ԵՐԵՎԱՆ #86. Փարաջանովի 100-ամյակին նվիրված շապիկը
ԵՐԵՎԱՆի այս թողարկման շապիկի հեղինակ նկարիչ Դավիթ Խոջամիրյանը պատմում է Սերգեյ Փարաջանովի բարեկամը լինելու, նրա ազդեցությունը կրելու և շատ կարճ, սիմվոլիկ հանդիպման մասին։
Տեքստը՝ Դավիթ Խոջամիրյանի
ԵՐԵՎԱՆ #86 | 2024
Թողարկումը լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ
ԵՐԵՎԱՆի նոր համարի շապիկը
Երբ սկսեցի մտածել այս շապիկի մասին, միանգամից ակնհայտ էր, որ պիտի կոլաժի ուղղությամբ գնամ։ Մյուս կողմից՝ ինչպես ինքը, Փարաջանովն էր ասում, «ով փորձի ինձ նմանակել, կզոհվի»։ Էնպես որ՝ ես որոշեցի ոչ թե նմանակել նրա ոճը, այլ գնալ իմ ճանապարհով։ Թեպետ կարծում եմ, որ նա մի քիչ չափազանցրել է, քանի որ և՛ կինոյում, և՛ կերպարվեստում կան հաջողված օրինակներ, երբ հեղինակները ոգեշնչվել են իր արվեստով, բայց լավ արդյունքի են հասել։
Ինչևէ, քանի որ խոսքը 100-ամյակի մասին էր, ես նկարեցի 100 Փարաջանովներ՝ տարբեր տեխնիկաներով ու նյութերով, ինչով փորձեցի մատնանշել նրա հանճարի բազմակողմանիությունը։ Այդ 100 դիմանկարների համար օգտագործել եմ յուղաներկ, ակրիլ, ջրաներկ, գուաշ, պաստել, մատիտներ, մարկերներ, թվային գործիքներ, պլաստիլին, ֆոտո ու այլ նյութեր։ Հետո ընտրեցի Սերգեյի ֆիլմերից մի քանի կադր, վերցրեցի նրա կոլաժներից ու լուսանկարներից ու արտաբերեցի դրանք այլ տեխնիկաներով ու ծավալներով՝ դրանք դարձնելով ավելի աչքի ընկնող, որովհետև ուզում էի շեշտել, որ ի՛ր աշխատանքներն ավելի կարևոր են, քան իմ կողմից արված իր պատկերները։
Այս վառ, գունեղ աշխատանքով առաջին հերթին ուզում էի ցույց տալ Փարաջանովի բնավորությունը, որը, չնայած իրեն բաժին հասած բոլոր դժվարություններին, մնում էր լեցուն հումորով, վառ գույներով ու էքսցենտրիկությամբ։
Թիֆլիս, Կոտե Մեսխի, 7
Երբ մտնում եք Փարաջանովի թանգարանի առաջին սրահը, հենց սկզբում՝ աջից կարելի է տեսնել «Հորեղբայրս՝ Հայկազ Փարաջանյանը» կոչվող կոլաժը։ Այդ աշխատանքը նվիրված է պապիս պապին։ Փարաջանյանները հին թբիլիսյան գերդաստան էին, որի մի մասն ապրում էր Կոտե Մեսխի 7 հասցեում։ Հայկազի տղան՝ իմ ապուպապ Օնիկ Փարաջանյանը, հորեղբորորդի Սերգեյի հետ մոտավորապես նույն տարիքի էր։ Նրանք երկար ժամանակ մեծանում էին նույն տանիքի տակ, աղմկոտ ու մտերիմ ընտանիքում, մինչև որ Հայկազն ընտանիքը տեղափոխեց Երևան։ Իսկ Փարաջանովը, որոշ ժամանակ Կիևում անցկացնելուց հետո, վերադարձավ Թբիլիսի ու շարունակեց ապրել հայրական տանը, որն աստիճանաբար դարձավ քաղաքի ամենանշանավոր վայրերից մեկը։
Զարմանալի էր, երբ Թբիլիսի կյանքումս առաջին այցի ժամանակ հայտնվեցի այդ տանը։ Նոր քաղաք հասնելուն պես հանդիպեցի մոսկվացի ընկերոջս, որն էլ կանչեց ինձ իր ընկերների տուն սրճելու։ Ահա այնտեղ պարզվեց, որ այն տունն է, որում մեծացել են Սերգեյ ու Օնիկ Փարաջանյանները, պարզապես հիմա այն մի քանի բնակարանի է բաժանված։ Հրաշալի երեկո անցկացրեցինք, ու ես ամբողջ ընթացքում փորձում էի պատկերացնել, թե ժամանակին ոնց են էստեղ ապրել իմ նախնիները։
Օնիկը տաղանդավոր երաժիշտ էր, Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում ուներ։ Չնայած որ տարբեր քաղաքներում էին ապրում, Սերգեյի հետ շարունակում էր կապ պահպանել ամբողջ կյանքի ընթացքում։ Տատիկս ու մայրիկս էլ բախտ են ունեցել շփվելու մաեստրոյի հետ, երբ Երևան էր գալիս։
Հպարտ բարեկամը
Քանի որ տատիկս հաճախ էր պատմում հոպար Սերգոյի հետ հանդիպումների մասին, Փարաջանովն ինձ համար դեռ փոքրուց ոչ այնքան արվեստի հանճար էր, որքան հարազատ, մտերիմ մարդ։ Բայց չնայած որ հպարտությամբ էի լցված մեր բարեկամական կապերի համար, երկար ժամանակ չէի համարձակվում դիտել նրա ֆիլմերը, վախենում էի, որ չեմ հասկանա։ Երբ վերջապես հավաքեցի խիզախությունս ու դիտեցի, ցնցված էի։ «Մոռացված նախնիների ստվերները», որ բոլոր ժամանակների իմ սիրած ֆիլմերից է հիմա, իմ կարծիքով, պատկերում է ամբողջ կյանքն ինչպիսին որ կա։
Որպես նկարիչ՝ միշտ հիացած եմ եղել Փարաջանովի բազմաշերտությամբ։ Տեսեք, թե ինչ տարբեր ու բազմազան նյութեր ու տեխնիկաներ է նա օգտագործել իր գլուխգործոցները ստեղծելու համար։ Նույնիսկ կինոյում իր երկու գլխավոր աշխատանքները՝ «Ստվերներն» ու «Նռան գույնը», կատարելապես տարբերվում են միմյանցից, ու ամեն մեկը հանճարեղ է յուրովի։
Մեր ընտանիքում ավելի շատ զբաղված են գիտությամբ, իսկ ստեղծագործողներ, որոնցից կարող էի օրինակ վերցնել, ըստ էության՝ չկան։ Բայց միշտ եղել է ու կա Սերգեյի ահռելի ֆիգուրը, որն ամբողջ կյանքում ոգեշնչում է, սովորեցնում է չվախենալ փորձերից, տեսնել արվեստն իր բազմազանությամբ։ Ես արդեն փորձել եմ ուժերս ճարտարապետությունում, կինոյում, կերպարվեստում, քանդակագործությունում ու չեմ պատրաստվում կանգ առնել։
Միակ հանդիպումը
Ցավոք, իմ ու Սերգեյի միակ հանդիպումը տեղի է ունեցել իր թաղմանը, երբ նա պառկած էր դագաղում, իսկ ես յոթ ամսական էմբրիոն էի մայրիկիս փորում։ Ուզում եմ հավատալ, որ մեր հոգիները կարողացան այդուհանդերձ հանդիպել ու նա իր տաղանդի գոնե մի փոքր մասնիկը կարողացավ փոխանցել ինձ։ Համենայնդեպս, նրա մորուքը ժառանգել եմ…
Հուղարկավորությունը կազմակերպել էր հորական պապս։ Նա էլ էր մեծ ներդրում ունեցել Խորհրդային Հայաստանի մշակույթի ու արվեստի զարգացման մեջ՝ որպես Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ Համացանցում պատահաբար մի լուսանկար եմ գտել, որտեղ Յուրի Խոջամիրյանը Սերգեյի հուղարկավորության ժամանակ ելույթ է ունենում բարձրախոսի մոտ կանգնած։