Երաժշտության գույնը. Երևան, 1978 (ՎԻԴԵՈ)
Տարվա սկզբին հայոց համացանցը ցնցվեց հերթական նոստալգիկ ռումբից․ սոցցանցերում ակտիվորեն տարածվեց ու ջերմորեն սիրվեց «Երաժշտության գույնը» 15 րոպեանոց կիսասիրողական ֆիլմը՝ նկարահանված 1978 թվականին Երևանի փողոցներում։ Մենք հանդիպեցինք ֆիլմի հեղինակ՝ Արտաշես Հովհաննիսյանի հետ։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ Արտաշես Հովհաննիսյանի արխիվ
Նախ, մի քիչ դողացող կադրում ձեռքով, ոչ հմուտ բայց հնարավորինս կոկիկ «Երաժշտության գույնը» գրվածքը երևում է էկրանին ու այդտեղ սկսվում է իսկական կինոն․ 1970-ականների Երևան, ջազ, Դիզի Գիլեսպի, քաղաքային իրավիճակներ, մարդիկ ու մինի-պատմություններ ամեն կադրում։
Մեկը կրպակի պատն է ներկում, մյուսը փորձում է լեզու գտնել ոստիկանի հետ, մեկ ուրիշն իր անսարք «21»-ն է հրում, իսկ մի քիչ հեռու տարեց մարդիկ՝ նստարանի վրա շախմատ են խաղում ու ակտիվ քննարկում։ Հետո էկրանին հայտնվում է մի երիտասարդ, ով քայլում է Երևանի կենտրոնական փողոցներով, հայացք գցում շուրջբոլորն ու Երևանն արդեն մեզ է ներկայանում այդ երիտասարդի տեսանկյունից։ Այդպես, նա մեզ Կոնդ է տեղափոխում՝ ցույց տալու հին թաղի ողջ հմայքը, հետո միասին նստում ենք տրոլեյբուսն ու հայտվում փոքր կենտրոնում։
Կադրի մեջ երևանցիներ են՝ հոլիդեյով նորաձև տղաներ, կոկիկ հագնված դպրոցականներ ու լիքը շտապ-շտապ քայլող մարդիկ։ Երևանյան զբոսանքից հետո երիտասարդը մեզ իր տուն է հրավիրում, զանգահարում է ընկերներին, ու վինիլը տեղադրում նվագարկչի մեջ։ Ընկերները ժամանում են։ Երգում է Ջեյմս Բրաունը։ Բոլորն ինքնամոռաց պարում են։
Իսկ մենք հիանում ենք 44 տարվա հեռավորությունից։
Այդ տղան ոչ միայն ֆիլմի գլխավոր հերոսն է, այլև հեղինակն ու Երևանի ամենահին դիսկոտեկներից մեկի կազմակերպիչը։ Արտաշես Հովհաննիսյանն է՝ բժիշկ, կինոռեժիսոր, ավելի քան 300 ֆիլմերի հեղինակ, զանազան մրցանակների դափնեկիր ու փառատոների կազմակերպիչ։
Ահա, թե ինչ է պատմում նա երկրորդ կյանք առած ֆիլմի մասին։
ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բակային կռիվներ
Նկարահանում էինք դեռևս դպրոցական տարիներից։ Սկզբում դա պարզապես մանկական ուրախություն էր։ Նկարահանում էինք մեր բակային ընկերներին, բեմադրում ամենաիսկական մարտաֆիլմեր՝ իրար դեմ պայքարող բակային բանդաների մասին։
Բակի ավտոտնակներից մեկի պատը սպիտակ էինք ներկել ու հենց այդ «էկրանին» էլ ֆիլմերի ցուցադրություններ էինք կազմակերպում։ Ներգրավում էինք բոլորին։ Ի դեպ, ընկերս՝ Աշոտ Մկրտչյանը, որ մեր այդ շրջանի ֆիլմերի գլխավոր օպերատորն էր, ի վերջո ВГИК ընդունվեց ու դարձավ պրոֆեսիոնալ օպերատոր ու մինչ օրս էլ նկարում է։ Դե, ինչպես և ես։
«Экран» (8մմ) և «Красногорск» (16մմ) ռուսական արտադրության տեսախցիկներն ու ժապավենները Սայաթ-Նովայում գտնվող խանութից էինք գնում։ Ընկերս էր երևակում կամ էլ տանում էինք հենց նույն խանութը, որտեղ Աբո անունով մեկը երևակում էր ժապավենները, իսկ մեզ մնում էր արդեն մոնտաժել, այսինքն՝ կտրել ու ինքնակպչուն թափանցիկ թղթով իրար կպցնել։
Երաժշտության գույնը
1977-78 թվականներին, երբ արդեն ուսանող էինք, սկսեցինք հաճախ նկարել Երևանի փոքր կենտրոնը։ Այդպես ստեղծվեցին «Երաժշտության գույնը», «Հաջորդ կյանքում», «Նույն քաղաքը» ֆիլմերը (վերջին երկուսի հիմքը Արթուր Մեսչյանի երգերն են), որտեղ արտացոլվում էր այդ շրջանի Երևանն իր մթնոլորտով, մարդկանցով, անցուդարձով։
Սիրում էինք նկարահանումներ անել Օպերայի բակում՝ Թատերական հրապարակում, որտեղ հավաքվում էին տարեց մարդիկ ու շախմատ խաղում։ Նրանց վեճերը միշտ հետաքրքիր էին։ Հատկապես սիրում էինք Սայաթ-Նովա փողոցն ու «Անի» հյուրանոցը։ Այդ տարիներին հետաքրքիր էր նաև Կոնդը։ Այն չէր կորցրել իր հմայքն ու առանձնահատուկ հետաքրքիր էր ստացվում ժապավենի վրա։
«Երաժշտության գույնը» նկարահանվեց մեր ակտիվ և ընբոստ երիտասարդության համար: փորձում էինք ցույց տալ, թե ինչպես կարող է երաժշտությունը փոխել կյանքի գույները՝ կտրելով մեզ այն գորշ իրականությւոնից, որը տիրում էր խորհրդային միությունում։ Իհարկե, շատերի համար դրանք հրաշալի տարիներ էին, շատերը նոստալգիկ զգացողություններ ունեն այդ տարիների հետ կապված, սակայն մյուսների համար, մեզ համար, դրանք սահմանափակումների տարիներ էին։ Ժամանցի վայրերը քիչ էին, մի քանի հայտնի սրճարաններից ու կինոթատրոններից բացի գրեթե գնալու տեղ չկար։ Մենք էլ հաճախ էինք հավաքվում միմյանց բնակարաններում, զրուցում ու պարում։ «Երաժշտության գույնում» հենց նման մի դրվագ ենք վերստեղծել։
Սեր, երաժշտություն, ծաղիկներ
Բնակարանային հավաքները մի քիչ ավելի մասշտաբային դարձնելու հույսով ինքներս դիսկո ակումբ հիմնեցինք։ 70-ականների Երևանում մի դիսկոտեկ կար միայն Երիտասարդական պալատում, կոչվում էր՝ «Зеленый бар», երկրորդը հիմնեցինք մենք, հենց մեր Բժշկական համալսարանի նախասրահում։ Դե՝ դիջեյն էլ ես էի, երգացանկն էլ ինքս էի կազմում։
«Մոնպելյե» փառատոնի նշանաբանն էինք յուրացրել․ «Սեր, երաժշտություն և ծաղիկներ»։ Բժշկական համալսարանի Պրոֆկոմը պարտադրում էր, որ մինչև դիսկոտեկը տրամադրենք այն բոլոր երգերի ցանկը, որոնք պետք է հնչեն դիսկոտեկի ընթացքում։ Պետք է հետևեին, որ ոչ մի հակասովետական երգ չհնչի։ Ես կարծում էի, որ դա դեմ է դիսկոտեկի տրամաբանությանը և որ երգերը պետք է սպոնտան ընտրվեն՝ կախված հավաքվածների տրամադրությունից ու պահանջից։ Այդ անվերջ կոնֆլիկտների արդյունքում ինձ ի վերջո հեռացրեցին համալսարանի կոմսոմոլից։
Ինչևէ, դիսկոտեկները լավ էին անցնում։ Ջազ, սոուլ, ռոք, ամենից հաճախ՝ Ջեյմս Բրաունն ու Բոնի Էմն էին մեզ պարեցնում։ Նրանց երգերի ներքո ուղղակի անհնար էր չշարժվել։
Երևան, 1972 (Արթուր Մեսչյանի կատարման ուղեկցությամբ)
Դիրիժորները
Որքան մեծացանք, այնքան ավելի իրական դարձան մեր ֆիլմերը։ Մարտաֆիլմից անցում կատարվեց դոկումենտալի, բեմադրվածից՝ իրական կյանքի։ Ցանկություն կար իրականության մեջ խորամուխ լինելու և, իհարկե, ըմբոստանալու խորհրդային բարքերի, ընդունված նորմատիվների դեմ։ Մեզ այդ տարիներին հուզում էին խորհրդային բռնապետության հաստատած կեղծիքները։
Հասարակության մեջ շատ էին մի բան ասող, իրականում՝ մեկ այլ բան մտածողները, շատ էր սուտը, ձևականը։ Այդ ամենի դեմ պայքարելու և ըմբոստանալու միջոցն իրական կյանքը ցույց տալն էր։ Նման մտքերը ստիպեցին իրականության պատկերումից անցում կատարել դեպի քաղաքական ենթատեքստ ունեցող ֆիլմերի։ Փորձում էինք ցույց տալ, թե ինչպես կարելի է պայքարել այդ ամենի դեմ։
Իմ հետագա ֆիլմերում երևում էին մայիսմեկյան շքերթներն ու դրանց աբսուրդիզմը, 88-ի պայքարը, ընդհուպ մինչև օդանավակայանի դեպքերը և այլն։ Այդպես ստեղծվեց «Դիրիժորներ» ֆիլմը, որն ի դեպ սիրողական ֆիլմի միջազգային «Unica» փառատոնում ոսկե մրցանակի է արժանացել։ Ավելի ուշ ստեղծվեցին նաև «Պարտք», «Էլ ոչ մի վիշտ», «Մածուն-մածուն», «Փրկեցեք կյանքը» և «Ցնցում» ֆիլմերը։ Վերջինն իր քաղաքական ենթատեքստով հնարավոր դարձրեց քաղաքական ապաստան ստանալն ու վերջապես ԽՍՀՄ-ից մեկնելը։
«Ցնցում» ֆիլմի նկարահանումները սկսել եմ 88-ի շարժման առաջին իսկ օրից։ Ավարտելուն պես Ֆիլմի մեկ օրինակը փոխանցեցի Վազգեն Ա կաթողիկոսին իսկ օրիգինալը ոչ օրինական ճանապարհով հանեցի ԽՍՀՄ-ից և տեղափոխեցի Իտալիա, որպես հակասովետական ֆիլմ և այնտեղ էլ քաղաքական ապաստան ստացա, ապա մեկնեցի ԱՄՆ, որտեղ ֆիլմը ցուցադրվեց Կոնգրեսում։
Շոգը Երևանում, 2000
Երկար տարիներ ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ ֆիլմարտադրությամբ և կինոփառատոներով զբաղվելուց հետո, ավելի ուշ՝ արդեն 2000-ականներին վերադարձա ու նկարահանեցի «Առաջին ձյուն», «Տաք ձմեռ» և «Շոգը Երևանում» ֆիլմերը։
Առհասարակ, դեռևս երիտասարդ տարիներից բոլոր ճանապարհորդություններիս ընթացքում տեսախցիկս ինձ հետ է եղել, միշտ կադրեր եմ որսացել ու օգտագործել իմ ֆիլմերում։ Վերջին տարիներին սկսել եմ կրկին ճամփորդել և նորից նկարահանել դոկումենտալ, քաղաքական, սոցիալական ֆիլմեր, ինչպես նաև ֆիլմեր Հայաստանի մասին։ Նկարահանումները շարունակվում են։