Electric Architects. «Պիտի շարժվես առաջ ու մեծ բաների հետևից գնաս»
Ճարտարապետության գրադարանի (LFA) հերթական զրույցը՝ գրադարանի հիմնադիրների հետ։ D’Arvestanots-ի հիմնադիր Արսեն Կարապետյանը հանդիպել է Electric Architects բյուրոյի համահիմնադիրներ Մարիաննա Կարապետյանի և Կարեն Բադալյանի հետ։
Հարցազրույցը՝ Արսեն Շուռ Կարապետյանի
Լուսանկարները՝ Միտյա Լյալինի
ՍՊՈՆՏԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ
Շուռ․ Ես անձամբ էդ հարցը չէի տա, բայց գիտեմ, որ հանրությանը անչափ շատ հետաքրքրում է, թե ինչու ամեն դեպքում Էլեկտրիկ։ Հումորներ են աչքովս ընկել, որ երևի ռեզինից ձեռնոցներով են գծում, որ հանկարծ տոկը չխփի․․․
Մարիաննա․ Լավը էն ա, որ մենք ժամանակին էդ բոլոր հումորները արել ենք ու հիմա մյուսների ռեակցիաներին շատ հանգիստ ենք վերաբերվում։ Բայց հարցին պատասխան երևի չկա, ուղղակի սպոնտան ինչ-որ անուն էր․․․
Կարեն․ Մենք ընդհանրապես շատ սպոնտան ենք միշտ անուններ ընտրել, դեռ էն ժամանակներից, երբ բյուրոյին զուգահեռ բացվում էին «Գրողի տունը», «Յարը», և այլն։
Մարիաննա․ Իսահակյանում գտնվող առանձնատունը կոչվում էր «Գրողի տուն», որովհետև էնտեղ գրող էր ապրել, Հարություն Մկրտչյան կարծեմ, Արմենի դասարանցու պապան։ Հետևի բակը, որը մեր համար ահավոր սիրելի տեղ էր դարձել, կոչվեց «Յար», որովհետև մեր յարն էր դարձել։ Ներքևում կար փոքր, շատ փոքր սրճարան՝ «Ստանը», որպես «տեղ»։ Բյուրոն էլ ուզում էինք, որ փոխանցի մեր էդ շրջանի տրամադրությունը, էլեկտրականացված տրամադրությունը․․․
Կարեն․ Հա, հենց էդ ժամանակ գրանդիոզ պլաններ ունեինք, ինչ ասես չէինք մտածում ու պլանավորում, դրա արտացոլումը եղավ էլեկտրիկությունը։
Մարիաննա․ Առանձին ուզում եմ նշել Արմինե ծյոծայի մասին, որը հենց սկզբից հայտնվեց մեր էլեկտրիկ-յար-ստան կյանքում ու էդ տունը ոչ միայն ուշքի բերեց, այլև հետո նայում էր մեզ։ Շատ մամայական հոգատարությամբ լցրեց էդ տարածքը։ Հետո մեր հետ տարանք Այգեձորի գրասենյակ, երբ դեռ մի 5-6 հոգի էինք, հիմա էլ էս 30 հոգանոց բանակին ա կերակրում․․․
Կարեն․ Շատ լավ հասկանալով, որ ունենք բուսակերներ, ձուկ չուտողներ, բայց համ էլ շաբաթը գոնե մի անգամ ձուկ ուտողներ, ու ոչ մեկ ոչ մի խնդիր չունի։
Շուռ․ Սպասենք, ուրեմն, նոր ռեստորանին, որտեղ տիկին Արմինեն կլինի շեֆ-խոհարարը․․․
Մարիաննա․ Հաստատ․․․
ՍԿԶԲՈՒՄ ՎԵՐՋՆ ԷՐ
Շուռ․ Լավ, հիմնադիրները դուք երկուսով եք, չէ՞․․․
Մարիաննա․ Էդքան էլ չէ, պրոցեսը շատ ավելի երկար ու խառն ա եղել։ Սկզբում եղել եմ ես՝ 2011 թվին, Մոսկվայում, էս սենյակի չափ սենյակ էր, մի քիչ ավելի երկար սեղան, որտեղ մենակով նստում աշխատում էի, որովհետև ֆրիլանս մի գործից փող էր ձեռքս ընկել, առել էի համակարգիչ, տպիչ, ինչ-որ պահարանիկ, ու բզբզում էի՝ մրցույթների էի դիմում, փոքր նախագծեր անում, և այլն։ Ու ծանոթացա Կարենի հետ։ Ասում էի՝ կլինի՞ ուղղակի գաս։
Կարեն․ Ես ուսանող էի ու էդ գրասենյակը իմ համար թթվածին էր՝ ՄԱՐԽԻ-ի հին, ճնշող դասախոսներից հետո Մարիաննան մի հրաշք էր։ Ընկեր էր, որը ասում էր՝ չէ՜, մի լսի դրանց, դու ավելի՛ լավ ես անում․․․ Մի տարի ուղղակի գալիս-գնում էի, դիպլոմիս վրա էի աշխատում։
Մարիաննա․ Թիմը սկսեց քիչ-քիչ հավաքվել, Կարենն ավարտեց ու ֆուլ-թայմ միացավ մեզ, դարձանք 7-8 հոգի, մինչև դեկրետ գնալս։ Էն ժամանակ կոչվում էինք «Վերջ», ի դեպ։
Շուռ․ Վերջով եք սկսել, փաստորեն․․․
Մարիաննա․ Բայց անգլերեն ավելի շատ verge էր հնչում՝ «եզր» իմաստով։ Հետո գնացի դեկրետ, օֆիսը չդիմացավ ու երեք տարով կանգ առավ ամեն ինչ։ Մի նախագիծ ունեինք՝ Օստոժենկայում շատ թանկ մի շենք, Noble Row, վեց բնակարան, որտեղ ամեն բնակարանը համարյա թաուն-հաուս ոնց որ լինի՝ 25 միլիոն եվրո արժողությամբ, Ռալֆ Լաուրենի ինտերյերով և այլն։ Նախագծել ենք էդ շենքը, բայց ֆինանսական առումով էնպես չէր, որ հետո մեզ տարիներով պահեր․․․
Կարեն․ Մարիաննայի դեկրետ գնալուց հետո ես էլ որոշեցի մի քիչ փոխել ոլորտս ու խորացա թանգարանային թեմայի մեջ։ «Մանեժում» առանձին ճարտարապետական բաժին էր բացվել, որտեղ ես ու էլի երկու ընկեր աշխատում էինք ցուցադրությունների վրա։ Օրինակ՝ պետական պատվեր էր գալիս՝ Ստալինի ստորագրություններով փաստաթղթերի ցուցադրության։ Թվում էր՝ ավելի ձանձրալի բան հնարավոր չի, բայց մենք էնպես էինք անում, որ Մոսկվայի ջահելությունը գալիս լցվում էր ցուցահանդեսը նայելու։ Հետո մի երկու ամիս եղա Երևանում, չմնացի, հետ գնացի, տեղափոխվեցի «Ստրելկա» ինստիտուտ, որը զբաղվում էր Մոսկվայի բարելավմամբ։ Ինձ բաժին հասավ Կիտայ-գորոդը։
Շուռ․ Բա ո՞նց հասանք Էլեկտրիկին։
Մարիաննա․ Մոսկվայում եղավ շարունակություն․ Կարենն ու Սաբան՝ մեր վրացի ընկերը, որը մասնագիտությամբ ճարտարապետ չէր, այլ տնտեսագետի ու ռեժիսորի կրթություն ուներ, երկուսով ինձ հանեցին կորած վիճակներից։ Վրաստանում մի համարյա լքված քաղաք կա՝ Ցխալտուբոն, սանատորիաների քաղաք, որը Աբխազիայի պատերազմից հետո դարձավ փախստականների կացարան։
Կարեն․ Գաղափարն էր՝ կազմել քաղաքի վերականգնման տեսլականը ու առաջարկել դա պետությանը։
ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ
Մարիաննա․ Նախագծի շնորհիվ օֆիսը նորից վերակենդանացավ։ Էդ ընթացքում ամառը եկա Երևան ու հարցրեցի ինձ՝ ի՞նչ արդարացում ունեմ, որ էստեղ չեմ։ Ինչու՞։ Երևանում կար մի գործարան, որը էլի կանգնած վիճակում էր։ Զանգեցի տղերքին, ասեցի՝ եկեք Ցխալտոբոյի փոխարեն ուրիշ բան մտածենք։ Օրինակ՝ էս գործարանային տարածքը։ Մտածեցինք, որ պիտի դարձնենք այթիշնիկների հաբ, հիշեցինք, որ սեպտեմբերին DigiTec պիտի լինի ու գժերի նման կպանք գործին։ Աննորմալ տեմպով արեցինք, սարքեցինք սիրուն մակետը․․․
Կարեն․ Մի ամսում անում ենք կոնցեպտը, մակետը, կայքն ենք բացում, գիրք ենք տպում, տեղափոխում ենք Երևան ու գալիս ենք DigiTec-ին․․․
Մարիաննա․ Իսկ մենք մարդ չենք ճանաչում։ Մեկ էլ՝ Սերժ Սարգսյանն ա անցնում կողքով, հավանում ա, հետո Վիգենն ա զանգում, ուրիշ մարդիկ են սկսում հետաքրքրվել, ասում են՝ կլինի՞ հենց հիմա սկսենք, տարածք վարձենք, և այլն։ Յուքոմից զանգում, ասում են՝ 10 հազար քմ տարածք ենք ուզում։ Իսկ մենք չգիտենք՝ ինչ անենք։ Գծում ենք, մտածում ենք, բիզնես-պլան ենք սկսում մշակել, մտքներիս՝ որ ամառվանից Երևան ենք տեղափոխվում։
Շուռ․ Բա ի՞նչ եղավ։ Ինչի՞ չսարքեցիք։
Մարիաննա․ Շատ կարճ՝ սեփականատերը չուզեց, որ գործարանին կպնենք։ Բայց մենք մեկ ա՝ տեղափոխվեցինք։ Զրո կոպեկ փողով։ Աբսուրդ վիճակ։ Բայց երջանի՜կ։ Հետո հայտնվում ենք կոնֆլիկտի մեջ տան տիրոջ հետ, մեկ էլ հոպ՝ քովիդն ա վրա հասնում։ Զարմանալիորեն, համավարակը համընկավ մեր ամենաբեղուն փուլի հետ, օդից սկսեցին պատվերներ թափվել մեր գլխին՝ ամենաանսպասելի տեղերից։
Շուռ․ Էդ արդեն Electric Architects պիտակո՞վ։
Մարիաննա․ Հա, երբ որ նախագծերը շատացան, հասկացանք, որ պիտի ավելի համակարգված աշխատենք։ 6-7 հոգի էինք, բայց արդեն սկսում էինք կտրուկ մեծանալ։ Ոչ մեկս փորձ չուներ մեծ սթաֆի հետ աշխատելու։ Սաբան չուներ բավարար փորձ ճարտարապետության մեջ, և, ի վերջո, վերադարձավ Մոսկվա՝ կինոյի ոլորտ։ Ես վերցրեցի իմ վրա բյուրոյի մենեջմենթը, Կարենը դարձավ գլխավոր ճարտարապետն ու արտ-տնօրենը։ Էդպես էլ շարունակում ենք։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Շուռ․ Կյանքից գոհ եք ոնց որ։
Մարիաննա․ Հա, ամեն ինչ տեղն ընկավ։ Կարենը ավելի ստեղծագործ ա մոտենում հարցին, ես ավելի ուրբանիստական տեսանկյունից եմ նայում։
Կարեն․ Աշխատանքի բաժանումը շատ կարևոր էր, որովհետև առանց դրա քաոս էր լինում, եթե ես ստիպված էի շփվել պատվիրատուի հետ կամ եթե ուրիշ մեկը զբաղվում էր ճարտարապետությամբ։
Շուռ․ Հետաքրքիր ա, դուք ավելի շուտ ֆաբրիկա եք, որտեղ ամեն մեկն իր դերը ունի՞, թե՞ ազատ ստեղծագործողների թիմ ա։
Կարեն․ Ես կասեի՝ կառավարելի ժողովրդավարություն։ Հիմնական ծավալուն կոնցեպտները ես եմ տալիս ու հետո արդեն աշխատում թիմի հետ զուգահեռ:
Մարիաննա․ Ես կարող ա պատվիրատուի հետ հանդիպումից գամ, ասեմ, չգիտեմ, մեզ պետք ա կլոր շենք։ Կարենը ասում ա՝ էլ բան մի ասա, ու գծում ա քառակուսի շենք․․․
Շուռ․ Իսկ չի լինու՞մ, որ ձեր աշխատողներին տաք հանձնարարությունը ու լրիվ ազատություն։
Մարիաննա․ Դա կախված է նախագծի բնույթից ու մասշտաբից։
Կարեն․ Թիմում կան տարբեր մասնագետներ։ Ամեն մեկին դու գնահատում ես տարբեր արժանիքների համար։ Եթե, օրինակ, ես ունեմ երեք հայեցակարգ ու քիչ ժամանակ, գիտեմ՝ թե ում ինչ հանձնարարեմ, ու հանգիստ լինեմ, որ ընդհանուր գաղափարը կընկալվի ճշտությամբ։
Շուռ․ Այսինքն՝ հիերարխիկ կառուցվածքով եք աշխատում, այլ ոչ թե ազատ ստեղծագործական․․․
Մարիաննա․ Մենք փորձել ենք նաև էդ տարբերակը, բայց հատկապես երիտասարդները շատ ավելի դժվար են դուրս գալիս ձեռք բերված սահմաններից, պատասխանատվություն վերցնում ոչ ստանդարտ գործողությունների համար։
Շուռ․ Իսկ դրա պատճառը, ըստ քեզ, կրթությո՞ւնն է։
Մարիաննա․ Ես կասեի ոչ թե կրթությունը, այլ նախորդ աշխատատեղերը։ Ու շատերը լավ չեն պատկերացնում, թե ոնց է ընթանում ճարտարապետական պրոցեսը։ Օրինակ՝ նայում են ArchDaily-ում կամ ուրիշ տեղ սիրուն շենքեր, էսթետիկ բաղադրիչը ընկալում են, բայց լավ չեն պատկերացնում, թե ոնց են ստացվում էդ նախագծերը, ինչ տեսություն ու տեսլականներ կան դրանց հետևում, ինչ որոշումներ է կայացրել ճարտարապետը դրան հասնելու համար։ Էդ ամենը շատ էր խոչընդոտում, որ առաջ գնային, հետաքրքիր, նոր բան ստանային։
Կարեն․ Որքան շատ ա մարդ մեր մոտ աշխատում, էնքան ավելի լավ ա սկսում հասկանալ մեր մոտեցումը, ու էդ մարդիկ աստիճանաբար ավելի ազատ են դառնում, մենք էլ ավելի հանգիստ ենք նրանց առաջադրանքներ տալիս։
ՁԵՌԱԳԻՐ
Շուռ․ Իսկ դուք ունե՞ք ձեր ձեռագիրը։
Մարիաննա․ Առաջին հայացքից գուցե չերևա, բայց եթե նախագծին ուշադիր նայես, կսկսես հասկանալ, թե ինչի ենք մենք հենց էսպես կայացրել մեր որոշումները։ Էնպես որ հա, կա։
Կարեն․ Ես համարում եմ, որ էգոիզմ կա էդ մոտեցման մեջ, երբ ուզում ես, որ մարդիկ առաջին հայացքից հասկանան, որ շենքը հենց դու ես գծել։ Մենք մի փոքր այլ կերպ ենք վերաբերվում դրան։ Պայմանական օրինակ բերեմ․ ինչքան էլ մենք սիրենք, օրինակ, չգիտեմ, կապույտ գույնը, պետք չի ամեն նախագծում կապույտը օգտագործել։ Ամեն ինչ կախված է կոնտեքստից, ֆունկցիայից և այլն։
Մարիաննա․ Ստանում ենք առաջադրանք, առաջադրանքի ուսումնասիրության արդյունքում ստանում ենք մի բանաձև, որը մեր կարծիքով միակ տարբերակն ա, առանց վերընթերցումների։ Էդ մոտեցման մեջ սպեցիֆիկ, ճանաչելի ձեռագիր ունենալը դառնում ա անկարևոր։
ԿՈՄՊՐՈՄԻՍՆԵՐ ՈՒ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐ
Շուռ․ Իսկ դժվար չի՞ պահել էդքան մարդ։ Ամեն դեպքում փողի շարժ ա պետք, իսկ դա ենթադրում ա կոմպրոմիսներ։ Ի՞նչ կոմպրոմիսների եք պատրաստ գնալ թիմը պահելու համար։
Մարիաննա․ Մի քանի սահման կա, որ ամեն դեպքում չենք անցնում։ Բնակարանների դիզայն չենք անում, որովհետև չենք սիրում․․․
Շուռ․ Իսկ ավելի գլոբալ առումո՞վ, օրինակ՝ քաղաքի նկատմամբ ինչ չեք անի՝ անկախ առաջարկությանը։
Մարիաննա․ Դե, վերջերս մի նախագիծ մերժեցինք, որ եթե համաձայնվեինք, կարող ա ոսկիների մեջ լողանայինք․ պատվիրատուն առաջարկեց երկնաքեր՝ Հայաստանի սիմվոլներից մեկի տեսքով։
Շուռ․ Այսինքն՝ գաղափարական հիմքով կարող եք հրաժարվել ինչ-որ բանից։
Մարիաննա․ Դե հա, բայց հաճախ չի լինում, էդ էլ ասենք։
Շուռ․ Մի բանաձև կա, որ ասում են՝ ես դեմ եմ, բայց որ ես չանեի, ուրիշը ավելի վատ կաներ, դրա համար արեցի։ Ընդունում ե՞ք։ Շատ եմ լսել, շատ լավ մարդկանցից։
Մարիաննա․ Չէ։ Չնայած, էնպես չի, որ հաճախ ենք դիլեմայի առաջ կանգնել։ Վերադառնալով երեխեքի ազատությանը, հիշեցի Ջրվեժի արգելոցի նախագիծը։ Պիտի ավելանային դիտահարթակ, փոքր ամֆիթատրոն՝ ոչ մի ռադիկալ բան։ Ու որ աշխատում էինք դրա վրա, երեխեքի բերած ռեֆերենսները բոլորը դրսում տեսած, պուպուշ ամֆիթատրոնիկներ են, բայց դրանք իրանց մեջ չունեն գաղափարախոսություն, կոնտեքստ, հանգիստ կարող են լինել Մոսկվայում, կամ Ամստերդամում։ Ոչ մի ձև չի փոխանցնվում հենց Հայաստանում, հենց էս այգում լինելու ունիկալությունը։ Ու մի քիչ բզելուց հետո, մեր Տիկոն բերեց լրիվ նոր բան՝ երկու աշտարակ աչքերի տեսքով, թռնչաբույներ՝ էլի նույն թեմայի մեջ, ու էդ ամեն ինչ միջավայրի հետ շատ համահունչ ու ունիկալ՝ հենց էդ այգու համար։ Ճիշտ մոտիվացիան կարող ա էդպիսի ազդեցություն ունենալ։
Շուռ․ Մեր մոտ մի քիչ թարս ա էդ ամեն ինչ, փոխանակ երեխեքը լինեն ռադիկալ, ասենք, ուզեն հին շենքերը քանդեն, տեղում նորը սարքեն, հակառակն ա՝ բիձեքը քանդում են, ջահելները անհանգստանում․․․
Մարիաննա․ Հավաքել ենք թիմ, որ մի շատ խնդրահարույց հուշարձանի վրա աշխատենք։ Մտքեր ենք փոխանակում ու բոլոր երեխեքը միասին եկան մի մտքի, որ բարալիկ մի բան սարքեն, առանձնապես ֆունկցիա չկատարող, չերևացող, որ հանկարծ չխանգարի եղած հուշարձանին, էն որ, հա՝ թրենդային ա, բայց ինչի՞ համար․․․ Ու ես ու Կարենը ասում ենք եկեք սենց ծավալ դնենք կողքից, վերևից ավելի մեծ բան կախենք, տակը փորենք, կողքերը շարենք... երեխեքը հուզված՝... բայց հուշարձանի մո՞տ․․․
Շուռ․ Իսկ դուք ի՞նչ աստիճանի ամբիցիաներ ունեք։ Ուզում ենք աշխարհը գրավե՞լ, թե՞ եղածով կբավարարվեք։
Կարեն․ Ինչու՞ ոչ։ Ամեն դեպքում, պիտի առաջ գնաս։ Բայց ոչ էն իմաստով, որ դա գերնպատակ ա։ Ժամանակին մենք թողեցինք բավական հարմար կյանքը Մոսկվայում։ Բացի նրանից, որ ես ուզում էի ապրել Երևանում, նաև ուզում էի օգտակար լինել Երևանին ու Հայաստանին։ Երբ գալիս ես էստեղ՝ ինչ-որ հավես բաներ անելու, փոխելու համար, դրա վրա կանգ առնելն էլ ճիշտ չի, պիտի շարժվես առաջ ու մեծ բաների հետևից գնաս։
Մարիաննա․ Մեր երկուսի համար ամենակարևոր բանը առօրյան ա, որ առօրյան լինի քեզ համապատասխան։ Ի վերջո, գրասենյակում ավելի շատ ժամանակ ես անցկացնում, քան ընտանիքիդ ու ընկերներիդ, ուրեմն էդ միջավայրը պիտի շատ ճիշտը լինի։
Կարեն․ Հա, մենք միշտ փորձում ենք հասկացնել, որ օֆիսը էն տեղը չի, որտեղ պիտի գաս, տառապես, փող ստանաս ու գնաս։ Դա շատ փչացնում ա միջավայրը։
Մարիաննա․ Նույնն էլ կոմերցիոն նախագծերը։ Գուցեև անենք անհետաքրքիր ինչ-որ օֆիսային տարածք, բայց դա էլ ունի իր աշխատանքային մարտահրավերն ու հետաքրքրությունը, դրանից էլ կարելի ա ոգևորվել ու բոցավառվել, ու դե վերջում էլ աչքին տհաճ բան չես անի, չես ամաչի, որ քո անունն ա տակը։
ՖԵՅԼԵՐ
Շուռ․ Մենք մտածում ենք Գրադարանում ֆեյլերի շաբաթ կազմակերպել, որ բոլորը գան ու պատմեն մենակ իրանց տապալումների մասին։ Ես, օրինակ, մի անգամ, մոռացել էի պատուհան գծել ու նկատեցի դա, երբ որ շենքը արդեն սարքած էր․․․
Կարեն․ Շատ չէ, բայց մի երկու բան կա․․․ Վերջերս մի կոնցեպտ արդեն մտածել էի, աշխատողներից մեկը սկսել էր 3Դ-ով անել, սկսեցի հասկանալ, որ ինչ-որ բան էն չի։ Ռենդերը ուղարկեցի Մարիաննային, ասում եմ՝ մի բան էն չի, ասեց՝ ոչ թե էն չի, այլ ոչ մեկին չի կարելի սա ցույց տալ։ Լավ ա, որ սարքելու ժամանակ չէր, որ հասկացանք։
Մարիաննա․ 5000 մետրանոց օֆիսային տարածք էր, բանկի գլխամաս։ Բաց խողովակներով էինք գծել, առանց թաքցնելու, բայց հաշվի չէինք առել, որ շինարարի ու ինժեների փոփոխությունից հետո կանալիզացիայի խողովակը անցնում ա հենց տնօրենի սենյակի կենտրոնով։ Շինարարության ժամանակ նկատեցինք՝ վերևում ջուրը քաշում են, ներքևում, տնօրենի մոտ ջուրը խշշալով գնում ա․․․ Հետո փոխեցինք, իհարկե։
ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Շուռ․ Իսկ ինչի՞ միացաք Գրադարանին։ Ինչի՞ եք համարում, որ դա կարևոր ա։
Մարիաննա․ Իրականում, «Գրողի տունը» պիտի դառնար նման մի բան, քովորքինգով, ճարտարապետների բարով և այլն։ Մի քանի բան արեցինք՝ լեկցիաներ, կինոդիտումներ, բայց տեղից շատ չշարժվեց։ Համենայն դեպս, միավորվելու գաղափարը շատ կարևոր էր, ու երբ LFA-ը բացվեց, զրո հարց առաջացավ, մենք իհարկե մեջն էինք։ Ես մանկությունս անցկացրել եմ Ճարտարապետների միությունում, էնտեղ մանկական ճեմարան կար ժամանակին։ Ափսոս, էդ համայնքը չդարձավ էն, ինչ կարող էր դառնալ։
Կարեն․ Մարիաննան էս գրքերը գիտե՞ս ինչքան ա քարշ տվել։ Մոսկվայից Լոնդոն, Լոնդոնից Մոսկվա, Մոսկվայից Երևան․․․ Ու դեռ Մոսկվայում ես նաև ահավոր սիրում էի Մարիշի օֆիսում ժամանակ անցկացնել, որովհետև սքանչելի գրադարան ուներ։
Շուռ․ Իսկ նայում ե՞ն գրքերը եկողները։
Մարիաննա․ Հա՜, լանչի ժամանակ, ինչ-որ պրոեկտների մշակման ժամանակ։ Ու միշտ գիտես, որ ամեն գիրք սազում ա իր կարդացողին։ Հետո երեխեքը անընդհատ հարցումներ են անում, ինչ-որ թեմայով գրքեր են ասում, որ գնենք: Արդեն էն վիճակը չի, որ գիրքը դա սուրճի սեղանի ալբոմն ա՝ սիրուն նկարներով, բայց զրո գիտելիքով։ Մեր մոտ լուրջ գրականություն են կարդում։
Շուռ․ Իսկ համալսարանում կդասավանդեի՞ք։
Մարիաննա․ Ես տեսաբան եմ, դրա համար հաճույքով կմտնեի դրա մեջ։ Ես դիպլոմս էլ գրելուց, ավելի շատ կենտրոնացել էի ոչ թե ճարտարապետության վրա՝ էլի գործարանի նախագիծն էր, այլ թե ոնց պիտի ճանապարհը ուղղորդվի, շենքերի համադրությունը։
Շուռ․ Եթե Electric-ը գիրք գրեր, ինչի՞ մասին կգրեր։
Մարիաննա․ Ես կուզեի ավելի խորանայի երեկվա լեկցիայի թեմայի մեջ․ Էյզենշտեյնի մոնտաժի սկզբունքները ճարտարապետության մեջ, բայց ավելի պրակտիկ օրինակներով։
Շուռ․ Այսինքն՝ դրամայի մասին կլիներ․․․
Կարեն․ Առանց դրամայի ձև չկա։
Մարիաննա․ Ճարտարապետությունն ու ռեժիսուրան երևի երկու ամենամոտ մասնագիտություններն են, որ հավերժ զուգահեռ գնում են։
Կարեն․ Համաձայն եմ, բայց ես ինքս գիրք չէի կարողանա գրել։