Էքսկուրսավար. թանգարանային սուպերհերոսների մասին
Թանգարաններ

Էքսկուրսավար. թանգարանային սուպերհերոսների մասին

Լավ էքսկուրսավար լինելու բանաձևի ու կրթական ծրագրերի կարևորության մասին ավելին իմանալու համար ԵՐԵՎԱՆ-ն այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Հարություն Մալխասյանի

 

ԵՐԵՎԱՆ #70 | 2021

 

#Թանգարաններ

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931-ին: Հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. տեղափոխվել է Կապույտ մզկիթ: 1994-1997թթ. գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005-ին թանգարանը հաստատվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծած Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1/1)` քաղաքապետարանի հետ կազմելով միասնական ճարտարապետական համալիր: Թանգարանում պահպանվում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող շուրջ 94 հազար առարկա. հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, այդ թվում՝ Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։

Ժամանակին ինքս լինելով ԵՊԹ գիտաշխատող՝ գերծանրաբեռնված օրերին մի քանի անգամ ստանձնել եմ էքսկուրսիա վարելու բարդ գործն ու հավատացեք, գիտեմ, թե ինչ եմ ասում՝ գործն իսկապես բարդ է։ Բավական չէ, որ ելույթ ես ունենում մի խումբ անծանոթների առջև, պիտի ոչինչ բաց չթողնես, ցանկացած պարագայում լինես կենսուրախ, քաղաքավարի ու ոչ ձանձրալի, դեռ մի բան էլ պիտի պատրաստ լինես պատասխանել բոլոր հնարավոր հարցերին։ Հիշողությունս թարմացնելու համար այցելեցի նախկին աշխատավայրս՝ Երևան քաղաքի պատմության թանգարան ու հանդիպեցի թանգարանի էքսկուրսիոն բաժնի ղեկավար Մարինա Խաչմանուկյանին ու բաժնի աշխատակիցներին։ 

 

 

Մարինա Խաչմանուկյանը

 

Տալու և վերցնելու արվեստը

Դժվար է պատկերացնել մեկին, ով ավելի շատ է սիրում իր մասնագիտությունը և այդչափ խանդավառությամբ է խոսում դրա մասին, որքան Մարինան, ով արդեն գրեթե 30 տարի էքսկուրսավար է։  Մարինան խոստովանում է, որ երբեք չի մտածել էքսկուրսավար լինելու մասին, այդպես ստացվել է հանգամանքների բերումով. «Մասնագիտությունս սկսեցի սիրել ժամանակի հետ։ Սկզբում այն պարզապես աշխատանք էր։ Սիրում եմ գործս, որովհետև այն հնարավորություն է տալիս մարդկանց հետ շփվելու։ Ինչպես ցանկացած մարդկային շփման մեջ, այստեղ ևս թե՛ տալիս ես ու թե՛ վերցնում, ոչ միայն սովորեցնում, այլև սովորում։ Ես ուրախ եմ, որ կարող եմ զբոսաշրջիկներին պատմել Երևանի պատմությունը։ Փոքրիկ հայրենասիրական տարր կա այս գործի մեջ։ Լինելով Երևանի քաղաքապետարանի հետ միևնույն շենքում՝ ունենում ենք բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, աշխարհի տարբեր քաղաքների քաղաքապետեր են այցելում մեր թանգարան, և ինձ դուր է գալիս, որ հենց ես հնարավորություն ունեմ Երևանը լավագույնս ներկայացնելու»։ 

 

Ըստ Մարինայի, էքսկուրսավարը թանգարանի դեմքն է։ Եվ իսկապես, թանգարանից ստացած տպավորությունները մեծապես կախված են էքսկուրսավարից։ Թանգարանային աշխատանքն անշուշտ բազմազան է, չի կարելի թերագնահատել, օրինակ, գիտաշխատողների ու ֆոնդապահների, սրահի ու տոմսարկղի պատասխանատուների աշխատանքը, բոլորի, այդ թվում և հենց տնօրենի աշխատանքն էլ ի վերջո հանգում է նրան, որ թանգարանը առավելագույնս հարմարավետ ու հետաքրքիր լինի այցելուի համար։ Սակայն հենց էքսկուրսավարի հետ է ամենաշատն առնչվում այցելուն և հենց էքսկուրսավարից է կախված, թե ինչ տպավորություններով կհեռանա այցելուն և կցանկանա՞ արդյոք կրկին վերադառնալ, թե ոչ։ 

 

Իր բաժնի աշխատակիցներին և ուսանողներին Մարինան հաճախ հիշեցնում է իր իսկ փորձի հիման վրա դուրս բերած արհեստավարժ էքսկուրսավար լինելու 1+4 բանաձևը։ Նախ, պետք են խորքային գիտելիքներ. շատ կարևոր է, որ էքսկուրսավարը տիրապետի ոչ միայն թանգարանի հիմնական ցուցադրությանը վերաբերող նյութին, այլև հարակից ինֆորմացիային։ Հետո պետք է զգալ ու հասկանալ այցելուին, սա արդեն հոգեբանություն է։ Մյուս կողմից՝ էքսկուրսավարը պետք է լինի նաև մանկավարժ՝ կարևոր է երեխայի հետ ճիշտ հարաբերվելու, նյութը տարիքին համապատասխան, մատչելի և հետաքրքիր մատուցելու կարողությունը։ Դա նաև ենթադրում է հռետորի հմտություններ. միատոն խոսքը շատ արագ կարող է հոգնեցնել այցելուին։ Կարևոր են նույնիսկ դիմախաղն ու ժեստերը։ 

 

Եվ, ի վերջո, յուրաքանչյուր էքսկուրսիա փոքրիկ ներկայացում է, որտեղ էքսկուրսավարն ինքը թե՛ սցենարիստն է, թե՛ ռեժիսորն ու թե՛ դերակատարը։ Պետք է ամեն անգամ մտնել այդ դերի մեջ ու ավարտել ներկայացումը պատվով։ Մարինան վստահ է, որ որքան էլ ավելանան տարատեսակ աուդիոգիդերը, այնուամենայնիվ, իրական մարդկային շփման ու փոխանցած էմոցիաներին ոչինչ չի կարող փոխարինել։ 

 

Գոհար Ամալյանը

 

 

Երևանի դեսպանները 

Մարինան գտնում է, որ հատկապես հետպատերազմյան շրջանում շատ կարևոր է մեր մշակութային ժառանգության, մեր ինքնության հարցը շեշտադրելն ու վերաիմաստավորելը։ Ահա թե ինչու հատկապես Երևան քաղաքի պատմության թանգարանում էքսկուրսավարներն ինչ-որ առումով Երևանի դեսպաններ են, ովքեր ներկայացնում են մայրաքաղաքի պատմությունը ոչ միայն մեր քաղաքացիներին, այլև աշխարհի տարբեր կողմերից Երևան ժամանած զբոսաշրջիկներին։ Ի դեպ՝ այս առումով աշխարհագրությունը բավական մեծ է. Ռուսաստան, Հնդկաստան, Իրան, ԱՄՆ, եվրոպական մի շարք պետություններ և այլն։   

 

Իհարկե, էքսկուրսավարի մոտեցումն ու մատուցվող նյութը փոխվում է, կախված նրանից՝ այցելուն տեղացի է թե արտերկրից։ Դե, ենթադրվում է, որ տեղացիներն արդեն գիտեն որոշ հիմնական բաներ մեր քաղաքի ու մեր մասին (չնայած, Մարինան ցավով նշում է, որ ոչ միշտ է այդպես)։ Իսկ ահա արտերկրից ժամանած այցելուներին նյութը մատուցվում է այնպես, որ նրա մոտ տպավորվեն ամենակարևոր փաստերը, Երևանի ու հայերի հիմնական բնորոշիչները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Երևանի տարածքը մեր նախնիների կողմից բնակեցված է եղել դեռևս անհիշելի ժամանակներից։ 

 

Անշուշտ, այստեղ անհնար կլիներ, առանց օտար լեզուների տիրապետող էքսկուրսավարների, ովքեր զբոսաշրջիկի համար այցը թանգարան դարձնում են առավել հարմարավետ։ Ինքը՝ Մարինան, հաճախ էքսկուրսիաներ է անցկացնում ռուսերենով, սակայն ռուս զբոսաշրջիկները, ինչպես հայտնի է, Հայաստան շատ են այցելում և Մարինան իհարկե, մենակ չէ։ Բաժնի աշխատակիցներից Սիմա Գրիգորյանցը, ով ի դեպ նաև մանկական հոգեբան է և մշակութաբան, ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն էքսկուրսիաներ է վարում, այսպես ասած՝ ունիվերսալ զինվոր է։ Առաջին հայացքից, իհարկե, ոչ մի բարդ բան, ընդամենը ռուսերեն էքսկուրսիա, բայց, հավատացեք, ռուս զբոսաշրջիկներն աչքի են ընկնում հետաքրքրասիրությամբ և շատ են սիրում հարցեր տալ։ Թանգարանում արդեն գիտեն, որ եթե Սիման գնաց էքսկուրսիա վարելու, ապա մոտակա մեկ ու կես ժամն անիմաստ է նրան սպասել։ Անգլերենի հարցում պատասխանատու է Գոհար Ամալյանը, ով ևս հայտնի է բարեխիղճ ու մանրամասն էքսկուրսիաներով։ Այս մարդիկ հոգնել բառն ուղղակի չգիտեն։ Գերմաներեն լեզվի հարցում բաժնին օգնության է հասնում Երևանի նորագույն պատմության բաժինը՝ հանձինս բաժնի ղեկավար Մեխակ Իզմիրյանի և գիտաշխատող Արմինե Կորեկյանի։ Այս երկուսը գերմանացուն հատուկ ճշտապահությամբ արագ ու արդյունավետ կերպով օգնում են իրենց գործընկերներին։ 

 

Սիմա Գրիգորյանցը

 

Ասպրամ Զաքարյանը

 

Խիստ հայացքի անհրաժեշտությունը 

Դասական էքսկուրսիաներից բացի Երևան քաղաքի պատմության թանգարանում մշակվում և անցկացվում  են երեխաների տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված կրթական ծրագրեր։ Դրանցից ամենասիրելին թերևս «Ճանաչիր Երևանը» խաղ-էքսկուրսիան է։ Այս էքսկուրսիայի հիմնական պատասխանատուն Ասպրամ Զաքարյանն է։ Խաղի շնորհիվ երեխաները նախ ծանոթանում են ամբողջ ցուցադրությանը, ապա երկու խմբի բաժանվում Երևանի 17-19-րդ դարի մանրակերտի շուրջ, որն, ի դեպ, կարող է կենդանանալ հատուկ լուսաձայնային պրոյեկցիայի շնորհիվ և մրցելով, հարց ու պատասխանի միջոցով ամփոփում գիտելիքները։ 

 

Ասպրամն էլ իր հերթին անում է ամեն ինչ, որ երեխաները թանգարանից հեռանան ոչ միայն նոր գիտելիքներով, և խաղից ստացած վառ տպավորություններով, այլև այն գիտակցությամբ, որ միշտ հաղթում է ընկերությունը։ Ի դեպ՝ թանգարանում բոլորը գիտեն, որ Ասպրամի վարած էքսկուրսիաների ընթացքում երեխաները զարմանալի կարգապահ են լինում: Ասպրամը հաճույքով է խոսում այդ չարաճճիների մասին. «Անգամ ամենաանկարգ երեխաներին հնարավոր է ներգրավել ու հետաքրքրացնել, միայն թե պետք է համբերատար լինել։ Իհարկե, լինում են պահեր, երբ ստիպված եմ լինում խիստ հայացք նետել նրանց ուղղությամբ, կամ լռել այնքան, մինչև որ հասկանան, որ ողջ խումբն իրենց է սպասում։ Որպես կանոն՝ ամաչում են ու սթափվում»։  Երկու որդիների մշակութաբան մայրիկը շատ լավ գիտի, թե ինչպես է պետք մատուցվող նյութը հետաքրքիր դարձնել բոլոր չարաճճի բալիկների համար։ 

 

Թանգարանի Երևանի նոր պատմության բաժինն էլ՝ ի դեմս բաժնի ղեկավար Սուսաննա Հարությունյանի, մշակել է երկու դաս էքսկուրսիա՝ դպրոցականների համար։ «Երևանի բերդի առումը» և «Երևանի 1724-ի հերոսական պաշտպանությունը» արդի թեմաներով, որոնք նախատեսված են այն աշակերտների համար, ովքեր դպրոցում Հայոց պատմություն առարկայի շրջանակում արդեն ծանոթացել են թեմային։ Սուսաննա Հարությունյանը, ով նախկինում ինքն էլ դպրոցում պատմության ուսուցչուհի է եղել, բավական մանրամասն ներկայացնում է նյութը։     

 

Ու մինչ մենք զրուցում ենք նոր կրթական ծրագրերից, լսվում է էքսկուրսիոն բաժնի հեռախոսի ձայնը։ Նոր էքսկուրսիա գրանցվեց, ես էլ հիշեցի, թե ինչ զավեշտալի զանգեր էին լինում։ Որոշ մարդիկ որոշում էին, որ զանգահարել են Երևանի տուն-թանգարան, որոշները՝ քաղաքապետի տուն-թանգարան, մեկին հետաքրքրում էր Վարդան Մամիկոնյանի թրի քաշը, մյուսներն էլ չէին կողմնորոշվում, թե ո՞վ է իրենց ուղեկցելու թանգարանում՝ պատմիչը, ասիչը, քույրիկը, մորաքույրը, թե՞ այնուամենայնիվ էքսկուրսավարը։

 

Ասում եմ, չէ՞, հեշտ գործ չի։

հավելյալ նյութեր