Ելենա Համասյան. «Քո մեջ այդ թռչունին փնտրելը, հոգևոր այդ ճանապարհով անցնելը շատ գեղեցիկ է»
Ահա մի զրույց

Ելենա Համասյան. «Քո մեջ այդ թռչունին փնտրելը, հոգևոր այդ ճանապարհով անցնելը շատ գեղեցիկ է»

«Ահա մի զրույցը» ժամանակակից արվեստին նվիրված նախագիծ է, որը մեկնարկում է AHA collective համադրողական գրասենյակը Երևան ամսագրի համար։ Նախագիծը ներկայացնում է համադրողների և արվեստագետների միջև զրույցների շարք։ Յուրաքանչյուր զրույց ծնվում է AHA collective-ի կողմից ստեղծած մի ցուցադրությունից և ծավալվում ըստ թեմայի և զրուցակիցների։

Տեքստը՝ Նայիրի Խաչատուրեանի

 

Լուսանկարները՝ Սևակ Թոմասյանցի / AHA Collective, Ելենա Համասյանի

 

Ելենա Համասյանի գիրքը կարող էք ձեռք բերել AHA collective-ի ցուցասրահում և գրախանութներում։ 

#Արվեստ

Նախագծի երրորդ զրույցը արվեստագետ Ելենա Համասյանի և համադրող Նայիրի Խաչատուրեանի միջև է։ Զրույցը կայացել է «Հազարան բլբուլ. Ելենա Համասյան» ցուցադրության շրջանակում, որը բացվել է AHA collective-ի ցուցասրահում 2026 թվականի հունիսի 6-ից մինչև հուլիսի 6-ը։ Ցուցադրությունը նվիրված է Ելենա Համասյանի նոր լույս տեսած «Հազարան բլբուլ» լուսանկարչական անդրանիկ հեղինակային գրքին։ Այն միավորում է լուսանկարների և բանաստեղծությունների շարք, որոնք արտացոլում են արվեստագետի անձնական ճանապարհորդությունը դեպի կնոջ էության զարթոնքի հրաշագործ ուժը՝ սիրո և մայրության փորձառությունների միջոցով։

 

 

Նայիրի. Վերջին վեց տարիների ընթացքում դու և ամուսինդ՝ Տիգրան Համասյանը միասին ուսումնասիրել եք «Հազարան բլբուլ» ժողովրդական հեքիաթը, որը բազմաթիվ տարբերակներով հանդիպում ենք Հայաստանում և արևելյան մշակույթներում։ Ժողովրդական հեքիաթի ձեր գեղարվեստական մեկնաբանությունը հանգեցրել է երկու տարբեր ստեղծագործությունների։ Մինչդեռ Տիգրան Համասյանի համանուն ալբոմը, որը թողարկվել է 2024 թվականին, կրում է էպիկական ուժգնություն՝ հետևելով Արեգի հոգևոր որոնումներին՝ գտնելու այն երգող թռչունին, որի ձայնը կարող է վերականգնել անեծքով պատուհասված Թագավորության չորացած այգին, քո մեկնաբանությունը խորապես անձնական է։ Ինչպե՞ս սկսվեց քո ու Տիգրանի հետաքրքրությունը դեպի «Հազարան բլբուլ» ժողովրդական հեքիաթը։ Ինչ-որ առիթով ձեր ձեռքն ընկավ, թե՞ Ամերիկայում` Հայաստանից հեռու լինելով վերընթերցեցիք հեքիաթը։ 

 

Ելենա. Այո, մենք Ամերիկայում էինք և շատ էինք կարոտում Հայաստանը։ Շատ գրքեր ունեինք, և մի օր ձեռքս ընկավ Արթուր Շահնազարյանի «Է արար» գիրքը։ Այնտեղ կարդացի այդ թռչունի մասին ու զգացի, թե որքան գեղեցիկ է այդ ամենը։ Հեղինակը հեքիաթից բացի նաև բացատրում է դրա խորհուրդը, իր ընկալումները, ինչը շատ տպավորիչ էր։ Այդ գրքի ամեն մի էջի, ամեն մի նախադասության շուրջ կարելի էր երկար մտորել ու բազմաթիվ սիմվոլներ գտնել։ Երբ Տիգրանը եկավ, ես ցույց տվեցի գիրքն ու ասացի. «Տե՛ս, թե ինչ հրաշք է»։ Այդպես սկսեցինք անընդհատ կարդալ այդ նույն հեքիաթը։ Այդ ժամանակ ես սովորում էի հեռակա լուսանկարչական դպրոցում և որոշեցի իմ ավարտական նախագիծը նվիրել հենց այս թեմային՝ ստեղծելով մի ֆոտոէսսե։

 

Այդ շրջանում Տիգրանը շատ էր ճամփորդում։ Իմ ամենաչսիրած բանն է, երբ ես Ամերիկայում եմ լինում, իսկ ինքը՝ Եվրոպայում, կամ հակառակը։ Ժամային տարբերության պատճառով կապ հաստատելը շատ դժվար է. երբ ինձ մոտ ցերեկ է՝ նա քնած է լինում, իսկ երբ ես եմ գիշերը քնում՝ նա արթուն է։ Այդ հեռավորության մեջ կարոտն ավելի է խտանում։ Բայց, իհարկե, այդ կարոտը նաև ստեղծագործելու մեծ ուժ է տալիս, որպեսզի միտքդ զբաղեցնես ու ժամանակն արագ անցնի (ծիծաղում է)։

 

 

 

Նայիրի. Ինչով է առանձնանում այս հեքիաթը քեզ համար։ 

 

Ելենա. Տարբեր մշակույթներում կան հավերժական թռչուններ, ինչպես Փյունիկը, որոնք չեն զրկվել հավերժական կյանքից, քանի որ չեն կերել արգելված պտուղը։ Բայց մեր հայկական թռչունն առանձնանում է նրանով, որ կարևոր է ոչ միայն իր ներկայությունը, այլև` իր երգը։ Հիանում եմ տեսնելիս, թե հայերն որքան են կարևորում երգն ու երաժշտությունը։ Երգն այստեղ խորհրդանշում է այն բարի գործը, որը մարդը պետք է անի. քիչ է միայն ներքուստ բարի լինելը, պետք է արարել, որպեսզի աշխարհում լավ բան ստացվի։

 

Ընդհանրապես, հեքիաթային հերոսները հաճախ կա՛մ որբ են լինում, կա՛մ ուրիշ տեղից եկած, կասկածելի ծագումով։ Արեգն էլ է այդպիսին. նա երեխա է, տարբերվող, նրան չեն հետաքրքրում աշխարհիկ, նյութական վայելքներն ու ուրախությունները։ Նա գնում է բարձրանալու այն սարը, որտեղ Հազարան բլբուլն է։ Այնտեղ, սարն ի վեր, տարբեր փորձություններ ու աշխարհներ են հանդիպում, որոնք ես իմ գրքում շատ չեմ մանրամասնել, բայց այդ ամենը թողեցի Տիգրանի երաժշտության մեջ։ Նրա երաժշտության մեջ այդ ճանապարհի դաժանությունն ու խորությունը շատ ընդգծված են արտահայտված, իմ մոտ մի քիչ այլ է։

 

Ի վերջո, Արեգը հասնում է Հազարան բլբուլին։ Եղբայրները գողանում են թռչունին, բայց առանց Արեգի նա չի երգում։ Մինչև Արեգը չի վերադառնում, թռչունը լուռ է մնում։ Այստեղ ևս մի կարևոր դրվագ կա. եղբայրները Արեգին գցում են հորի մեջ, ինչը վերածննդի խորհրդանիշն է։ Նա խորը քուն է մտնում, որը խորհրդանշում է մահն ու դրան հաջորդող վերածնունդը։ Հորում նա սպանում է օձին, որը հարձակվել էր արծվի ձագերի վրա։ Ձագերը պատմում են մորը, և արծիվն օգնում է Արեգին դուրս գալ այնտեղից ու վերադառնալ մեր աշխարհ։ Այսինքն՝ նույնիսկ թռչունին գտնելուց հետո, նա իր տանջանքներով ու անվախությամբ անցնում է վերածննդի իր ճանապարհը։

 

 

 

Նայիրի. Ինչպե՞ս է եղել քո անձնական հազարան բլբուլի փորձառությունը՝ հատկապես մայրության և քո ներքին կանացի պայքարների հետ։

 

Ելենա. Այս պատմությունից յուրաքանչյուրը կարող է վերցնել այն, ինչ իրեն հոգեհարազատ է։ Ես՝ որպես կին, Արեգը չեմ, որ թուրը վերցնեմ ու գնամ կռվելու։ Ես իմ թրերն ունեմ, իմ տարածքն եմ պաշտպանում և իմ «Էվերեստներն» եմ բարձրանում։ Շատ հետաքրքիր էր, որ այս գրքի ստեղծման ընթացքում մեր ընտանիքում երեք երեխա ծնվեց։ Առաջին երեխայի հետ դժվար էր, երկրորդի հետ՝ ոչ թե երկու, այլ հիսուն անգամ ավելի դժվար, իսկ երրորդի հետ՝ էլ ավելի։ Ես չգիտեմ այն մայրիկներին, ովքեր ասում են, թե ամեն ինչ հեշտ է անցնում. իմ դեպքում այդպես չէր, որովհետև յուրաքանչյուր երեխա հարյուր տոկոսով պահանջում է մորը։ 

 

Հիշում եմ, երբ ծնվեց մեր երկրորդ երեխան՝ Մանեն, ամենադժվար շրջանն էր, քանի որ քովիդի տարիներն էին։ Մենք մենակ էինք Վենետիկում և շատ ծանր հիվանդացանք։ Ես երեք օր ոչինչ չէի կարողանում ուտել կամ խմել, օրգանիզմս չէր ընդունում, բայց շարունակում էի երեխային կրծքով կերակրել։ Երեխան էլ էր հիվանդ ու տագնապած։ Վերջում արդեն քայլել չէի կարողանում, ուժասպառ էի լինում։ Երրորդ օրը հասկացա, որ գոնե մի քիչ քաղցր ջուր է պետք խմել, որ մարմինս ընդունի։ Այդպես, երկու-երեք օր անց վիճակս սկսեց լավանալ։

 

Այդ անքուն գիշերներին ես միայն մի բան էի անում. կարդում էի այն մարդկանց մասին, ովքեր բարձրացել էին Էվերեստը։ Ուսումնասիրեցի այն առաջամարտիկներին, ովքեր առաջինն են գնացել, այլ ոչ թե հիմիկվա պես, որ հերթեր են կանգնում (չնայած հիմա էլ է շատ դժվար)։ Այն, ինչ նրանք նկարագրում էին իրենց զգացողությունների մասին, ես ինքս էի զգում՝ նայելով իմ երեխաներին։ Փոքրս գիշերը չէր քնում, ես հիվանդ ու հոգնած էի, իսկ վաղ առավոտյան մեծս էր արթնանում ու գալիս ինձ մոտ... Այդ պահին կյանքս իսկապես շատ ծանր էր։ Ինձ թվում էր, թե ամեն գիշեր ես Էվերեստ եմ բարձրանում։

 

 

 

Իսկ երրորդ երեխայի ծննդից հետո մի այլ զգացողություն եկավ։ Էլի դժվարին պահերին մտքով վերադարձա Էվերեստին, բայց մի գիշեր պառկած հասկացա. ես այլևս Էվերեստ չեմ բարձրանում, ես ինքս եմ դարձել Էվերեստ։ Դա շատ հետաքրքիր զգացողություն էր, որովհետև դժվարությունն արդեն գերազանցել էր բոլոր սահմանները։ Սրանով չեմ ուզում վախեցնել, ընդհակառակը՝ պետք է երեխաներ ունենալ, որպեսզի զգաս այդ ամենը։ Պարտադիր չէ գնալ ու Էվերեստ բարձրանալ, կարող ես ամեն գիշեր տանը՝ երեխայիդ հետ անցնել այդ ճանապարհը։

 

Այն, ինչ ես լուսանկարում էի, հենց տան, կենցաղի հետ էր կապված։ Տղամարդիկ գնում են պատերազմ, նրանց կռիվն ու տանջանքն ուրիշ է, բայց ես՝ որպես կին, իմ ներքին պատերազմով ու փորձառությամբ եմ անցնում, ինչը նույնպես շատ արժեքավոր է։

 

Նայիրի. Հետաքրքիր է, որ դուք երկուսով միաժամանակ ծանոթացաք այս հեքիաթին, և Տիգրանի մոտ ցանկություն արթնացավ երաժշտության, ձայնի ու երգի միջոցով արտահայտել իր «Հազարան բլբուլի» ճանապարհը, իսկ դու՝ պատկերի, բանաստեղծության ու գրքի միջոցով։ Ու այդ ընթացքում երկուսով անցնում էիք զույգից ծնող դառնալու հրաշալի ճանապարհը։

 

Ելենա. Այո, շատ հետաքրքիր էր։ Մենք կարծես մի ուրիշ իրականության մեջ էինք ապրում։ Ամերիկան իր արժեքներով իմ երկիրը չէր, ինձ համար շատ դժվար էր այնտեղ, և այդ պատճառով սկսում ես քեզ համար ստեղծել մի զուգահեռ աշխարհ։ Իսկ քո մեջ այդ թռչունին փնտրելը, հոգևոր այդ ճանապարհով անցնելը շատ գեղեցիկ է։

 

 

Նայիրի. Շատ բան է փոխվում մարդու մեջ, երբ նա սկսում է այդ որոնումը՝ իր ներսում, իր գիտակցության մեջ։ Այդ ճանապարհը կարող է բերել մի տեսակ արթնացման։

 

Ելենա. Այո՛։ Այդ հեքիաթն այնքան հարուստ է իր շերտերով, որ անընդհատ ուզում ես, որ իրենից նոր արժեքներ ծնվեն։

 

Նայիրի. Իսկ ինչպե՞ս էր ընթանում ձեր համատեղ ստեղծագործական ընթացքը

 

Ելենա. Ճիշտն ասած, ես ավելի շատ աշխատում էի այն օրերին, երբ Տիգրանը մեկնում էր իր համերգներին։ Այդ ժամանակ ես հարյուր տոկոսով պատկանում էի ինձ. կարող էի առավոտից իրիկուն միայն իմ գործերով զբաղվել՝ գրել, նկարել, մտածել ու տարբեր փորձարկումներ անել։

 

Երբ այսօր արդեն պատրաստի գրքին եմ նայում (քանի դեռ գիրքը պատրաստ չէ, շատ բաներ չես կարողանում ամբողջությամբ ընկալել), տեսնում եմ, որ այն երկու գլխավոր մաս ունի։ Առաջինը նվիրված է ինձ ու Տիգրանին՝ մեր հարաբերություններին, մեր ներքին թռչունին ու մեր ճանապարհին, թե ինչպես ենք տեսնում աշխարհն ու փորձում խնդիրները լուծել նախ մեր ներսում։ Չէ՞ որ երբ քո մեջ ինչ-որ բան ես հարթում, դրանից աշխարհում էլ մի փոքրիկ բան լավանում է։

 

 

Նկատեցի, որ այն լուսանկարներում, որոնք արվել են նախքան երեխաների ծնվելը, բնությունը պատկերված է շատ վերացական ձևով։ Ես կարծես անընդհատ փնտրում էի, թե որտեղ է լույսը, որտեղից կգա թռչունը, ու իսկապես խաղում էի լույսի հետ։ Լուսանկարչությունը հենց դրա համար եմ սիրում. այն լույսով նկարչություն է, որտեղ անընդհատ շփվում ես լույսի ու գույների հետ։ Այդ լեզուն ինձ համար շատ գեղեցիկ է։ Իսկ երբ երեխաները ծնվեցին, իմ բոլոր նկարներում հայտնվեց իրական բնությունը։ Այս ամբողջ տանջանքների ու փորձությունների միջով անցնելով՝ ես կարծես շատ բան ստացա։ Ես չեմ խոսում միայն երեխաներ ունենալու բերկրանքի մասին. այդ ամենը քեզ կրթում է, հասունացնում, և միայն հետո ես հասկանում, թե ուր է հասցրել քեզ այդ ճանապարհը։

հավելյալ նյութեր