Երևանի պատմության թանգարան
Պատմություն

Երևանի պատմության թանգարան

Ինչով էր հարմար և անհարմար Կապույտ մզկիթը, ինչու չհաջողվեց տեղափոխվել Ամիրյանի օրիորդաց գիմնազիայի շենքը և ինչպես կառուցվեց քաղաքապետարանի համալիրի մեջ ներառված մասնաշենքը. Երևան քաղաքի պատմության թանգարանն ինքը դարձել է այդ պատմության մի մասը։ Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը պատմել է դրա ամենահետաքրքիր էջերի մասին։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի


Լուսանկարները՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի, Հարութ Մալխասյանի, wikipedia.org

 

ԵՐԵՎԱՆ #82 | 2023

 


 

#ՀինԵրևան #Թանգարաններ

1934 թվականի շոգ հունիսյան մի օր մի սեղանի շուրջ իրար գլխի էին հավաքվել ժամանակի գուցե ամենանշանավոր երևանցիները՝ Ալեքսանդր Թամանյանը, Երվանդ Շահազիզը, Նիկողայոս Բունիաթյանը, Մարտիրոս Սարյանը և ուրիշներ, ընդհանուր առմամբ՝ 13 հոգի։ Առիթը՝ Երևանն էր։ Ավելի ստույգ՝ Երևանի պատմությունը, որը պետք է ներկայանար վաղուց արդեն սպասվող՝ Կոմունալ թանգարանի պատերի ներսում։ Վերոնշյալ նշանավոր պարոնայք էլ դրա գիտխորհրդի անդամներն էին։ Քննարկման գլխավոր թեման՝ թանգարանի ֆոնդերի համալրումը։ Անհրաժեշտ էր կազմակերպել երևանցիների տներում պահվող քաղաքի պատմությանն ու կենցաղին վերաբերող նյութերը։ Պետք էր շտապել, քանի որ բացումը հաշված ամիսներից էր նախատեսվում՝ նոյեմբերին 29-ին՝ Հայաստանի խորհրդայնացման հերթական տարեդարձի օրը։ 


Հաստատությունը, որը հետագայում պետք է վերանվանվեր ու դառնար մեզ ծանոթ՝ Երևան քաղաքի պատմության թանգարան, ավելի վաղ պետք է բացվեր։ Առաջին քննարկումները քաղխորհրդում սկսվել էին դեռ 1928-ին։ Թանգարանը պաշտոնապես հիմնադրվում է 1931-ի հունվարի 1-ին։ Այն բաղկացած էր երկու հիմնական բաժնից՝ նախախորհրդային և խորհրդային։ Սակայն նախքան հանրության համար բացվելը պետք էր համալրել ֆոնդերը։ Այն ժամանակ էլ քննարկվել էր տարածքի երկու տարբերակ՝ Նալբանդյան փողոցում գտնվող Ալիխանովի տունը կամ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Ամիրյան փողոցում (որում այդ ժամանակ գործում էր «Անաստված» կինոթատրոնը, իսկ շենքը քանդվեց 1951-ին)։ Որոշ ժամանակ անց ընտրվում է առաջին տարբերակը, սակայն տեղափոխությունը տեղի չի ունենում։ Կեցավայրի այս անորոշությունը դեռ երկար էր հետապնդելու թանգարանին։ 

 

Կապույտ մզկիթի բակը, 1940-ականներ


Այսպես, 1931-ին թանգարանի փոքր անձնակազմի առաջին աշխատավայրը դառնում է Երքաղխորհրդի շենքի մի անկյունը։ Որոշ ժամանակ անց՝ Հրշեջ վարչության շենքի երրորդ հարկի մի սենյակը։ Տարվա վերջում թանգարանն արդեն ուներ 408 ցուցանմուշ, որոնք պահվում էին նույն աշխատանքային սենյակում։ Ինչպես այդ ամենը ցուցադրել սովորական մարդկանց՝ պարզ չէր։ Ի վերջո, 1936-ին թանգարանը նորից տեղափոխվում է։ Նոր կացարանը դառնում է Կապույտ մզկիթը, որի բակում այդ տարիներին սիրում էին թեյ խմել Չարենցը, Մահարին ու շատ ուրիշները։ Այստեղ թանգարանը գործեց 56 տարի, հետո մի քանի տարով մնաց անորոշության մեջ, որպեսզի 2005-ին վերջապես ստանա սեփական տարածքը՝ Երևանի քաղաքապետարանի նորակառույց համալիրի մասնաշենքը։ 


Տնօրենը՝ պատմական գիտությունների թեկնածու Արմինե Սարգսյանը, թանգարանի հետ է 1980-ականներից. սեփական աչքերով տեսել է մզկիթում անցկացրած վերջին տարիները, հետո մասնակցել երկու տեղափոխումներին ու վերջապես՝ տնօրենի կարգավիճակով, մտել նոր շենք։ 

 

 

 

Արմինե Սարգսյան

Երևանի պատմության թանգարանի տնօրեն

Դպրոցական տարիքում անթիվ անգամներ եմ եղել Կապույտ մզկիթում, իմ սիրելի վայրերից մեկն էր քաղաքում։ Ու երբ ավարտում էի պատմության ֆակուլտետը, մեծ հաճույքով միանգամից այնտեղ կգնայի աշխատելու, բայց քանի որ ազգագրագետ էի, ապա ընդունվեցի Հայաստանի ազգագրության թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիրում։ Բայց կյանքն էնպես դասավորվեց, որ 88-ին, ի վերջո, հայտնվեցի Երևանի պատմության թանգարանում որպես գիտաշխատող։ 


Մզկիթում երևանցին կարող էր շատ կոլորիտային քաղաքային միջավայրում ծանոթանալ քաղաքի պատմությանը, շոշափել այդ պատմությունը։ Իսկ բա՜կը… հրաշալի, ներկայանալի բակ էր, որի շագանակենիների ստվերում մարդիկ երբեմն պարզապես գալիս էին զովանալու ամռան տապից։ Հաճախ միջոցառումներ էինք անում այնտեղ՝ Համբարձում, Նավասարդ, Վարդավառ ու այլ տոներ։ Թանգարանն այդպիսով ապրող, կենդանի օրգանիզմ էր, որտեղ պատմությունը ոչ միայն ցուցափեղկերի տակ էր, այլ իրապես շնչում էր։ 


Բայց Կապույտ մզկիթի տարածքն արդեն չէր համապատասխանում արդի թանգարանագիտության պահանջներին։ Չկար ջերմախոնավային ռեժիմ, տարածքն էր փոքր. 87 հազար ցուցանմուշները վտանգված էին։ Ավագ աշխատակիցները պատմում էին, որ նախորդ տարիներին անձրևաջրերն էին պարբերաբար լցվում, նույնիսկ ցուցանմուշներն էին վնասվում։ 

 

Թանգարանի ցուցասրահում, 1960-ականներ

 

Էքսկուրսիա թանգարանի ցուցասրահում, 1960-ականներ

 

***
Մի խոսքով, որոշում կայացվեց թանգարանը տեղափոխել Հռիփսիմյան օրիորդաց գիմնազիայի հրաշալի շենքը Ամիրյան փողոցում։ Հատկանշական էր, որ շենքը 19-րդ դարում կառուցվել էր բարեգործական հիմունքներով ու պետք է ծառայեր գիտության, կրթության, մշակույթի նպատակներով։ Բացի այդ, այն հին Երևանի մի մասնիկն էր։ Եվ ուներ մի սքանչելի բակային տարածք, նույնիսկ ավելի մեծ ու հարմարավետ, քան մզկիթում։ Մի խոսքով, թանգարանի թիմը ոգևորված էր, դա պետք է լիներ մի նոր որակական փոփոխություն մեր աշխատանքում։ 


Ցուցանմուշները տեղափոխվեցին, բայց ներսում դեռ աշխատանքներ կային անելու։ Համենայն դեպս, գործընթացը սկսվել էր… Հանկարծ ամեն ինչ դադարեցվեց. պարզվեց, որ գործարար Վաչե Մանուկյանն է ցանկանում գնել շենքը։ Թանգարանը նորից տեղափոխեցին։ 


Աշխատակիցները պայքար ձեռնարկեցին՝ մաքրուհուց մինչև գիտական կազմը, ես էլ գիտաշխատող էի այդ տարիներին։ Բայց, ի վերջո, մեզ տեղափոխեցին Մաշտոցի 33ա հասցեում գտնվող շենքը՝ Շահումյանի դպրոցի հետնամասում։ Երկհարկանի անհարմարավետ մի կառույց, որ նախկինում որպես գիշերօթիկ դպրոց էր ծառայել։ Ամռանը՝ շոգ, ձմռանը՝ սառնամանիք, մանրահատակը՝ կիսաքանդ… 


Աշխատակիցները սեփական ձեռքերով փաթեթավորեցին տասնյակ հազարավոր ցուցանմուշները, որպեսզի տեղափոխումն ավելի ապահով լինի։ Ցուցադրության մասին խոսք անգամ գնալ չէր կարող՝ տեղ պարզապես չկար։ 95 թվականն էր։ Հաջորդ հինգ տարիներն այդպես էլ անցկացրեցինք։ 


Թեպետ ակտիվություն փորձում էինք պահպանել, գիտաժողովներ էինք կազմակերպում, դրանց մասնակիցների ու այլ այցելուների համար ամեն դեպքում երկրորդ հարկի միջանցքում կերպարվեստի հավաքածուից նմուշներ էինք ցուցադրում։ Իսկ Մեսրոպ Աշճյան սրբազանի աջակցության շնորհիվ կարողացանք վերահրատարակել Երվանդ Շահազիզի հանրահայտ «Հին Երևան» աշխատությունը։ Առանց իր նվիրատվության մեր այն ժամանակվա սուղ միջոցներով դա պարզապես երազանք էր մնալու։ Գրքի շնորհանդեսի օրը քննարկում էինք նաև թանգարանի ապագան։ Շատ խորհրդանշական էր` հաշվի առնելով, որ ինքը՝ Երվանդ Շահազիզը, եղել էր Կոմունալ թանգարանի գիտխորհրդի կազմում։ 

 

Սբ. Հռիփսիմեի անվան օրիորդաց գիմնազիայի շենքը Ամիրյան փողոցում, 1920-ականներ

 

***
Համարյա 10 տարի Երևանի պատմության թանգարանը բաց չի եղել հանրության համար։ Երբ 2001-ին ինձ առաջարկեցին դառնալ թանգարանի տնօրեն, ես խնդիր դրեցի՝ եթե թանգարանը սեփական շենք չի ունենալու, տնօրենի փոփոխությունը իմաստ չունի։ Պետք է նշել, որ քաղաքապետարանից ընդառաջեցին ու որոշում կայացվեց մեզ տարածք հատկացնել «Մետրոպոլ» հյուրանոցի բակում։ 


Բայց մեր թանգարանի պատմության մեջ դեռ ոչ մի հարց այդքան պարզ ու արագ չի լուծվել։ Այս անգամ էլ եղան նոր շրջադարձեր. 2002-ին եղավ նոր որոշում՝ ավարտել քաղաքապետարանի շենքի կառուցումը, որը սկսվել էր դեռ 80-ականներից, ապա կիսատ թողնվել։ Դրան զուգահեռ միտք ծագեց միավորել քաղաքապետարանն ու թանգարանն ու մեզ հատկացնել նոր կառուցվող շենքի մասնաշենքը։ 


Սկսվեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հետ մեր տքնաջան աշխատանքը։ 


Արդեն կար պատրաստ քաղաքապետարանի շենքի նախագիծը, հետո պետք էր գծել թանգարանինն ու անել այնպես, որ այդ երկուսն իրար հետ համահունչ լինեին։ Իմ աշխատանքային օրվա մեծ մասն այն ժամանակ անցնում էր իր արվեստանոցում։ Իսկ երբ մասնաշենքի հիմքերն արդեն դրվեցին, վերջապես սկսեցի իսկապես հավատալ, որ ի վերջո կլինի շենքը։ Թեպետ, հիշում եմ, խանդով էի նայում նրան, որ քաղաքապետարանի շենքն ավելի արագ է վեր բարձրանում, քան մերը… Լավ է, որ հիմա երկուսն էլ կան։ 

 

 

***
Տեղափոխությունը տառապալից էր։ Նորից սկսեցինք փաթեթավորել 87000 ցուցանմուշները, նորից բերեցինք նոր տեղ։ Ընդ որում, կան առարկաներ, որոնք հնարավոր էր ներս մտցնել միայն կռունկով՝ երեք հազար տարվա սարկոֆագը, խաչքարեր, Պողոս-Պետրոս եկեղեցու դռները… Իսկ մուտքի մոտ դրված շատրվանը, որ ժամանակին եղել էր սարդարի պալատում, այնուհետև հանձնվել թանգարանին, իրականում պետք է լիներ հիմնական ցուցադրությունում, բայց այնքան ծանր է, որ հնարավոր չէր բարձրացնել վեր՝ ոչ վերելակով, ոչ մարդկային ուժերով։ Պարզապես վտանգավոր էր։ Ստացվեց, ահա, այցելուներին դիմավորող ցուցանմուշ։ Պատվանդանի վրա դնելն էր նույնիսկ խնդիր՝ 12 հոգով, մի կերպ գլանային համակարգով գլորելով բերեցին ներս ու տեղադրեցին պատվանդանին։ 


2005-ին թանգարանն ամբողջությամբ տեղափոխվեց նոր շենք։ Հիմնական ցուցադրությունը նշանակվեց 2007-ին։ Շտապողականություն կար, քանի որ սկսում էին խոսակցություններ գնալ, թե ինչու՞ ոչինչ չի անում Երևանի պատմության թանգարանն ու նույնիսկ այլ թանգարաններին միացնելու շշուկներ։ Չափազանց բարդ էր, քանի որ երբ որոշումը եղավ, ընդամենը վեց ամիս էր մնացել։ Իսկ լուրջ թանգարանները տարիներով են մշակում իրենց հիմնական ցուցադրությունները։ Տիտանական աշխատանք կատարեց ամբողջ անձնակազմը։ 


2007 թվականի ապրիլի 3-ին Երևանի պատմության թանգարանը բացեց իր հիմնական ցուցադրությունը նոր շենքում: Թվում է, թե բացեցինք ու վերջ, բայց իրականում այս աշխատանքն անվերջանալի է։ Ցուցանմուշներ են ավելանում, հայեցակարգն է շտկվում։ Գումարած դրան, շատ հաճախ կազմակերպում ենք ժամանակավոր թեմատիկ ցուցադրություններ։ Արվում է այսպես. հավաքվում ենք գիտական կազմով, ամեն բաժին ներկայացնում է իր առաջարկը, քննարկում ենք և պլանավորում տարվա անելիքները։ Բացի այդ, ժամանակավոր ցուցահանդեսների առաջարկություններ են լինում նաև դրսից: Օրինակ, հենց այս օրերին Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության թանգարանի հետ, քաղաքի օրվան ընդառաջ, համատեղ ցուցադրություն ենք պատրաստում, որում ներկայացնելու ենք մեր հավաքածուի եզակի քարտեզներն ու հատակագծերը։

 

Թանգարանի կերպարվեստի նմուշներից մեկը

 

Դպրոցականները թանգարանում, մեր օրեր

 

***
Մարդը պետք է ճանաչի իր քաղաքը։ Եթե ճանաչում է, սկսում է սիրել։ Եթե սիրում է, սկսում է հոգ տանել, հասկանում է, որ պետք է զարգացնել քաղաքը, առաջ տանել։ Ահա այդ առաջին քայլը՝ ճանաչելը, շատերի համար սկսվում է Երևանի պատմության թանգարանից։ Դրա համար է, որ կրթական ծրագիր ունենք մշակած դպրոցականների համար։ Հենց այդ տարիքում է պետք ամրապնդել կապը սեփական քաղաքի հետ։ 

հավելյալ նյութեր