Երևանի նորաձևության շաբաթ․ հետահայց
Նորաձևություն

Երևանի նորաձևության շաբաթ․ հետահայց

Հուլիսի սկզբին Երևանում կայացավ Հայաստանի առաջին նորաձևության շաբաթը։ ԵՐԵՎԱՆը շփվել է միջոցառման մասնակիցների ու կազմակերպիչների հետ, ու պատրաստ է պատմել իր տպավորությունների մասին։

Տեքստը՝ Ալբերտ Ավագյանի

 

Լուսանկարները՝ Arnos Martirosyan, Karen Davtyan, Hayk Baghdasaryan, Aram Kirakosyan, Karapet Sahakyan, Adel Brekht

 

#Ֆեշն

Վերևի նկարում՝ LOOM Weaving

 

Նորաձևության շաբաթների գլխավոր գործառույթը նոր հավաքածուներն ի ցույց դնելն է՝ գնրդներին և ընդհանուր հասարակության համար։ Երևանում տեղական նորաձևությունն ու դիզայնը ներկայացնել մի քանի օրվա ընթացքում օգտակար է թե մեր դիզայներների, և թե՛ միջազգային հյուրերի համար։ 

 

Նորաձևությունը միշտ եղել է ինքնարտահայտման հզոր միջոց և ծառայում է որպես քաղաքի ինքնության և մշակույթի վառ արտացոլում: Այս ամիս Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը, հայտնվել է որպես նորաձևության դինամիկ կենտրոն՝ հյուրընկալելով միջոցառում, որը ցուցադրում է տեղական և միջազգային դիզայներական լավագույն տաղանդները՝ Երևանի նորաձևության շաբաթը: Այս հարթակը հնարավորություն դարձավ դիզայներների, մոդելների և նորաձևության սիրահարների համար նշանակալից վայր՝ համախմբվելու, ստեղծագործելու և խթանելու Հայաստանի նորաձևության ժառանգությունը: 

 

Երևանի նորաձևության շաբաթի բացումը, խոսում է Նորաձևության և դիզայնի պալատի համահիմնադիր Վահան Խաչատրյանը

 

Նորաձևության շուկան

 

«Վերջապես արեցինք այն, ինչ երկար ժամանակ երազում էինք։ Նպատակադրված, փոքր քայլելով փորձում էինք հասնել սրան, - արդեն միջոցառումից հետո ԵՐԵՎԱՆի հետ զրույցում խոստովանում է Նորաձևության և դիզայնի պալատի համահիմնադիր Էլեն Մանուկյանը, - Այստեղ կարևոր էր գիտակցելը, որ ամեն ինչն իր ժամանակն ունի․ նախկինում ակնառու էր, որ նորաձևության սեկտորը դեռ պատրաստ չի նմանատիպ մեծ միջոցառմաան՝ սկսած դիզայներներից մինչև կազմակերպչական հարցեր։ Իսկ հիմա՝ ճիշտ ժամանակն էր․․․»։

 

Բազմաթիվ հյուրերի թվում էին այնպիսի մասնագիտական ամսագրերի խմբագիրներ, ինչպիսիք են Vogue Italy, Wear UK, ELLE Italy, Marie Claire Arabia, Lemile Germany, FAULT Magazine, L'Officiel, BURO, Madame Figaro, Jamalouki Magazine և շատ ուրիշներ: Միջազգային մամուլի ներկայությունը, անկասկած, նպաստում է հայ դիզայներների բացահայտմանը, նրանց հնարավորություն տալով անցնել իրենց իսկ գծած սահմանները և ընդլայնել հեռանկարները։ 

 

Չնայած սա ընդամենը անդրանիկ թողարկումն էր, Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում կայացավ միանգամից 22 ցուցադրություն, ինչպես նաև մի քանի այլ իրադարձություններ: Հայ դիզայներն իրենց հավաքածուները ներկայացրին ամենատարբեր ձևերով՝ պատից տափակ կախված՝ առանց մոդելների, մինչև Հայաստանի լանդշաֆտների պրոեկցիային։

 

 

Ariga Torossian

 

Seda Manukyan

 

Հիմնական հավաքածուները ներկայացվում էին Հայ Արտ կենտրոնում, սակայն կային հեղինակներ, որոնք իրենց գաղափարն ամբողջովին տեղ հասցնելու համար ընտրել էին այլ վայրեր։ Իրանահայ դիզայներ Արիգա Թորոսիանը՝ իր «Արմատ» հավաքածուն, օրինակ, ներկայացրեց Զարոբյան 13 հացեում գտնվող «Կոն» կոնցեպտուալ խանութում՝ հիմնադրված իր և երկու այլ դիզայներների կողմից։ Մեզ հետ զրույցում Արիգան պատմեց․ «Հավաքածուն ներկայացրել եմ հենց մեր խանությում՝ պատերին կախած։ Ամեն մի թել խորհրդանշում է գիծ ու թե ինչպես է այն ճկվում։ Ամբողջ գաղափարը նրանում է, որ մենք պետք է հնարավորինս շատ ու ամուր կպած լինենք մեր արմատներին՝ հողին։ Երևանի ճարտարապետությունն ամբողջովին խառնիխուռն է․ հնի հետ մեկտեղ կան փխրուն կառույցներ, որոնք ոչ միայն կոտրում են քաղաքի պինդ տեսքն այլև անշունչ են»։ Նրա յուրաքանչյուր հագուստ ցույց է տալիս ճարտարապետական մոտիվներով կառուցվածքը՝ ունենալով հնարավորինս գեղեցիկ տեսք։ 

 

Soncess բրենդի դիզայներ Սոնա Հակոբյան ԵՐԵՎԱՆ-ի հետ զրույցում ասաց, որ ոգեշնչվել է Հայաստանի ճանապարհներից, լեռներից ու լանդշաֆտերից։ «Հավաքածուիս ամեն մի մասնիկն ու կարը հիշեցնում է ոլորապտույտ ճանապարհներն ու քարերը։ Շագանակագույն ու կանաչ գույնը միշտ աչքիս առաջ է եղել սկետչեր անելիս»։ Եթե հավաքածուն յուրօրինակ կանացի էսթետիկա ուներ, տղամարդկանց հագուստի տեսքը նույնքան էլեգանտ և նրբագեղ էր: Մանրուքների նկատմամբ ուշադրությունն ակնհայտ էր ամբողջ ընթացքում՝ ընդարձակվելով նույնիսկ գեղեցիկ մշակված պայուսակների վրա, որոնք անսխալ կերպով լրացնում էին կերպարը: 

 

Soncess

 

Ruzane

 

Այս ամենի մեջ կարևոր մաս է կազմում շարունակական լինելը՝ հնարավորություն ունենալը կազմակերպելու երկրորդ, երորրդ նորաձևության շաբաթ ու միգուցե Երևանը դարձնել համաշխարհային նորաձևության քարտեզի վրա զարգացող կետ։ Միջոցառումը հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը`ժամանակակից նորաձևության դիզայնի մեջ ներառելով ավանդական մոտիվներ, բարդ ասեղնագործություն, ինչպիսինն էր օրինակ Loom Weaving-ի հավաքածուն, որը ներկայացնում էր ասեղնագործությունից մինչև ձեռքով գործած սվիտերները: Այս միաձուլումը ստեղծում է յուրահատուկ էսթետիկա, որը գերում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային նորաձևության համայնքներին: Դիզայներները հնարավորություն ունեցան փորձարկել ավանդական տարրերը`միաժամանակ ներարկելով իրենց ստեղծագործությունները ժամանակակից երանգով, ինչի արդյունքում ստացվում են յուրահատուկ և գրավիչ կտորներ, որոնք իսկապես մարմնավորում են Երևանի ոգին:

 

Դիզայներ Ruzane-ի խոսքով, Երևանում դժվար է գտնել նեղ մասնագետներ, որոնք կկարողանան աշխատել տարբեր գաղափարների հետ և կյանքի կոչել դրանք։ Այս ամենի հետ մեկտեղ Երևանի նորաձևության շաբաթը հարթակ է տրամադրում տաղանդավոր հայ դիզայներներին՝ ցուցադրելու իրենց աշխատանքները համաշխարհային լսարանին: Այս բացահայտումը ոչ միայն խթանում է նրանց անհատական ապրանքանիշերը, այլև ընդգծում է երկրի աճող ներկայությունը նորաձևության ոլորտում: Հայ դիզայներները, ոգեշնչվելով իրենց մշակութային արմատներից, փորձել են ներկայացնել իրենց գաղափարները: Ոմանց մոտ թերի էին՝ չունենալով բազմազանություն հավաքածուի մեջ։ Շաբաթվա ընթացքում կային բրենդներ, որոնք ներկայացրել էին հագուստներ ոգեշնչված Աստվածաշնչից, հայկական զարդանախշերից և կրոնից։ 

 

Երևանի նորաձևության շաբաթը կենտրոնացած չէր միայն հավաքածուների ցուցադրությունների վրա։ Այն ներառում էր միջոցառումների լայն շրջանակ, որոնք ներգրավում են նորաձևության սիրահարներին կյանքի բոլոր ոլորտներից: Սակայն սրա հետ մեկտեղ Միլանի, Փարիզի կամ այլ հայտնի ՆՇ-ների ընթացքում խմբագիրներին հնարավորություն է տրվում շփվել դիզայներին հետ, իսկ Երևանում մի քիչ այլ էր։ Այստեղ միջազգայինն  հյուրերի և դիզայների համատեղ ներկայությամբ միջոցառումները շատ քիչ էին, որն էլ թույլ չէր տալիս վերջիններիս ազատ փոխանակվել կարծիքներով, և գուցե լավ կապեր հաստատել։ Կազմակերպվել են դասընթացներ, քննարկումներ Fashion Talk անվան ներքո՝ միաջգային տարբեր մասնագետների մասնակցությամբ հանրության համար։ 

 

Միջոցառումը գործում է որպես կամուրջ՝ կապելով տարբեր ոլորտների մարդակնց, մշակութային լրագրողներից մինչև դիզայներ, որպեսզի ավելի ամուր լինի կապն ու հնարավոր լինի բարելավել ոլորտը։ Օրինակ կպատրաստի նորաձևության մասնագիտացած հայ լրագրողների, որոնց գրեթե անհնար էր հանդիպել այս միջոցառումների ընթացքում։ Նորաձևությունը կա, նորաձևության շաբաթը կա, իսկ լուսաբանողներ՝ ոչ․․․ 

 

Fashion Talks շարքի հանդիպումներից մեկը

 

Երևանի նորաձևության շաբաթը ստացված էր՝ հայկական ֆեշըն ոլորտը ցույց դնելու առումով։ Ճիշտ է, տարածքի տոթին ու շոգին դժվար էր դիմակայել, բայց միջազգային հյուրերի հավանության արժանանալը պահանջում է դիմացկունություն։ Մնում է հուսալ, որ առաջին շաբաթը կնպաստի Հայաստանում նորաձևության զարգացման պատմությանը և կոգեշնչի դիզայներների նոր սերնդին իրենց հետքը թողնելու համաշխարհային հասարակության մեջ։ 

 

Էլեն Մանուկյանն այսպես է ամփոփում շաբաթը․ «Կարող եմ ասել, որ առաջին անգամ տեղի ունեցող միջոցառման համար նորմալ է ունենալ խնդիրներ՝ շոգի, տեղի և այլնի պատճառով։ Կարևորը՝ սեփական փորձից դասեր քաղելն է։ Ապաագայում միանշանակ սպասվում են երկրորդ, երրորդ նորաձևության շաբաթներ Երևանում։ Ամբողջ գաղափարախոսությունը նրանում էր, որ կառուցենք էնպիսի միջոցառում, որ եթե անգամ Նորաձևության պալատն այլևս չկազմակերպի, գոնե կիմանանք, որ մեզնից հետո որևէ մեկը կշարունակի այն»։ 

հավելյալ նյութեր