Երևանի կատուները
Կենդանիներ

Երևանի կատուները

ԵՐԵՎԱՆի թղթակիցն ուսումնասիրել է Երևանի կատուներ ֆեյսբուքյան էջը, հիացել, զմայլվել ու շփվել էջի համակարգողների հետ։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Երևանի կատուներ ֆբ-էջի

 

Լուսանկարը՝ Սոնա Բարոյանի

 

Լուսանկարը՝ Նատալյա Կահվեջյանի

 

Լուսանկարը՝ Աղավնի Ավետիսյանի

Վերջին շրջանում հատկապես ֆեյսբուքում բացասական լրահոսի մեջ էլ ավելի առանձնացավ շատ դրական «Cats of Yerevan / Երևանի Կատուները» էջը։ Ես էլ, իբրև երդվյալ կատվասեր սկսեցի ավելի ինտենսիվ հետևել էջին։ Այն իրական դրախտ է կատվասերների համար։ Էջի հետևորդները լուսանկարում են Երևանի տարբեր անկյուններում հանդիպող կատուներին, ուղարկում էջին, ու մի քանի օրից այնտեղ հայտնվում է կատվի լուսանկարն ու նշվում, թե ով է ուղարկել այն ու թե քաղաքի որ մասի բնակիչ է կատուն։ Որոշ կատուներ էլ արդեն հայտնի են դարձել, օրինակ մեկը կա՝ Կայարանի հայտնի կատուն։ Այսպես, էջը ոչ միայն ձևավորում է հետաքրքիր Երևանյան կատվային կոլորիտ, այլև յուրատեսակ սոցիալական նախագիծ է, որը ոչ անմիջական կերպով ստիպում է նկատել մեր քաղաքի այդ փափուկ բնակիչներին ու մի քիչ ավելի հոգատար լինել նրանց հանդեպ։ 

 

Լուսանկարը՝ Տաթևիկ Մելքումյանի

 

Լուսանկարը՝ Սիվ Աստվածատրյանի

 

Տարիներ առաջ էջի հիմնադիր Հայկ Տիրատուրյանը երբեմն լուսանկարում էր իրեն հանդիպած կատուներին ու հրապարակում իր անձնական էջում։ Ընկերների դրական արձագանքից հետո էլ որշեց նոր էջ բացել ու անվանել՝ «Երևանի կատուները», դե՝ հանրահայտ «Ստամբուլի կատուները» էջի տրամաբանությամբ։ Այժմ էջը վարում է Անահիտ Դավթյանը, ով, չնայած արդեն մեկ ու կես տարի Հայաստանում չի բնակվում, միևնույնն է, սիրով հետևում է Երևանի կատուների կյանքին։ Անահիտն ասում է, որ օրական ստանում է միջինում 2 նկար, նաև ցավով է նշում, որ պատերազմից առաջ էջի հետևորդներն ավելի ակտիվ էին և ստանում էր օրական միջինում 5 նկար։ 

 

Բայց, միևնույնն է, ուղարկվող լուսանկարներն այնքան շատ են, որ ոչ Հայկը ու ոչ էլ Անահիտը չեն հասցնում տեղադրել և դեռևս հունվար ամսին ուղարկված նկարներ կան, որ դեռ սպասում են իրենց հերթին։ 

 

 

Կայարանի կատուն, լուսանկարը՝ Jabaghchour Gaïdzag-ի

 

Լուսանկարը՝ Նարե Կարապետյանի

 

Անահիտը նաև հույս է հայտնում, որ այդ ուշացումների համար էջից չեն նեղանա․ «Շատերը նկարն ուղարկում ու պարբերաբար հետաքրքրվում են, թե երբ կտեղադրվի իրենց ուղարկած նկարը, հաճախ նաև նեղանում  են։ Նույնիսկ մի անգամ մեկն ասել է․ «Ձեզ մոտ էլ է՞ ծանոթով, մենակ ծանոթների ուղարկած նկարներն ե՞ք տեղադրում»։ Իհարկե էդպես չէ, գրաֆիկ ենք կազմում՝ ըստ ուղարկման ամսաթվի, հերթով տեղադրում ենք։ Լինում են նաև դեպքեր, երբ անտուն ձագուկների նկարներ են ուղարկում, խնդրում են, որ տարածենք տեր գտնելու նպատակով կամ էլ իրենց կորած փիսիկների նկարներն են ուղարկում, որպեսզի էջի միջոցով կարողանան գտնել Նաև նամակներ ենք ստանում առանց նկարների, որտեղ ուղղակի նշված է, որ շատ են սիրում մեր էջը կամ շնորհակալություն են հայտնում ֆեյսբուքյան պատն ավելի դրական դարձնելու համար (ես ասում էի չէ՞)։ Չնայած նրան, որ էջը նախատեսված է  Երևանի փողոցներում բնակվող կատուների համար, շատ են ուղարկում նաև տանը ապրող փիսիկների լուսանկարներ, նաև՝ Հայաստանի տարբեր մարզերից ու նույնիսկ արտերկրից»։