Էրեբունի․ պեղումը՝ տեղում
Շատ հին Երևան

Էրեբունի․ պեղումը՝ տեղում

Մեր թղթակցի առաջին այցելությունը Էրեբունի արգելոց-թանգարան։

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի

 

Լուսանկարները՝ Հարություն Մալխասյանի

 

ԵՐԵՎԱՆ #70 | 2021

 

#Թանգարաններ

Ընդհանուր տեղեկություն

Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի հասցեն է` ք. Երևան, Էրեբունի փ. 38, թանգարանն աշխատում է երեքշաբթիից մինչև կիրակի, ժամը 10։30-ից մինչև 16։30-ը։ Չափահասների տոմսը` 1000 ՀՀ դրամ, ուսանողներինը` 300 ՀՀ դրամ։ Էքսկուրսիան հայերենով արժե 2000 ՀՀ դրամ, օտար լեզվով` 2500 ՀՀ դրամ։

 

Մենք երկար մտածում էինք, թե ինչ նոր տեսանկյունից խոսենք միակ ու անկրկնելի Էրեբունի արգելոց-թանգարանի մասին և, ի վերջո, որոշեցինք առաջադրանքը հանձնել մեր այն միակ թղթակցին, որ երբեք չէր եղել այնտեղ, որտեղից սկսվում է Երևանի պատմությունը։ Ինչպես պարզվեց, նա, ավաղ, միակը չէ, որ տարբեր պատճառներով երբևէ չի եղել Արգիշտի Ա-ի հին տներում։ 

 

 

Բարև՛, սիրելի Արգիշտի

Թանգարան այցելությանս ճանապարհին մտածում եմ, որ ես ընդհանրապես իսկական երևանցի չեմ կարող կոչվել, որովհետև թանգարանում լինելու էի առաջին անգամ։ Երևի այդ պատճառով էր, որ հենց սկզբից սա նման չէր սովորական թանգարանային այցելության: Նախապատրաստվել էի այնպես, ասես գնում էի կարևոր ժամադրության՝ հագուստը, մազերը, կոշիկներն ու պայուսակը հատուկ ընտրված։ Չէ՞ որ պետք է աչքովս տեսնեի պատմությունը, որի կրողն էլ ես եմ, մեկ էլ դու (երևի): Եվ ահա, երթուղայինի վարորդն ինձ հուշում է, որ թանգարանի կանգառում ենք։ Իջնելուն պես իմ առջև Արգիշտի Ա-ի քարե քանդակն է և դրա ետևում դեպի թանգարան տանող աստիճանները։ Բարև՛, սիրելի Արգիշտի։ 

 

Թանգարանի ներսում՝ մինչ տնօրենի հետ հարցազրույցս, հետևում էի մի քանի օտարերկրացի զբոսաշրջիկների, ովքեր անցնում էին ժամանակավոր ցուցադրության սրահով և շուտով թանգարանի ընդունարանը լցվում է հիացական բացականչությունների արձագանքներով։ Այնքան ոգևորիչ է, որ ուզում եմ շտապել ու միանալ իրենց ու տուրիստի աչքերով նայել այս ժառանգությանը, բայց ճիշտ ժամանակին հիշում եմ, որ ես այստեղ նաև առաջադրանք ունեմ կատարելու։ Այն է՝ զրուցել թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ։

 

2750-ամյակից ի վեր

Պարոն Բադալյանն իր ճանապարհն Էրեբունիում սկսել է կրտսեր գիտաշխատողից, իսկ հիմա արդեն ղեկավարում է կառույցը։ Այժմ ինձ հետ ուրախությամբ կիսվում է ձեռքբերումների, հաղթանակների և դժվարությունների մասին, որոնք այս տարիների ընթացքում դարձել են թանգարանի և իր պատմությունը։

 

Այստեղ յուրաքանչյուր աշխատակից, ինչպես և տնօրենը, առանձնահատուկ ձայնային շեշտադրմամբ են խոսում արդեն հեռավոր 1968 թվականի հոկտեմբերի 19-ի մասին, երբ Երևանի 2750-րդ տարեդարձին ընդառաջ պաշտոնապես բացվում է թանգարանը և սկիզբ դրվում մեզ արդեն քաջ հայտնի Էրեբունի-Երևան տոնախմբությանը, տոնախմբությունն էլ իր հերթին ծնում է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երգեր՝ նվիրված հին ամրոցին ու դրա շուրջ ծավալված քաղաքին։  

 

 

 

Բայց 68 թիվը վաղուց էր, իսկ այսօր ավելի կարևոր է նկատել խնդիրները։ Պարոն Բադալյանը ցավով նշում է․ «Պատկերացնում եք, թանգարան այցելուների թվի մեջ գերակշռում են օտարերկրացիները, քան տեղացիները, քանի որ շատերն անգամ չգիտեն, որ Երևանում նման թանգարան գոյություն ունի, ուր մնաց խոսելը Կարմիր Բլուր և Շենգավիթ մասնաճյուղերի մասին»։ Հիշեցի, որ ես էլ մինչ այժմ այստեղ չէի եղել։ Փաստորեն, ես մենակ չեմ, այս դեպքում՝ ավաղ։

 

Ներկայումս թանգարանի գործունեությունը միտված է խթանելու նաև կրթական, մշակութային տարաբնույթ ծրագրերի իրականացմանը, որոնք, ըստ պարոն Բադալյանի, մեկ կարևոր առաքելություն ունեն․ «Մինչև այս պահն իրականացրած կրթական, մշակութային ծրագրերն ուսուցանում են խնամատարության գաղափարը, ըստ որի անհրաժեշտ է հատուկ խնամք տանել պատմական հուշարձանների և պատմամշակութային արժեքների նկատմամբ։ Այս ճանապարհով ձևավորվում է պատասխանատվության զգացում սեփական արժեքներն ու պատմությունն արժանապատվորեն կրելու համար»։ 

 

Նմանօրինակ նախաձեռնություններից է 2012 թվականից թանգարանում իրականացվող «Պատանի հնագետ» դպրոցը, որի շրջանակներում երկու ամիս շարունակ պատանիները հնարավորություն են ստանում ուսումնասիրելու ուրարտական և նախաուրարտական դարաշրջանները, իսկ գործնական հատվածում մասնակիցները կարողանում են ծանոթանալ պեղումներ իրականացնելու հմտություններին։ Այս պարապմունքներն անցկացվում են թանգարանին կից արհեստական պեղավայրում, որը տեղակայված է դեպի ամրոց տանող ճանապարհին։

 

Անդադար պեղումներ

Հետո զբոսնում ենք։ Եթե դուք էլ իմ պես դեռ չեք եղել Էրեբունիում, նախօրոք զգուշացնում եմ՝ այստեղ անհրաժեշտություն կա ծանոթանալու ներսի և դրսի հատվածներին՝ առանձին։ Զգացողությունները միանշանակ տարբեր են: Ներսի սրահներում ապակե ցուցափեղկերի տակ գտածո ցուցանմուշներ են ներկայացված, իսկ դրսում՝ Էրեբունի ամրոցի տարածքն է, որտեղ ամեն քայլափոխի նախ ամաչում ես, որ այդ ամենը տեսնում ես առաջին անգամ, հետո մտավախություն ես ունենում, թե ժամանակդ չի բավականացնի կարգին ծանոթանալու համար:

 

 

 

Էրեբունի ամրոցի տարածքում պեղումները սկսվել են դեռևս 1890-ականներից և որոշակի դադարներով հասել մեր օրեր, մինչև նախորդ տարվա սկիզբ, երբ համավարակը խանգարեց բոլորին ու ամենուր։ Սակայն 2021-ին աշխատանքները կրկին վերսկսել են, ինչը սեփական աչքերովս տեսա քիչ անց․ «Այս տարի հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը նախատեսում է պեղումներ իրականացնել ոչ միայն Էրեբունի ամրոցի ներսում, այլ նաև շրջակայքում՝ երբեմնի բանուկ հատվածում։ Ներկա պահին սպասում ենք համապատասխան թույլտվության՝ մեկնարկելու մեր աշխատանքները, - ոգևորությամբ պատմում է տնօրենը, երևում է, որ վաղուց գործող արգելոցում նորանոր հայտնագործություններ անելու հնարավորությունը մինչև հիմա անհավատալի է թվում ամենափորձառու մասնագետներին նույնիսկ, - այժմ աշխատում ենք առանձնացնել այն հատվածները, որտեղ նախատեսում ենք ուսումնասիրություն իրականացնել։ Հուրախություն մեզ, այս տարի հայկական կողմը վերջապես կարողացել է համաֆինանսավորող լինել՝ օժանդակելու պեղումների ընթացքին՝ ի տարբերություն նախորդ տարիների»։ 

 

Երևանի ծննդյան վկայականն ու շլացուցիչ Կակուլին

Թանգարանն այժմ ունի երկու ցուցադրություն՝ մշտական և ժամանակավոր։ Դեպի հիմնական ցուցադրություն մեր թիմին ուղեկցում է թանգարանի աշխատակիցներից Ռուբենը, որն այստեղ զբաղվում է նաև Էրեբունու ամրոցի կառույցների եռաչափ վերակազմամբ։ Աստիճաններով դեպի վեր և մեր առաջ ընդարձակ սրահն է, որտեղ ցուցադրված են Վանի թագավորության քարտեզը, Էրեբունի ամրոցի մանրակերտը, Էրեբունու տարածքից պեղված սեպագիր արձանագրությունները։ Քիչ է մնում կրկնեմ քիչ առաջ հանդիպած արտասահմանցի զբոսաշրջիկների հիացական բացականչությունները, չնայած դրանք միմյանցից կտարբերվեն՝ չէ՞ որ սրանք բոլորն իմ պատմության մասնիկներն են: 

 

Շուտով կանգ ենք առնում Երևան քաղաքի ծննդյան վկայականի՝ Արգիշտի Ա արքայի թողած արձանագրության մոտ (այն բաղկացած է մի քանի քարերից, սա դրանցից մեկն է միայն) և Ռուբենի օգնությամբ մեր հայացքները սահում են ինչպես կարգն է՝ ձախից աջ և վերևից ներքև։ Երբ Ռուբենին խնդրեցի վերծանել սեպագրերի նշանակությունը, գաղափար անգամ չունեի, որ արտասանած յուրաքանչյուր բառից հետոյի լռությունը սրահում գտնվողներիս կտանի ինչ-որ տեղ և այցը շարունակելու համար մի քանի րոպե կպահանջվի: Հասկանալու համար, թե ինչպիսի զգացողություն է դա, հարկավոր է միայն հայտնվել ցուցասրահի այս մասում: 

 

 

 

Սրահում խորանալով դեպի աջ՝ առանձին ցուցափեղկերով ներկայացված են Ուրարտուի ճարտարապետությանն ու կերպարվեստին բնորոշ ցուցանմուշներ, որոնցով զարդարվել կամ պատվել են պալատական սրահների պատերը, ոռոգման և ամրաշինական համակարգեր, ինչպիսիք են ջրամատակարարման տուֆե խողովակները, որոնք ծառայել են դեպի ամրոց ջուր մատակարարելու գործում, շինարարական և կենցաղային տեխնիկա՝ ցորենից ալյուր ստանալու և այլ տնային գործողություններ կատարելու համար, որմնանկարչության, խեցեգործության նյութեղեն ցուցանմուշներ, այգեգործական առանձին ցուցանմուշներ՝ հացահատիկեղենի տեսքով, կավե սափորներ, ռազմական նշանակության գործիքներ, հանդերձանքներ, զրահներ, նետեր և այլ ցուցանմուշներ։

 

Իսկ ահա ժամանակավոր ցուցադրությունն այս պահին նվիրված է կանացի զարդերին, որոնք ցուցադրված են ազնվական կնոջ կերպարի վերականգնված տարբերակով՝ բրդյա կարմիր և ոսկեգույն շրջազգեստով, որի վրա իջնում է ագաթից պատրաստված վզնոցը։ Ձեռքում ոսկե կոթով հովհար է, որի բնօրինակն ըստ երևույթին պատկանել է Ռուսա Երկրորդի կնոջը՝ Կակուլիին։ Կակուլիի լուքը տպավորիչ է նույնիսկ այսօր, հաստատ կցնցեր համացանցը, եթե Ինստագրամ ունենար։ Խիստ աղջկական զգացողություն է, երբ որևէ կնոջ փոխարեն պատկերացնում ես ինքդ քեզ: Հենց նույն զգացողությունն ինձ մոտ էր, երբ ցուցասրահից տեղափոխվեցի պալատական սրահ, որտեղ ես 1 ու 76 հասակով, ագաթե վզնոցով և կարմիր շրջազգեստով անցնում եմ դեպի պալատի հաջորդ սրահ (չարաճճի միտք՝ տեսնես ի՞նչ կպատահեր, երբ նախկին սերերիցս մեկն ինձ կանացի այս զգեստով ու զարդերով նկատեր): 

 

Գագոն, Անուլիկը և սովետմիությունը

Այսպիսով, անցնելով թանգարանի հիմնական և ժամանակավոր ցուցադրություններով՝ մենք քայլում ենք դուրս՝ ուղևորվելով դեպի բուն Էրեբունու ամրոց։ Ճաղավանդակների բացվելուն պես իմ ձախ կողմում արհեստական պեղավայրն է, որտեղ պատանի հնագետները շերտ առ շերտ ավազն առանձնացնում են գտածոյից ու իրենց զգում ինչպես իսկական պրոֆեսիոնալներ։

 

Իսկ արդեն պարիսպներից ներս, երբ մոտենում ենք Խալդ աստծո տաճարին, հասկանում եմ, թե ինչու են հույժ կարևոր բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են երեխաներին կրթելուն ու սեփական ժառանգությունը գնահատելը սովորեցնելուն։ Որովհետև ես չէի գալիս Էրեբունի, որպեսզի խեղճ Խալդին նվիրված սրբավայրի պատերից պարզեի, որ Գագոն սիրում է Անուլիկին, իսկ Խաչիկը եղել է այստեղ 95 թվին։ Մինչ Ռուբենը ներկայացնում է այս և այլ գրությունները (կարծես դրանք արդեն սերտաճել են պատմական կառույցին ու իրենք իրենցով արդեն ցուցանմուշ են՝ հայոց անողոք վանդալիզմի սիմվոլներ), մտքովս անցնում է, որ գուցե ավելի լավ է մարդիկ անտեղյակ լինեն հնագույն ամրոցի մասին, ալարեն գալ այս թանգարանը, տեղը չիմանան, քան գան հասնեն ու այսպիսի հետքեր թողնեն։ Երբեմն սերը թաքուն պիտի մնա, Գագոն թող սիրեր Անուլիկին առանց մեզ ներքաշելու։ 

 

 

Ամրոցի երկրորդ՝ Սուսիի տաճարում կարելի է նկատել գրեթե նույն պատկերը: Արդեն չեմ զարմանում․․․ Մեր ուղեկից Ռուբենը, սակայն, հավաստիացնում է, որ թանգարանն այսօր հոգում է վանդալիզմից խուսափելու խնդիրը՝ միջոցառումներ ձեռնարկելով՝ պահպանելու ամրոցի երբեմնի տեսքը։ Նոր պատանի վանդալները սրանից հետո լավ կանեն իրենց մտքերն ու զգացողություններն արտահայտեն դրան ավելի հարմարեցված թվային՝ սոցցանցային պատերին։ Բայց անհատական վանդալիզմից բացի կա մեկ ուրիշ խնդիր․ Խորհրդային Միությունից մնացած բետոնային վերակառուցումը, որն աղավաղում է ամրոցի իրական պատկերը։ Հիմա էլ անզեն աչքով կարելի է տեսնել որտեղ է իրական ուրարտական պատը, որտեղ՝ «սովետմիությունը», ինչպես նկարագրեց մեր ուղեկցորդը։ 

 

 

Վերջինը չլինի

Զննելով ամրոցի հիմնական հատվածները՝ մենք հայտնվում ենք դիտահարթակում, որտեղից մեր առջև բացվում է այն քաղաքը, որ սկիզբ է առել այս պատերից՝ Էրեբունի, Նոր Արեշ, Մասիվ թաղամասերով: Այս հատվածում մեզնից յուրաքանչյուրը ձեռքի սահուն շարժումով ցույց է տալիս իր շենքն ու ասում՝ սա էլ իմ տունը, իսկ մեր հետևում Էրեբունի բերդաքաղաքն է, բոլորիս երբեմնի տունը, որն ունի խնամքի ու հոգատարության կարիք:  

 

Իմ առաջին այցն Էրեբունի արգելոց-թանգարան ավարտվեց։ Վերջինը չլինի․․․ Համենայն դեպս, այստեղից ես հեռանում եմ որպես (արդեն) իսկական երևանցի և կարող եմ այսուհետ երևակայել, որ գրեթե արժանի եմ վարդագույն քաղաքի սիրուն:

հավելյալ նյութեր