ԵՐԵՎԱՆ #66 | շապիկ
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ թիկունքի մասին պատմող թողարկման շապիկի հեղինակը Գևորգ Օրդակյանն է։
ԵՐԵՎԱՆ #66
Թողարկումը ծրագրվում էր դեռ պատերազմի օրերին, այն ժամանակ՝ բոլորիս ոգևորելու և լավին սպասելու համար։ Շապիկում էլ կար ցանկություն ներկայացնելու այն թեժ ու ջերմ աժիոտաժը, որ տիրում էր ամբողջ Երևանում և այլ քաղաքներում, ֆիքսել այն պահը, որում բոլորը սիրում են իրար, գնահատում, հարգում, հոգ տանում, աշխատում մեկ գործի վրա։
Պատերազմի ավարտը շոկ էր բոլորի համար։ Հիշում է Օրդակյանը․ «Մի պահ կանգ առանք, որովհետև ոչ ոք չգիտեր, թե հիմա ինչ է պետք անել, բայց հետո վերադարձանք գաղափարին․ ի վերջո, այն, ինչ տեղի է ունեցել ամենամաքուր ու անկեղծ երևույթն էր, անկախ նրանից, թե ինչ ավարտ ունեցավ կռիվը»։
Նկարիչը պատկերի մեջ փորձել է պատկերել այն երևույթները, որոնք խորհրդանշում էին 45 օրերի տագնապալից առօրյան՝ օգնության հավաքի վայրերից մինչև արցախցի կանանց պատրաստած ժենգյալով հաց և SOAD-ի նոր երգերը։
«Պատերազմը շատ բան փոխեց բոլորիս մեջ, անձամբ իմ արժեհամակարգում էլ փոխվեցին որոշ կետեր, որոնց մասին թերևս մոռացել էի, կամ չէի էլ մտածել: Այսօր մենք ավելի պատասխանատվությամբ պետք է մոտենանք այն ամենին, ինչը ստեղծվում է մեր հայրենիքի ու հայրենակիցների համար, լինենք ավելի ամուր, լուսավոր ու բարի», - եզրափակում է Գևորգ Օրդակյանը։