյու Յորքի ցուցահանդեսներում»։  Այսպես է սկսվում հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայի 1990-ի նկարահանված «Պահպանիր նրան, Տիրամայր» ֆիլմը։ Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությունը, իր շնիկի հետ լճափին վազվզող տղան ու նրա աշխատանքներից նայող՝ ինչ-որ բան պատմող, զգուշացնող խոշոր աչքերը ընդմիշտ դրոշմվել են հիշողությանս մեջ դեռ մանկուց, երբ առաջին անգամ տեսա այս ֆիլմը։ Եվ ո՞վ կմտածեր, որ տարիներ անց մենք կհանդիպեինք իր արվեստանոցում։ 

 

Դեպի Ձորաղբյուրի Տիգրան Պետրոսյան 15 հասցեն տանող ճանապարհին մի շարք հարցեր են առաջանում․ ինչո՞ւ այսքան հեռու Երևանի կենտրոնից, ինչո՞ւ հենց այստեղ, մի՞թե մարդիկ իսկապես կայցելեն արվեստանոց-ցուցասրահը։ Շրջակա կառույցներից միանգամից տարբերվող արվեստանոցի դուռը բաց էր, ներս մտա ու մի պահ թվաց, թե տեղափոխվեցի այլ իրականություն, ու մինչ Տիգրանը ժպիտը դեմքին անշտապ կմոտենար ինձ, մտածում էի՝ չէ, հաստատ արժեր հասնել այստեղ։ Առաջին բառերը, որ միտքդ են գալիս՝ մինիմալիզմն ու պարզությունն են։ Այդ կառույցի հարթ, մոնոխրոմ մակերեսներից ու գծերից տարօրինակ հանդարտություն է ճառագում։ Մի տեսակ հետաքրքիր, շահեկան կոնտրաստ կա այս հանդարտ հարթությունների ու Տիգրանի մեծածավալ, համարձակ ու հախուռն աշխատանքների միջև։  

 

 

 

Արվեստանոցը հայրենիքում 

Տիգրանի ծնողներն ապրում են Հայաստանում, այստեղ են նաև նրա հարազատներն ու բազմաթիվ ընկերները։ Այնպես որ՝ կապը հայրենիքի հետ երբեք կտրված չի եղել։ «Ես շատ կապված եմ Երևանի հետ, ամեն անգամ, երբ գալիս եմ, լիցքավորվում  եմ։ Այսուհետ չեմ ուզում գալ միայն որպես հյուր, պիտի նաև աշխատեմ այստեղ, երբ չեմ աշխատում, զգացողությունը կիսատ է մնում»,—անկեղծանում է Տիգրանն ու հավելում, որ հաճախ է ստանում «ե՞րբ ես գալու» կամ «ե՞րբ ես կրկին ցուցադրվելու Հայաստանում» բնույթի հարցեր։ 

 

«Արվեստը զրկվում է իմաստից, երբ նրանով չես կիսվում։ Ինձ համար կարևոր է կիսվելը, ոգեշնչելը, շարունակաբար ցուցադրվելը, դա ինձ հաճույք է պատճառում»։ Այժմ, իհարկե, այս հաստատությունը դեռ այնքան էլ արվեստանոց չի հիշեցնում, այն ցուցասրահի, մասամբ էլ տան տպավորություն է թողնում, քանի որ Տիգրանը դեռ չի հասցրել տեղավորել իր մոլբերտն ու չի հասցրել աշխատել այստեղ։ 

 

Սակայն մյուս տպավորությունները ևս սխալ չեն։ Կառույցը նախատեսված է թե՛ ցուցադրությունների և թե՛ արտերկրից ժամանած հյուրերի համար որպես փոքրիկ հյուրատուն։ Տիգրանը նախատեսում է իր արվեստանոց-ցուցասրահը վերածել մի վայրի, ուր, ինչպես 1960-80-ականների Երևանում էր, կամ էլ հենց ներկայիս Նյու Յորքում է, հաճախ կմտնեն արվեստասեր մարդիկ, արվեստագետներ ու արվեստաբաններ, կծանոթանան իր նոր գործերին ու կծավալեն քննարկումներ։ Բացի դա, Տիգրանը նպատակ ունի Հայաստան հրավիրել իր կոլեգաներին ու ծանոթացնել հայ արվեստագետների հետ, երիտասարդների համար կազմակերպել տարատեսակ վորքշոփեր ու նույնիսկ նրանց հրավիրել իր նյույորքյան արվեստանոց՝ նոր փորձառություն ձեռքբերելու, նոր միջավայրի ու մարդկանց հետ ծանոթանալու համար։ 

 

Դուռը բաց է, մտե՛ք

Ինչպես արդեն նշեցի, այս արվեստանոցն առանձնահատուկ է նրանով, որ մուտքն այստեղ արգելված չէ, ու անավարտ գործեր տեսնելն էլ միանգամայն նորմալ է․ Տիգրանը դեմ չէ ու արդեն իսկ ցուցադրել է դրանից մի քանիսը։ Ի դեպ՝ ամեն շաբաթ օր, ժամը 13։00-19։00 արվեստանոցում բաց դռների օր է։ Հետագայում, իհարկե, այս ցուցադրությունը կփոխարինվի, կհամալրվի, կլինեն նաև այլ աշխատանքներ, մասնավորապես Տիգրանի ստեղծագործության վաղ շրջանից, ընդհուպ մինչև մանկություն։ Նկարիչը հույս է հայտնում, որ շնորհիվ իր տարբեր շրջանի ստեղծագործությունների, էսքիզների ու տեղում արվող աշխատանքի՝ տարածքը հաճախ կտրանսֆորմացվի։ 

 

Ու, իհարկե, չդիմացա ու հայտնեցի ճանապարհին առաջացած մտահոգությունս՝ քաղաքի կենտրոնից այդքան հեռու տեղակայված լինելու մասին։ Պարզվում է՝ հենց կողքի տունը կառուցել է Տիգրանի հայրիկը ու այդ ամառանոցում հաճախ է ընկերների հետ ժամանակ անցկացրել Տիգրանը․ «Ամբողջ Երևանն այստեղ փարթի է արել»,—ասում է Տիգրանն ու ծիծաղում, հետո մի քիչ տխրությամբ նշում, որ այդ մարդիկ հիմա արդեն ավագ սերունդն են, իսկ երիտասարդների համար չի անհանգստանում, վստահ է՝ կհետաքրքրվեն ու կգան։ Բացման օրն, օրինակ, նախատեսվածից շատ՝ 450 հյուր է ունեցել, իսկ հաջորդ օրը, երբ առհասարակ ոչ ոքի չէր սպասում, հյուրընկալվել է 120 հոգի ու դա այն դեպքում, երբ արվեստանոցի հասցեն դեռ հրապարակված չէր։ Այնպես որ՝ իմ մտահոգությունները միանգամայն անտեղի էին։ 

 

 

 

Մի խումբ հայեր՝ Արսենը, Արմենը, Dzzz-ն ու էլի 60 հոգի

Տիգրանը հպարտությամբ է նշում այն փաստը, որ որոշել է կառուցել, ոչ թե գնել, ասում է՝ աշխարհում դրանից ոչինչ չէր փոխվի։ Իսկ այ կառուցման գործում համագործակցել է միայն տեղացի մասնագետների հետ։ Ճարտարապետը Արսեն Շուռ Կարապետյանն է։ Այդ համագործակցության մասին Տիգրանը հաճույքով է խոսում, ասում է․ «Կես բառից միմյանց հասկանում էինք, ես պատմում էի, թե ինչ եմ պատկերացնում, Արսենը շարունակում էր, հաճախ ես ինքս էի հորդորում, որ ավելի փախած բան անենք, կոնֆլիկտ չունեինք, երկուսս էլ նույն բանն էինք ուզում ու ստացանք։ Ինձ համար կարևոր էր, որ շինությունը ևս իրենից գեղարվեստական արժեք ներկայացներ, որ այն ևս կրեր նոր մոտեցում ու նոր մշակույթ»։ Կառույցը երեք տարում ի մի են բերել տեղացի 60 շինարարներ։ 

 

Ցուցադրության մասով Տիգրանը համագործակցել է արվեստաբան, համադրող Արմեն Եսայանցի հետ։ Այս համագործակցությունն առաջինը չէ, դեռևս 2015-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել էր Տիգրանի «Հայելիներ» շարքի ցուցադրությունը։ «Արմենը մեր լավագույն արվեստաբաններից է,—ասում է Տիգրանը,— նա ապրում է արվեստով և շատ լավ տեղյակ է, թե ինչ է կատարվում աշխարհում այս ոլորտում։ Նաև պիտի ասեմ, որ ցուցադրության լուսավորությունն էլ վստահել եմ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մասնագետներին։ Այդքան լավ լույս չեն դնում նույնիսկ Նյու Յորքում»։

 

Բացի կտավների առանձին լուսավորությունից՝ տարածքում կա ևս մի լուսատու։ Առաստաղն օձի պես գրկած ու ամբողջ տարածքը միանգամայն վերափոխած այդ լուսատուն հայաստանյան Dzzz դիզայներական խմբի աշխատանքն է։ «Dzzz-ենց մասին չգիտեի, Արսենը պատմեց ու առաջարկեց դիմել իրենց ու ես միանգամից համաձայնեցի»,—ուրախությամբ նշում է նկարիչը։

 

Այս հրաշալի արվեստի վայրը դեռ նոր է բացվել, բայց արդեն երևում է, թե ինչ մեծ դեր կարող է խաղալ Հայաստանի կյանքում։ Տիգրանն արդեն ունի բազում հեռահար ծրագրեր, բայց համբերատար է, չի շտապում ու պատրաստ է ցանկացած շրջադարձի․ «Ես զգում եմ, որ այն, ինչ անում եմ ու դեռ կանեմ պետք է Հայաստանին։ Եթե մարդիկ կշարունակեն գալ, ապա այս տարածքը կապրի, եթե ոչ, այն քիչ-քիչ կմեռնի ու երկու տարբերակն էլ ես միանգամայն նորմալ եմ համարում»,—ասում է Տիգրանը: