Էջմիածնի գանձերը. «Ընդամենը հայ հանճարի հերթական թռիչքն էին հերթականորեն բեկանում»
Արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը պատմում է Փարաջանովի՝ նախապատրաստվող, բայց այդպես էլ չկայացած «Էջմիածնի գանձերը» ֆիլմի ոդիսականի մասին։ 1980-ականներին նրա հայրը՝ Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, Պետական (այժմ՝ Ազգային) պատկերասրահի տնօրենն էր և ակտիվ աջակցում էր նախագծին։ Ֆիլմի փակվելուց հետո Տեր-Գաբրիելյանների մոտ մնացին Փարաջանովի պատրաստած թեմատիկ կոլաժների լուսանկարները։
Տեքստը՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանի
Լուսանկարները՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանի ընտանեկան արխիվից
ԵՐԵՎԱՆ #86 | 2024
Մի օր, 1987-ի կողմերը, հայրս աշխատանքից տուն եկավ և գունավոր լուսանկարների մի տրցակ նետեց սեղանին:
— Էս ի՞նչ ա,– ասաց մայրս, հետո նայեց ու ասաց,– էս ինչ լա՜վն են: Բա ե՞րբ կլինի ֆիլմը:
— Չի լինի,– ջղայն ասաց հայրս:
Փարաջանովյան իրադրությունը սովետում նրա հանճար դառնալուն պես դարձավ սկանդալային. «Մոռացված նախնիների ստվերներն» ինչ-որ կերպ թույլ տրվեց (երևի՝ խրուշչովյան ժամանակ էր, դրա համար), նույնիսկ ավարտվեց ու սկսեց ստանալ մրցանակներ աշխարհով մեկ, իսկույն էլ «Կիևյան ֆրեսկոները» թույլ տվեցին, բայց… թույլ չտվեցին. հենց որ կինոփորձերը տեսան, արգելեցին: Փարաջանովի դեմ ելնում էր մի ուրույն, սովետի երկրորդ փուլում ձևավորված, հիբրիդային մի գաղափարախոսություն. ազգայնականի խառնուրդը սովետականին, այսինքն արգելում էին ազգայնական մոտիվներով՝ ամրապնդելով դրանք սովետական դեմագոգիայով, այդ ամենը՝ համեմված մանրապճեղների նախանձով դեպ հանճարը: «Ստվերները» դեռ չգիտեին, ինչ է լինելու, երբ տեսան, արդեն ուշ էր, թնդում էր, հաջորդ փուլում արդեն պիտի իհա՛րկե կենտրոնանային ու հարձակվեին – բա սա Կիև է՞, բա սա ֆրեսկո է՞, բա սա մեր սովետական կինեմատոգրա՞ֆն է:
Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը և Սերգեյ Փարաջանովը
***
Վաղուցվանից ուզում էր գալ Հայաստան, էդ պահին երբ եկավ, բախտը բերեց, «Սայաթ Նովան» թույլ տվեցին, որովհետև Խրուշչովին նոր էին հանել և նրա օրոք եղած անարդարությունները մի կարճ պահ «քավում» էին, հարավկովկասյան բոլոր մշակույթների երգչի մասին ֆիլմ, և՛ ազգային, և՛ ինտերնացիոնալ սպասվող՝ փորձենք, հը՞ – բայց երբ ֆիլմը եղավ, բրեժնևականությունն արդեն ուշքի էր եկել և ամբողջ ֆրոնտով մեկ ամեն արտառոցն արգելելովխժռելով էր առաջ արշավում, տեղի ազգայնականների նախանձն էլ գումարած – բա սա Սայաթ ա՞, բա Սայաթը սենց է՞ր – և արգելեցին, ու նա քոռ ու փոշման էլի սկսեց թափառել Երևանից Կիև, մինչև բռնեցին-նստեցրին վերջապես, հոգիները թեթևացավ:
«Հայֆիլմը» պարտքերի մեջ էր խրվել էդ ֆիլմի «չկայանալու» պատճառով, դա էլ իր՝ հանճարի խիղճն էր տանջում, վերջը ցենզուրայի կողմից օրհնված մեկը ֆիլմը վերակազմեց, կինոստուդիայի պաղատանքից դրդված, որ պարտքերը փակեն - և հերոսի անունն այլևս չկրող տարբերակը, որ էլի մնաց հանճարեղ, դուրս եկավ էկրան՝ սովետի պարադոքսները լրացնելով, այն պահին, երբ հեղինակն արդեն գուլագում էր: Նույնիսկ կարելի է ասել՝ որպես թաքուն դիսիդենտություն, ի պաշտպանություն իրեն, որպես փաստարկ, որ էս հանճարին պետք է շուտափույթ կերպով բերդից բաց թողնել, իսկ եթե ոչ՝ գոնե բերդում չսպանել:
***
Հենց որ դուրս եկավ, էլի ուզում էր Հայաստանում մի բան անել, համաշխարհային, համամշակութային մի Սայաթ էլ ինքը՝ հատուկ խորքով էր զգում հայկականի համամշակութայնությունը – Սասունցի Դավիթ, Շուշանիկ, Արա Գեղեցիկ… Ամեն այդպիսի հերոսը՝ նաև միջազգային, մեկի եղբայրը՝ Մսրա թշնամին, մյուսը՝ նաև վրացական սուրբ, էն մեկը՝ Ասորեստանը, աշխարհի յոթը հրաշալիքներից մեկի հեղինակին հիպնոսած: Հատուկ ձև կար չթողնելու: Սցենարը բերում էր կինոստուդիա՝ ընդունում էին, հաջորդ օրերին զանգում ներողություն խնդրում, իբր պարզվել է՝ նույն թեմայով արդեն սցենար կար ռեգիստրացված… Ուշ բերված, բայց նախորդ ամսաթվով ռեգիստրացված…
Ինքն էլ իր սցենարը խոնարհորեն հետ էր վերցնում. հայ կինոյի անտաղանդ, փոքրատաղանդ կամ կիսատաղանդ իր գործընկերների կոպեկ հացը հո չէ՞ր կտրելու. ուրիշ դեպքերում հայտնի սկանդալիստը հայրենիքում համեստ ու գլուխը կախ էր, ընդունվել խնդրող, հուսացող: Մինչդեռ գործիչներն այդ հենց իրե՛նք էին տակը փորողն ու դավադիրը, որ էլի «Սայաթի» պես «խայտառակ» ու իբր-սկանդալային «չխեղաթյուրվի» հայոց օրթոդոքս-ուղղափառ ազգայնականության կանոնը, իրե՛նք էին սովետի գաղափարախոս ցենզորների հետ ձեռք ձեռքի տված, «ազգային» մի բերդապար կապած, որ էլ թույլ չտան գլխացավանքի ակունք հանճարի մուտքն իրենց բոստան, քոքը կտրեն:
***
Երբ տեսան, որ ֆիլմ անելուց կտրելը շատ չի օգնում, «անգործն» ավելի ակտիվ է իր քեֆերով ու կոլաժներով, քան ֆիլմ անողը, նորից բանտարկեցին, բայց այդ ժամանակ «Ստվերների» համաշխարհային իր համբավին արդեն գումարվել էր «Սայաթինը», այնպիսի շուխուռ բարձրացավ, որ Շևարդնաձեն, որ «խելոք թագավոր էր», իրեն բանտից արձակեց (դե, դատարանն արձակեց, բայց դե գիտենք, կարգն ինչպես էր) և նույնիսկ ֆիլմ թույլ տվեց անել, ոչ իր անվան տակ, բայց էլի. անխելք հայերը ցենզոր են կապել՝ թող հիմա էլ վրացական կինեմատոգրաֆի գոհարը ստեղծի – և ստեղծեց «Սուրամի ամրոցը»:
Բայց հույսը չէր կտրում ուրացող իր հայրենիքից, այն հայրենիքից, հայրենիքի այն երազանքից, որը միակն էր, չնայած իր ողջ չտեղավորվելուն դրանում, որ իր համար իրոք արժեք էր: Մանավանդ որ ուրացող նոմենկլատուրայից դենը ժողովուրդն արդեն սիրել էր, հասկացել, գիտակցել, որ դարի ընթացքում կոտորված ու չծնված հանճարների թվից մազապուրծ՝ եկել է, կա, դեռ՝ կա – և ձև էին փնտրում իրեն հայրենիքում հնար տալ՝ հանճար լինելու, բայց իշխանություն չունեին: Մի փոքրիկ ֆիլմ էլ արեց այդ ընթացքում՝ «Փիրոսմանին», էլի՝ վրաց-հայկական խաչմերուկում (իր խասյաթի համաձայն՝ կատակով սադրում էր. «Ես ապացուցել եմ, որ Փիրոսմանին ադրբեջանցի էր», նկատի ուներ՝ միասնականը մի՛ բաժանեք, մի՛ խցիկայնացրեք-սեփականացրեք, աբսու՛րդ է), դե, իր հայրումայրենի Թիֆլիս-Թբիլիսին ամբողջությամբ էր վրաց-հայկական ու միջազգային միասնախաչմերուկ:
***
Մինչդեռ ձևերից մեկը, որ գործով վերադառնա, պատկերացրեցին ինքն ու կաթողիկոս Վազգեն Առաջինը միասին – գա ու Էջմիածնի գանձարանի վերաբերյալ փոքրիկ ֆիլմ անի: Եկավ, գանձերից կոլաժներ հավաքեց, և ահա լուսանկարները: Հայրս՝ Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, այդ ժամանակ Պետական պատկերասրահի տնօրենն էր. որպես թանգարանագետ՝ հրավիրվել էր, որ էքսպոնատների տեղաշարժման անվտանգության հարցերով խորհուրդ տա, երեքով՝ ինքը, Փարաջանովը, Վեհափառը հանդիպում-պայմանավորվում էին ամենը:
Բայց այս անգամը նույնիսկ «Կիևյան ֆրեսկոների» պես գոնե շարժվող մի քանի կա՛դր չդարձավ. սինկլիտը… անկլավը… կոնկլավը… կուռուլտայը… որոշում ընդունող էդ՝ «դունսերի կոնֆեդերացիան» թույլ չտվեց: Կաթողիկոսը կարծում էր՝ ինքն անկախ է պետություն-կուսակցությունից գոնե ա՛յդ հարցում. ու՛մ թույլ տա կինո անել եկեղեցական գանձերով: Իհարկե՝ ոչ: Ոմանց անունները մեկ առ մեկ գիտեմ, անկախությունից հետո դասական ազգայնական գիտնական և արվեստագետ են հռչակվել, բայց չեմ ասի, որովհետև բացի հայրիկ-մայրիկիս ասածից՝ ապացույց չունեմ:
Պատմությունն արգելելը, հետո խեղաթյուրելը հայոց ընդունված ստորաստրկային վարքն է: Արդարացումներ կային, իբր՝ փող չկա, ինչպես միշտ, այնինչ իրական պատճառը, իհարկե, այն էր, որ հանճարը ո՛չ միայն սովետական, ո՛չ միայն ազգային, ո՛չ միայն սեռական ուղղափառ գաղափարախոսության մեջ չէր տեղավորվում, այլև՝ կրոնական. դեռ «Ֆրեսկոներից», էլ չասած «Սայաթից» ի վեր այդ «մեղադրանքները» հնչել էին, որ աղավաղում է կրոնի ճշգրիտ սահմանները, թե ինչ: Սիրելով է՛լ էին իրեն «հեթանոս» ասում: Լուսանկարները նայել-առարկել էին, որ Հայ առաքելականի ուղիղ գծից շեղվել է ու ֆիլմում է՛լ ավելի է շեղվելու, դա՝ իբր դեռ լրիվ սովետական Հայաստանում, ուր եկեղեցին իբր անջատ էր պետությունից ու անկախ:
Մեկը կասի՝ Կաթողիկոսը «ձեռքերը լվաց», բայց դե Քրիստոս չէին խաչում, ընդամենը հայ հանճարի հերթական թռիչքն էին հերթականորեն բեկանում: Իսկ դրա դիմաց՝ որքա՜ն առաջնահերթություններ, որոնց հարցը կարելի էր գոնե տեղից շարժել: Մետրո, միլիոնանոց քաղաք, բան… Մեծ բան չէ: Ընդամենը հմուտ մենեջերների նավարկող կոմպրոմիս՝ անժխտելիորեն դժվար միջավայրում, վա-բանկ չգնալու որոշում, քանի որ համարում էին՝ վնասն ավելի մեծ կլինի, քան օգուտը, հազա՜ր ու մի նկատառում կարելի է բերել, ընդամենը ևս մեկ պատմություն չկայացած պրոյեկտի, միլիոնից՝ հերթականը, որից մնաց լուսանկարների սույն տրցակը սոսկ և մի քանիսի մաշվող ու իրարամերժ հուշ, որ այդպիսի փորձ եղել է:
***
Բերեց լուսանկարները, հայրիկիս առանձնասենյակում իրեն տվեց տրցակը և թողեց-գնաց, հետո ևս մի անմիանշանակ ֆիլմ արեց մշակույթների խաչմերուկում՝ «Աշուղ Ղարիբը», որ Հայաստան հասավ 1988-ին արդեն, ու պարզ է, որ ծավալվող հակամարտության ֆոնին առանձնահատուկ կերպով չէր հավանվելու, «դավաճանական» էր ընկալվելու, բայց ժողովուրդն արդեն հասկացել էր, որ հանճար է, գիտեին, որ հիվանդ է, էդ պահին նահանջող նոմենկլատուրան էլ գիտակցել էր, որ ավելի շահավետ է համաշխարհային իր համբավը յուրացնել, քան փնովել-հետապնդել. պարզապես լռության մատնեցին, ասես ինքը չէր ֆիլմի հեղինակը, իրեն գովաբանում ու յուրացնում էին, ֆիլմը՝ լռության մատնում. մի քանի օր կինո «Մոսկվայի» պատին աֆիշը մնաց կպցրած ու վերացավ: Հանճարի գործը լռության մատնելը որպես է՛լ ավելի զորեղ ու էֆեկտիվ միջոց, քան սկանդալը կամ ֆիզիկական հաշվեհարդարը՝ միամիտ այնօրը նոր էր մշակում, հիմա դարձել է հեշտ ու տարածված (մատնագիրը չհաշված, որ բոլոր ժամանակների էլ չեմպիոն կիրառուկն է), հարցեր լուծելու գլխավոր միջոց:
Լռությունը գիտե՞ք ինչով է լավ. սկանդալը թիրախ ունի, մարդ կարող է տեղեկանալ, սկանդալի թիրախը նայել ու որոշել, ճիշտ է սկանդալը թե ոչ: Լռությունը չկայացած կամ հետկայացած պրոյեկտների հուշարձաններով (լուսանկարները վրան դաջած) լի գերեզմանատունն է: Գնա մեռի, արի սիրեմ, շուտ մեռի, շո՛ւտ, մի քիչ էլ սպանեմ, որ գործդ կիսատ՝ շուտ մեռնես ու սիրեմ: