ԵՐԵՎԱՆ #71. շապիկ
Շապիկ

ԵՐԵՎԱՆ #71. շապիկ

ԵՐԵՎԱՆ ամսագրի՝ էլեկտրոնային երաժշտությանը նվիրված նոր համարի շապիկի հեղինակն Արեգ Մովսիսյանն է՝ Kupikazu ստեղծագործական խմբից։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի 

 

Շապիկի հեղինակ՝ Արեգ Մովսիսյան

#Շապիկ #Դիզայն

 

Նկարիչը խոստովանում է, որ իր համար շապիկը ստեղծելիս ոգեշնչում են հանդիսացել այն բոլոր երիտասարդները, որոնք էլեկտրոնային երաժշտության միջոցով փորձում են կտրվել առօրյայից, գտնել սեփական Ես-ը, ովքեր ավելի էմոցիոնալ են և այլ կերպ են զգում երաժշտությունն իր բոլոր գույներով։ Արեգը փորձել է արտահայտել այդ երիտասարդների գունեղ կյանքի ռիթմն ու էմոցիաները, շրջակա աշխարհը՝ արևի ջերմությունը, անձրևն ու քամին զգալու նրանց կարողությունն ու այդ ամենին հակադրվող հոգեբանական խնդիրները, ցավն ու ներքին հակասությունները։  

 

Եվ հենց այդ խնդիրներից կրկին փրկում է ռեյվը, քլաբինգը, ինտեգրված զգալու զգացումը, շարժվելու ու պարելու ազատությունը։ Պարը՝ ներքին պարը, ներքին ազատությունը, ամեն ինչ մոռացության տալու, բոլոր կապանքներից ազատվելու պարը ի վերջո դարձավ շապիկի գլխավոր մոտիվը։ Արդյունքում ստեղծվեցին երկու դոմինանտ կերպարներ, որոնց միջև հենց շապիկի մակերեսին առաջացավ ներքին կապ ու պայքար, ինչը հանգեցնում է իրենց շուրջ նոր աբստրակտ տարածությունների ձևավորմանը, մարմնայինը միաձուլվում է հեգևորին, երևակայականը՝ իրականին։  

 

Կան նաև այլ կերպարներ․ մեկը՝ ով ագահորեն զննում ու կլանում է իր իսկ ստեղծած տարածությունները, մյուսը՝ բացարձակ ամորֆ, որը ներդաշնակորեն միաձուլվում է տարածությանը։ Ի վերջո, այդ բոլոր կերպարների, նրանց մտքերի մեկտեղումից էլ ձևավորվեց մեր նոր շապիկը։