Երևանի առաջին դպրոցները
Ինչու էր Հայաստանի առաջին պետական դպրոցը տեղափոխվում տեղից տեղ, ինչ բարեփոխումներ է մտցրել Խաչատուր Աբովյանը, ինչով էր տարբերվում Պերճ Պռոշյանի ջանքերով բացված օրիորդաց հոգևոր դպրոցը․ ուսումնասիրում ենք նախախորհրդային Երևանի դպրոցները։
Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի
Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի / Երևանի պատմության թանգարանի հավաքածուից
Շնորակալություն թանգարանի Նոր պատմության բաժնի ղեկավար Սուսաննա Հարությունյանին տեղեկության համար
Գավառական արական դպրոց
Առաջին պետական դպրոցն էր, որը Երևանում բացվեց 1832 թվականի հունվարի 14-ին: Գտնվում էր Երևանի բերդի տարածքում, ուներ մեկ դասարան և մեկ ուսուցիչ, որը դասավանդում էր բոլոր առարկաները: Շենքային պայմանները ի սկզբանե վատն էին ու անհարմար, և երեք տարի հետո, երբ աշակերտների թիվը հասել էր յոթանասունի, դպրոցը տեղափոխվեց Սուրբ Սարգիս եկեղեցու բակային տարածք, որտեղից էլ ընդամենը մեկ տարի գործելուց հետո տեղափոխվեց սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու բակ (ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի տեղում): 1838 թվականին Տեր-Ղուկասովսկայա (ներկայիս Վազգեն Սարգսյան) փողոցում սկսվում է դպրոցի համար նոր շենքի կառուցումը: Հետագայում շենքը հայտնի է դառնալու որպես Սպայի տուն ու քանդվելու է 2000-ականներին:
Դպրոցի ամենալուսավոր տարիները կապված են Խաչատուր Աբովյանի հետ, որը 1843-48 թվականներին դպրոցի տեսուչ է եղել, նաև դասավանդել ռուսերեն, հայերեն, պատմություն և աշխարհագրություն առարկաները։ Աբովյանի առաջարկով դպրոցական կրթությունը սկսվեց 8 և ոչ թե 11-13 տարեկանից, քանի որ այդ տարիքում տղաներն արդեն պետք է աշխատեին և օգնեին իրենց ընտանիքներին։ Նա ավելացնում է նաև մայրենի լեզվի դասաժամերը, ինչի շնորհիվ էլ ավելանում է աշակերտների թիվը, որովհետև ոչ բոլորն էին տիրապետում ռուսերենին, որը կրթության հիմնական լեզուն էր: Դպրոցում Աբովյանի՝ ամենակարևոր դրական փոփոխությունը մարմնական պատիժների և դասավանդման սխոլաստիկ (անգիր անելու) մեթոդի վերացումն էր:
19-րդ դարավերջում դպրոցը վերածվեց գիմնազիայի, որտեղ դասավանդում էին կրոն, ռուսերեն, մաթեմատիկա, երկրաչափություն, ֆիզիկա, ռուս և համաշխարհային պատմություն, աշխարհագրություն, ֆրանսերեն (և/կամ գերմաներեն), գեղագրություն, նկարչություն, մարմնամարզություն: Երաժշտությունը, պարը, սուսերամարզությունը և հայերենը ոչ պարտադիր առարկաներն էին. ի դեպ, միայն աշակերտների բողոքներից հետո հայերենը դարձավ պարտադիր առարկա:
1850 թվականին Անդրկովկասի դպրոցական վարչության որոշմամբ Երևանի բոլոր դպրոցների շենքերը վաճառվում են մասնավոր անհատներին, որոնք էլ շենքերը դպրոցներին վարձակալությամբ են տալիս. արդյունքում ոչ բոլոր դպրոցներն են գոյատևում այս պայմաններում: Այդ պատճառով էլ Քաղաքային դուման որոշում է նոր շենք կառուցել գիմնազիայի համար՝ Աստաֆևսկայա փողոցում (ներկայիս Աբովյան 2 հասցեում գործող Առնո Բաբաջանյան համերգասրահի շենքը), բայց սկսված աշխարհաքաղական իրադարձությունների պատճառով՝ Գիմնազիան երբևէ չգործեց այս շենքում: 1918 թվականին՝ Առաջին Հանրապետության տարիներին, արական գիմնազիան կոչվեց Հայկական գիմնազիա, իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1921 թվականին Հայկական գիմնազիայի հիմքի վրա բացվեց թիվ 2-րդ դպրոցը, որը 1925 թվականին կոչվեց Խաչատուր Աբովյանի անունով:
Երևանի առաջին իգական դպրոց-վարժարան
Բացվել է 1850 թվականի հունվարի 2-ին: Երևանում տղաների կրթության մեկնարկից շուրջ 20 տարի անց միայն աղջիկները ևս կրթություն ստանալու հնարավորություն ունեցան, իսկ մինչ այդ նրանք տնային պայմաններում ընտանիքի ավագ կանանցից ձեռագործութուն էին սովորում և սեփական ձեռքերով պատրաստում իրենց օժիտը: Երևանում սուրբ Հռիփսիմեի անվան վարժարանի գոյությունը կապված էր Թիֆլիսում գործող նմանատիպ դպրոցի հետ։ Երևանի դպրոցը բացվել է Կովկասի փոխարքա Միխայիլ Վորոնցովի կնոջ՝ Ելիզավետա Վորոնցովայի նվիրաբերած 200.000 ռուբլու և Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցու հովանավորությամբ:
Վարժարանը գտնվում էր Նազարովսկայա (ներկայիս Ամիրյան) փողոցում՝ Արական գիմնազիայի հարևանությամբ: Ցերեկային և գիշերային ուսուցմամբ՝ դպրոցը սկզբում ուներ ընդամենը երեք դասարան: Կրոն, ռուսերեն և հայերեն, հիգիենա՝ հիմնական առարկաները սրանք էին, իսկ գեղագրությունը, նկարչությունը, ընդհանուր և ռուսաց պատմությունը, ֆրանսերենը, պարը և երաժշտությունը ոչ պարտադիր առարկաներն էին: Տասը տարի անց վարժարանը դառնում է պրոգիմնազիա. սովորողներն էլ հարուստ ընտանիքների աղջիկներն էին. գիշերօթիկում ուսուցումը արժեր 100-200 ռուբլի, ցերեկայինը՝ 50-60 ռուբլի: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին վարժարանն անվանվեց Հայկական օրիորդաց գիմնազիա: 1921 թվականին օրիորդաց գիմնազիան դառնում է երկսեռ դպրոց, իսկ 1925 թվականին կրում Ալեքսանդր Մյասնիկյանի անունը:
Գայանյան օրիորդաց վարժարան
Բացվել է 1866 թվականի ապրիլի 2-ին՝ Էջմիածնի Սինոդի հրամանով։ Վարժարանի նախաձեռնության իրական հեղինակներից մեկը Պերճ Պռոշյանն էր, որը ցանկանում էր, որ հայ աղջիկները չհետևեն եվրոպական նորամուծություններին, փոխարենը կրթվեն ազգային-հոգևոր արժեքներով: Ժամանակի մամուլը գրում է, որ վարժարանի բացումը քաղաքում իսկական տոնակատարության էր վերածվել: Սկզբում ընդամենը երկու դասարան էր գործում վարժարանում, 8-14 տարեկան աղջիկներն այստեղ սովորում էին կրոն, ռուսերեն, հայերեն, վայելչագրություն, ձեռագործ, նկարչություն:
Տարբեր պատճառներով Օրիորդաց վարժարանը ևս անընդհատ շենքից շենք է տեղափոխվել՝ համեմատաբար երկար մնալով Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տարածքում: Վարժարանի ուսուցիչները հիմնել էին իրենց թատրոնը և դրանով կարողանում էին հոգալ վարժարանի որոշ կարիքներ: Հենց վարժարանի թատերախումբն է 1878 թվականի հոկտեմբերի 26-ին առաջին անգամ բեմադրում Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն»: 1883 թվականին վարժարանը միավորվել է Կոնդի սուրբ Սահականույշի ծխական դպրոցի հետ՝ դառնալով վեց դասարաններով միջնակարգ դպրոց:
Հոգևոր թեմական դպրոցներ
1837 թվական Ռուսաստանի հայկական և հայաբնակ շրջաններում բացվում են 6 թեմեր, յուրաքանչյուրում՝ մեկական հոգևոր սեմինարիաներ, իսկ վանքերին և եկեղեցիներին կից՝ ծխական դպրոցներ: Թեմական դպրոցի ուսանողները հիմնականում հոգևորականների տղաներն էին, որոնք նույնպես հոգևորական էին դառնալու: Երևանի թեմական դպրոցը գտնվում էր Ձորագյուղում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում և երևանցիներին հայտնի էր Ձորագյուղի դպրոց անունով: Փոփոխական դժվարություններով ու հաջողություններով հանդերձ՝ Երևանի թեմական դպրոցը գործեց մինչև 20-րդ դարասկիզբ, և եթե այն սկզբնական շրջանում գրեթե ոչնչով չէր տարբերվում ծխական դպրոցներից, ապա ավելի ուշ դառնում է Երևանի առաջին տարրական դպրոցը՝ զիջելով միայն Արական դասական գիմնազիային: Թեմական դպրոցի շրջանավարտները կարող էին ուսումը շարունակել հոգևոր և աշխարհիկ բուհերում:
Միջնակարգ դպրոցներ
Տարրական դպրոցներից հայտնի էր Պուշկինի անվան դպրոցը, որն այդ անունը կրում էր 1899 թվականից՝ գրողի ծննդյան 100-ամյակի առիթով (այժմյան Պուշկինի դպրոցը բացվել է 1937-ին և ռուս բանաստեղծի անունը ստացել է նրա մահվան 100-ամյակի կապակցությամբ):
Քիչ, բայց կային նաև մզկիթներին կից ուսումնարաններ՝ մեդրեսեներ, որտեղ սովորում էին քաղաքի մահմեդական երեխաները: Կային նաև տարբեր բնույթի մասնավոր դպրոցներ, ուսումնարաններ, որտեղ ընդամենը հաշվապահության, երաժշտության, կարուձևի, ձեռագործության առանձին դասընթացեր էին անցկացվում: