Երևանի գրքոտ օրեր
Գրքի փառատոն

Երևանի գրքոտ օրեր

Ինչպես ծնվեց, ինչու սիրվեց Գրքի երևանյան ամենամյա փառատոնը. շփվել ենք հիմնադիրների հետ։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի


Լուսանկարները՝ Վահան Հակոբյանի, Էռնա Թովմասյանի, Լուսի Սարգսյանի

 

ԵՐԵՎԱՆ #72 | 2021

#ՔաղաքըԿարդումԷ

2017-ից ի վեր Երևանում գրքասերների, գրողների, մամուլի ու հրատարակիչների, բոլոր-բոլորի համար տեղի էր ունենում մի իրական տոն՝ Գրքի երևանյան փառատոնը: Այդ՝ արդեն ամենամյա ու սպասված իրադարձության մասին ԵՐԵՎԱՆ-ը զրուցել է փառատոնի գաղափարի և իրականացման «մեղավորներից» մի քանիսի հետ։

 

2017-ի աշունը սովորականից ավելի գրքոտ էր։ Հանրապետության հրապարակով անցնելիս դժվար էր չնկատել դեպի նախկին ԱԳՆ-ի շենք կանչող դրոշակներն ու չտարվել տարածքում տիրող գրքային իրարանցմամբ։ «Վա՜յ, մենք այսպիսի հրատարակչություն ունե՞նք», «Վա՜յ, էս գիրքը հայերեն թարգմանությամբ կա՞», «Վա՜յ, Գուրգեն Խանջյանը», ու այսպես՝ ամեն քայլափոխին. զարմանք, հիացմունք, ու մեկ էլ՝ մտավախություն, որ էդքան գնածդ գրքերը տուն չես հասցնի, կամ դարակներումդ չեն տեղավորվի։ Հետո որոշում ես հաջորդ օրն էլ գալ, հանդիպումներ կան, նույնիսկ համերգներ, համ էլ՝ դեռ մի երկու գիրք էլ պիտի գնես։ Այսպես, տարեցտարի Գրքի երևանյան փառատոնը լցրեց մեր դարակներն ու հնարավորություն տվեց մի քիչ ավելի մոտ լինել գրականությանն ու մեր կողքին ապրող ու ստեղծագործող գրողներին։ 

 

 

Կարեն Անտաշյանի «Դզոն» գրքի քննարկումը, 2021

 

Առաջնեկը

Գրողին, ընթերցողին, գրական գործակալին, հրատարակչին ու մամուլը միավորող հարթակի ստեղծումն իսկապես հրատապ էր, ընդ որում, կարևոր էր այդ բոլորի հավասարաչափ ընդգրկումը, քանի որ կապն այդ կարևոր օղակների միջև երկար ժամանակ խզված էր։ ԿԳՄՍՆ գրականության ոլորտի հատուկ փորձագետ և Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը պատմում է, որ 2017-ին գաղափար կար հեռուստատեսային նախագիծ իրականացնելու, դա չստացվեց ու փոխարենը ձևավորվեց փառատոնը։ Այն, ի դեպ, համապատասխանում է «փառատոն» ձևաչափին բոլոր չափորոշիչներով. ցուցահանդես-տոնավաճառ, գրական մրցույթ, միջոցառումներ, համերգներ, հանդիպումներ, սոցիալական հարթակներում ու հեռուստատեսությունում ակտիվ ներկայություն, ընդ որում՝ բովանդակային առումով փառատոնը մինչ օրս փոփոխությունների չի ենթարկվել։ 


Այսպես՝ 2017-ին մի խումբ գրքամոլներ հավաքվեցին Հանրապետության հրապարակի նախկին ԱԳՆ-ի շենքի դատարկ նախասրահում ու փորձեցին պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել Գրքի երևանյան փառատոնը։ «Կարծում եմ, որ փառատոնը ստացվեց, որովհետև ցանկացած ծրագրի շարունակականությունը փաստում է դրա կայացած լինելու հանգամանքը»,– հպարտորեն նշում է Արմենն ու հավելում, որ այսօր փառատոնի գրական մրցույթի հաղթող լինելը գրողների համար իսկապես կարևոր ու ցանկալի է դարձել և որ դա հաճախ Հայաստանից դուրս հրատարակվելու կամ այլ միջազգային փառատոների մասնակցելու ուղեգիր կարող է հանդիսանալ։

 


 


Չնայած, որ առաջին փառատոնը մասշտաբով ամենափոքրն էր, սակայն այն ամուր հիմքեր ստեղծեց միջոցառման կայացման համար։ Տարածքը փոքր էր, ծրագիրը՝ սեղմ, բայց արդյունքները գոհացուցիչ էին. սպասվածից ավելի շատ այցելուներ ու վաճառված գրքեր, մեծ ոգևորություն թե՛ գրողների, թե՛ հրատարակիչների ու թե՛ ընթերցողների շրջանում։ 


Արմենը կարոտով է հիշում այն առավոտները, երբ ողջ համակարգող խմբի հետ մաքրում, դասավորում էին փառատոնի տարածքը, դուրս հանում աղբն ու արդեն ժամը 10:00-ին կազմ-պատրաստ դիմավորում այցելուներին։ Դե, քանի որ աշխատակիցները քիչ էին, ամեն բան ստիպված էին ինքնուրույն անել։ 


Գրքի երևանյան փառատոնի ծննդյան ականատեսներից է եղել լրագրող Անի Հակոբյանը, որին արդեն մի քանի տարի վստահվում է փառատոնի PR բաղադրիչը, ավելի ուշ, նաև միջոցառումների կազմակերպումը։ Պատմում է, որ սովորաբար արվող մամլո ասուլիսների փոխարեն փառատոնի մեկնարկին կազմակերպվեց գրքահավաք սահմանամերձ Բաղանիս գյուղի համար։ Ապա սկսվեց փառատոնը, ու մասնակցության ցանկություն հայտնեցին գրեթե բոլոր փոքր ու մեծ հրատարակչությունները։ Բոլորն անչափ ոգևորված էին։ 


Անին ուրախությամբ է հիշում փառատոնի բոլոր երեք օրերը, երբ գրողներն ու ընթերցողները ողջ ընթացքում գտնվում էին միևնույն տարածքում՝ ջերմ մթնոլորտում։ Ու չնայած բոլոր բացթողումներին՝ Գրքի երևանյան փառատոնի առաջնեկին Անին ևս ստացված ու իր տեսակով յուրահատուկ է համարում։ 2017-ի փառատոնն առանձնահատուկ էր նաև նրանով, որ գրական մրցույթի հաղթողին որոշում էր ոչ միայն պրոֆեսիոնալ ժյուրին, այլև ակտիվ ընթերցողներից կազմված խումբը։

 

 

Վահագն Հայրապետյանի քառյակի ելույթը՝ 2019 թվականի փառատոնի ժամանակ
 

 

Ամուր հիմքերի վրա

Ընթերցող ժյուրի լինելուց հետո՝ 2018-ին, գրականագետ Անի Հովնանն արդեն համակարգող թիմի անդամ էր ու պատասխանատու էր հրատարակիչների հետ աշխատանքի, ինչպես նաև գրական մրցույթի համար։ «Իսկ դուք այսինչ գիրքն ինչքանո՞վ եք վաճառում», «Իսկ հնարավոր է՞ իմ բանաստեղծությունն էլ կարդան», «Իսկ իմ գրքերը կվաճառե՞ք». այս և շատ այլ զավեշտալի հարցերին հիմնականում հենց Անին էր ստիպված լինում պատասխանել։ Ծիծաղով է պատմում ու հավելում, որ այնուամենայնիվ ուրախանում էր՝ տեսնելով, թե մարդիկ որքան շատ են ուզում դառնալ փառատոնի մի մասնիկը։ 


Հիշում է, որ փառատոնը 2018-ին անցկացվեց ձմռանը։ Անին յուրահատուկ ջերմությամբ է հիշում ցուրտ ու գրքային այդ օրերն ու փառատոնը որակում որպես տիպիկ ձմեռային։ Հետո եկավ մի քիչ անհոգ 2019-ը, ու Գրքի երևանյան փառատոնը նոր թափ առավ։ Ընդլայնվեց ծրագիրը, կազմակերպվեցին հանդիպումներ, աշխատարաններ, համերգներ, ներդրվեց open microphone ձևաչափը, ներգրավվեցին ավելի շատ հրատարակիչներ ու գրողներ։ 


ՀԲԸՄ-ի սրահն ու դահլիճները պարզապես լեփ-լեցուն էին։ Արդյունքում՝ աննախադեպ ցուցանիշ՝ 15,000 այցելու։ Իրական տարածքում տեղի ունեցողին գումարվեց նաև առցանց հարթակի իրարանցումը։ Անի Հակոբյանը, ով կրկին համակարգում էր փառատոնի PR բաղադրիչը, իրականացրեց պոեզիայի հոլովակների իր գաղափարը։ Հոլովակների գրանցած հաջողությունը ևս աննախադեպ էր։ «Պարզվում է, մարդիկ սիրում են պոեզիա, պարզապես այն պետք է ճիշտ մատուցել»,– ասում է Անին։ 


Արդեն երկու տարի փառատոնի ծրագրի և մարկետինգի պատասխանատուն Անի Ղազարյանն է։ Ըստ նրա՝ այս ընթացքում եղան մարկետինգային քայլեր, որոնք հետագայում օգտագործեցին ոլորտի այլ ներկայացուցիչներ, ինչն Անիի համար հպարտանալու առիթ է. գրություններով ստիկերներ, պայուսակներ, տարբեր ինտրիգային արտահայտությունների օգտագործում, ինչպես օրինակ՝ «Երևանի գրքոտ աղջիկը»։ Իսկ ամենամեծ ձեռքբերումն Անին համարում է այն, որ փառատոնը ներգրավել է տարբեր տարիքի գրքասերների ուշադրությունը՝ թե՛ երեխաների, թե՛ երիտասարդների ու թե՛ տարեցների։ Ու սա, ըստ Անիի, հենց փառատոնի հիմնական նպատակն էր։


Հենց 2019-ին գրքի Երևանյան փառատոնն ավելի հստակ դիմագիծ ստացավ ու ամրապնդեց հիմքերը՝ գրքի սիրահարներին շարունակական լինելու վստահություն ներշնչելով։ Ցավոք 2020-ին պատերազմն ու համավարակը թույլ չտվեցին, որպեսզի փառատոնը տեղի ունենա։ Փառատոնին փոխարինելու եկավ մեկօրյա տոնավաճառը, որը ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ և մի շարք մարդկանց օգնությամբ հնարավոր եղավ իրականացնել Գաֆեսճէան արվեստի կենտրոնի պուրակում։ Գրահրատարակիչների առջև միայն մեկ պայման կար՝ տոնավաճառից ստացված հասույթի առնվազն 30 տոկոսը փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Զարմանալի չէ, որ տոնավաճառն ընդգրկեց 30-ից ավելի մեծ ու փոքր գրատներ և որոշ թանգարաններ ու գրադարաններ։ Նրանցից շատերը նույնիսկ վճռեցին հիմնադրամին փոխանցել հասույթը 100 տոկոսով։

 

2020 թվականին փառատոնի փոխարեն Գաֆեսճէան արվեստի կենտրոնի պուրակում անցկացվեց տոնավաճառ

 


2021-ի փառատոնն իր մասշտաբով և այցելուների ներգրավվածությամբ չէր զիջում 2019-ի փառատոնին։ Այսպես՝ գրական մրցույթին մասնակցել է 76 բանաստեղծ և 70 արձակագիր, իրականացվել է 30-ից ավելի միջոցառում, իսկ ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել է 50-ից ավելի հրատարակիչ։ Այս տարի «Ժամանակիդ շունչը դարձիր» չարենցյան տողերով գրքի փառատոնի համակարգող թիմը փորձ կատարեց ցույց տալ, որ ապագան փոխվում է ներկա ժամանակում։ Մինչդեռ հայ դասականների ժառանգների հետ հանդիպումների շարքով փորձ արվեց նաև կապել անցյալն ու ներկան։ Ըստ Արմեն Սարգսյանի՝ փառատոնը նաև հարաբերությունների նոր էջ բացեց գրական ոլորտի այն մարդկանց համար, ովքեր տարատեսակ քաղաքական ու ոչ միայն քաղաքական քննարկումների ընթացքում գուցե միմյանց նեղացրել էին. «Ասում էի՝ ոչինչ, եկեք, բարիշեք, այդպես էլ եղավ»։ 


«Գրքի երևանյան փառատոն եկողներն իրենց հետ մի գրամ ուրիշ մթնոլորտ էին տանում։ Մինչ օրս էլ, երբ փողոցում պատահմամբ տեսնում եմ մեր փառատոնի տարբերանշանով պայուսակով անծանոթ մեկին, ինքս ինձ մտածում եմ՝ մերոնցից է»,– ասում է Անի Հովնանը, իսկ Հակոբյան Անին հավելում է. «Ու այս ամենի վրա չի ծախսվել ահռելի մեծ գումար։ Կար միայն նախաձեռնողականություն, ջանք, նպատակ ու ճիշտ ուղերձներ»:
 

հավելյալ նյութեր