«Երևան Բլյուզ»․ բարձրացրու քաղաքի ձայնը
Նոր գիրք

«Երևան Բլյուզ»․ բարձրացրու քաղաքի ձայնը

ԵՐԵՎԱՆն ընթերցել է Սամվել Խաչատրյանի «Երևան Բլյուզ» գիրքը․ ահա մեր տպավորությունները։

Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի

 

Լուսանկարը՝ «Երևան Բլյուզ» գրքի ֆբ-էջից

Երևանի մասին գրքերի թիվը, ուղիղ համեմատական նոր շինություններին, վերջին տարիներին ավելանում է։ Թերևս տարբերությունն այն է, որ նոր շենքեր, ավելի ճիշտ՝ անմարդաբնակ բարձրահարկեր, կառուցելու համար քանդվում են հները։ Արդյունքում Երևանը կորցնում է իր նախկին դիմագիծը ու դառնում ստվերների քաղաք, որտեղ անվերջ թափառում են հիշողությունները։ Հենց այս ստվերների քաղաքի՝ այսպիսի Երևանի մասին է Սամվել Խաչատրյանի «Երևան Բլյուզ» գիրքը՝ վեպ գոյության ու չգոյության, ձայների ու բույրերի, կադրերի ու հիշողությունների մասին։

 

Երևան - շենքեր = ստվերներ

Բացում ենք գիրքը, ավելի ճիշտ՝ բարձրացնում ենք քաղաքի ձայնը։ Լսում՝ աղմուկ, գոռոցներ, երբեք չլռող լուրերի թողարկումներ, հայկական բառերով կիսաարաբական երգերի միքսեր, շինարարության դղրդոց։

 

Կարդում. պարզվում է՝ ձայներից բացի՝ «Երևան Բլյուզը» տեսագրությունների շարք է, որտեղ գլխավոր կերպարները՝ Տիգրանն ու Նունեն, փորձում են բեմադրել  քանդվող շենքերի մասին իրենց հեղինակած «Ստվերներ» ներկայացումը։

 

- Բա էս քանդվող շենքերի ու ավերակների տակ ո՞նց հույզեր ու դրամա չխաղամ։

- Դու ստվեր ես, ավերակների հետ վերջանում-գնում ես։

 

Տեսագրությունները սկսվում են 2018-ի մայիսից ու ավարտվում 2023-ի մարտին։ Ամսաթվերը հուշում են (բայց չեն պարտադրում)՝ պատերազմ(ներ)ի մատը խառն է։ Սակայն գրքում ոչ պատերազմի, ոչ էլ կորոնավիրուսի մասին բառացի ոչինչ չկա, փոխարենը կա նրանց գոյության աննկատ զգացողությունը։

 

Բայց, ի վերջո, ինչպիսի՞ն է Երևանը գրքում։ 

 

Բացման տեսարանում Նունեն Տիգրանին ներկայացնում է իբրև քաղաքի հերթական, սառնություն արձակող պատը։ Իհարկե, այն սառն է ու անհրապույր, բայց միևնույն ժամանակ հրավիրում է պատսպարվելու։

 

Երևանի մասին առաջին հիշատակումը Ֆիրդուսն է՝ արդեն քանդման եզրին, որտեղ ծնվել է Տիգրանը և ծանոթացել Նունեի հետ։ Ֆիրդուսը դառնում է գրքի աննկատ առանցքը. ամեն ինչ գլխիվայր շրջվում է ճիշտ այն ժամանակ, երբ Ֆիրդուսը վերջնականապես քանդում են։ Ֆիրդուսին հաջորդում են տեսարաններ Այգեստանի, Կոնդի, տարբեր փողոցների ու դալանների մասին, որոնք բոլորը բացահայտվում են, երբ Տիգրանը իր ընկերների հետ զբոսնում է քաղաքում ու տեսագրում Երևանը՝ նրա մասին հիշողությունները պահելու համար։ Ըստ էության, կերպարների գլխավոր նպատակը Երևանն արխիվացնելն է․ չէ՞ որ մեզ ստիպում են մոռանալ քաղաքի մասին մեր հիշողությունները։ 

 

Օրը ցերեկով մարդու հիշողությունը կորում է, ու հույս էլ չկա, որ մի օր կվերականգնվի։

 

Գրքում այս միտքը բազմիցս կրկնվում է, քանի որ կորցնելով հիշողությունները՝ մենք կորցնում ենք Երևանը։ Ահա մեր ժամանակի ցավը։ Բայց ինչու՞ ենք անընդհատ պտտվում հենց Երևանի շուրջ. թերևս այստեղ մեզ ապահով ենք զգում։ «Քանի դեռ կա Երևանը, մեզ ոչինչ չի պատահի»,- հավանաբար այսպես է մտածում շարքային հայ քաղաքացին։ Եվ հենց այս կետում էլ Երևանի քանդվելը դուրս է գալիս զուտ քաղաքային սահմաններից, ու խոշոր պլանը փոխարինվում է ընդհանուրով. մենք վախենում ենք կորցնել Հայաստանը։

 

Պետք չի, որ դու հիշես՝ ով ես, ինչ էիր ու ինչ դարձար։ Պետք ա, որ դառնաս մանկուրտ ու սրտանց, առանց ստիպելու անես էն, ինչ քեզ կասեն։ Որ հենց դու՛ հրամանը կատարես, ոչ թե հետևումդ կանգնած ամբոխները, որ կանգնել, Դրա անունն են վանկարկում։

 

Բայց ո՞վ ենք մենք, ի՞նչ էինք ու ի՞նչ դարձանք։

 

Մարդիկ - Երևան = ստվերներ

Ստվերների քաղաքում ապրող մարդիկ, ինչպես Տիգրանը, Նունեն, Կարենը, Մարիամը, անանուն խաղընկերը և նույնիսկ ինքը՝ հեղինակը, խիստ փոխկապակցված են, իրենց բառերով՝ նրանք իզգոյներ են, այլ կերպ ասած՝ ստվերներ, իսկ ավելի ճիշտ՝ կորսուսյալ սերունդ։ Նրանք այնքան են միմյանց մեջ սերտաճել, որ չես նկատում՝ որտեղ է ավարտվում Նունեն ու սկսվում Տիգրանը, որտեղ է խոսում Տիգրանը ու լռում հեղինակը։ «Երևան Բլյուզը» միաժամանակ տարբեր մարդկանց, բայց ըստ զգացողության՝ մեկ մարդու մասին վեպ է, և, ցավոք սրտի, հենց այդ մեկ մարդը… մեր կորուսյալ սերունդն է։

 

Անհետացող հիշողություններն են պատճառը՝ ցնդածի ու երբեք էլ գոյություն չունեցածի հնչերանգով, որ շատերը, օրինակ՝ ես, Կարենը, Հայկը, Մարիամը, քաղաքում իրենց իզգոյ են զգում ու կատակով ասում, որ իրենք փոքրամասնություն են կամ բոլորովին նոր քաղաքում շրջող «ստվերներ»։

 

Մի սերունդ, որտեղ բոլորը ստվերներ են կամ նույնսիկ միևնույն ստվերը՝ լույսի տարբեր անկյան տակ։ Կենտրոնում Տիգրանն է, նրանից մի քայլ առաջ Նունեն, նրանց կողքին հազիվ երևում են Կարենն ու Մարիամը, իսկ ամենամութ տեղում անանուն խաղընկերն է։ Նրանցից ոչ մեկի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, նրանք չունեն ոչ բարեկամներ, ոչ հարազատներ, ոչ կարգին անցյալ և ոչ էլ, իհարկե, ապագա։ Իսկ ներկա՞։

 

Հենց ներկայի վրա էլ եկեք քաղաքի ձայնը իջեցնենք, քանի որ «մարդիկ չեն ուզում մտածել ու մտահոգ լինել»։ 

 

Եվ ուրեմն… մնացածը՝ գրքում։

 

Ստվերներ + Երևան = Բլյուզ

Այս բոլոր մաթեմատիկական հաշվարկներից հետո մնում է միայն գտնել Բլյուզը, ճիշտ իքսի պես։ Երևանյան Բլյուզը համատարած մելանխոլիան է, համատարած աղմուկը, որ սկսվում է որպես ձայնային միավոր ու վերածվելով վիզուալի՝ հուշում՝ նորակառույց շենքերի հսկայական գովազդային վահանակների տակ մենք ենք՝ քաղաքի իրական ստվերները։ 

հավելյալ նյութեր