Երևանի սքեյթ-պարկի շինարարությունն ավարտական փուլում է
Քաղաքապետարանը խոստանում է, որ սքեյթերները շուտով վերջապես կունենան իրենց տարածքը։
Տեքստն ու լուսանկարները՝ Երևանի քաղաքապետարանի կայքից
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի կայքը, Երևանի հանրային սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Շուրջ 5000 քառակուսի մետր հանրային տարածքի բարեկարգման պատասխանատվությունն ստանձել է Ուկրաինայի հայերի միությունը: Ծրագրի մեկնարկը տրվեց նախորդ տարի, երբ քաղաքապետ Հայկ Մարությանը պայմանագիր կնքեց նվիրատուի՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ:
Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ, հանրային սանհանգույց, կբարեկարգվեն կառուցապատումից ազատ կանաչ գոտիները՝ համալրելով դրանք յուրօրինակ լանդշաֆտային դիզայնով: Կկիրառվի էներգախնայող քաղաքականություն. կիրականացվի ընդհանուր տարածքի պարագծային լուսավորություն՝ ԼԵԴ համակարգի և արևային պանելների օգտագործմամբ:
«Միտքն այն է, որ ամեն մեկը գտնի իր հատվածը՝ ինչպեսև ի սկզբանե մտածել էինք: Սքեյթ քշում են ամեն տեղ, որտեղ հնարավոր է, դրա համար հարկավոր են հարթ, թեք տարածքներ, ինչպես նաև բեկված տարածքներ. փորձել ենք այստեղ ստանալ, բայց քանի որ առաջինն է, կտրուկ հատվածներ չենք կառուցել, որովհետև թող այս մարզաձևը դեռ ձևավորվի: Մոտեցել ենք որպես լանդշաֆտային դիզայնի, որ տեսքով էլ մեղմ լինի»,- նկատում է նախագծի ճարտարապետ Արմեն Շատվորյանը: