Երևանի Նորաձևության Շաբաթ 2024
Նորաձևություն

Երևանի Նորաձևության Շաբաթ 2024

Նոյեմբերի 7–ից 10-ը Մերիդիան Էքսպո Կենտրոնում տեղի կունենա Երևանի Նորաձության Շաբաթ 2024-ը, որը կներկայացնի հայ և միջազգային դիզայներների ստեղծագործությունները ոլորտի առաջատար մասնագետներին, մամուլին, գնորդներին, ազդեցիկ հյուրերին և նորաձևության սիրահարներին:

Աղբյուր՝  Հայաստանի Նորաձևության և Հագուստի Պալատ

#Ֆեշն

Հայաստանի Նորաձևության և Հագուստի Պալատը ուրախ է հայտարարել երկրորդ նորաձևության շաբաթը, որը նոյեմբերի 7-ից 10-ը հանդես կգա տպավորիչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և ստեղծագործական նախագծերով: 15-ից ավելի տաղանդավոր դիզայներներ կցուցադրեն իրենց նորագույն հավաքածուները, այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր ներկայացումների, հետաքրքիր քննարկումների և անհատական ցուցահանդեսների: Կլինեն բազմաթիվ հնարավորություններ շփվելու դիզայներների, միջազգային հյուրերի և նորաձևության մամուլի ներկայացուցիչների հետ:

 

Fashion Scout Armenia տաղանդների բացահայտման մրցույթ  

Fashion Scout-ը եզակի հարթակ է նորաձևության ոլորտի սկսնակ դիզայներների բացահայտման և առաջխաղացման համար: Այս տարի մրցույթը կանցկացվի պատմական մեծ նշանակություն ունեցող խորհրդային ժամանակաշրջանի բռնադատվածների հուշահամալիրում: «Ժողովրդավարություն և խոսքի ազատություն» թեմայի ներքո, միջոցառումը նպատակ ունի երիտասարդ, նորարար և ստեղծարար մտքի ազատության նոր շունչ հաղորդել տարածքին: 

 

Հավաքածուների ցուցադրություններ

Երեք օր շարունակ, իրենց նոր հավաքածուները կցուցադրեն հետևյալ բրենդները. ANKASA, Ariga Torosian, Harmony, JUST BLACK, LOOM Weaving, MARIKO, Manuk Aleksanyan, NARNY, Nikolyan, SONČESS, Shabeeg, THEMIS, The Workshop, Z.G.EST, Raver, Reza Nadimi, Zargaryan fashion, և այլն:

 

 

Ինչ է սպասվում  

Հանդիսատեսը կվայելի ավանգարդ և էլեգանտ հավաքածուներից մինչև սպորտային և բոհո, որոնցից յուրաքանչյուրը ինքնատիպ կերպով կընդգծի Հայաստանի մշակութային ժառանգությունը: Դիզայներները կներկայացնեն սեզոնային բնույթ չունեցող և ունիսեքս հավաքածուներ՝ հագեցած նորանոր ոճային լուծումներով: 

 

Հատուկ ցուցահանդեսներ և նախագծեր.

Կներկայացվեն CRELAB Kotayk և CRELAB Tavush կենտրոնների կողմից ստեղծված հավաքածուները, Տերյան մշակութային կենտրոնի «Taraz Art» հայկական ազգային հագուստի հավաքածուն, «Տուն» հավաքածուն՝ ստեղծված Արցախի ուսանողների կողմից, և ավելին:

 

Միջոցառումը ամբողջությամբ կլուսաբանվի նորաձևության միջազգային մամուլի ներկայացուցիչների կողմից, ինչպիսիք են` VOGUE Իտալիա, L’Officiel Իտալիա, WWD Ճապոնիա, ELLE Ճապոնիա, Lemile Գերմանիա, Fault Magazine, Blinx Դուբայի նորաձևության հեռուստաալիըք, ինչպես նաև ոլորտի մասնագետների, գնորդների, լուսանկարիչների և այլ ազդեցիկ անձանց կողմից: 

 

Երևանի Նորաձևության Շաբաթը առաջին անգամ պաշտոնապես կայացել է 2023 թվականին, որի նպատակն է դառնալ ամենամյա միջոցառում` նպաստելով Հայաստանի նորաձևության ոլորտի տեսանելիությանը և բարձրացնելով Երևանի դերը միջազգային ստեղծագործ էկոհամակարգում: 

 

Երևանի Նորաձևության Շաբաթվա գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարությունը, Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈՒ ծրագիրը և Բրիտանական խորհուրդը: