EIF-20. կարևորի մասին

EIF-20. կարևորի մասին

13 դեպք, որոնք պատկերավոր ներկայացնում են, թե ինչպես իր գոյության առաջին քսան տարվա ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փոխեց հայկական ՏՏ ոլորտը. ԵՐԵՎԱՆ-ին պատմում է ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի

 

ԵՐԵՎԱՆ #76 | 2022

#ՏՏ

1. ՁԻՀ-ի ստեղծումը. ինկուբացիայի նոր իմաստը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Հայաստանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002-ին՝ Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի շրջանակում և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար:

 

Բագրատ Ենգիբարյան

 

Բագրատ Ենգիբարյան. «Մենք Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման ծրագրեր իրականացնող ամենաերկար պատմությունն ունեցող կազմակերպությունն ենք։ Դեռ այն ժամանակ՝ 2002 թվականին, բոլորն ասում էին՝ «ձեր ծրագիրը հենց ավարտվի՝ կփակվեք», բայց ոչ միայն չփակվեցինք, այլև հասանք այնտեղ, որտեղ հիմա ենք։ Ավելին, ինչ-որ պահից EIF անվանումը բրենդ դարձավ, արդեն արտերկրում էլ ենք հայտնի՝ այլ երկրների ռազմավարական խորհրդատվություն ենք տրամադրում տարիների ընթացքում կուտակած մեր փորձի հիման վրա: 


Հետաքրքիր է, որ մեր հիմնադրամի ստեղծումը պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Հայաստանում ստեղծվում էր ինկուբատոր՝ կազմակերպություններին աջակցելու, այլ ոչ թե հավեր բուծելու նպատակով: 2001 թվականին, երբ ծրագիրն ուղարկեցինք Ազգային ժողով, այն սկզբում խառնել էին հավերի ինկուբատորի հետ, քանի որ նման մշակույթ Հայաստանում այդ ժամանակ չկար: Այսօր «ինկուբացիան», «աքսելերացիան» միանգամայն հասկանալի ու չշփոթեցնող տերմիններ են, և կարող ենք արձանագրել, որ տարիների ընթացքում էկոհամակարգը զգալիորեն զարգացել է»։


2. Ծրագրավորման առաջին մրցույթը. 400 հոգու վառվող աչքերը

2002 թվականին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպեց Հայաստանում ծրագրավորման առաջին մրցույթը երիտասարդների համար: 

 

Բագրատ Ենգիբարյան. «Պատկերացրեք՝ ընդհանուր տարածք, 400 երիտասարդ, կոդի հազարավոր տողեր ու կիրք։ Առաջին անգամ էի միաժամանակ տեսնում իրենց գործով այդքան տարված մարդկանց, նրանց աչքերը երբեք չեմ մոռանա։ Հետո՝ տարիներ անց, նման մրցույթները սովորական երևույթ դարձան, բայց առաջինն անմոռանալի էր։ Այս տարիների ընթացքում 20-25 հազարից ավելի մասնագետներ ենք պատրաստել, որոնցից 70%-ն անցել է աշխատանքի»։


3. Մտանք մարզեր. Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները

Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները ստեղծվել են ՁԻՀ-ի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից՝ նպաստելու մարզերում տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը։

 

Բագրատ Ենգիբարյան. «Երբ որոշեցինք տեխնոլոգիան տանել մարզեր, սկսեցինք աշխատել Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման ուղղությամբ, և շատերը նորից հոռետես էին։ Մարդիկ չէին հավատում, որ «մարզեր» ու «տեխնոլոգիաներ» եզրույթներն ընդհանրապես համատեղելի են։ Այդ ժամանակ EIF-ն արդեն 10 տարի աշխատում էր, շատ բան էինք հասցրել փոխել մարդկանց պատկերացումներում, բայց, միևնույն է, դեռ շատերը չէին հավատում, որ Երևանից դուրս կարելի է որևէ բան անել։


Ինչևէ, Գյումրին ու Վանաձորը շուտով ունեցան իրենց տեխնոլոգիական կենտրոնները, որոնցով հարյուրավոր մասնագետներ ու ընկերություններ են անցել։ Շատ հաջողված փորձ էր, ու հիմա շատ երկրներ ցանկանում են այդ մոդելն իրենց մոտ էլ ինտեգրել: Այդպես մրցութային կարգով ՁԻՀ-ն ընտրվեց ու սկսեց խորհրդատվություն տրամադրել օրինակ՝ Մոլդովայի Ինֆորմացիոն և Տեղեկատվական տեխնոլոգիաների ասոցիացիային (ATIC)՝ երկրում ՏՏ կրթության զարգացման և ռազմավարության մշակման վերաբերյալ։ Արդյունքում ձևավորվեց առաջին ինովացիոն կենտրոնը և մշակվեց մարզերում նորարարության խթանման մոդելը։


2017 թվականի ամռանն էլ Մոնտենեգրոյում մասնակցեցինք BIO-ICT նորարարական կենտրոնի ձևավորման աշխատանքներին»:


4. Մասնավոր-հանրային համագործակցություն. միջազգային ինովացիոն կենտրոնների գալուստը

Միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու նոր մոդել մշակվեց, որը Հայաստանում այսօր էլ շարունակում է քիչ կիրառվել. հանրային-մասնավոր համագործակցություն (Public Private Partnership), երբ մասնավոր կազմակերպությունը և EIF-ը համատեղ նոր նախաձեռնություն են իրականացնում, որը նպաստում է ընդհանուր էկոհամակարգի զարգացմանը։

 

Բագրատ Ենգիբարյան. «Այդպես ստեղծվեցին Microsoft-ի ու IBM-ի ինովացիոն կենտրոնները, Ազգային ինժեներական լաբորատորիաները՝ National Instruments-ի հետ համատեղ, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, PMI Science-ի հետ համատեղ Գիտական ինկուբացիոն ծրագիրը և այլն։ Ժամանակին նման նախաձեռնություններն էքսպերիմենտալ էին համարվում, բայց այսօր ավելի տարածված են, շատ նախագծեր են այդ մոդելով աշխատում»:

 

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն


5. Հայրենական վենչուր. «Գրանատուս»

Վենչուրային կապիտալը ներդնողի կապիտալն է՝ նախատեսված շուկայում տեղի համար պայքարող սկսնակ ընկերությունների կամ ստարտափների ֆինանսավորման համար։ Համաշխարհային ՏՏ շուկայում վենչուրային ընկերություններից է մեծապես կախված ապագա տեխնոլոգիական հսկաների հաջողությունը։

 

Բագրատ Ենգիբարյան. «2013 թվականին «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի և իր գործընկերների հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ու մասնավոր ներդրողների աջակցությամբ առաջին անգամ վենչուրային հիմնադրամ ստեղծեցինք՝ «Գրանատուս Վենչուրսը»։ Շատերը նորից թերահավատ էին, մարդիկ ասում էին՝ «ի՞նչ վենչուրային հիմնադրամ Հայաստանում»։ Երկար համոզում էինք կառավարությանն ու Համաշխարհային բանկին, քանի որ նման բան ոչ ոք դեռ չէր արել։ Տարիներ անցան ու կարող ենք արձանագրել, որ հիմնադրամը ոչ միայն աշխատեց, այլև պետության բաժնեմասը հետ գնեց, ինչը շատ կարևոր նախադեպ էր»։


6. Ինչպե՞ս զարգացնել ոլորտը դրամաշնորհների միջոցով. STEP և IMG համաֆինանսավորման ծրագրեր

Ամերիկյան դրամաշնորհային STEP ծրագիրը Հայաստանում գործարկվել է 2006 թվականին՝ ՀՀ կառավարության, ՁԻՀ-ի և Քաղաքացիական հետազոտությունների ու մշակումների հիմնադրամի (CRDF Global) համատեղ ջանքերով: Ծրագրի նպատակն է օգնել ճարտարագետներին, հետազոտողներին և գիտնականներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և արդյունավետ համագործակցություն ծավալել գործող ընկերությունների հետ: 

 

Բագրատ Ենգիբարյան. «Նախկինում դրամաշնորհները բավական բացասական համբավ ունեին. կա տարածված կարծիք, թե դրանցով վնաս է հասցվում բիզնեսին ու ընդհանրապես դա գումարի վատնում է։ Բայց բազմաթիվ հրաշալի գաղափարների ու լավ թիմերի՝ լիարժեք բիզնեսի մեջ մտնելու համար հաճախ օդ ու ջրի պես պետք է այդ առաջին օգնությունը։


Սկզբում սկսեցինք համագործակցել ամերիկյան STEP կազմակերպության հետ, որը տրամադրում էր փոքր՝ 5000-10,000 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհներ: Ավելի ուշ Համաշխարհային բանկի և այլ գործընկերների հետ միասին բազմաթիվ դրամաշնորհներ ենք տրամադրել։ Ցանկանում եմ հատկապես նշել Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագիրը, որով մինչև 50 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրում է տրամադրվում նորաստեղծ ընկերություններին: Մինչ օրս տրամադրել ենք ավելի քան 100 դրամաշնորհ՝ Երևանում և մարզերում: Դրամաշնորհ ստացած ընկերությունների 70%-ն այսօր ՏՏ և ինժեներական ոլորտներում առաջատար ընկերություններ են»:


7. Նոր օրենք ստարտափների համար

2015 թվականից Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է հարկային արտոնությունների հատուկ ռեժիմ՝ ՏՏ (և որոշ ինժեներական) ուղղվածության ստարտափների համար: Համաձայն «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի հայկական «ՏՏ ստարտափները գրանցվելուց հետո 3 ամիսների ընթացքում կարող են դիմել հավաստագրման հանձնաժողով՝ հավաստագիր ստանալու և առաջիկա 5 տարիներին հարկային արտոնություններից օգտվելու համար:

 

Բագրատ Ենգիբարյան. «Ստարտափներին տրամադրվող հարկային արտոնությունները մեծապես նպաստեցին ոլորտի կայացմանը և նոր ընկերությունների ստեղծմանը: Խոսքը վերջին տարիներին ստեղծված հարյուրավոր ստարտափների մասին է: Կարող ենք արձանագրել, որ «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը Հայաստանում հանգեցրեց ստարտափ բումի՝ սկիզբ դնելով հաջողության մի շարք պատմությունների»։


8. Մեր հայեցի սիլիկոնյան հովիտը. Ինժեներական քաղաք

Ինժեներական քաղաքը տեղակայված է Նոր Նորքի Բագրևանդի փողոցի տարածքում գտնվող 3 հեկտար հողատարածքի վրա։ Այն պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է ՁԻՀ-ի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մասնավոր հատվածի համագործակցությամբ և աջակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է Հայաստանում Ինժեներական քաղաքի հիմնման միջոցով նպաստել Ինժեներական և Բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա առաջընթաց զարգացմանը՝ խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացումը:

 

Բագրատ Ենգիբարյան. «Մի օր աշխատաժողովներից մեկի ընթացքում հետաքրքիր գաղափար առաջացավ. եթե ծրագրավորման ոլորտում co-working-ը գործում է ու շատ նորմալ է, երբ մի տարածքում ամեն մեկն իր սեղանի առաջ հանգիստ աշխատում է, իսկ ի՞նչ պետք է անեն ինժեներները, որոնցից ամեն մեկը մեծ գործիքներով է աշխատում։ Գուցե պետք է մի փոքր ավելի մե՞ծ ձևաչափի co-working ստեղծել։ Այդպես առաջացավ հետևյալ գաղափարը. Ինժեներական քաղաքը, որպես այդպիսին, արդեն իսկ շատ մեծ co-working է, որտեղ սեղանների փոխարեն առանձին շենքեր են՝ հատուկ տարածքներով, համապատասխան սարքավորումներով, որոնք ընդհանուր են քաղաքում գործող ընկերությունների համար։ Արդեն 2023 թվականին Ինժեներական քաղաքը Ջրվեժում կհամախմբի Բարձր տեխնոլոգիական 50-ից ավելի ընկերությունների՝ միավորելով լավագույն ինժեներական ընկերություններին ու մասնագետներին: Ներկայում էլ աշխատում ենք նույն ձևաչափով Գործարանային քաղաք ստեղծելու ուղղությամբ»:

 

Ինժեներական քաղաքի նախագիծը


9. ՏՏ-ից գիտություն. Գիտական ինկուբատորի մեկնարկը 

ՁԻՀ-ի կողմից իրականացվող Գիտական ինկուբացիոն ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին։ Դրա նպատակն է աջակցել գիտնականներին, մասնագետներին, ընկերություններին և հետազոտական ինստիտուտներին՝ նոր վարկածներ առաջ քաշելու և իրենց նորարարական գաղափարներն առևտրայնացնելու ուղղությամբ, ինչպես նաև ուղղորդել բեկումնային գիտական արդյունքների վրա հիմնված ձեռնարկատիրական սուբյեկտների ստեղծման գործընթացը:

 

Բագրատ Ենգիբարյան. «Այս նախաձեռնության շրջանակում ամենահաջողված ծրագրերն իրականացվել են PMI Science-ի և IBM-ի աջակցությամբ: Արդեն երկու տարի է՝ մշակում ենք գիտական ինկուբատորի մոդելը և բավական լավ արդյունքներ ու հաջողություններ ունենք»:


10. Լինել պաշտպանված. Կիբեռանվտանգության ինկուբատոր

Վերջերս հիմնված կիբեռանվտանգության ինկուբատորը ստեղծվել է Հայաստանի տնտեսության ընդհանուր մրցունակությունը բարձրացնելու նպատակով՝ կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակյալ մասնագետներ պատրաստելու համար կարողությունների զարգացման միջոցով։ Ինկուբատորը ոլորտում ձևավորում է կազմակերպություններ, մատուցում ծառայություններ, աճեցնում մասնագետներ:

 

Բագրատ Ենգիբարյան. «CyHub Armenia ծրագիրը գործարկվել է 2020 թվականին։ Վերջին տարիներին, տարբեր գործոններով պայմանավորված, կտրուկ ավելացել են կիբեռանվտանգության ռիսկերը և CyHub Armenia-ի ստեղծումը հատուկ կարևորություն ուներ տեխնոլոգիական համայնքի համար: Ստեղծման երկու տարիների ընթացքում 800 մարդ մասնակցել է մասնագիտական թրեյնինգների, 1500-ը՝ վեբինարների, վորքշոփերի և այլ միջոցառումների:


Ծրագրի շրջանակում 12 թիմ անցել է ինկուբացիոն փուլը, 2-ը գրանցվել է որպես ընկերություն: CyHub Armenia-ն նաև 2 անվճար առցանց դասընթացներ է մշակել՝ հասանելի բոլոր հետաքրքրվողների համար»:


11. Համագործակցություն կրթական ոլորտի հետ

2018 թվականից PMI Science-ի և Հայաստանի առաջատար բուհերի հետ համագործակցությամբ իրականացվում են մի շարք կրթական ծրագրեր, որոնք նպատակ ունեն աջակցել երիտասարդ գիտնականներին գիտության ոլորտում առաջընթաց գրանցելու գործընթացում: 

 

Բագրատ Ենգիբարյան. «Կրթական ոլորտի հետ կապը ֆունդամենտալ նշանակություն ունի զարգացման համար։ Ընդամենը մի քանի տարվա ընթացքում ասպիրանտների աջակցության ծրագրի շրջանակում 2018 թվականից մինչ օրս 12 հետազոտական ընկերություններից և համալսարաններից 40 երիտասարդ գիտնականներ ստացել են աջակցություն: Մեկ այլ՝ Ֆակուլտետային հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրի շրջանակում 2018 թվականից աջակցություն են ստացել 61 հետազոտական թիմեր՝ 19 հետազոտական ընկերություններից և համալսարաններից: «Տվյալների գիտությունը բիզնեսում» ծրագրի շրջանակում էլ 82 մագիստրոս ուսումը շարունակելու և ակադեմիական առաջընթաց գրանցելու հնարավորություն է ստացել»:


12. Գերհամակարգչային ապագա կենտրոնը

Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը, որն աննախադեպ է տարածաշրջանում, կգործի Ինժեներական քաղաքում՝ հնարավորություն տալով իրականացնել տվյալների վրա հիմնված հետազոտություններ և ինժեներական գործունեություն՝ մասնավոր և հանրային շահառուների համար: Կենտրոնը կմասնագիտանա տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտներում, ինչպես նաև ֆինանսական, բնապահպանական, գյուղատնտեսական, մեքենաշինական և այլ բնագավառներում դրանց կիրառության ուղղությամբ։

 

Բագրատ Ենգիբարյան. «Նախագծի հետ մեծ հույսեր ունենք, թեև դեռ նախնական փուլում ենք։ Այս տարի մեկնարկել է կենտրոնի նախագծումը Ինժեներական քաղաքում, ինչպես նաև մի շարք կրթական և հետազոտական նախագծեր: Կենտրոնն ամբողջությամբ կսկսի գործել 2023 թվականից»:


13. Հայաստանի Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակներ ԱՄՆ-ում և Եվրոպայում

Սիլիկոնյան հովտում՝ Plug&Play տեխնոլոգիական կենտրոնում 2012 թվականի դեկտեմբերի 10-ին կայացավ Հայաստանի Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակի պաշտոնական բացումը, ինչն ինքնին աննախադեպ իրադարձություն էր Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի համար և բացում էր նոր շուկա դուրս գալու լավ հնարավորություն: 

 

Բագրատ Ենգիբարյան. «Վերջին 20 տարիների ընթացում ՁԻՀ-ի նախաձեռնությամբ Հայաստանի Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների նմանատիպ ներկայացուցչական գրասենյակներ են ստեղծվել նաև Կանադայում և Ավստրիայում՝ այդ երկրներում հայկական ՏՏ ոլորտի տեսանելիության, կարողությունների ներկայացման և առաջխաղացման, ինչպես նաև բիզնես կապերի ստեղծման նպատակով»: