Էրեբունուց Թեյշեբաինի՝ կենդանացած ամրոցներ
Էրեբունի

Էրեբունուց Թեյշեբաինի՝ կենդանացած ամրոցներ

Էրեբունու և Կարմիր Բլուրի պատմական շինությունների վերակազմությունների պատկերագիրքը թույլ կտա ավելի պատկերացնելու, թե ինչպիսի տեսք ունեին Երևանի հնագույն կառույցները։

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի

 

Պատկերները՝ Ռուբեն Սարգսյանի

Սեպտեմբերի 18-ին, Էրեբունի արգելոց-թանգարանում տեղի ունեցավ Ուրարտուի երկու կարևոր հուշարձանների՝ Էրեբունու և Թեյշեբաինիի տարբեր կառույցների եռաչափ վերակազմության պատկերագրքի շնորհանդեսը։ Պատկերագրքում ներկայացված են ճարտարապետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանի շուրջ երկու տարի տևած աշխատանքների արդյունքները, որոնք հնարավորություն են տալիս ավելի մանրամասն պատկերացնել, թե նախկինում ինչպիսի տեսք են ունեցել Էրեբունու և Թեյշեբաինիի շինությունները։ 

 

Էրեբունի ամրոցի վերակազմությունը

 

Շնորհանդեսին թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը հատուկ նշեց, որ այս պատկերագիրքը ունենալու է կարևոր կրթական առաքելություն, նպաստելով ուրարտական ժառանգության հանրահռչակմանը և խթանելու է այցելուների հոսքին դեպի այս երկու կարևոր հուշարձաններ։ 

 

«Սա յուրատեսակ աշխատանք է, որը իրականացվել է հայ-ֆրանսիական համատեղ համագործակցության շնորհիվ։ Շուտով մենք կհամագործակցենք նաև Երևանի քաղաքապետարանի հետ, ինչը հնարավորություն կտա մեր աշխատակից Ռուբեն Սարգսյանին ունենալու ժամանակակից գործիքակազմ՝ իր վերակազմություններն անելու ավելի հարմարավետ պայմաններում»,- իր ելույթում նշեց թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։ 

 

Ավելի ուշ նախատեսվում է պատկերագրքում տեղ գտած վերակազմությունները ցուցադրել հենց ամրոցների տարածքում, ուստի այցելուներն իրենք հնարավություն կունենան անցնելու Էրեբունու սյունազարդ դահլիճի եռաչափ տարածքով և տեսնելու, թե ինչպիսի ներքին հարդարմամբ է այն ծառայել որպես հանդիսությունների սրահ։ Մեկ այլ դեպքում էլ կհայտնվեն ամրոցի պաշտամունքային հատվածում, որտեղ այժմ դժվար է տարբերել տաճարների հիմնական պատերը՝ խորհրդային ժամանակներից մնացած փորագրություններով ծածկված հատվածներից։ 

 

Պատկերագրքի երկրոդ հատվածում Կարմիր Բլուրի՝ Թեյշեբաինի ամրոցի շինությունների եռափաչ վերակազմություններն են։ Այս հատվածում հնարավոր է տեսնել ամրոցի վերականգնված հատակագիծը, գլխավոր մուտքի կառուցվածքը և պահեստային սենյակների ներքին հարդարանքները և պաշտամունքային հատվածները։ 

 

 

Էրեբունի ամրոցի ներսում տեղակայված Սուսիի տաճարը

 

Շուրջ երկու տարի տևած ծավալուն աշխատանքի մասին այսօր թանգարանի աշխատակից Ռուբենը պատմում է թեթևացած՝ հետևում թողնելով պատկերագրքի տպագրության ընթացքում առաջացած խնդիրները։ Ինչպես յուրաքանչյուր պատմության դեպքում, երբ կարևոր է սկիզբը, այնպես էլ իր դեպքում՝ նա գրքի գաղափարի ստեղծման մասին պատմում է սկզբից․ «Պատկերագրքում ներկայացված վերակազմությունները գիտական փաստերի հիման վրա ստեղծված նմուշներ են, ուստի այս աշխատանքը կարելի է համարել ոչ թե դուռ, որը բացվում է մեր առաջ և մենք տեսնում ենք, թե ինչպիսինն է եղել Վանի թագավորությունը, այլ այդ դռան բանալու ճեղք, որից մենք որոշ չափով կարող ենք հայացք գցել դեպի անցյալ և տեսնել, թե ինչպիսինն էր Ուրարտուի թագավորությունը մեզնից 3000 տարի առաջ»։

 

Պատկերագրքերն արդեն կարելի է ձեռք բերել Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքից։