Երևանի գիտության և տեխնիկայի թանգարան
Թանգարան

Երևանի գիտության և տեխնիկայի թանգարան

Հայկական արտադրության սառնարաններ, էլեկտրակիթառներ, համակարգչային խաղեր և այլ հրաշքներ՝ Ինժեներական քաղաքում գործող թանգարանում։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Բիայնա Մահարու

 

ԵՐԵՎԱՆ #65 | 2020

 

 

#Գիտություն

Երևան քաղաքում կա Ինժեներական քաղաք։ Ինժեներական քաղաքում կա հայ գիտության մի ամբողջ տիեզերք… Լավ, իրականում՝ պարզապես թանգարան։ Դե լավ, ոչ պարզապես, այլ աննախադեպ, Հայաստանում միակը, որ նվիրված է գիտությանն ու տեխնիկային։ ԵՐԵՎԱՆը եղել է այնտեղ ու պատմում է, թե ինչու բոլորը պետք այնտեղ լինեն գոնե մի անգամ (առավել ևս՝ մուտքն անվճար է):

 

 

Տաքսին սլանում է Մասիվով, բարձրանում Երկրորդը, այնտեղից քովիդի ու պատերազմի օրերին բավական անիմաստ երևացող գիշերային ակումբների ու ռեստորանների կողքով հասնում դեպի Բագրևանդ և, ահա, դատարկության մեջ հանկարծ աչքի է զարնում հայկական Սիլիկոնյան հովիտը։ Դե, գուցե ոչ այնքան հովիտ, բայց առնվազն մի փոքրիկ քաղաք։ Մի քանի շենքեր արդեն ապրում են իրենց կյանքով, մյուսները կառուցվում են։ Քաղաքում արդեն տեղակայված է 15 ընկերություն՝ 150-ից ավելի աշխատակիցներով, ինչպես նաև Տիեզերքի թանգարանն ու Գիտության և տեխնիկայի թանգարանը։ Մեզ հատկապես հետաքրքրում է երկրորդը։


Գիտության և տեխնիկայի թանգարանի հիմնադիրները՝ Ժիրայր Սևոյանն ու Արամ Սալաթյանը, երկար տարիներ զբաղվել են հավաքչական աշխատանքով, ձեռք բերել հայկական արտադրության էլեկտրական ավտոմեքենաշինության, ստուգիչ, չափիչ, ինչպես նաև կենցաղային տեխնիկա, միկրոէլեկտրոնիկա (այլ կերպ ասած՝ այնպիսի բաներ, որ չէինք էլ պատկերացնում, որ արտադրվել են մեզ մոտ), ստեղծել մի ամբողջ հավաքածու և համալրել այդ ամենը ստեղծած և արտադրած գիտնականների և գործարանների մասին լուսանկարներով ու տեքստային նյութերով։


Այսպիսով՝ Երևանում կա թանգարան, ուր կարելի է այցելել ու ծանոթանալ խորհրդային շրջանի ինդուստրիալացման շրջանից մինչև մեր օրերի հայ ժողովրդի գիտատեխնիկական նվաճումներին, գյուտերին, նորարարություններին, գիտական մտքի պատմությանն ու իմանալ, թե ի՞նչ ներդրում են ունեցել հայերը համաշխարհային գիտության ասպարեզում։ Միանգամից ասեմ, որ բազմիցս առիթ եք ունենալու հաճելիորեն զարմանալու։

 

Ուլտրաձայնային ազդանշանների ուսումնասիրությամբ զբաղվող կայանքներից մեկի մակետը

 

Տեխնիկա

Թանգարանի մուտքն անվճար է։ Էքսկուրսավարուհին՝ տիկին Քրիստինան, մեծ խանդավառությամբ է ներկայացնում հավաքածուն։ Այն բաժանված է երկու հիմնական մասի, որոնք ակնարկվում են թանգարանի անվանման մեջ՝ «տեխնիկան» և «գիտությունը» ցուցադրված են մեկ սրահում։ «Տեխնիկան» հատկապես կհետաքրքրի նրանց, ովքեր սիրում են ռետրո իրեր և ջերմ հիշողություններ ունեն խորհրդային արտադրության իրերի հետ կապված։


Այս բաժնի ցուցադրությունը սկսվում է 1943-ին հիմնադրված Երևանի Ժամացույցի գործարանի արտադրության բազմաոճ նմուշներով։ Գույնզգույն զարթուցիչներին հաջորդում են ավելի «լուրջ» արտադրատեսակներ, ինչպես, օրինակ՝ Կիրովի անվան, ներկայիս՝ «Նաիրիտ» գործարանի համար արտադրված տարատեսակ լաբորատոր չափիչ սարքեր, ինչպես նաև կաուչուկի գործարանի արտադրություն, որը ռազմական արդյունաբերության կարևոր բաղկացուցիչներից էր։

 

 

Խորհրդային շրջանի հայկական արտադրատեսակների հավաքածուն ամբողջական չէր լինի առանց կենցաղային տեխնիկայի։ Բավական զվարճալի և նոստալգիկ է թանգարանի ցուցափեղկին՝ ապակուց այն կողմ, տեսնել իրեր, որոնք ընդամենը տարիներ առաջ կիրառել ես տանը ու չես էլ մտածել, որ մի օր այն կարող է ցուցանմուշի վերածվել և պատմել մի ամբողջ ժամանակաշրջանի մասին։ Այսպես՝ թանգարանի հավաքածուում տեղ են գտել «Անուշ» և «Անի» տոստերներ, «Լալվար» դռան զանգ, նավթավառեր, մսաղացներ, ինչպես նաև 1964 թվականի արտադրության հանրահայտ «Արագած» սառնարանը։ Պարզվում է՝ սառնարանը մինչ օրս էլ հիանալի աշխատում է և թարմ է պահում տիկին Քրիստինայի ամեն օրվա ընդմիջման սնունդը։ Հատկապես ժպտալ է ստիպում «Ну Погоди!» խաղ-զարթուցիչը։ 80-90-ականների սերունդը, վստահ եմ, տեսնելուն պես կհիշի ու ակամայից «կլսի» խաղի ռիթմիկ, արագացող տկտկոցն ու կողովը ձեռքին աջ ու ձախ վազող գայլին։

 

Այս ողջ տեխնիկան հիմնականում արտադրվել է 1942-ին հիմնադրված ավտոմեքենաշինական գործարանում, որը, որքան էլ զարմանալի է, իրականում եղել է թիվ 447 պետական ավիացիոն գործարանը և պատերազմական տարիներին հենց այստեղ են պատրաստվել ռազմական ինքնաթիռների պահեստամասերը։ Հավաքածուն շարունակում են Երևանի և Կիրովականի հաստոցաշինական գործարանների ճշգրիտ խառատային հաստոցները, որոնք մի շարք մրցանակների են արժանացել միջազգային ցուցահանդեսներում, հանդիսացել որակի գրավական։

 

1964-ից մինչև հիմա աշխատող «Արագած» սառնարանը

 

«Ну Погоди!» խաղ-զարթուցիչը 1980-ականներից


Զարմանալի փաստ. միայն այս այցի ժամանակ ես՝ միամիտս, բացահայտեցի, որ «Երազ» մեքենաշինական գործարանի այդ ռոմանտիկ անվանումն իրականում հապավում է՝ Ереванский автомобильный завод: Շատ եմ ուզում վստահ լինել, որ ինձ պես էլի մարդիկ կային… Համենայն դեպս, հաստատ ոչ բոլորը գիտեն, որ դեռ 1973-ին Խորհրդային Միությունում առաջին անգամ և Tesla-ից տասնամյակներ առաջ էլեկտրոմոբիլի նմուշ է ստեղծվել է հենց «Երազի» հիման վրա պրոֆեսոր Էմիլ Դիլանյանի ջանքերով։ Ափսոս, որ չի մտել սերիական արտադրության։


Հաջորդիվ երաժշտական հատվածն է։ Կրկին զարմացա, երբ պարզեցի, որ Հայաստանում պատրաստվել են ոչ միայն ժողովրդական և դասական երաժշտական գործիքներ, այլև արտադրվել են, օրինակ՝ էլեկտրոկիթառներ և սինթեզատորներ Մարտունիի «Սիգմա» գործարանում։ Ցուցափեղկը շարունակում են Աբովյանի «Սիրիուս» գործարանում 1970 թվականին արտադրված փոքրիկ շարժական «ВЛ100» հեռուստացույցները, ինչպես նաև տարբեր ավտոմագնիտոֆոններ, ռադիոհաղորդիչներ ու ձայնարկիչներ։ Դրանցից ամենագունեղը՝ լուսաձայնային մագնիտոֆոնը, այսպես կոչված՝ «Вечер цветомузыка»-ն, արտադրվել է ամենագաղտնի գործարաններից մեկում՝ «Բազալտ» գործարանում (ժողովրդի շրջանում հայտնի իբրև սուզանավերի գործարան)։ Ծով չունեցող այս երկրում մի ժամանակ արտադրել են սուզանավերի պահեստամասեր, որոնք աչքի են ընկել բացառիկ որակով։


Այս բաժնի մյուս մասը նվիրված է միկրոէլետրոնիկային։ Առաջին համակարգիչները 1956թ.-ից նախագծվել և պատրաստվել են նաև Հայաստանում՝ մաթեմատիկական մեքենաների Սերգեյ Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտում։ 10 հազարից ավելի Էլեկտրոնային լամպերի հիման վրա ստեղծված առաջին հաշվիչ մեքենաները հսկա էին և զբաղեցնում էին գրեթե 100քմ տարածք։ Արդեն 1970-ականներից Հրաչյա Հովսեփյանի ղեկավարությամբ սկսվեց նախագծվել և մասսայական արտադրության հանվել անհամեմատ ավելի փոքր չափեր ունեցող «Նաիրի» տեսակի համակարգիչը։ Այս ամենի մասին տարատեսակ նյութեր, ինչպես նաև հայ-ամերիկյան համատեղ արտադրության ժամանակակից «Արմթաբեր» ու «Արմֆոններ» են ներկայացված բաժնում։ Հ - հպարտություն։ 

 

 

 

Գիտություն

Գիտության բաժինը սկսվում է հայկական միջնադարյան վանքերին կից կրթօջախների մասին նյութերով։ Ներկայացված են Անիի, Տաթևի, Գլաձորի և Սանահինի, ինչպես նաև ժամանակակից համալսարանները, ԵՊՀ-ն, Ճարտարագիտական համալսարանը և այլն։ Դրան հաջորդում են հայ անվանի գիտնականների մասին նյութերը, ինչպես Օրբելի եղբայրներն ու Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման պատմությունը, աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանն ու 1946-ին նրա կողմից Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման մասին նյութերը, աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանը և միջազգային գիտական հանրության կողմից «Margaryan Galaxies» անունը ստացած աշխատության, ինչպես նաև Ալիխանյան եղբայրներին ներկայացնող նյութերը։

 

Էքսկուրսավարուհի Քրստինան, հետին պլանում՝ Օրգովի հայելային ռադիոդիտակի մանրակերտը

 

Միկրոսխեմաների պատրաստման տեխնոլոգիայով ստեղծված հուշամեդալներ


Այս հատվածում զարմանում ու հպարտանում ես ամեն քայլափոխին։ Յուրաքանչյուր ցուցափեղկ ներկայացնում է մի գիտնականի, ով անգնահատելի ներդրում է ունեցել գիտության զարգացման գործում և ազգությամբ հայ է։ Ներկայացված է քիմիկոս Յուրի Հովհաննիսյանը, ով, ի դեպ, պատմության մեջ երկրորդ գիտնականն է ամերիկացի Գլեն Սիբորգից հետո, ում անունով իր կենդանության օրոք անվանել են իր սինթեզած տարրը Մենդելեևի պարբերական աղյուսակում։ Այո՛, աղյուսակի 118-րդ էլեմենտը կոչվում է Օգանեսոն, որն ամենածանր տարրերից մեկն է։ Անգնահատելի է նաև Անդրանիկ Իոսիֆյանի աշխատանքը, ում շնորհիվ իրականացվել են ողջ Խորհրդային Միության էլեկտրոֆիկացման աշխատանքները, ով էլեկտրոմեխանիկայի հիմնադիրն է ԽՍՀՄ-ում և ամենաշոկայինը՝ «Վոստոկ» տիեզերանավը, որով Յուրի Գագարինը հյուրընկալվեց և եղավ տիեզերքում, ամբողջովին հագեցած է եղել այս գիտնականի ստեղծած էլեկտրական սարքավորումներով։ Տիեզերագնացության մեջ անգնահատելի ներդրում է ունեցել նաև հայազգի Ալեքսանդր Քեմերջյանը, ով ստեղծել է առաջին լուսնագնացը՝ «Լունախոդ 1»: Ներկայացված գիտնականներից է նաև ակադեմիկոս Պարիս Հերունին՝ ի դեմս բազմաթիվ նյութերի և Արագածի լանջին իր նախաձեռնությամբ կառուցված հայելային ռադիոդիտակի մանրակերտի։ 


Այս անուններն իսկապես անվերջ են, բոլորը չեմ թվարկելու, պետք է այցելել թանգարան, բացահայտել ու մտապահել այդ բոլորը։ Ի դեպ, այցելելիս չմոռանաք վերցնել խորհրդային շրջանից պահպանված էլեկտրական սարքավորումներ ու դրանց մասին պատմող նյութեր, եթե այդպիսիք ունեք ու չգիտեք՝ ինչ անել։ Թանգարանը չի դադարել իր հավաքչական աշխատանքը, այն շարունակում է համալրել իր հավաքածուն և սիրով ընդունում է նվերներ։