Երբ գույները խոսում են․ Լիլիթ Մարուքյան
Ցուցահանդես

Երբ գույները խոսում են․ Լիլիթ Մարուքյան

Մայիսի 12-14-ը Երևանի Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում ներկայացվեց նկարիչ Լիլիթ Մարուքյանի «Երբ գույները խոսում են» անհատական ցուցահանդեսը։

#Արվեստ

Երևանում ապրող և ստեղծագործող Լիլիթ Մարուքյանի վերջին տարիների աշխատանքը կենտրոնացած է աբստրակտ արվեստի վրա։ Նրա ստեղծագործություններում հիմնական արտահայտչամիջոցը գույնն է, իսկ պատկերի կառուցման ելակետը՝ ոչ թե կոնկրետ պատմությունը կամ առարկան, այլ զգացողությունը։

 

 

Այս մոտեցումն էր նաև «Երբ գույները խոսում են» ցուցահանդեսի հիմքում։ Ներկայացված աշխատանքներում գույնը հանդես է գալիս ոչ միայն որպես կոմպոզիցիոն կամ դեկորատիվ տարր, այլ որպես առանձին լեզու։ Մարուքյանի համար ստեղծագործությունը ձևավորվում է ներքին վիճակից և աստիճանաբար վերածվում գույնի, ձևի ու տարածության։ Նրա աշխատանքները դիտողից հատուկ արվեստագիտական պատրաստվածություն չեն պահանջում․ հեղինակի նպատակն է ստեղծել արվեստ, որն անմիջականորեն ընկալելի է տարբեր փորձ ու նախապատրաստություն ունեցող մարդկանց համար։

 

 

«Ինձ համար արվեստը միշտ սկսվել է զգացողությունից»,— այսպես է Մարուքյանը ձևակերպում իր աշխատանքային սկզբունքը։

 

Վերջին տարիներին Մարուքյանի աշխատանքները ներկայացվել են նաև Հայաստանից դուրս՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Ցուցադրությունների աշխարհագրությունը ներառում է Փարիզը, Միլանը, Մադրիդը և Նյու Յորքը։ Միջազգային ցուցադրությունները նկարչուհու համար հնարավորություն են տվել հետևելու, թե տարբեր մշակութային միջավայրերում ինչպես են ընկալվում նույն գույներն ու աբստրակտ պատկերները։

 

 

Երևանյան «Երբ գույները խոսում են» ցուցահանդեսն այս ընթացքի հերթական փուլն էր և Մարուքյանի աշխատանքներն ավելի ամբողջական ձևաչափով տեղական հանդիսատեսին ներկայացնելու հնարավորություն։ Նկարչուհու խոսքով՝ ցուցահանդեսի ընթացքում իր համար կարևոր էր ոչ միայն աշխատանքների ցուցադրումը, այլև դիտողների արձագանքը՝ այն տարբեր մեկնաբանությունները և զգացողությունները, որոնք նույն աշխատանքը կարող է առաջացնել տարբեր մարդկանց մոտ։

հավելյալ նյութեր