Երևանի նորաձևության շաբաթ 2025
Երևանի Նորաձևության Շաբաթը YFW վերադառնում է` համախմբելով հայ և միջազգային դիզայներների, ոլորտի առաջատար մասնագետների, ազդեցիկ հյուրերի և նորաձևության սիրահարների մեկ տանիքի ներքո:
Աղբյուր՝ Հայաստանի նորաձևության և հագուստի պալատ
Հայաստանի նորաձևության և հագուստի պալատ ՀԿ-ն հիմնադրվել է 2017 թվականին նորաձևության ոլորտի զարգացմանն աջակցելու առաքելությամբ։ Պալատը միավորում է Հայաստանում ավելի քան 200 անհատ դիզայներների, բրենդների, գործարանների և ոլորտի այլ ներկայացուցիչների: Կառույցի հիմնական նպատակն է զարգացնել ոլորտի մասնագիտական և բիզնես կարողությունները, բարձրացնել մրցունակությունը՝ միջազգային, նորարարական մոտեցումների կիրառմամբ, ինչպես նաև լավագույնս ներկայացնել հայկական նորաձևությունը տեղական և համաշխարհային շուկաներում:
Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը ուրախ է հայտարարել երրորդ նորաձևության շաբաթվա մեկնարկը՝ հագեցած տպավորիչ միջոցառումներով, ցուցադրություններով, ցուցահանդեսներով և ստեղծագործական այլ նախագծերով, որոնց ընթացքում դիզայներները կցուցադրեն իրենց նոր հավաքածուները, իսկ այցելուները հնարավորություն կունենան մասնակցել բրենդերի անհատական ցուցադրությունների, նորաձևության էքսպոյի, թեմատիկ քննարկումների և ցուցահանդեսների: YFW 2025-ը կլուսաբանվի նորաձևության լավագույն միջազգային և տեղական մեդիայի կողմից՝ Vogue, Elle, Harper's Bazaar, BBC, Le Mile, Fucking Young, White Milano, Tranoi և այլն:
Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը Երևանի քաղաքապետարանի, միջազգային և տեղական գործընկերների հետ համատեղ, հոկտեմբերի 23-26-ը կանցկացնի Երևանի Նորաձևության Շաբաթ 2025 ամենամյա միջոցառումը, որը 2023թ.-ից պաշտոնապես իրականացվում է՝ նպատակ հետապնդելով զարգացնել հայկական նորաձևությունը և ճանաչելի դարձնել համաշխարհային հարթակներում, իսկ Երևան քաղաքը աստիճանաբար դասել նորաձևության շաբաթ հյուրընկալող քաղաքների շարքում։
Բաղադրիչներ
Ավելի քան 20 հայ և միջազգային (ԱՄԷից, Իրանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից, Ռուսաստանից) դիզայներների հավաքածուների ցուցադրություններ` նորարարության, կայունության, մշակութային ինքնության շեշտադրմամբ։
Fashion Scout Armenia երիտասարդ դիզայներների մրցույթ՝ նվիրված նոր տաղանդների բացահայտմանն ու նրանց միջազգային ճանաչում ապահովելուն Fashion Scout միջազգային հարթակի միջոցով https://fashionscout.com/fashion-scout-armenia` հնարավորություն տալով ներկայանալ Լոնդոնի Նորաձևության Շաբաթին և Polimoda ուսումնական ծրագրին:
Fashion Expo ցուցահանդեսային տարածք՝ ավելի քան 60 հայկական և միջազգային բրենդների համար: Այս ձևաչափը հնարավորություն կտա կազմակերպություններին ներկայացնել հավաքածուները, կապեր և նոր համագործակություններ ստեղծել, իրականացնել վաճառքներ, բարձրացնել իրենց ապրանքանիշների տեսանելիությունը, շփվել հրավիրված միջազգային հյուրերի, ոլորտի փորձագետների հետ, կիսվել փորձառությամբ։
Fashion Talks պանելային քննարկումներ նորաձևության միջազգային հեղինակավոր հյուրերի հետ հետևյալ թեմաներով՝ ոճավորում, լուսանկարչություն, կայունություն, ՏՏ և նորաձևություն, պորտֆոլիոյի ստեղծում և այլն։
Ցուցահանդես Ազգային Պատկերասրահում՝ շուրջ 30 դիզայների ստեղծագործություններ՝ հռչակավոր նկարիչների աշխատանքներից ոգեշնչված:
Հատուկ նախագծեր ինչպիսիսք են CRELAB Տավուշ և Կոտայք մարզային կենտրոնների կողմից ստեղծված ցուցադրություն և ցուցահանդես, Pepsi x YFW մրցույթ, Denim Cycle ցուցադրություն։
After Party միջոցառումներ, հյուրասիրություններ, երեկույթներ` համագործակցության և կապերի ստեղծման հնարավորություն ընձեռնելու տեղական և միջազգային ոլորտի ներկայացուցիչների միջև։