«Երևան» կինոակումբի բուռն աշունը. 4 ռետրոսպեկտիվ, 2 ներկայացում և մեծ սպասելիքներ
«Երևան» կինոակումբի հիմնադիր Սերգեյ Ցելիկովը պատմում է, թե ինչ նշանակալից իրադարձություններ են սպասում կինոյի ու թատրոնի սիրահարներին այս աշնանը։
Տեքստը՝ Վահագն Խաչատրյանի
Սկիզբը
Առաջ ես բիզնես ունեի Ռուսաստանում, որն ինձ գումար էր բերում, իսկ այստեղ ավելի շատ զբաղվում եմ հոգու համար ինչ-որ գործունեությամբ, նոր ծանոթներ ու ընկերներ ձեռք բերելու նպատակով։ Քանի որ մասնագիտությամբ ռեժիսոր եմ, ունեմ նաև ռեժիսոր ընկերներ, որոշեցի կազմակերպել մեր նկարած ֆիլմերի ցուցադրությունները, որպեսզի կողքիս մարդկանց ծանոթացնեմ իմ և հետո նաև այլ մարդկանց ստեղծագործությունների հետ։ Այդ երեկոներից մեկին եկել էր Մարինա Կուլապինան, որն առաջարկեց ավելի մասշտաբային միջոցառում կազմակերպել, օրինակ՝ Արտդոկֆեստ փառատոնը բերել այստեղ։
Սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, Մանանա Ասլամազյանն օգնեց կապվել Արտդոկֆեստի ղեկավար Վիտալի Մանսկիի հետ․ թեև մենք ծանոթ էինք հետը, բայց հենց Մանանան հավաստիացրեց իրեն, որ մենք լուրջ զբաղվելու ենք կազմակերպչական աշխատանքով, ինչի արդյունքում էլ Մանսկին համաձայնեց Երևանում կազմակերպել փառատոնի փոքր սփին-օֆֆը՝ «Արտդոկֆեստի արձագանքը», մենք էլ ստանձնեցինք կազմակերպչական հարցերը։ Ամեն ինչ հրաշալի անցավ, ես վերջնականապես սիրահարվեցի Հայաստանին ու մեր կինոակումբը սկսեց իր լիարժեք գործունեությունը։
Ովքեր են դիտողները
Կան իրադարձություններ, որոնք ավելի մոտ են ռուսաստանցիներին, օրինակ՝ Զվյագինցևի ցուցադրությունները։ Չնայած, մեզ թվում էր, հակառակը կլինի։ Իսկ ահա Սոկուրովին ու Տարկովսկուն ավելի շատ էին հայերը։ Ամեն դեպքում, մենք նպատակ ունենք անել այնպես, որ հավասարաչափ բաշխվի հանդիսատեսը։ Ռուսների համար սա ծանոթ մշակութային միջավայր է, իսկ հայերի համար՝ մշակույթների երկխոսություն։ Ոչ ոք չպետք է մնա իր առանձնացված փուչիկի մեջ։
Պարզապես կինոդիտումից ավելի
Ամառային արձակուրդների էինք պատրաստվում և ուզում էինք սեպտեմբերի համար արդեն մի բան հաստատված ունենալ։ Հիշեցինք, որ Բերգմանի իրավունքները ստանալը բավական հեշտ է, հանդիսատես էլ միշտ կա՝ ի վերջո, նա պատմության մեծագույն կինոգործիչներից է։ Այդպես, մինչև կհաստատվեին մյուս նախնական պայմանավորվածությունները, պայմանավորվեցինք Բերգմանի ցուցադրությունների մասին։ Հետո իրար հետևից եկան նաև մնացած միջոցառումները, որի արդյունքում սեպտեմբեր-հոկտեմբերը գերհագեցած դարձավ․ Բերգմանի երեք ֆիլմ, Ֆոն Տրիերի չորս ֆիլմ՝ Անտոն Դոլինի հետ քննարկմամբ, Բորիս Խլեբնիկովն ու Անդրեյ Սմիրնովը կգան իրենց նոր ֆիլմերով։
Դոլինը վերջերս արդեն եղել է Երևանի Կինոյի տանը՝ Ֆոն Տրիերի «Թագավորության» նոր մասերի ցուցադրությանը, որ մեր գործընկերներն էին կազմակերպել, ոչ մենք, նաև մեր զվյագինցևյան շարքին, որտեղ ռեժիսորի հետ հանդիպումներն էր վարում։ Ընդհանրապես, այս միջոցառումների ավելացրած արժեքը երբեմն հենց խոսնակն է։ Երբ գալիս են իրենք՝ ռեժիսորները, ինչպես Զվյագինցևի ու Սոկուրովի դեպքում էր, գրեթե ոչ ոք ֆիլմից հետո չի գնում, ոմանք էլ գալիս են հենց նրանց հետ շփման համար․ ի վերջո, ֆիլմերը շատերն արդեն տեսել են, կամ կարող են դիտել համացանցում։ Իսկ այսպես պարզապես կինոդիտումից ավելին է ստացվում։ Քննադատների հետ ավելի քչերն են մնում, բայց այդ քչերն այնքան ակտիվ են, որ հասկանում ես՝ նրանց համար կարևոր է խոսել ֆիլմի մասին, խորանալ, մասնագիտական կարծիք լսել տեսածի մասին։ Հատկապես հեղինակային կինոյի դեպքում սա իրոք մեծ նշանակություն ունի։
Թատրոն
Երբ տարվա սկզբում Ախեջակովային զրկեցին «Սովրեմեննիկ» թատրոնում դերից, ես միանգամից զանգեցի նրան, մի ժամ շատ ջերմ խոսեցինք, ասացի, որ մենք շատ ենք սիրում իր գործը, հատկապես, որ գիտեմ՝ թե որքան կարևոր է իր համար իր աշխատանքը։ Մի խոսքով, ասացի՝ ի՞նչ անենք միասին, գուցե ձեզ բերենք Երևա՞ն։ Ասաց, որ հաճույքով այստեղ կցուցադրեր «Իմ թոռ Վենիամինը»՝ Լյուդմիլա Ուլիցկայայի գործի հիման վրա։ Քննարկեցինք պրոյդուսերի հետ, Երևանում գտանք հարմար բեմ և ահա՝ սեպտեմբերի 26-ին, Սունդուկյանի թատրոնում։ Անհամբեր սպասում եմ, մեր կարևորագույն միջոցառումներից է։
Անատոլի Բելիի «Ես այստեղ եմ» մոնոներկայացման մասին վաղուց էի լսել, քանի որ միշտ հետևում եմ Ռուսաստանը լքած ստեղծագործողների գործունեությանը։ Առավել ևս, որ ներկայացման հիմքում 2022 թվականի փետրվարի 24-ից հետո գրված տեքստերն են։ Տեսած մարդկանց արձագանքները բավական լավն էին ու, անկեղծ ասած, ես կարծում էի, որ առանց մեզ էլ բերող կլինի։ Բայց ահա, բախտ վիճակվեց մեզ։
Հիմա նաև աշխատում ենք մեր սեփական ներկայացումների վրա, կան հրաշալի մտքեր ու արդեն լավ փորձ՝ «Ճամպրուկից» ու «Պառկեք, պարոն նախագահ»-ից հետո։ Բացի այդ, անհամեստորեն փորձում ենք ներխուժել նաև համերգային ոլորտ․ մի քանի իմ սիրելի ռուսական խմբերի հետ ենք բանակցում, գուցե շուտով այդ ձևաչափում էլ մասնագիտանանք։
Երեվան կինոակումբի մոտածա իրադարձությունները
Մանրամասները՝ @YerevanKino տելեգրամյան ալիքում
- Սեպտեմբերի 5․ «Ես մնում եմ», ներկայացում, Հակոբ Պարոնյանի անվան թատրոն
- Սեպտեմբերի 8-10․ Ինգմար Բերգմանի հետահայաց ցուցադրություն («Անձը», «Յոթերորդ կնիքը», «Ֆանին ու Ալեքսանդրը»)
- Սեպտեմբերի 16-17․ Բորիս Խլեբնիկովի ֆիլմերը՝ ռեժիսորի ներկայությամբ («Առիթմիա», «Խածկտիկ»)
- Սեպտեմբերի 22-24․ Անդրեյ Սմիրնովի ֆիլմերը՝ ռեժիսորի ներկայությամբ («Բելառուսական կայարան», «Ֆրանսիացին», «Մեր ու ձեր կենացը»՝ հայաստանյան պրեմիերա)
- Սեպտեմբերի 26․ «Իմ թոռ Վենիամինը» ներկայացումը՝ Լիա Ախեջակովայի գլխավոր դերակատարությամբ, Սունդուկյանի անվան թատրոն
- Հոկտեմբերի 5-8․ Լարս Ֆոն Տրիերի հետահայաց ցուցադրություն՝ Անտոն Դոլինի մեկնաբանությամբ («Կտրելով ալիքները», «Մթում պարողը», «Դոգվիլ», «Մելանքոլիա»)