Երևանի փոքր կենտրոնը` Yerevan Drive խաղում, 2005 թ.
2005 թվականին Երևանն առաջին անգամ դարձավ եռաչափ համակարգչային խաղի գործողությունների վայր:
ԵՐԵՎԱՆ #42 | 2017
Yerevan Drive-ը` հատկապես այն տարիներին շատ մեծ տարածում գտած Need for Speed և Grand Theft Auto հիթերից ոգեշնչված համակարգչային խաղ է, որտեղ խաղացողը կարող է իր ընտրած մեքենաներից մեկով (օրինակ` սպիտակ «նիվայով») շրջել Երևանի կենտրոնով` անցնելով Մաշտոցի պողոտայով (2004-ին լույս տեսած դեմո տարբերակում հասանելի էր միայն այդ փողոցը), Օպերայի, մետրո «Երիտասարդականի», Պետական համալսարանի մոտով: Խաղը ցնցեց, ինչպես ասում են, համացանցը և խաղային ակումբները` դեռ ՏՏ-բում չապրող Հայաստանում նման նախագիծ պատկերացնելը շատ դժվար էր:
Խաղային ռեժիմները երեքն էին` «զբոսանք», «մրցարշավ» (բարդության «քյորա», «ջահել» և «ուստա» մակարդակներով), իսկ ցանցային ձևաչափում նաև` «գող-միլիցիա»: Խաղի ողջ ընթացքում հնչում են հայկական երաժշտություն և երևանյան երթևեկությանը հատուկ (ինչու ոչ` հարազատ) ռեպլիկներ: Ընդ որում, խաղը ստեղծվել է երկու հոգուց բաղկացած թիմով, շատ արագ և ծիծաղելի բյուջեով` դիզայներ Արթուր Ղոչիկյանն ու ծրագրավորող Արշակ Սարգսյանը Yerevan Drive-ի վրա ծախսել էին տաս ամիս և 500 դոլար:
Խաղի վերջին թարմացումը (1.1 տարբերակը) տեղի է ունեցել 2007 թվականին: Այդ տարբերակը դեռ կարելի է գտնել համացանցում: