«Էպիգրաֆի» հիմնադիր․ «Եթե բիզնեսմեններ լինեինք, հնարավոր է՝ ոչ մի գրախանութ չբացեինք»
Գրախանութ

«Էպիգրաֆի» հիմնադիր․ «Եթե բիզնեսմեններ լինեինք, հնարավոր է՝ ոչ մի գրախանութ չբացեինք»

Մի քանի տարի առաջ Քանաքեռ-Զեյթունում բացված «Էպիգրաֆ» գրախանութն արդեն վերածվել է լիարժեք ցանցի․ այդ ցուցանակը կարելի է հանդիպել Մեգամոլում, Մաշտոցի պողոտայում և Ազնավուրի հրապարակում։ ԵՐԵՎԱՆը շփվել է «Էպիգրաֆի» համահիմնադիր ճարտարապետ Արինե Քեշիշիի հետ ու պարզել, թե ինչն է մարդկանց ստիպում մտնել իրենց գրախանութ և ինչ խնդիրներ ունի ոլորտը։

Տեքստը՝ Մարիամ Ալոյանի

 

Լուսանկարները՝ «Էպիգրաֆի» արխիվ

#ՔաղաքըԿարդումԷ

Ռիսկ

Հինգ տարի առաջ էր ինչ-որ մի նախաձեռնություն պետք է սկսեինք երեք հիմնադիրներիով. ես՝ ճարտարապետ, մյուս երկուսը՝ նկարիչ ու ֆիզիկոս: Նաև որոշակի բազա կար գրքերի ու պարագաների հետ կապված, որոշեցինք, որ պետք է մի միջավայր, որտեղ կհամատեղվի այդ ամենը: Որոշեցինք նոր ֆորմատով ներկայացնել՝ արվեստ, ճարտարապետություն, պարագաներ, գրքեր, փաթեթավորում, լավ երաժշտություն… ամեն ինչ խառնեցինք ու ստացանք «Էպիգրաֆը»: Սկզբում վախենալու էր հատկապես «Լամբադա» կամրջի մոտ։ Բնակիչները հավատացած չէին, որ այդտեղ կաշխատի գրախանութ, որովհետև ինչ բիզնես փորձել էին, չէին հաջողել, բայց ստացվեց:

 

Երևի ամենակարևորն էն էր, որ զգում էինք՝ մարդկանց դուր է գալիս, մարդիկ մտնում էին, թեկուզ բան չգնեին, բայց մնում էին երկար, սիրով էին գալիս, վերադառնում էին։ Թեպետ ֆինանսապես դժվար էր սկզբից, բայց զգում էինք, որ զարգացում ու շարժ կա, որը օգնեց մեզ ու սկսեցինք մյուս մասնաճյուղերը բացել. Աբովյան, Մեգամոլ և Մաշտոց: 

 

Բոլորի դեպքում ռիսկի գործոնը կար․ եթե բիզնեսմեններ լինեինք, հնարավոր է՝ ոչ մի գրախանութ չբացեինք: Չենք փոշմանել այս ամենի համար։ Եթե որոշ ժամանակ հետո այդ շարունակական աճը ստաբիլ մնա ու հետ չգնա, որն իհարկե մեզնից էլ է կախված: Չնայած շատ խանգարող հանգամանքներ կան. օնլայն վաճառքներ, հարկեր, երկրում տիրող իրավիճակներ: Կարծում եմ՝ գրախանութների հետ կապված որոշ մեղմացումներ են պետք, որովհետև կա նաև մշակույթ ձևավորելու հարց: 

 

 

Ինչու են մարդիկ մտնում «Էպիգրաֆ»

Դժվար է ասել, թե հատկապես ինչն է մղում մարդկանց մտնել «Էպիգրաֆ»․․․ Ինձ թվում է՝ վերջնական արդյունքը մանր բաների համակցումն է: Ուստի, պետք է ամեն ինչին ուշադրություն դարձնել։ Դիզայնի հետ կապված ասեմ, որ ըստ իս՝ գրախանութները պետք է մինիմալ դիզայնով լինել՝ ակցենտը տալով գրքերին: Հատկապես Մաշտոցի դեպքում շատ էինք կարևորում՝ որը որտեղ դնել, ամեն ինչ արել ենք, որ չդառնա էնպիսի տեղ, որ մի անգամ գնաս, հիանաս ու էլ երբեք չգնաս: Կարևոր է այդ միջավայրը ստեղծել, որ մարդիկ հարմար զգան իրենց: 

 

Հաջորդը երևի մարդկային շփումն է: Նաև կարևոր է երաժշտությունը: Եթե այս ամենը լավ արվի, պետք է որ ստացվի: Թեպետ խորհրդատու գտնելը բարդ է, փորձում ենք այնպես անել, որ բոլոր մասնաճյուղերում խորհրդատվության կարգը միանման լինի: Աշխատաշուկան այս ոլորտում դժվար է, հիմնականում ուսանողներն են դիմում, որոնք էլ ծանրաբեռնվածության պատճառով աշխատանքին շատ ուշադիր չեն հասցնում լինել: Բայց փորձում ենք տարբեր միջոցներով դա պահել: Ընդհանրապես, բոլոր աշխատաիցներին խնդրում ենք իրենց գործը մաքսիմալ լավ անել: Եթե վերաբերմունքը ամեն մեկի ներսից ջերմ լինի, դա միանշանակ իր պտուղը կունենա: Ես էլ, եթե մի բան սիրով չեմ անում, լավ չի ստացվում:

 

 

 

Միջոցառումներ

Դրանք շատ օգտակար են, որովհետև տարբեր թեմաներով միջոցառումներ անելուց տարբեր մարդկանց ես բերում գրախանութ: Կարծում եմ, որ երբ պատահական ես մտնում գրախանութ և հետաքրքիր միջոցառում ես տեսնում, հրաշալի է: Ես կարծում եմ, որ մենք կարողանում ենք առաջարկել այս միջավայրը, որ ստեղծված է, մնացածը կախված է բանախոսից, թեմայից և այլն:

 

Գրքի մշակույթի պակաս

Կարծում եմ՝ տանը գրադարան հավաքելու մշակույթ դեռևս չունենք: Օրինակ՝ ինձ դուր է գալիս, որ գրադարակումս տեսնում եմ, որ նոր գիրք է ավելանում: Բայց այդ մշակույթը միայն գրախանութները չպիտի ձևավորեն. ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, հեռուստատեսություն և այլն: Ես անձամբ մտածում եմ, որ ինչքան էլ գիրքը գովազդես, մինչև մարդը չի կարդում ու զգում, որ դա հաճելի է իրեն, ինքը  գիրք չի կարդա, իսկ դա երևի մարդուն պետք է սովորեցնել դպրոցում ու բուհերում, պետք է արժեքավոր դառնա կարդացած մարդը: Երբ ռուսները եկան, գրախանութների շարժը մեծացավ, վաճառքների թիվը բարձրացավ: Այդ մշակույթը պետք է նաև մեզ մոտ ձևավորվի: 

 

 

 

Ինչ գրքեր են գնում «Էպիգրաֆից»

Եթե մարդը մտել է գիրքը գնելու, այսպես թե այնպես կգնի, բայց եթե կա լավ խորհրդատու, մարդը, որ մտել է գիրքը նայելու, կարող է նաև գնել ու լավ գրքեր գնել: Մեր թիմը շատ եզակի մարդկանցով է կազմավորվել, որը բարդ գործընթաց է: Մենք նաև պիտի առաջարկենք ու սխալ բան չառաջարկենք, որովհետև գուցե գնա ու էլ երբեք հետ չգա: 

 

Նախընտրությունները կախված են տարիքային խմբից, սեզոնից, նույնիսկ աշխարհագրությունից․ ամեն մասնաճյուղում տարբեր պահանջներով են մարդիկ գալիս: Նույնիսկ մի քանի կիլոմետրի վրա մարդկանց պահանջի տարբերություն կա, որը մենք փորձում ենք բավարարել:

հավելյալ նյութեր