Երբ հիշես, ոտքերը կվազեն. «Մանկությունը՝ նշանառության տակ» ցուցահանդեսը
Ցուցահանդես

Երբ հիշես, ոտքերը կվազեն. «Մանկությունը՝ նշանառության տակ» ցուցահանդեսը

«Մանկությունը՝ նշանառության տակ» շարքի շրջանակում լրագրող Շուշան Փափազյանն ու ֆոտոլրագրող Անի Գևորգյանը փաստագրել են Արցախի վրա Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հինգ երեխաների ճակատագրերը՝ բացահայտելով վիճակագրական թվերի հետևում թաքնված մարդկային զգայական պատմությունները։ 2016-2023 թվականներին արցախյան հակամարտության տարբեր փուլերը՝ սկսած ապրիլյան քառօրյա պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունը, խլել են բազմաթիվ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքեր։

Ցուցահանդեսը Ժամանակակից արվեստի ինստիտուտում գործելու է մինչև հունիսի 7-ը։


Տեքստը՝ Աիդա Ներսիսյանի

 

Լուսանկարները՝ Մարատ Կարապետյանի

#ՄերՀայրենիք

Վերջինը, ինչ տեսնում ես սրահում՝ մանկական ոտքերն են։ Մի մեծ լուսանկար՝ շարժման մեջ աղոտացած մերկ ոտնաթաթեր, վազում են տեսախցիկի կողքով, չես հասցնում հասկանալ՝ ումն են դրանք։ Այդ ոտքերը, կարծես, ինքնուրույն իջնում են պատից ու անաղմուկ քայլում այցելուների կողքով, մեկի ձեռքը բռնում են, իրենց ձայնը փոխանցում և վերջում բաց են թողնում՝ համբերատար սպասումով։
 

Անի Գևորգյանն ասում է. «Այս նախագիծը ոչ միայն այս հինգ երեխաների հիշատակին է նվիրված, այլ այն անհայտ երեխաների, որոնք նույնիսկ որպես թիվ չեն պահպանվել մեր հիշողության մեջ»։

 

 

Պատերազմը երեխային վերածել է վիճակագրական միավորի, երբեմն նույնիսկ դրանից էլ է զրկել։ Ցուցահանդեսում ամեն ինչ հակառակ սկզբունքով է կառուցված. մահվան փոխարեն՝ շարժում, թվի փոխարեն՝ ներկայություն։ Այն չի ցուցադրում ո՛չ նրանց մահը, ո՛չ էլ նրանց դեմքերը՝ որպես զոհերի. սա է ներկայացված հիմնական լուծումը։

«Ես առաջարկեցի կենտրոնանալ այնպիսի լուսանկարների վրա, որոնք առաջին հայացքից ոչ ուղիղ փոխկապակցված կարող են թվալ։ Յուրաքանչյուր պատմություն իր մեջ ունենում է բազմապիսի փոքր պատմություններ։ Դետալների միջոցով հնարավոր է ամբողջ համատեքստը վերակազմակերպել և նոր հայացքով դիտարկել այն», - ասում է նախագծի համադրող Ռուբեն Արևշատյանը։

 

Սրահը կազմված է հինգ մասից. յուրաքանչյուրն ունի նույն կառուցվածքը։ Մեծ դետալի լուսանկար. սենյակի կիսանորոգված առաստաղ, լքված խաղալիք, մաշված քարտեզ։ Այն ամենն ինչ մնացել է երեխայից։ Կողքին փոքր կադրերից կազմված կոլաժ է՝ արված ընտանիքի հետ հարցազրույցի ընթացքում, ներկա ժամանակ՝ արխիվի փոխարեն։ Մեջտեղում կախված է տեքստային ցուցանակ, որտեղ կան միայն փաստեր՝ առանց խղճահարություն առաջացնելու փորձերի։
 

 

 

«Այդ նկարների Հարաբերությունը ձևավորում է պատմության նոր ընթերցում, և տալիս է հնարավորություն որոշակի առումով վերաիմաստավորելու», - ասում է Արևշատյանը։

 

Այստեղ զսպվածությունը գիտակցված է, լրագրող Շուշան Փափազյանը հիշում է. «Ինձ համար բարդ էր տեքստերից թողնել միայն մահվան նկարագրությունները, սակայն պրն Արևշատյանի համադրության շնորհիվ կարողացա դուրս գալ լրագրողական պրիզմայից»։ Հենց զսպվածությունն է ամբողջ ցուցահանդեսի բանալին։ Մահը ուղղակիորեն ցույց տալը կնշանակեր այցելուին թողնել վախի հետ դեմ առ դեմ։
 

Ռուբեն Արևշատյանը բացատրում է. «Մահը մարդկային փորձառություններից ամենասարսափելին է։ Մենք պարտավոր ենք խոսել այդ մասին, որպեսզի կարողանանք հաղթահարել»։

 

 

Յուրաքանչյուր տեքստային ցուցանակի տակ թաքնված է QR կոդ, որը տանում է ծավալուն լրագրողական հոդվածի, այն մասին, թե ինչ է պատահել այդ ընտանիքի հետ։ Լրագրողական հոդվածաշարից է ծնվել նախագիծը։ Հենց այդ պատճառով տեքստերը ցուցանակների տակ թաքցնելը ընկալվում է որպես որոշում։ Մակերեսին՝ պատկեր և չոր փաստ, հիմքում՝ սկզբնաղբյուր։

 

Հիմքին հասնելու համար պետք է ցանկանալ՝ բարձրացնել ցուցանակը, ուղղել հեռախոսը, դուրս գալ սրահից դեպի ընթերցանություն։

 

Վերջին լուսանկարն այլևս հանելուկ չէ։ Ոտքերը վազում են, քանի որ ցուցահանդեսն ի սկզբանե հրաժարվել է անշարժությունից։ Դետալ՝ դեմքի փոխարեն, փաստ՝ ողբի, պատմություն՝ վիճակագրության։

Հինգ երեխաները սենյակում են։ Այն հինգը, որոնց վերադարձվել է անունը, տունը, շարժումը, կանգնած են կողքիդ։ Ցուցահանդեսը չի կարող վերադարձնել երեխաներին, բայց քանի դեռ ինչ-որ մեկը հիշում է, այդ ոտքերը կրկին վազում են՝ համբերատար սպասումով, որ ինչ-որ մեկը նորից «կմտնի»։

հավելյալ նյութեր