ԵՐԵՎԱՆ #73. շապիկ
Ի՞նչ է պատկերված երևանյան ռոք մշակույթի նվիրված համարի շապիկին․ բացատրում է նկարիչ Դավիթ Խոջամիրյանը։
20.12.2021Ամսագրի նոր համարը պատմում է անկախության շրջանի երևանյան ռոք համայնքի ամենաբուռն պահերի ու ամենավառ մարդկանց մասին։ Նկարիչ Դավիթ Խոջամիրյանը երկար մտածում էր՝ ինչպես այդ ամենը արտահայտել պատկերի մեջ, սկզբում փորձում էր շրջանցել հայտնի խորհրդանիշը՝ ցցած ցուցամատով ու ճկույթով ձեռքը, բայց ի վերջո որոշեց հենց դրա շուրջ էլ կառուցել կոմպոզիցիան։
Ճկույթի հարևանությամբ System of a Down-ի անդամներն են, քիչ ներքևում՝ նրանց պատմական համերգը Հանրապետության հրապարակում։ Ներքևի ձախ անկյունում լեգենդար Stop ակումբն է, որը երկու տասնամյակ է ինչ երևանյան ռոքի գլխավոր վայրերից մեկն է։ Առկա են նաև այլ կարևոր ռոք-կետերի խորհրդանիշները՝ Տիկնիկայինը, Ժուռնալիստների տունը, ՆՓԱԿ-ը։
Արդյունքում ստացվել է կոլաժի պես մի բան, որում օգտագործվել են տարբեր տեխնիկաներ․ յուղաներկ, մատիտանկարներ, գրաֆիկական պլանշետով արված հատվածներ, պլաստիլինե ֆիգուրներ և նույնիսկ ներառված լուսանկարներ։
«Այս թեման ինձ համար շատ հարազատ է, մինչև հիմա փորձում եմ բաց չթողնել կարևոր ռոք իրադարձությունները, երբեմն պարզապես մտնում եմ Stop, իսկ SOAD-ենց երկրպագում եմ 12 տարեկանից», - ասում է Դավիթը։
Ընդհանուր առմամբ, գույնով ու էներգետիկայով ստացվել է շատ դրական պատկեր։ Նկարիչն այսպես է բացատրում․ «Ես կարծում եմ, որ ռոքը բարի մարդկանց երաժշտությունն է, որը մնացած ժանրերից շատ ավելի լավ կարող է միավորել մարդկանց»