Էքսպատներ. Արցախին սիրահարվածները
Արցախ

Էքսպատներ. Արցախին սիրահարվածները

Նրանց արմատներում առաջին հայացքից Արցախ տանող ոչ մի թել չկա, կյանքի նախնական սցենարներում չէր էլ ենթադրվում, որ մի օր իրենց կյանքը չեն պատկերացնի առանց այս հողի: Մեկ անգամ այցելած ու մեկընդմիշտ ճակատագիրն Արցախի հետ կապած մարդիկ պատմում են՝ ինչպես սիրահարվեցին մեր մեծ հայրենիքի այս փոքրիկ, բայց կարևորագույն կետին:

Տեքստը՝ Էլեն Բաբալյանի

 

Բացման լուսանկարը՝ Բիայնա Մահարու

 

ԵՐԵՎԱՆ #79 | 2023

#Արցախ

 

Տիգրան Սուչյան 

Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար


Պատերազմից հետո եկանք վարպետության դասեր անցկացնելու, հետո նորից եկանք, հետո մի քանի անգամ էլ եկանք ու վերջ, արդեն Արցախում եմ ապրում: Իրականում դեռևս ամսվա կեսը Արցախում եմ, մյուս կեսը՝ Երևանում: Իսկ եթե ավելի ստույգ, ապա եթե կարևոր համերգ չկա երևանում, ես ամեն վարկյանը փորձում եմ Արցախում անցկացնել: 


Երբ ինձ առաջարկեցին լինել ջազ նվագախմբի ղեկավար, ինքնին նվագախումբ դեռ չկար: Մրցույթ հայտարարեցինք, դիմորդներն այնքան քիչ էին, որ անցանք տեղի մենթալիտետին բնորոշ տարբերակների՝ սկսեցինք հարց ու փորձ անել: Ու շատ արագ հավաքեցի երաժիշտներին: 


Պարզվեց՝ տաղանդավոր երաժիշտներ շատ կան, բայց բավականաչափ փորձ չունեին: Արվեստով այստեղ շատ չեն զբաղվում, բոլորը զինվորական են: 

 


Եթե վերջապես հաստատվի խաղաղություն, վստահ եմ՝ մեր նվագախումբը մեծ արդյունքներ կարող է ունենալ, երաժիշտներիս պոտենցիալը մեծ է: Բայց խաղաղության համար պետք է առնվազն քսան տարի ոչ մի կրակոց չհնչի: 


Արցախ գալու իմ մոտիվացիան պարզ է, ես այլ կերպ չէի կարող, ես չէի կարող մերժել առաջարկը, եթե տեսնում եմ՝ որքան շատ կա իմ՝ որպես մասնագետի, կարիքն այստեղ: 
Արցախը փոքր է, բոլորը բոլորին գիտեն, հիմա արդեն նաև ինձ են ճանաչում: Բայց սկզբում շատ էին հարցնում՝ հայաստանցի՞ ես: Միշտ պատասխանել եմ, չէ, ես երևանցի եմ: Ու հետո երկար զրույցներ այն մասին, որ չկա հայաստանցի, ղարաբաղցի, սաղս էլ հայ ենք ու վերջ:


Գալուց առաջ ես էլ էի մտածում, որ Արցախում բոլորը կռվող են, զինվորական ի ծնե: Այստեղ ապրելով տեսա, որ դա հարկադրաբար են անում, իսկ իրականում արցախցին ուզում է և՛ ջազ լսել, և՛ հանգիստ ապրել ու ստեղծագործել: Ես ինքս կռվող չեմ, հազար ներողություն, բայց ես դեմ եմ պատերազմներին: Ու եթե նույնիսկ զինվոր եմ, ապա արվեստի դաշտի, ես կարող եմ հաղթել բեմով, ելույթներով, հյուրախաղերով: Արցախին ես նվիրում եմ իմ զենքը՝ երաժշտությունը:

 
Ու հավատում եմ երաժշտության մոգական ուժին, այն մերձեցնում է բոլորին, հարթում սուր անկյունները:

 


 

 

Յակոբ Իփճեան

Արցախում մարդասիրական և բարեգործական ծրագրերի ղեկավար, Պետնախարարի խորհրդական

 

Մոտ 2 տարի է՝ Արցախում եմ: Ծնվել և հիմնական կրթություն ստացել եմ Կիպրոսում, այնուհետև իրավաբանություն և հաշվապահություն ուսուցանել Լոնդոնում: Պատերազմից անմիջապես հետո ընկերներով որոշել ենք տեղափոխվել Հայաստան օգնություն ցուցաբերելու համար: Զբաղվում էինք պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված հայրենակիցների խնդիրներով՝ համագործակցելով ՀՀ-ում գործող Արցախի օպերատիվ շտաբի և տարբեր կամավորականների հետ: Հիմնականում ֆինանսական աջակցություն էինք ցուցաբերում պատերազմի ընթացքում վիրավորված, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ մեր խումբը որոշեց տեղափոխվել Արցախ և ծրագրերն իրականացնել տեղում: Սկզբնական փուլում անհրաժեշտ օգնության ուղղությունը հումանիտար բնույթի էր՝ սննդի և հիգիենայի պարագաների տեսքով, որից օգտվեցին սահմանամերձ համայնքների 400-ից ավելի ընտանիք: 


Պատերազմի ժամանակ ամենօրյա ռեժիմով կապվում էինք Արցախում բնակվող մեր ընկերների հետ և ճշտում հիվանդանոցներում անհրաժեշտ բժշկական սարքավորումների ցանկերը: Կիպրոսի հայ համայնքի ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ ձեռք բերել նշված սարքավորումները, իսկ Արցախի օժանդակության մարմին հիմնադրամի հետևողականության շնորհիվ այն հասցնել Արցախ: Մեր խումբն աշխատում էր գրեթե բոլոր գերատեսչությունների հետ, շատ արագ հասկացանք, որ անհրաժեշտ է երկարաժամկետ ծրագրեր առաջարկել: Այդպես, օրինակ, իրականացրեցինք ջերմոցների կառուցում Ասկերանում, Բերքաձորում և Մարտակերտում, այնուհետև 31 ընտանիքի բաժանեցինք 93 մեղվի փեթակ: Այս ծրագրերը կյանքի կոչելուց առաջ նախօրոք ուսումնասիրում էինք տարածաշրջանում զարգացած ոլորտը, որպեսզի ավելի արդյունավետ լինի: Օրինակ Շուշիի շրջանի Լիսագոր, Եղցահող համայնքներում շատ զարգացած էր մեղվագործությունը: ԱՀ սահմանամերձ համայնքներում 26 000 ճուտ և համապատասխան քանակի կեր բաժանեցինք, որ տեղացիներն իրենց ֆերմաները ստեղծեն: Նշված բոլոր ծրագրերն իրականանում էին Սփյուռքի դրամահավաքների, անհատ դոնորների օգնությամբ, որոնց մեծ մասը այլազգի էին, ու, պարզապես վստահելով մեզ, պատրաստակամ էին օգնել: Մեր աշխատանքների հիմքում ներդրված էր շատ կարևոր սկզբունք՝ նույն մարդը երկու անգամ չպետք է շահառու դառնա, ընդ որում՝ ոչ միայն չկարողանա, այլև հենց ինքը չցանկանա: 


Պետական կառույցների պատասխանատուների հետ հանդիպումներից մեկի ժամանակ առաջարկ ստացա աշխատել Արցախի պետական նախարարի թիմում որպես խորհրդական: Հասկանալով Սփյուռքի ներուժի փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ համաձայնեցի աշխատել հասարակական հիմունքներով: Առ այսօր փորձում եմ տեղայնացնել իմ գիտելիքներն ու հմտությունները: 

 


Արցախցիները սփյուռքահայերին շատ լավ են ընդունում, ինտեգրման խնդիր բացարձակ չկա: Տնային այցերի ժամանակ գրեթե բոլորը անպայման իրենց այգու բերք ու բարիքից են հյուրասիրում: Սկզբում արցախյան բարբառն ընդհանրապես չէի հասկանում, իսկ այսօր հանգիստ շփվում եմ: 


Երկար եմ մնում աշխատանքի վայրում, մինչև կեսգիշեր: Մենք վարժված ենք, որ մինչև գործը չավարտես, չես կարող տուն գնալ, օրենքով սահմանված աշխատանքային ժամը մեզ համար չէ: Այս սկզբունքը պետք է գործի նաև Արցախում, քանի որ այստեղ շատ, անթիվ, անվերջ գործ կա անելու: 


Արցախում ապրելու ընթացքում հասցրել եմ այցելել 64 համայնքներ, ծանոթանալ նրանց նիստ ու կացին: Ու հստակ օրինաչափություն եմ նկատել՝ մարդիկ չեն տեղաշարժվում, նույնիսկ կողքի համայնք երբեք չեն այցելել, փաստացի տեղյակ չեն իրենց երկրից, չեն ճանաչում Արցախը: Այս տարի ամռանը շատ մեծ թվով սփյուռքահայեր եկան ՀՀ, բայց նրանց տասը տոկոսն էլ չայցելեց Արցախ: Դա շատ ցավալի է: Սփյուռքը երեսուն տարի փոխանակ գա ու այստեղ ապրի, շենացնի այս բերրի հողը, ընդամենը փող էր փոխանցում, որ խիղճը հանգստացնի: 


Փողից առավել Արցախին այսօր անհրաժեշտ է մտածելակերպի փոփոխություն, սփյուռքի հետ հաղորդակցվելիս միշտ հորդորում եմ տեղափոխվել Արցախ: Եթե քսան հոգի այլ մտածելակերպով, մոտեցումներով տեղափոխվի ու տարբեր նախարարություններում աշխատի, Արցախը կարող է դառնալ Դուբայ: Իհարկե, եթե չգան էլ, միևնույն է՝ կամաց-կամաց կփոխվի, ես վստահ եմ, ամենակարևոր ձեռքբերումն արդեն ունենք. արցախցին որոշել է մնալ ու ապրել այստեղ: Իսկ այստեղ դժվար է ապրել, իրոք, դժվար է: 


Ժողովուրդն այստեղ գերզգացմունքային է, ու բնավ հեռատես չէ, ցավոք: Ընդհանուր տեսարանը շատ քիչ մարդ է տեսնում, չեն հասկանում՝ մի նախագիծն ինչպես է բացում մեկ այլ նախագծի ճամփան: Մենք ոչ թե մատնանշում ենք խնդիրն ու մի կողմ քաշվում, այլ լուծումներ ենք առաջարկում: Խնդիրները պետք է լուծել, ոչ թե խոսել դրանց մասին՝ ինչպես վերջին երեսուն տարին:

 


 

 

Խաչատուր Հայրապետյան 

Թումոյի Արցախի գրասենյակի ղեկավար
 

2021-ի դեկտեմբերից Արցախում եմ որպես Ստեփանակերտի Թումոյի ղեկավար։ Դրանից առաջ յոթ տարի Երևանի Թումոյում դասընթացավար էի: Միշտ գալիս է այն ակնթարթը, երբ զգում ես, որ արդեն պետք է փոխես կյանքդ: Այդպես, կնոջս առաջարկով, որոշեցինք տեղափոխվել Արցախ: Արցախն անծանոթ վայր չէր իմ համար, ես ծառայել եմ այստեղ, ընկերներ ունեմ, շատ անգամներ դասընթացներ եմ վարել Ստեփանակերտում: Ավելի շատ մտավախություն ունեի, որ կինս ավելի դժվար կադապտացվի, քանի որ իր համար անսովոր միջավայր էր: Բայց պարզվեց՝ երկուսս էլ պատրաստ էինք զրոյանալ ու փոխել մեր կյանքը, մեզ հետ՝ նաև մեր երեխան: 

 

Առաջին հերթին պետք է ադապտացվեինք տեղի մշակույթին, մենթալիտետին ու նաև բարբառին: Կինս շատ արագ սիրեց արցախցիներին, առանց լեզուն հասկանալու միանգամից լեզու գտավ: Ինձ էլ ավելի հեշտ էր` արցախցի երեխաներին հաճախ եմ տեսել այստեղ անցկացրած դասընթացների ժամանակ, շատերին էի ճանաչում: Աշխատանքի մեջ էլ բարդություն չեղավ, ամենուր նույն են թե նպատակաները, թե խնդիրները: Ծնողներն էլ ամենուր նույն դժվարությունները ունեն. ուզում են իրենց զավակների համար ամենալավը, բայց հաճախ արդյունքում բաց են թողնում հենց երեխայի հույզերը, մտքերը, ցանկություններն ու երազանքները: 

 

Մոտ 1100 երեխա է հիմա հաճախում Ստեփանակերտի Թումո, բայց դա չի մեր ամբողջական պոտենցիալը: Մեծ կենտրոնը Ստեփանակերտում է, փետվարին բացեցինք Թումո տուփեր Մարտակերտում, մի քանի ամիս հետո` Մարտունիում ու Ասկերանում: Ցավոք, այս փոքր Արցախում տեղափոխման խնդիրներ կան՝ ճանապարհների, տրանսպորտի բացակայություն: Շրջանների դպրոցներ ուսանողներ գրանցելու համար հաճախ ենք այցելում, ադպիսի մի հանդիպման գնալիս նեղ ճանապարհով անցնելիս ադրբեջանական մեքենան հանդիպակաց քշեց ու մեզ գլորեց ձորը: ԶԼՄ-ներով էլ գրեցին այդ մասին, մեծ արձագանք եղավ: Բարեբախտաբար, շատ չտուժեցինք, արագ հավաքվեցինք, որոշեցինք մեր գործը շարունակել: Իհարկե, դպրոցի տնօրենին զգուշացրել էինք, բայց մինչև մեծ ուշացումով հասանք Հաթերք, բոլոր ծնողները չէին սպասել: Բայց հիասթափվելը, թևաթափ լինելը ոչ մեր մասին է, ոչ էլ Արցախի, այստեղ նման բառերը պարզապես տեղ չունեն: 

 

 

Անդադար ինչ-որ նախագծեր ենք կյանքի կոչում, համագործակցում ուրիշ կառույցների հետ: Վերջերս Սիվիլնեթը աշխատարան արեց, մեր սաներին վերապատրաստեցին, նրանցից մեկը` Անի Բալայանը, նույնիսկ ընդունվեց աշխատանքի հենց Արցախի Սիվիլնեթ, հիմա օպերատոր է: Արցախում էլ, ՀՀ-ում էլ անսահման հետաքրքիր, առաջադեմ սերունդ է մեծանում, ոչ ստանդարտ մտածելակերպով ու խնդիրներին այլ լուծումներ տվող: Ես նրանց հաճախ եմ լսում, սովորում նրանց չափ կաղապարներից դուրս մտածել: Ես հավատում եմ մեր սերնդին: Ու շատ կուզեմ, որ երեխաների ծնողներն էլ իմ պես հավատան: 

 

Իմ ապագան Արցախում է այնքան ժամանակ, քանի դեռ կարող եմ օգուտ բերել ու իմ առջև դրված բոլոր նպատակները ավարտին հասցնել: Պետք է անկեղծ ասեմ` ես չեմ հավատում բացարձակ խաղաղությանը, ես հավատում եմ նոր սերնդի նոր ուժին ու նոր լուծումներին:

 


 

 

Զաքար Քեշիշյան

Շուշիի «Վարանդա» երգչախմբի ղեկավար

 

Ծագումով մուսալեռցի եմ, ծնողներս հետո Այնճար են տարագրվել, ես ապրել եմ Լիբանանում, 88-ին ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա, ամիսներ անց շարժումը սկսվեց: 89-ի ապրիլի երեքին մի խումբ ուսանողներով եկանք Արցախ համերգների: Օրական 4-5 համերգ էինք տալիս՝ երաժշտական ուսումնարանում, հիվանդանոցում, դպրոցներում, Մետաքսի գործարանում: Շատ շրջաններում եղանք՝ Մարտունի, Հադրութ, Մարտակերտ, Ասկերան, Շուշի չգնացինք, մերը չէր դեռ, միայն հեռվից էինք նայում՝ ինչպես հիմա: Երգում էինք Կոմիտաս, ես շվիով ժողովրդական երգեր էի նվագում: Մեր նպատակն էր ցույց տալ այստեղի ժողովրդին, որ Հայաստանը ձեզ հետ է: Համերգների ընթացքում կոչեր էին հնչում, «միացում» էինք ուզում: հաջորդ անգամ եկա 92-ին ու արդեն Շուշիում էլ համերգ ունեցանք: Այնքան լավ անցավ, որ որոշեցինք Շուշիում երգչախումբ հիմնել: Ինձ էլ նշանակեցին խմբավար: 92-ի նոյեմբերին եկա Շուշի ու մինչ այսօր անվերջ վերադարձի մեջ եմ, ամեն տարի առանց բացառության ամռանը ես այստեղ եմ արդեն 30 տարի: 


Երեխաների հետ հենց առաջին հանդիպման ժամանակ հնչեց տագնապի ազդանշանը, դեռ պատերազմ էր ընթանում: Շուշիի Արամ Մանուկյան վարժարանում էինք, շատ վախեցա երեխաների համար, սկսեցի գոռալ «երեխաներ, իջեք վար»: Երկու պայթյուն եղավ, բարեբախտաբար զոհեր չեղան, բայց հենց գնացին ինքնաթիռները, երեխաները սկսեցին ձեռ առնել ինձ՝ «պարոն Զաքարը վախում ա, վախում ա»: Հասկացա, որ պետք է լինեմ իրենց պես անվախ: Հետո երբ էլի գալիս էին ինքնաթիռները, ես չէի համարձակվում վախենալ: 


Սկզբում դժվար էինք հասկանում իրար, երեխաները ռուսախոս էին, բարեբախտաբար, մուսալեռի բարբառը նման է արցախյան դարձվածքներին, նույն գրաբարից է, մի կերպ հասկացանք իրար, մինչև սովորեցի: Մհեկ լյոխ գյուդում ըմ: 

 


Ինձ գրավել էր ժողովուրդը: Մարդիկ՝ ինձ համար ընդունելի կամ անհասկանալի ավանդույթներով: Երեսուն տարի է՝ այստեղ եմ, վստահ կարող եմ ասել՝ արցախցիները բարի են ու հյուրասեր, պատվախնդիր ու հայրենասեր են, անդավաճան ընկերասեր են, լեռնեցի են՝ մարդկային բարձր արժեքներով: 


Առաջին տասնհինգ տարին ձմռանը սարսափելի էր Շուշիի վիճակը, ջեռուցում չկար, դադարեցվում էին պարապմունքները: Ամռանն ակտիվանում էինք: Ես էլ ավարտում էի գործերս Բեյրութում, որտեղ նույնպես խմբավար եմ երկու երգչախմբում, ու գալիս էի Արցախ: Ծանր էր պատերազմից հետո Շուշիի կողքով անցնել ու չմտնել իմ այդքան պաշտելի քաղաք… Բայց հենց հասա Ստեփանակերտ, տեսա, որ կյանքը շարունակվում է, պարտավոր ենք ապրել: Անցյալ տարի միայնակ սփյուռքահայի կարգավիճակ ունեի: Հասկանում եմ, կան անձնագրային խնդիրներ: Հասկանում, բայց չեմ համակերպվում: Այս ժողովրդին սիրահարվելը հեշտ է, պարզապես պետք է ճանաչել նրանց: Տեսնել, շփվել հենց արցախցիների հետ, այլ ոչ թե շարունակել սեպ խրող քաղաքականությունը: